ԱՐԴԵՕՔ ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐԸ ԻՍԿԱՊԷՍ ՀԱՒԱՏԱՑԱ՞Ծ Է, ՈՐ
ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԶԱՆԱԶԱՆՈՒԹԻՒՆԸ ՄԵՐ ԳԱՂՈՒԹԻ
ՀԱՐՍՏՈՒԹԻՒՆՆ Է


Վարդան Հախվերդեան

Փողոցն անցնելիս աչքիս է ընկնում մի գունաւոր պատկեր Սրբազան Հօրից, որի վրայ գրւած էր մի հետաքրքիր նախադասութիւն՝ Գաղափարական զանազանութիւնը մեր գաղութի հարստութիւնն է։
Նախ մտածեցի, որ երեւի նոր տարւայ օրացոյցն է,բայց ուշադիր նայելով, նկատեցի, որ Յոյս երկշաբաթաթերթի նոր համարն է, եւ դա աւելի շատ հետաքրքրեց ինձ։
Նախ, որ իմ կածիքով պարոն Ռոբերթ Սաֆարեանը,որպէս խըմբագիր կողմնապահութիւն է արել, իբր թէ Սրբազան Հայրը, որն ի պաշտօնէ նախագահն է Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի եւ մեր գաղութի, իսկապէս տեղեակ չէ, թէ ինչ է կատարւում։ Սակայն Սրբազան Հայրը, ցաւօք սրտի, բացի այն որ այդպէս չի եղել, այլ ճիշտ հակառակ դիրքորոշում է ունեցել տարբեր գաղափարականների, անգամ հայկական միութիւնների ու Պ.Ժ.-ի պատգամաւորաների հանդէպ։ Թէկուզ յիշւած նախադասութիւնը տեղի վրայ շատ արժէքաւոր է, բայց այդ նկարի վրայ շատ տարօրինակ է, եւ կարող է այն թիւրիմացութիւնն առաջացնել, որ իսկապէս Սրբազան Հօր գործունէութիւնն էլ, երեւի, իրօք այդպէս է եղել, կամ գոնէ երկշաբաթաթերթի տեսակէտով այդպէս է։
Միւս կողմից, հակառակ այն շշուկներին, որ Սրբազան Հօրից, ամէն մարդ, որ խնդիր ունենայ, կարող է ժամ վերցնել եւ իր խընդիրները փոխանցել, դժբախտաբար ճիշտ չէ, քանի որ անձամբ ուզել եմ հանդիպել Սրբազան Հօրը եւ խօսել իր ղեկավարած մարմինների մասին, որոնք իրենց սխալ եւ անխոհեմ մօտեցումով դժւարութիւն են առաջացրել իրենց դիմողների համար, բայց քանի որ նախապէս նամակներ էի գրել իրենց եւ պատասխան չստանալու պատճառով էի ուզում մօտից հանդիպել, թոյլ չէին տալիս. նրանք հաւատացած էին, որ այդ անձանց փողոցից չէին գտել եւ նրանք ժամ են վատնում, առանց այն, որ նկատի ունենային, որ այդ ժամ վատնելը դրական է թէ՞ բացասական։
13-րդ Պատգամաւորական ժողովում, երբ պրն. Ռուբիկ Կարապետեանը Րաֆֆի միութեան ազգային պատկանելութիւնը հարցականի տակ էր տանում եւ ամենայն համարձակութեամբ ու անամօթութեամբ անդամներին անարգում, Սրբազան Հայրն իբրեւ ժողովի նախագահ, ոչ միայն չբողոքեց, եւ չպաշտպանեց այդ հայկական միութեանն ու նրա անադամներին, այլ՝ լռելով, հաստատեց նրան։ Իսկ 14-րդ Պատգամաւորական ժողովի բացման ժամանակ, Սրբազան Հայրը շեշտեց, որ այդ շրջանը պէտք է լինի քրիստոնէական դաստիարակութեան եւ պատասխանատւութեան նաեւ պահանջատիրութեան շրջան, բայց դժբախտաբար դեռ շատ չէր անցել, որ, երբ որոշ պատգամաւորներ չքւէարկեցին Թեմական Խորհրդի նախընտրւած անդամներին, ատենապետ պրն.Գէորգ Աբուլեանը համարձակւեց այդ ինը պատգամաւորներին, որոնց իրաւունքն էր՝ քւէարկութեան մասնակցել թէ ոչ, խայտառակիչ անւանել, առանց նկատի ունենալու, որ նրանք քանի-քանի հազար մեր հայրենակիցների պատգամաւորներն են, եւ դա անարգանք էր մեր համայնքին։ Եւ նորից Սրբազան Հայրն իր լռութեամբ հաստատեց նման վերաբերմունքը։
Նաեւ անդրադառնամ դպրոցների հարցին, որն այսօր կարեւոր թեմա է։
Սրբազան Հայրը Թունեան դպրոցի հիմնօրհնէնքի ժամանակ ձայնին յատուկ տոն տալով ասաց. Ինը տարւայ մէջ սա 3-րդ դպրոցն է, որ վերակառուցում ենք, իսկ նրանք, ովքեր իրենց աչքերը փակել են ճշմարտութեան առաջ, թող բացեն եւ տեսնեն, թէ այս համայնքը կենսունակ է։
Հարց է առաջանում, թէ ո՞ւմ նկատի ունէր Սրբազան Հայրը, եթէ ոչ այլ գաղափարի տէր մարդկանց, յատկապէս այն անձանց, ովքեր պնդում էին, որ պէտք է առաւել խոր ուսումնասիրութեամբ ուղղել դպրոցի վերակառուցման ծրագիրը։ Այս դպրոցի հիմնօրհնէքի ընթացքում խոստացան մինչեւ մէկ տարի կը կառուցւի նոր դպրոցը, սակայն մինչեւ հիմա, որ մէկ տարուց աւել է անցնում, վերանորոգւած դպրոցից միայն մի աւերակ է մնացել, եւ Աստւած գիտի, երբ պէտք է կառուցւի նոր դպրոցը, քանի որ ամէն մի մարմին ու անհատ որեւէ պատըրւակով, արդարացնում է իրեն, եւ ամէնից ցաւալին այն է, որ շուրջ 300 աշակերտուհիներ տեղափոխւել են Նայիրի տղայոց դպրոցի հին մասում՝ ամենանւազ հնարաւորութիւններով ու ապահովութեամբ։ Կարծում եմ բոլորն էլ կը հաստատեն, որ Սրբազան Հօր այս խօսքերը որեւէ կապ չունեն ոչ՛ պատասխանատւութեան, ո՛չ քրիստոնէութեան եւ ո՛չ էլ պահանջատիրութեան հետ։
Աւարտում եմ գրութիւնս, համարելով, որ տրամաբանական մարդու համար, այսքանն արդէն շատ բան է ասում,եւ կրկընելով, որ՝ միայն լոզունգն ու խօսքը բան չի նշանակում, կարեւորը գործն է։

Յոյս թիւ 66

13 Յունւար 2010