ՅՈՅՍ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԵՐԹԸ ԹԵՀՐԱՆՈՒՄ

Կարդում եմ Յոյս-ը եւ երբեմն գրւած որոշ բաներում համաձայն չեմ, պարզ է, որ չեմ ակնկալում` ամէն մարդ գրի այնպիսի բաներ, որոնց ես համաձայն լինեմ: Իհարկէ, կան զանազան ճա- շակներ, բայց մամուլը, եթէ հաւատացած է կրօնական եւ ազգային արժէքներին, դրանք պիտի փոխանցի իր ընթերցողներին, առանց անպայմանօրէն նկատի ունենալու զանազան մարդկանց ճաշակները, Յոյս-ի հերթական` 64-րդ, համարին տւած հարցազրոյցում ասել է Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տէր Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսեանը:
Սրբազան հայրը նշել է, որ ինքը, ծանօթ լինելով հրատարակչական եւ մամուլի աշխատանքին, հասկանում է համայնքում թերթ հրատարակելու դժւարութիւնները եւ գնահատում է Յոյս-ի աշխատանքը` գրաւիչ եւ արդի թերթ հրատարակելու ուղղութեամբ:
Յոյս-ը հասարակական-մշակութային երկշաբաթաթերթ է, որը տարածւում է Իրանում եւ Հայաստանում, արտօնատէրն է Իրան-Հայաստան բարեկամութեան ընկերութեան նախագահ Լեւոն Ահարոնեանը,իսկ գըլխաւոր խմբագիրն է Ռոբերտ Սաֆարեանը:
Տ.Սեպուհ արք.Սարգըսեանը եւ խմբագիրը խօսել են համայնքի կրօնական ու հասարակական խնդիրներից, իսկ խմբագրի հարցին, թէ Սրբազան Հայրն ինչպէ՞ս է վերաբերւում համայնքում գոյութիւն ունեցող տարբեր գաղափարական, քաղաքական հոսանքներին եւ խմբակցութիւններին,Սըրբազան Հայրը պատասխանել է. Ես կարծում եմ, որ այս զանազանութիւնը մեր գաղութի հարստութիւնն է, որքան գաղափարական զանազանութիւնն աւելի է, դա նշանակում է նաեւ, որ գաղութի մէջ գաղափարական եռուզեռ կայ:
Սակայն Յոյս-ը ոչ գաղափարախօսական, ոչ կուսակցական թերթ է, որը գրում է ինչպէս իրանահայ համայնքի, այնպէս էլ հայաստանեան հասարակական ու մշակութային անցուդարձի մասին: Խօսելով Թեհրանի Թունեան դպրոցի շէնքային խնդիրների մասին` նոյն համարում (64-րդ) թերթը զուգահեռ պատմում է Հայաստանում իրանահայ բանաստեղծ, արձակագիր, ճարտարապետ Ռուբէն Յովհաննիսեանի կիսանդրու բացման մասին, որը տեղադրւած է Վազգէն Սարգսեանի ռազմական ինստիտուտի կրթահամալիրի շէնքում:
Այս համարում թերթն ունի խմբագրի անկիւն, որտեղ խմբագիրն առաջ է քաշում իրանահայ մամուլի խնդիրները, սակայն Յոյս-ը չի գրում միայն համայնքային խնդիրների մասին: Կան, օրինակ, դիմանկար-ակնարկներ` ֆոտօլրագրող Ալեքսանդրա Աւագեանի եւ իրանցի նկարչուհի Շիրին Մելլաթգոհարիի մասին, այստեղ տպւած են երկուսի աշխատանքներից էլ: Շիրինը լուսանկարում է, յետոյ այդ լուսանկարների վրայ ջրաներկով եւ գուաշով նկարում: Գեղանկարի միջոցով լրացնում է լուսանկարը` իր հերոսների հոգեվիճակը կատարելապէս ներկայացնելու համար: Իսկ Ալեքսանդրա Աւագեանի լուսանկարներում հիմնականում մուսուլման կանայք են: Ալեքսանդրա Աւագեանը ծնւել է Նիու Եօրքում, ճամփորդել աշխարհով մէկ, նա ասել է. Ես իրապէս հաւատում եմ, որ պէտք է կտրել մշակութային սահմանները, նաեւ այն ժամանակ, երբ քաղաքականութիւնը բաժանում է մեր երկրները:
Գրականութեան բաժնում Յոյս-ն այս անգամ անդրադառնում է ճապոնական գրականութեանը` սկսած 1970-ականներից:
Անգամ ամենաանտարբեր մարդն այս թերթում իրեն հետաքրքրող մի բան կը գտնի: Յոյս-ն ունի գիտական, մարզական, ժամանցային էջեր, չի մոռացել նաեւ փոքրիկ ընթերցողներին` նրանց նւիրելով առանձին մանկական բաժին: Յոյս-ի ինտերնետային կայքի հասցէն է՝ www.hooys.com:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Յոյս թիւ 66

13 Յունւար 2010