ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹԵԱՆ ՄԻՈՒԹԵԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ
ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆ

Անդրանիկ Սիմոնեան

Նախորդ համարում խոստացել էինք աւելի մանրամասն տեղեկութիւններ հաղորդել Իրան-Հայաստան բարեկամութեան միութեան վարչութեան անդամների Հայաստան կատարած ճանապարհորդութեան եւ ունեցած հանդիպումների մասին։ Ահա մեր խոստման կատարումը։
Խումբը Երեւան հասաւ 2009 թւականի Մայիսի 25-ի՝ երկուշաբթի օրւայ երեկոյեան ժամերին եւ տեղաւորւեց Երեւանի Անի-Փլազա հիւրանոցում, բացառութեամբ այն անդամների, որոնք բնակւեցին իրենց բնակարաններում։
Ազգային եւ հասարակական գործիչ՝ իրանահայ գործարար Լեւոն Ահարոնեանի գլխաւորած խըմբին անդամակցում էին պարոնայք Հենրիկ Խալոյեանը, Ֆարհադ Հաջի Փարւանէն, Միր Ղասեմ Մոմենին եւ Անդրանիկ Սիմոնեանը։ Խմբին ուղեկցում ու բոլոր հանդիպումներում նաեւ աշխատաքներում իր ջանադիր աջակցութիւնն էր բերում՝ Իրանի մշակոյթի եւ իսլամական առաջնորդութեան նախարարութեան, կրօնական փոքրամասնութիւնների բաժնի պատասխանատու պարոն Սաիդ Թաղաւին։
Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութեան եւ Իրանում ՀՀ նոր արտակարգ եւ լիազօր դեսպան՝ պարոն Գրիգոր Առաքելեանի միջոցով, յագեցած ծրագիր էր նախապատրաստւել եւ մեծարգոյ դեսպանի եւ նրա օգնական օրիորդ Սիւզանա Նաւասարդեանի ներկայութեամբ, բովանդակային մեծ ձեռքբերումներով ընթացաւ այդ ծրագիրն ամբողջութեամբ։
Երեքշաբթի Մայիսի 26-ի առաւօտեան ժամը 11-ին պատւիրակութեանն ընդունեց ՀՀ գիտութեան եւ կրթութեան նախարար պարոն Արմէն Աշոտեանն իր երկու փոխնախարարների ներկայութեամբ։ Հանդիպման ընթացքում առաջադրւեցին երկուստեք հետաքրքրութիւն ներկայացնող հարցեր։ Պարոն նախարարը, թէկուզ եւ նորանշանակ, բայց շատ լաւ տիրապետելով իր գլխաւորած նախարարութեան հետ կապւող հարցերին, անվերապահ աջակցութեան խոստում տւեց։
Չորեքշաբթի Մայիսի 27-ը սկըսւեց Երեւանի պետական համալսարանում, արեւելագիտութեան ֆակուլտետի դեկան՝ պրոֆեսոր Գուրգէն Մելիքեանի հետ հանդիպումով եւ շարունակւեց նրա գործընկերների եւ ուսանողների հետ ջերմ զրոյցներով։ Յարգելի պրոֆեսորը բարձր գնահատեց պարոն Ահարոնեանի ծաւալած բարեսիրական աշխատանքները եւ երկու կողմերի ուսանողների փոխադարձ այցելութեան անհրաժեշտութիւնն ընդգըծեց։ Պարոն դեկանը, նաեւ յուշելով նախորդ տարիների բարի աւանդոյթները, առաջարկեց, որ Հայաստանի իրանագէտ ուսանողների աւելի մեծ խմբեր կարողանան այցելել Թեհրան եւ ծանօթանալ իրենց մասնագիտութիւնը կազմող երկրին։ Նա նաեւ պարսկական թեքումով դպրոցներին աւելի մեծ ուշադրութիւն ցոյց տալու կոչ արեց։Պարոն Հենրիկ Խալոյեանը առաջարկեց, որ Հայաստանում եւս պարոն Մելիքիեանի աջակցութեամբ ըս-տեղծւի Բարեկամութեան միութիւն։
Նոյն օրւայ ժամը 14-ին ՀՀ մշակոյթի նախարարութիւնում փոխնախարար պարոն Գիւրջեանն ընդունեց մեր պատւիրարկութեանը։ Հայաստանի մշակոյթի ֆոնդի նախագահ՝ պարոն Արեւշատ Աւագեանի ներկայութեամբ ընթացած զրոյցների ընթացքում խօսւեց փոխադարձաբար գեղարւեստական եւ մշակութային ծրագրեր փոխանակելու մասին եւ համաձայնութիւն ձեռք բերւեց փոխադարձ ճանաչողութեան բարձրացման ուղղութեամբ՝ համատեղ ծրագիր կատարել, կամ խմբեր փոխանակել, այնպէս որ Իրան այցելած հայ արւեստագէտը հանդէս գայ ոչ թէ միայն հայ համայնքի, այլ ողջ երկրի մակարդակով։
Ժամը 16-ին Սփիւռքի փոխնախարար պարոն Պետրոսեանն էր ընդունել պատւիրակութեան անդամներին։ Նախ տեղեկութիւններ հաղորդւեցին նախարարութեան անցած 6 ամիսների կատարած աշխատանքների՝ Արի տուն ծրագրի եւ նմանատիպ այլ նախաձեռնութիւնների մասին։
Պարոն փոխնախարարը պատրաստակամութիւն յայտնեց, հնարաւորութեան դէպքում ուխտագնացութիւններ կազմակերպել, այդ ծիրում նաեւ Հայաստանից Ս. Թադէոս Առաքեալի վանք։ Այդ նախագիծը կարող է ընդգրկել նաեւ աշխարհի այլ հատւածներում ապրող հայազգի ուխտաւորների։
Պարոն փոխնախարարը իր հերթին մեր միութեան աշխատանքներին աջակցելու եւ դիւրութիւններ ստեղծելու հիմնաւոր խոստումներ տւեց։
Հինգշաբթի Մայիսի 28-ի առաւօտեան ժամը 9-ին Երեւանում Իրանի դեսպանութեան մշակութային կցորդ պարոն Շաքիբան էր հիւրընկալել Իրանից եկած բարեկամութեան աւետաբեր խմբին։ Նա խօսեց Իրանից Հայաստան արւեստի գործիչների գործուղման անհրաժեշտութեան մասին եւ նրանց տեղաւորելու համար աջակցելու խօսք տւեց։
Ժամը 11-ին խմբին սպասում էր մեծ ու իր բովանդակութեամբ, ոչ մի այլ հանդիպմանը չնմանւող այցելութիւն։ Այդ ժամին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ Հայրապետն էր մեզ ընդունելու։ Հանդիպում, որ կայացաւ ճիշտ ժամին ու ամենաջերմ պայմաններում։
Խմբի պարսիկ անդամները խօսեցին իսլամ-քրիստոնէութեան փոխադարձ կապերի եւ յարաբերութիւնների, երկկողմ, կամ բազմակողմ ուսումնասիրութիւնների ու քննարկումների անհրաժեշտութեան, Հայ Առաքելական եկեղեցու եւ նրա հոգեւոր հայրերի նկատմամբ ունեցած պարսիկ ժողովրդի եւ իսլամ հոգեւորականների խոր յարգանքի մասին։ Յատկապէս ընդգծւեց Ս. Էջմիածին վանքի բացառիկ արժէքն ու դերը, որպէս հայ ժողովրդի՝ առաջին քրիստոնեայ ազգի, հաւատի դրսեւորման ապացոյց եւ այն յարգանքի, որ պարսիկ արքաներն են ունեցել հեգեւոր այդ բացառիկ կենտրոնի նկատմամբ։
Պարոն Թաղաւին շեշտւած յարգանքով խօսեց իրանահայ համայնքի վայելած սիրոյ եւ համակըրանքի մասին, եւ այն փաստի, որ հայ համայնքն իր հոգեւորականներով ու ազգային կենտրոններով միահամուռ ամբողջութիւն է նւիրւած՝ Իրանի ֆիզիկական ու հոգեոր վերելքին, գիտական ու տնտեսական առաջընթացին։
Դոկտոր Մոմենին Վեհափառ Հայրապետին փոխանցեց Ղոմի բարձրաստիճան հոգեւորականների առաջարկ-ցանկութիւնները՝ Ս. Էջմիածնի հետ բանակցութեան մէջ մտնելու եւ փոխադարձ ճանաչողութեան ու համագործակցութեան եզրեր ստեղծելու մասին։
Խօսեցին նաեւ իրանահայ պատւիրակները։ Վերջում Վեհափառը պատասխանելով բոլոր հարցերին ու առաջարկներին իր օրհնանքներն ուղղեց խմբին եւ յաջողութիւն մաղթեց նրան, իսկ մեր եկեղեցական կեանքին վերաբերող իմ հարցին պատասխանելով շեշտեց Հայաստանեայց Առաքելական եկեղեցու չորս նւիրապետական Աթոռներից իւրաքանչիւրի բարձր դերի ու դիրքի նաեւ նրանց փոխադարձ այն յարաբերութիւնների մասին, որը Մայր Աթոռի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան գլխաւորութեամբ պայմանաւորում է հայոց ազգային՝ ամբողջական կեանքի անվտանգութիւնն ու հոգեւոր անդորրը, ջրդեղում է նրան՝ ապահով պահելով բոլոր տեսակի վտանգներից։
Ամենավերջում խմբի անդամները Մայր Աթոռի միաբանների ուղեկցութեամբ ծանօթացան վեհարանի տարբեր բաժիններին, նաեւ այնտեղ պահւող թանգարանային իրերին։
Վերադարձի ճանապարհին եւ ճաշելու գնալուց առաջ մտնում ենք Կապոյտ մզկիթ, որտեղ պարսկերէն լեզու սովորող աշակերտների աւարտական ծրագիրն է շարունակւում։ Հասնում ենք ուշ, բայց մէկ է կարողանում ենք ուրախութիւն պատճառել։ Յիշատակի լուսանըկարներ են արւումՅետոյ էլ գնում ենք ճաշելու, երբ արդէն ընթրիքի ժամ է։
Ուրբաթ օրը Մայիսի 29-ն էր առաւօտւայ ժամը 11-ին խումբն այցելեց ՀՀ Արտաքին գործերի նախարարութիւն։ Փոխարտգործնախարար՝ տիկին Ղազինեանը եւ Իրանի բաժնի բարձրաստիճան դիւանագէտ պարոն Գառնիկ Բադալեանն ընդունեցին պատւիրակութեանը։
Հանդիպումը դարձեալ անմիջական էր, ջերմ ու սրտաբաց։ Բոլոր դռները անկեղծօրէն բաց են, կամ բացւում են մեր՝ Բարեկամութեան միութեան վարչութեան առջեւ։ Մեզ անվերապահ աջակցութեան եւ օգնութեան ու ծագող խնդիրները հեշտութեամբ հարթելու խօսք է տալիս տիկին Ղազինեանը։ Անձամբ ինձ չի էլ թւում, որ մեր միութիւնը հեշտութեամբ կարող է իրացնել եւ օգտակար յարաբերութիւնների վերածել բացւած դաշտի հնարաւորութիւնների զգալի տոկոսը։ Մենք պէտք է ծրագրենք, ճանաչենք, ճանաչեցնենք, իսկ դա որքան աշխատանք է տանելու։ Բայց մենք աւելի շատ խօսում ենք քան աշխատում
Պարոն Բադալեանը մեզ է նւիրում իր վերջին գրքից մէկ օրինակ։ Դա Իրանի նկարազարդ պատմութիւն է, եւ ես պիտի ջանամ մօտ համարներից մէկում այն ներկայացնել մեր ընթերցողին։
Ժամը 19-ին պարոն Գրիգոր Առաքելեանի ուղեկցութեամբ գնում ենք հանդիպելու ՀՀ Էներգետիկայի նախարար եւ հայ-իրանական կառավարական յանձնաժողովի համանախագահ՝ պարոն Արմէն Մովսիսեանի հետ։
Նախարարի անվերապահ ու անկաշկանդ մօտեցումը, նրա լիարժէք տիրապետումը երկու կողմերի հնարաւորութիւններին եւ յատկապէս Հայաստանում իրաւական դաշտի ընձեռած հնարաւորութիւնների իմացութեամբ ու մատուցմամբ, նախարարը զարմացնում է բոլորիս, փոխադարձաբար նոյնատիպ դիւրութիւններ ստանալու ակնկալիք չունի, միայն զարմանում է, որ ինչու իրանական կողմում այդ կապակցութեամբ շահագրգռւածութիւնը քիչ է։ Նրա կարծիքով երկու երկրների քաղաքական յարաբերութիւնները տնտեսականից աւելի զարգացած են, տնտեսական յարաբերութիւնները, իրենց հերթին, աւելի զօրեղ են քան ժողովրդական եւ մշակութային այլազան յարաբերութիւննեը, իսկ դա նշանակում է, որ մեր միութեան անելիքները շատ-շատ են։ Մենք էլ մեր հերթին խոստումներ ենք տալիս ու հրաժեշտ։
Երբ դուրս ենք գալիս, տեղական հեռուստաալիքներից մէկը հարցազրոյց է անում պարոն Ահարոնեանի հետ։
Յաջորդ օրը շաբաթ է։ Օդը թարմ է ու թեթեւ, եւ մենք ուղեւորւում ենք դէպի Մատենադարան, իսկ յետոյ էլ ծաղկեմատոյցի արարողութեան ու յարգանքի տուրք մատուցելու նպատակով Ծիծեռնակաբերդ ենք բարձրանում, որից յետոյ էլ մտնում ենք Եղեռնի փաստաթղթերի, լուսանկարների եւ այլ իրեղէն ապացոյցների թանգարանը։ Յուզիչ է մթնոլորտը, յուզիչ է մեզ ուղեկցող օրիորդի պատմածի իւրաքանչիւր բառը Վերջում յուշատետրում թողնում ենք մեր տպաւորութիւններից մի հատւած։
Դուրս գալուց յետոյ Թաղաւին չի խօսում, բացայայտօրէն ազդւել է տեսած զարհուրելի պատկերներից ու լսած իրադարձութիւնների ծանրութիւնից, յուզւած է նաեւ Մոմենին։ Բոլորս էլ քչախօս ենք դարձել
Վերջին հանգրւանը Իրանի դեսպանութեան մշակութային բաժնի շէնքն է, որտեղ մամուլի ասուլիս է լինելու։
Երբ ասուլիսն աւարտւում է նոր յիշում ենք տան եւ հարազատների մասին։ Երեւանում երշիկեղէնն ու քաղցրեղէնը եւ՛ որակով են եւ՛ համով, իսկ մեր տանը արդէն սուրճի պաշարը սպառւել է։

Երանի թէ Երեւանում ապրող գործազուրկ ընկերներս էլ շուտով կարողանան ճգնաժամն անցկացնել եւ աշխատանքի գնալ, որպէսզի երբ ես Թեհրանում, մի կում սուրճի հետ երեւանեան շոկոլադ եմ համտես անում, բկիս չմնայ

Յոյս թիւ 54
15 Յուլիս 2009