ԻԱՄՄ-ի բացատրութիւնները Յոյս-ի համար 54-ում տպագրւած Ռ. Սարդարեանի Մեր համայնքի վերջին անցուդարձերը յօդւածի մասին
 

Յոյս երկշաբաթաթերթի յարգարժան խմբագրութիւն, նախ թոյլ տւէք շնորհաւորել հանդէսիդ գոյութեան եւ հետեւողականօրէն տպագրւելու համար։ Այլընտրանքային մամուլը մեր համայնքի մեծ անհարժեշտութիւնն էր եւ Յոյս-ի հրատարակմամբ ինչ-որ չափով այդ բացը լրանում է։ Ձեզ յարատեւութիւն ենք մաղթում։
Յարգելի խմբագրութիւն. Ձեր 54-րդ համարի 10-րդ էջում, յարգելի դոկտ. Ռուբիկ Սարդարեանի նիւթի մէջ արտայայտութիւններ կան ԹՀ Թեմական խորհրդի անդամ դոկտ. Հրաչ Խաչատրեանի, իսկ էջ 11-ում նաեւ մեր միութեան մասին, որոնց կապակցութեամբ հարկ ենք զգում տալ փոքրիկ բացատրութիւններ, մանրամասները թողնելով աւելի պատեհ առիթի։
1 - ԻԱՄՄ-ն վարում է յստակ եւ շիտակ հասարակական եւ ազգային գործունէութիւն։ Այդպիսի ընթացքի արդիւնքում, նախորդ շրջանի Թեմական Խորհրդի կազմում ընդգրկւեցին մեր միութեան երաշխաւորած՝ երկու գործիչներ։ Քանի որ կար համագործակցող միաւորների խումբ, մենք այդ երկու հոգու ընտրութիւնը բոլորի սեփականութիւնը դարձրինք։ Արդիւնքում պրն. Արմաւիր Մարգարեանը եւ տկն. Մարօ Այւազեանը ընդգրկւեցին Թեմական Խորհրդի կազմում։ Նրանց գործունէութեան վերջնական երաշխաւորը ԻԱՄՄ-ն էր եւ պէտք է աւելացնենք, որ նրանք պատւով ու բարձր մակարդակով արդարացրին այդ վստահութիւնը։
Այս շրջանի համար մենք ներկայացրել ենք չորս անուն, նախկին երկուսին աւելացնելով դոկտ. Հրաչ Խաչատրեանի եւ դոկտ. Այիդա Քարիմ Մասիհիի անունները։ Այդ չորս անուններից Ա. Մարգարեանը հրաժարւեց ծանրաբեռնւածութեան պատճառով։
Մեր խորին համոզմամբ Թեմական Խորհրդի կազմում մինչեւ 4-5 հոգի, կարող են եւ պէտք է ընտրւեն՝ ոչ- կուսակցական շրջանակներից, բայց մի կողմից ամբողջատիրութեան հակումն ու դեռ շարունակւող կարծրութիւնը, միւս կողմից էլ ծայրայեղական անհանդուրժողականութիւնն ու աւելորդ սպասելիքը, մեր համայնքին խանգարում են լիարժէք Ազգային կառոյց ունենալ, բայց հնարաւորի սահմաններում ստեղծւում է Կառոյցը եւ աշխատում։ Ինչ որ է, ցաւօք ընտրողները, իրենք իրենց զիջելով՝ նահանջեցին նախորդ շրջանի իրենց իսկ դիրքերից, արդիւնքում միայն դոկտ. Հրաչ Խաչատրեանն ընդգրկւեց Թեմական Խորհրդի կազմում։ Այդ մասին մանրամասնօրէն զեկուցւել է ԻԱՄՄ ընդհանուր ժողովում, որտեղ ներկայ է եղել նաեւ դոկտ. Ռ.Սարդարեանը։
Դոկտ. Հրաչ Խաչատրեանը մեր համայնքի նւիրեալ զաւակներից է։ Նա որպէս ԻԱՄՄ Սպահանի մասնաճիւղի առաջադրած թեկնածու, ընտրւել եւ դեռ երկրի առաջին խորհրդարանում ներկայացնում էր Սպահանի եւ հարաւային իրանահայութեան շահերը։ Դոկտորը մնաց միշտ այն ուղուն հաւատարիմ, որ որդեգրել էր դեռ մանուկ հասակից։ Նա երբեք ոտքը միւսի վրայ չդրեց, երբեք չշեղւեց ազգային ու հայրենասիրական իր ուղուց, որի բաղկացուցիչ մասը Իրանի նկատմամբ անմնացորդ նւիրումն է։ Եթէ նա բոլորի կողմից յարգելի է, իր անձնական վարքի ու պահւածքի համար է, եւ ոչ թէ դիրքի թերութեան կամ թուլութեան։ Ով է ասել, որ դոկտ. Խաչատրեանը Ոչ այս կողմ է, ոչ այն կողմ։ Աշխարհի որ կողմում են ծալւող, կամ անդէմ մարդուն յարգում։ Միշտ յիշենք՝ մեծերի մասին պէտք է խօսել մեծավայել, առանց աւելորդ որակումների։ Ասենք նաեւ, որ այսօր արդէն դոկտորը ԻԱՄՄ-ի զաւակը չէ, այլ՝ նրա ուղղութիւնը նախանշող հայրերից, իսկ Թեմական Խորհրդի կազմում ունի միայն ազգային առաքելութիւն եւ ոչ թէ միութենական պարտաւորութիւն։
2 - ԻԱՄՄ-ի մասին, դոկտ. Ռ.Սարդարեանը ասում է Այս միութեան շուրջ տարբեր կարծիքներ գոյութիւն ունեն, նախորդ ընտրական շրջանում մի հսկայ խաւ տարբեր պատճառներով պասսիւացաւ ու մասնակից չդարձաւ կամ մթնոլորտը իրաւունք չտւեց մասնակցելու միութեան աշխատանքներին։
Նախ միութենականը միութեան մէջ հարցեր տալու եւ պատասխան ստանալու իրաւունք ունի։ Ոչ մի միութեան անդամ մամուլով այսպիսի հարցադրում չի անում։ Եթէ դրսեցին տարբեր կարծիքներ ունի միութեան շուրջ, դա էլ դրսեցու իրաւունքն է։ ԻԱՄՄ վարչութիւնը սիրով պատրաստ է մամուլով արծարծել ցանկացած հարց, բացառելով միայն դեղին մամուլը։ Իսկ դոկտ. Ռ. Սարդարեանի ակնարկած հսկայ խաւը այն 11 հոգին էին, որ չորս տարի սրանից առաջ մեր 76 հոգիանոց ընդհանուր ժողովում սպիտակ քւէաթերթիկ յանձնեցին, միութեան վարկի վրայ ազդելու նպատակով։ Մի բառ կայ՝ դեմոկրատիա։ Այս բառը շատ է չարչարւել, բայց դեռ մօտաւորապէս նշանակում է՝ եկէք լսենք մեծամասնութեան ձայնը։ Դա իհարկէ կատարելութիւն չէ, բայց հնարաւոր ելք է։
Իսկ այն ինչ մեզ է վերաբերւում, մեծ յոյսն է, եւ արդէն իսկ սկսւած քայլերը, որպէսզի բոլորիս համատեղ ջանքերով բոլորի ակտիւացման համար հիմք եւ հնարաւորութիւն ստեղծւի։ Չմոռանանք սա բոլոր ԻԱՄՄ-ականների միութիւնն է։
Յուսանք , որ ասյքանը բաւական կը լինի։
Ամենաջերմ մաղթանքներով եւ Յոյս-ի համար բարեյաջող երթի ցանկութեամբ՝

Իրանահայ Ազգային եւ Մշակութային միութեան վարչութեան 4-րդ նիստ 2009.թ Օգոստոսի 1

Յոյս թիւ 56
Օգոստոս 12 2009