ՑՑԷ՛, ԿԵՑՑԷ՛, ԿԵՑՑԷ՛ ԳԼԵՆԴԵԼ
 

Ռոբերթ Սաֆարեան

Իրանահայութիւնը տեղից քանդւել է, ու գնում է։ Այս գաղթը տարբեր է նախորդներից։ Այսօր մարդ չկայ, որ գնալու մասին մտածած չլինի, եթէ դեռ գործնական քայլեր չի առել։ Այս հսկայական տեղաշարժը կանգ տալու մասին, էլ ոչ ոք չի էլ մտածում։ Հարցը այսօր նոյնիսկ գնալ թէ մնալ-ը չէ, այլ երբ գնալն է։ Իսկ ո՞ւր։ Հետաքրքիր է, որ իրանահայերի պէս ազգասէր եւ ազգայնական գաղափարախօսութեամբ ու զգացմունքներով համակւած ժողովուրդը, չի գնում մօտակայ հայրենիքը, այլ չւում է շատ աւելի հեռաւոր ովկիանոսների այն կողմում ընկած Ամերիկայի Միացեալ Նահանգներ։ Իրանահայերը գնում են Գլենդել՝ ետեւում թողնելով լքւած կամ վաճառւած տներ ու կահկարասիներ, փակւած դպրոցներ ու միութիւններ, անտէր գրադարաններ ու ։
Արտագաղթողների մասին պաշտօնական վիճակագրական տւեալներ չկան, սակայն ասւում է, որ միայն անցեալ տարւայ ընթացքում Հայազ հաստատութեան միջոցով Ամերիկա են ապաւինել հինգ-վեց հազար իրանահայեր։ Այսպիսով դժւար չէ կռահել, որ եթէ նոյն թափով շարունակւի Թեհրան-Գլենդել այս հոսքը (եւ ամէն բան վկայում է, որ այն կը շարունակւի), մի տասնամեակից աւելի պակաս է հարկաւոր, որ Իրանը դատարկւի հայերից։
Իրանից, եւ ընդհանրապէս երրորդ աշխարհի երկրներից արեւմուտք գաղթելու պատճառները քիչ չեն, եւ երկրից գաղթել են ցանկանում ոչ միայն հայերը, այլեւ մեծ թւով մուսուլմաններ։ Սակայն հայերի դէպքում տրամադրւող հնարաւորութիւնները մեծ դեր են կատարում դէպի Ամերիկա արտագաղթին այսպիսի ամբոխային բնոյթ տալու գործում։ Գաղթի դիմումը ներկայացնելուց մինչեւ Լոս Անջելեսում օդանաւից իջնելը տեւում է մի տարուց աւելի պակաս, իսկ երկու-երեք տարւայ ընթացքում դառնում ես ԱՄՆ-ի քաղաքացի, ինչը աշխարհի միլիոնաւոր մարդկանց երազանքն է։ Իսկ գնալու ծախսերը միջին դասակարգի միջին խաւերին պատկանող իրանահայերի մեծամասնութեան համար այնքան մատչելի է, որ արի ու մի գնա։ Մի ժամանակ, եթէ պիտի տունդ կամ բնակարանդ վաճառէիր գնալու ծախսերը հոգալու համար, այժմ բաւական է մեքենադ ծախես։ Բնակարանդ կարող ես վարձու տալ, կամ պարզապէս ղֆլել, մտածելով, որ յետոյ, երբ վիճակդ պարզւի, մի բան կանես։ Այլեւս կարիք չկայ տուն քանդել կամ վերադարձի կամուրջները այրել։ Թէեւ քիչ մարդ է վերադառնում, բայց այդ հնարաւորութիւնը ինքնին մտքի հանգստութիւն է պատճառում։
Այս ապաստանութիւնն ու գաղթը բացառիկ բան է նաեւ այն առումով, որ ճանապարհն ապահով է ու վստահելի։ Ամէն բան կարգադրւած է լաւագոյն ձեւով։ Երեք հազար դոլլարը, որ իւրաքանչիւր դիմորդ մուծում է, իրականում նրա ճանապարհի եւ Վիէննայում եռամսեայ կեցութեան, սննդի ու հագուստի ծախսն է. եթէ մի բան էլ մնայ, վերադարձնում են։ Իսկ փողը մուծելուց յետոյ, չընդունւել համարեա չկայ։ Թեհրանից Վիեննա եւ Վիեննայից Լոս Անջելես գնում են օդանաւով։ Ո՛չ վտանգաւոր սահման ես կտրում եւ ոչ էլ անօրինական ձեւերով մադկանց երկրից երկիր փոխադրող յանցագործների հետ ես շփւում։ Այսպիսի ապաստանութիւնն իսկապէս հրաշք է։ Հիմա արի ու մի՛ գնա։ Իրօք, որ շատ դժւար է։ Նոյնիսկ Պետրոսը գնում է։ Պետրոս Աբգարեանը Րաֆֆի միութեան նախագահն էր եւ ովքեր ճանաչում են նրան, գիտեն, թէ ինչքան կապւած էր իր համայնքին եւ իր թաղամասին։
Հարցը մեղադրելն ու դատապարտելը չէ։ Բանը դրանից անցել է։ Էլ ոչ ոք այնքան պարզամիտ չէ, որ մտածի՝ եթէ առաջնորդարանը մարդկանց ձրի տուն տայ, էլ չեն գնայ։ Իհարկէ չեն մերժի, բայց մէկ էլ տեսար տունը ղֆլեցին ու գնացին։ Այսօր միայն կարելի է դիտել դրութիւնը ու մի բան հասկանալ աշխարհի գործից։ Հասարակական մեծ երեւոյթները հսկայական լաբորատորիաներ են, ուր ուշադիր զննելով ու դիտելով անցուդարձը, հնարաւոր է աւելի լաւ ճանաչել մարդու եւ հասարակութեան բնութիւնը։
Գնալը, կտրւելը, քանդւելը, ամայանալը, բոլորը ցաւ են պատճառում։ Բայց չմոռանանք երեւոյթի միւս կողմը՝ նոր տեղ գնալու, նոր կեանք ապրելու, նոր հնարաւորութիւնները փորձելու ձգտումն ու տենչը։ Վերջին հաշւով, գաղթողը աւելի յեղափոխական է, մնացողը աւելի պահպանողական, առաջինն՝ աւելի ռիսկով, երկրորդը՝ աւելի ունեցածին կառչած։ Ի վերջոյ, պատմութիւնը աւելի շատ կերտել են գաղթականները։ Թող լաւատես լինենք, թող մտածենք, որ իրանահայերն էլ, եթէ ոչ՝ այսօրւայ տարիքն առած մարդիկ, բայց գոնէ նրանց երեխաները, իրենց նոր բնակավայրում, կը կարողանան աւելի ակտիւ քաղաքացիներ լինել։

Յոյս
թիւ 58
9 Սեպտեմբեր 2009