ԹՀԹ ԱՌԱՋՆՈՐԴ ՏԷՐ ՍԵՊՈՒՀ ՍԱՐԳՍԵԱՆԻ ՀԵՏ ՅՈՅՍ-Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԻ ԱՐՁԱԳԱՆՔ

ՊԱՏՄԱԿԱՆ ԻՐՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ ԻՐԱՆԱՀԱՅ ԹԵՄԵՐԻ
Ս. ԷՋՄԻԱԾՆԻՑ ԱՆՋԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ


Հրաչ Միրզախանեան



Յոյս երկշաբաթաթերթի 64-րդ համարում (2009 թ. Դեկ. 9) տպագրւել է նոյն թերթի խմբագիր Ռոբերթ Սաֆարեանի հարցազրոյցը Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ Տէր Սեպուհ Արքեպիսկոպոս Սարգսեանի հետ:
Հարցազրոյցում թռուցիկ կերպով շօշափւել են իրանահայ համայնքին հետաքրքրող մի շարք հարցեր, որոնցից մէկն իրանահայ երեք թեմերի Ս. Էջմիածնից անջատումն ու դրանց կցումն է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեանը:
Այս կապակցութեամբ յարգելի խմբագիրը հարցը դնում է այսպէս....եթէ Իրանի թեմերը Կիլիկիոյ Կաթողիկոսութեան են մաս կազմում, դա այն պատճառով է եղել, որ ժամանակին Իրանի պետութեան համար անընդունելի է եղել, որ Էջմիածնից, Սովետական Հայաստանից հոգեւորականներ գան այստեղ, որպէս համայնքի առաջնորդ:
Հարցի այսպիսի դրւածքը հիմքից սխալ է:
Գաղտնիք չէ, իհարկէ, որ Հայաստանի խորհրդայնացումից ի վեր, եւ մինչեւ այսօր, հայ եկեղեցու պառակտումը հետեւանք է աշխարհաքաղաքական հակամարտութիւնների: Այս ցաւալի իրողութիւնը այսօր այլեւս չեն ժխտում պառակտման անմիջական դերակատարները, այդ թւում դաշնակցական Վիգէն Բաղումեանը (Յոյս, 29) եւ Թեհրանի թեմի առաջնորդ Տէր Սեպուհ արք. Սարգսեանը (Յոյս, 64):
Իրողութիւնն այն է, որ դաշնակցականները, ընդլայնելու համար իրենց իշխանութիւնը, նպատակադրել էին, բռնազաւթել սփիւռքեան համայնքների եկեղեցական թեմերը, եւ դրանք կցել Անթիլիասին: Իրանահայ երեք թեմերի անջատումը Ս. Էջմիածնից, հանդիսանում էր այս սցենարի արարներից մէկը:
Լուսաբանելու համար թեմերի անջատման պարագան Ս. Էջմիածնից, հարկ ենք համարում մի յետադարձ հայեացք ձգել այս աղէտաբեր իրողութեան վրայ:
1958 թւականի Մարտի 20-ին Թեհրանի հայոց Թեմի Թեմական Խորհուրդը, իր համար 165/25 նամակը հետեւեալ բովանդակութեամբ յղում է Ս. Էջմիածին.
Նորին Ս. Օծութիւն Տ.Տ. Վազգէն Ա. Ծայրագոյն Պատրիարք եւ Կաթողիկոս Ամենայն Հայոց
Ս. Էջմիածին
Վեհափառ Տէր.
Այսու որդիական պարտք ենք համարում Ձերդ Վեհափառութեանը խոնարհաբար հաղորդելու, որ Թեհրանի թեմի պատգամաւորական ժողովը, սոյն թւականի Փետրւարի 26-ին գումարած իր հերթական նիստում քննութեան առնելով Ս.Էջմիածնի Մայր Աթոռի եւ Թեհրանի թեմի փոխյարաբերութիւնների խնդիրը, յանգեց այն եզրակացութեան, որ Իրանի փոքրամասնութեանց կրօնական պետերի եւ պատւիրակների նկատմամբ, Իրանի նախարարաց խորհրդի 1949 թւականի Յուլիսի 25-ի, Ձերդ Վեհափառութեանը ծանօթ, որոշումից ի վեր, Թեհրանի թեմի եւ Ս.Էջմիածնի Մայր Աթոռի յարաբերութիւններն ունեցել են միայն ձեւական եւ անւանական բնոյթ: Միաժամանակ, նկատի ունենալով Թեհրանի թեմի համար ստեղծւած խիստ բացառիկ պայմանները եւ մեր Եկեղեցու անվտանգութեանը կապւած որոշ մտահոգութիւններ, ինչպէս եւ մի շարք այլ հիմունքներ, պատգամաւորական ժողովը իր վերոյիշեալ նիստում միաձայնութեամբ որոշեց՝ դադարեցնել Ս. Էջմիածնի Մայր Աթոռի հետ ունեցած կապն եւս եւ խնդրամատոյց լինել Մեծի Տանն Կիլիկիոյ Ս.Աթոռին՝ Թեհրանի թեմը առնելու իր հովանու ներքոյ:
Մատչելով ի համբոյր Ձերդ Վեհափառութեան Ս.Աջոյն, մնանք խորին յարգանօք՝
Թեհրանի հայոց թեմական խորհրդի ատենապետ՝
Դոկտ. Ա. Բաբալեան

Ըստ 1949 թ. Յուլիսի 25-ի Իրանի նախարարաց խորհրդի ընդունած որոշման, Իրանի փոքրամասնութեան կրօնական պետերը եւ պատւիրակները պէտք է լինեն Իրանի քաղաքացիներ: Այս որոշման իրաւաբանական ազդեցութեան շրջանը տարածւում է, ինչպէս Ս. Էջմիածնի այնպէս եւ Կիլիկիոյ կաթողիկոսութեան վրայ, որի միաբաններն եւս Իրանի քաղաքացիներ չէին:
Մայր Աթոռի Գերագոյն Հոգեւոր Խորհրդի 2 Մայիս 1958 թւակիր նամակում, ուղղւած Թեհրանի հայոց թեմի թեմական խորհրդին կարդում ենք. Դուք յիշում էք միայն մի օրինական պարագայ, այն է՝ 1949 թւականի իրանական կառավարութեան որոշումը Իրանի փոքրամասնութեանց կրօնական պետերի նկատմամբ: Այդ որոշումը ծանօթ է մեզ... այդ որոշումից բնաւ չի բխում որեւէ անհաշտ վիճակ կամ տրամադրութիւն Թեհրանի թեմի՝ Ս.Էջմիածնի հոգեւոր հովանաւորութեան տակ լինելու նկատմամբ: Մնաց, որ այն հոգեւոր կենտրոնը, որին կամենում էք կապել ձեր թեմը, նոյնպէս օտար մի պետութեան հողամասի վրայ է գտնւում, եւ այն էլ ոչ իսկ դրացի: ... Ուրեմն Գերագոյն Հոգեւոր Խորհուրդը չի կարող ընդունել ձեր այդ փաստարկումը իբրեւ հիմնաւորւած: ... Իրանի բարեխնամ կառավարութեան 1949 թւականի որոշումը Մայր Աթոռի համար ոչ մի անբնական որոշում չէ. Արտասահմանեան մեր մի շարք թեմեր նոյնպիսի պետական օրէնքների ներքեւ են գործում երկար տարիներից ի վեր, ինչպէս օրինակ Ռումինիայում եւ Բուլղարիայում: (Էջմիածին ամսագիր, 1960 թ., Մարտ, էջ 55)
Թեմական Խորհուրդը, Թեհրանի թեմի կապը Ս. Էջմիածնի հետ դադարեցնելու իր որոշման հիմնաւորումների շարքում, բացի նախարարաց խորհրդի որոշումը, պատճառաբանում է նաեւ. ...Թեհրանի թեմի համար ստեղծւած խիստ բացառիկ պայմանները եւ մեր Եկեղեցու անվտանգութեանը կապւած որոշ մտահոգութիւններ, ինչպէս եւ մի շարք այլ հիմունքներ,..., սակայն որո՞նք էին այդ խիստ բացառիկ պայմանները, որոշ մտահոգութիւնները եւ մի շարք այլ հիմունքները:
Փորձենք ըստ պատմական եւ հաւաստի աղբիւրների պարզաբանել դրանք.
1989 թ. Երեւանում լոյս տեսած Հայկական ԽՍՀ Գիտութիւնների Ակադեմիայի հրատարակչութեան՝ Յովհաննէս Փահլեւանեանի գրչին պատկանող Իրանահայ Համայնքը գրքի էջ 174-ում կարդում ենք. Անջատման նախադրեալներ կային դեռեւս 1920 թ., երբ Հայաստանում խորհրդային կարգեր էին հաստատւել:
Եկեղեցական թեմերը Ս. Էջմիածնից անջատումը նախ իրագործւեց Ամերիկայում:
1933 թւականի Սեպտեմբերին, Նիւ-Եօրքում գումարւում է Ամերիկահայ երեսփոխանական ընդհանուր ժողով: Մի շարք դաշնակցական երեսփոխաններ, առաջնորդւած կուսակցական նեղ շահերից, մերժում են ճանաչել նորընտիր օրինական վարչութեանը եւ առաջնորդարանը, եւ անջատւելով, կազմում են Ամերիկահայ ազգային թեմի կենտրոնական վարչութիւն, եւ իրենց ազդեցութեան տակ առնելով մի շարք եկեղեցիներ, եկեղեցական պառակտում են ստեղծում ԱՄՆ-ի հայոց Արեւելեան թեմում։
1933-թ. Դեկտեմբերի 24-ին Նիւ-Եօրքի Ս.Խաչ եկեղեցում, կիրակնօրեայ պատարագի ժամանակ, դաշունահար սպանւում է թեմի հոգեւոր առաջնորդ Արքեպիսկոպոս Ղեւոնդ Դուրեանը: Սպանութեան մեղադրանքով ձերբակալւել էին 9 մարդ, բոլորն էլ՝ Հ.Յ.Դաշնակցութեան անդամներ: Բոլորի նկատմամբ պէտք է պատիժներ սահմանւէին, երկուսը պէտք է մահւան դատապարտւէին, այդ թւում նա, ում ձեռքին եղել էր դանակը: Վերջինս Հ.Յ.Դ.-ի Նիւ-Եօրքի գրասենեակի քարտուղարն էր: Բայց, վերջում ոչ մէկը չդատապարտւեց, բոլորն ազատւեցին:
Էջմիածին ամսագիրը 1960-թ. Մարտի համարի 42-րդ էջում գրում է. Ամերիկահայ երկու թեմերի 63 եկեղեցիներից 13 եկեղեցիներն են, որ բաժանւել են Մայր Աթոռից:
Ժամանակի դաշնակցական մամուլը ցնծութեամբ է արձանագրում այս պառակտիչ գործարքը այն համարելով արի եւ համարձակ որոշում մը, որ դաշնակ սրտերը կը լցնէ անսահման ուրախութեամբ մը, եւ որ ոսկի տառերով պիտի արձանագրւի մեր տարեգրութեան մէջ: (Հայրենիք Հոկտեմբեր 1958):
Սրան զուգահեռ Անթիլիասի նւիրակ Խորէն եպիսկոպոսը Վաշինգտոնում այցելում է ԱՄՆ-ի փոխնախագահ (ապա նախագահ) Ռիչարդ Նիքսոնին: Փոխնախագահը յայտնում է նրան.Մութ ուժերու դէմ զինւորական ու տնտեսական ուժերով պայքարը բաւական չէ: Անհրաժեշտ է պայքարիլ հոգեկան միջոցներով, եւ ուրախ եմ, որ դուք ձեր եկեղեցիներուն մէջ տարած էք այդ աշխատանքը: Ատոր համար մասնաւորապէս կը շնորհաւորեմ ձեզ: (Էջմիածին1960 Մարտ էջ 43)
Արդ, եթէ իրեն ազգային հռչակող եկեղեցին է այսպէս զինւորագրւում ազգի պառակտման գործին, այլեւս ի՞նչ գանգատ կարելի է ունենալ ամէն տեսակի աղանդների աւերիչ գործունէութիւնից:
Իսկ այս բոլորին հակառակ, Ամենայն Հայոց կաթողիկոս երջանկայիշատակ Վազգէն Ա. 20 Դեկ.1957 թ. կոնդակում դատապարտելով այդ քայլը ասում է....առանց Ս. Էջմիածնի նոյնիսկ ինք Անթիլիաս նման է աւազի վրայ շինւած տունի: ...Իբրեւ Կաթողիկոս Ամենայն Հայոց, Եկեղեցիի եւ Ազգի առաջ յԱթոռոյ կը դատապարտենք Տ.Զարեհ եպիսկոպոսը եւ իր գործակիցները, որոնք իրենց հակականոնական արարքներով եւ Ամերիկայի մեր թեմերուն մէջ կատարած ոտնձգութիւններով ենթակայ պիտի դառնան մեր Եկեղեցիի եւ Ազգի նզովքին: ...Կոչ կընենք մեր բոլոր նւիրապետական Աթոռներուն, հոգեւորականութեանը եւ համայն հայ ժողովուրդին՝ որեւէ ձեւով չքաջալերել Անթիլիասի ուղեկորոյսները, հեռու մնալ անոնց ձեռքերէն...Անոնք ճամբայ ելած են հալածելու եւ լացնելու Ս.Էջմիածինը: Եւ երբ Ս. Էջմիածինը կը հալածւի, այդ ստոյգ նշան է, որ հալածւողը ինքը ամբողջ հայ ժողովուրդն է: Այդ է մեր Ազգի փորձը հին եւ նորագոյն պատմութեան:
Սակայն այս սրբատառ կոնդակը եւս չազդեց կասեցնելու այդ պառակտիչ աշխատանքները եւ, 1958 թւին հերթաբար Թեհրանի, Ատրպատականի, Յունաստանի եւ Իրանա-Հնդկաստանի (Սպահան) թեմերը անջատւեցին Ս. Էջմիածնից:
2 Մայիս 1958 թ. Մայր Աթոռի Գերագոյն Հոգեւոր Խորհուրդը Թեհրանի Հայոց Թեմական Խորհրդին եւ պատգամաւորական ժողովին ուղղած պաշտօնական նամակում գրում է. ...Պարսկահայութիւնը, հայ աշխարհի կողքից պոկւած այս հարազատ ժողովուրդը, ինչպէ՞ս կարելի է բաժանել իր Սրբութիւն Սրբոց Մայր Աթոռ Ս.Էջմիածնից: Ո՞վ տւեց այս դժբախտ որոշումը, հարցրիք արդեօ՞ք ժողովրդին:
Իրօք ո՞վ է այս բոլորի բուն մեղաւորը: Կարդանք հետեւեալը 1959 թ. Հ.Յ.Դ.-ի Հայրենիք ամսագըրից. Ինչպէս Լիբանան, ապա Սիրիա, Յունաստան, Կիպրոս, Իրան, Ատրպատական հետզհետէ յարեցան Հայաստանեայց Եկեղեցիի ուղղամիտ եւ անկաշառ հովւութեան, Անթիլիասի մէջ, նոյնպէս մեր թեմը երջանիկ է, որ կը հետեւի նոյն առաջնորդութեան, եւ այս՝ շնորհիւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան ղեկավար ուժերուն եւ անձնազոհութեան: Անկարելի է մոռանալ, որ Անթիլիասը իր այսօրւան փառքին չէր հասնէր, եթէ Հ.Յ.Դ.-ն իր ամբողջ կշիռը դրած չըլլար անոր պաշտպանութեան եւ յառաջադիմութեան համար։(Էջմիածին1960, Մարտ, էջ 72)
Այս կապակցութեամբ Թեհրանում լոյս տեսնող Արաքս ամսագիրը իր 89-րդ համարի (2000 թ. Յուլիս) էջ 4-ում ՏԷ՜Ր ՑՈ՜ՅՑ ԻՆՁ ՃԱՆԱՊԱՐՀ... կամ Բաց նամակ Արամ Ա. Կաթողիկոսին գրում է. Ի՞նչ պատահեց 1956-էն ասդին... Երկրորդ Աշխարհամարտի աւարտից յետոյ, պաղ պատերազմի թէժ տարիներին, Արեւմտա-ամերիկեան ճամբարի գործակալ Հ.Յ.Դ.-ի բիւրոյում մի սատանայական միտք յղացաւ՝ տիրել սփիւռքահայութեան, գրաւելով նրա հաւատի տունը...
Հակահայկական այդ քայլը առնելու համար պէտք էին կուսակցականացած հոգեւորականներ, ուրեմն գործի լծւեցին եւ քանի տարի անց 1956 թւի Փետրւարին, դաշնակցական Զարեհ եւ Խորէն եպիսկոպոսները պատրաստ էին քանդելու սփիւռքահայութեան կամուրջները Ս. Էջմիածնի հետ:
1958 թ.Կահիրէում լոյս տեսած դաշնակցութեան օրգան Յուսաբեր մատենաշարի թիւ 87-ի էջ 16-ում բժ.Եր.Խաթանասեանի գրչին պատկանող գրքում կարդում ենք.Արար աշխարհ գիտէ եւ խորապէս համոզուած է, որ այս խզումը ձեւական, պայմանական ու ժամանակաւոր է: ...Վաղը՝ երբ ազատաբաղձ հայութիւնը տիրանայ իր արդար իրաւունքներին եւ Հայաստանը դառնայ ազատ ու անկախ,...Էջմիածինը եւս կը լինի ազատ, անկախ, գերագոյն կեդրոնը Հայ Եկեղեցու:
Իսկ Հ.Յ.Դ.-ի բիւրոյի անդամ պրն. Վիգէն Բաղումեանը Յոյս երկշաբաթաթերթի լրագրողի այն հարցին թէ՝-Ի՞նչ է Դաշնակցութեան դիրքորոշումը Կիլիկիոյ եւ Էջմիածնի երկու կաթողիկոսութիւնների միացման նկատմամբ: Ի՞նչ կասէիք իրանահայ թեմի Էջմիածնին միանալու մասին, տալիս է հետեւեալ խուսափողական պատասխանը. Բոլոր այն դիրքորոշումները, որ խորհրդային իշխանութեան օրերին շեշտւած ձեւով ունէինք Կիլիկիոյ կաթողիկոսութեան յարաբերութեան մէջ, այդ շեշտւածութիւնը եւ այդ խստութիւնը, իհարկէ այսօր չկայ: ... Մեր համար քաղաքական բովանդակութիւնից պարպւել է այս խնդիրը: ... Բայց մենք գտնում ենք, որ օգտակար է, որ երկու կաթողիկոսութիւնները զուգահեռ աշխատեն:(Յոյս, 2 Յուլիս 2008, համար 29)
Դժբախտաբար փաստերը հակառակն են վկայում:
Երջանկայիշատակ Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որը եղել է նաեւ Կիլիկիոյ կաթողիկոսութեան գահակալ, 1997 թ. Ժնեւում իրանական մի պատւիրակութեան հետ բանակցութեան ընթացքում ասում է. Դաշնակցութիւնը,Կիլիկիոյ կաթողիկոսին պտտեցնելով աշխարհի չորսբոլորը, ոչ մի ջանք չի խնայում նսեմացնելու Ամենայն Հայոց կաթողիկոսութեան ազդեցութիւնը: (Փոթորկոտ կեանքիս օրերը Լ.Ահարոնեան էջ 1278)
Անթիլիասը շարունակելով իր պառակտիչ քաղաքականութիւնը, 2002-թ. Կանադայում ստեղծում է Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեանը ենթակայ առանձին թեմ, դրանով հանդերձ, որ 1984-ից ի վեր այնտեղ գործում է Ս. Էջմիածնի հովանաւորութեամբ աշխատող թեմ:
Եկեղեցիներ ու թեմեր յափշտակելուց բացի, նրանք ձգտում են իւրացնել նաեւ Մայր Աթոռին վերապահւած կոչումները: Թեհրանում Տ.Սեպուհ եպիսկոպոսի (այժմ Արքեպիսկոպոս) հրամանով 2000-թ.տպագրւած Սուրբ եւ Անմահ Պատարագ գրքի 53-րդ էջում Ամենայն Հայոց կոչումը կցւած է նաեւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան անւանը, եւ ըստ այդմ էլ մատուցւում է Ս.Պատարագը:
Այս ամէնից յետոյ ապշում ես, երբ Թեհրանի Թեմի Առաջնորդ սրբազան հայրը նշւած հարցազրոյցում ասում է.Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը պատմական Աթոռ է, եւ այս Աթոռը, յատկապէս վերջին ութսուն տարիներուն, մեր ժողովրդի կեանքին մէջ, հրաշքի համազօր գործեր ըրած է:
Այս հրաշքի համազօր գործեր-ով, Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու մի հատւածը դարձաւ Հ.Յ.Դ.-ի գաղափարախօսութեան խաղաբեմ, եկեղեցականներն ու առաջնորդները հանդիսացան կուսակցութեան խօսնակներ ու դատապաշտպաններ:
Եկեղեցին ու հոգեւորականը պէտք է ծառայեն իրենց իսկական կոչումին, բոլորի հետ վարւեն անկողմնակալ, զարկ տան կրօնական եւ բարոյական դաստիարակութեանը, ոչ թէ լինի այնպէս, որ թեմի բարձրագոյն հոգեւորականը վերոյիշեալ հարցազըրոյցի ընթացքում բացէիբաց յայտարարի. ...Հիմա, այս իրականութեան դիմաց, թէ ինչու իրանահայ կուսակրօն եկեղեցականներ չեն եղած, ես ալ կրնամ ձեզի հարց տամ՝ ինչո՞ւ: Իմ գնահատումով, որովհետեւ մենք թոյլ եղած ենք կրօնական մեր դաստիարակութեան մէջ: Այստեղ առաջանում են հարցեր, ո՞վ է մեղաւորը, ո՞վ պէտք է զբաղւէր կրօնական դաստիարակութեամբ, ո՞ւմ ձեռքում է գտնւում թեմի իշխանութիւնը, ո՞վ է նշանակում թեմի կրօնական խորհուրդը եւ ղեկավարում այն: Ժողովուրդը որտե՞ղ եւ ինչպէ՞ս պէտք է ստանայ կրօնական դաստիարակութիւն, դըպրոցներո՞ւմ, թէ՞ եկեղեցում: Դպրոցներում ահա 30 տարի է, ինչ կրօնը դասաւանդւում է մի գրքով, որի հեղինակը ոչ միայն հայ չէ, այլեւ քրիստոնեայ էլ չէ:Ահա դըպրոցում ստացած կրօնական դաստիարակութիւնը: Գալով եկեղեցիներին, ինչո՞վ են զբաղւած եկեղեցական խորհուրդները, գոյութիւն ունե՞ն արդեօք կազմակերպւած կրօնական լսարաններ, այդ նպատակը իրագործելու համար, գոյութիւն ունե՞ն պատրաստւած կադրեր: Նայենք աղանդաւորներին, նրանք աշխատում են շատ լաւ կազմակերպւած եւ իրենց աւերը գործում մեր համայնքում: Ինչո՞ւ մենք չենք կարող գործել այդպէս կազմակերպւած ու կրքոտ:
Այս բոլորից յետոյ ինչպէ՞ս հասկանալ սրբազան հօր հետեւեալ խօսքերը նոյն հարցազրոյցում, որ Անցնող յիսուն տարիների ընթացքում, Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը իրանահայ մեր երեք թեմերի նկատմամբ արեց իր լաւագոյնը: Եւ միթէ Վա՞տ բան արեց:
Թեմակալ առաջնորդը, ի պաշտօնէ, պարտաւոր է, ոչ թէ հարցերին հարցով պատասխանել, այլ՝ պատասխանել:
Հեղինակը նիւթը ներկայացրել է նոր ուղղագրութեամբ, որը հին ուղղագրութեան է վերածւել Յոյս-ի միջոցով։

 

Յոյս թիւ 67

27 Յունւար 2010