Իրանահայերը 2009-ին


Աղէտ
Թեհրան- Երեւան Տոպոլովի կործանում

Յուլիսի 15-ին Ղազւինի մօտ խորտակւեց Թեհրանից Երեւան թռչող Կասպիան աւիաուղիների Տոպոլով օդանաւը։ Զոհւեցին օդանաւի 158 ուղեւորները, այդ թւում 50-ից աւելի իրանահայեր, ՀՀ հինգ քաղաքացիներ, եւ հարիւրից աւելի այլ իրանցիներ, այդ թւում երկրի ջուդոյի երիտասարդական հաւաքականի անդամները։ Օրաւուր փոքրացող իրանահայ համայնքի համար, սա ցնցիչ հարւած էր։ Համարեա ամէն մարդ զոհւածների մէջ ունէր գոնէ մի բարեկամ, հարեւան, ծանօթ եւ այլն։ Զոհւածների թւում էին նաեւ իրանահայ նշանաւոր դէմքեր, ինչպիսիք էին՝ Իրանի խորհրդարանի նախորդ նստաշրջաններում իրանահայութեան պատգամաւոր՝ Դոկտոր Լեւոն Դաւթեանը, եւ մեր գործընկեր ու բանաստեղծ Ազատ Մաթեանի եղբայր, ազգային-հասարակական գործիչ Մասիս Մաթեանը։ Թաղման արարողութիւնը կատարւեց ամենայն շուքով եւ համապարփակ կսկիծով ու ցաւով։ Հայաստանում մէկ օր սուգ յայտարարւեց, սակայն ոչ Իրանում, որի քաղաքացիներից շուրջ հարիւր յիսունն էին զոհւել։
Ի՞նչ էր աղէտի պատճառը, ո՞վ էր պատասխանատու, ինչքանո՞վ էր մեղաւոր Կասպիան աւիաուղիների տնօրինութիւնը. ահա զոհերի ընտանիքների հարցերն ու պահանջները՝ Յուլիսի 22-ին Կասպիան աւիաուղիներ-ի գրասենեակի առջեւ տեղի ունեցած հանրահաւաքում։
Մինչ օրս, ոչ մի պատասխան։


Իրան
նախագահական ընտրութիւններ

Անցեալ տարի, Իրանի նախագահական ընտրութիւնները եւ դրան յաջորդած բողոքի ցոյցերը, երկրի կարեւորագոյն իրադարձութիւններն էին։ Մի երկու շաբաթ մնացած ընտրութիւնների ժամկէտին, իրանահայերը մտքի ընկան իրենց պահանջները ներկայացնել նախագահութեան չորս թեկնածուներին։ Արարատ մարզաւանում կայացան հանդիպումներ նախագահութեան թեկնածուների ներկայացուցիչների հետ։ Տեղի ունեցաւ նաեւ մի հանրահաւաք Էթելաաթ օրաթերթի դահլիճում, Միրհոսէյն Մուսաւիին համակրող մի խումբ հայերի կողմից։ Ալիք-ն յայտարարեց ընտրութիւններին վերաբերող որեւէ հաւաք, եթէ դա արւում է համայնքի անունից, պիտի լինի ազգային իշխանութիւնների կողմից, մինչդեռ վերջին ձեռնարկի կազմակերպիչները չէին յաւակնել, որ համայնքի ներկայացուցիչներն են։ Յամենայն դէպս, համայնքը փորձեց, օգտագործելով նախագահական ընտրութիւնների առիթը, իր հարցերը ներկայացնել երկրի իշխանաւորներին։ Ալիք-ը մի յօդւածով իրանահայութեան պահանջները ձեւակերպում է հինգ կէտերում։ Նոյն յօդւածում կարդում ենք հետեւեալ տողերը.
Վաղուց արդէն սպառւած հասկացութիւն է փոքրամասնութիւն կոչւածը, քանզի առաջին թէ երկրորդ կարգի քաղաքացիներ ասւածը անհեթեթութիւն է, լինի դա կրօնական, համայնքային թէ՝ քաղաքական։ Այսպէս քաղաքացիական հասարակութիւն ասւածը, մեղմ ասած, վերածւում է լոզունգի... ։ Եւ իհարկէ այս անելիս, Ալիք-ի յօդւածագրի համար հարց չառաջացաւ, որ արդեօք իրաւասո՞ւ է խօսել համայնքի անունից։ Դա հասկանալի է, քանի որ պարզ է, նա յայտարարում էր համայնքի խնդիրները ըստ իրեն, այնպէս ինչպէս ինքն էր հասկանում. մի բան, որ նրա իրաւունքն էր։ Հէնց այնպէս, ինչպէս իրաւունք ունէին անելու թեկնածուներից որեւէ մէկին համակրող հայերը։


Համայնքային քաղաքականութիւն
իրարանցում այլախոհերի շարքերում

Իրանահայ համայնքն ունի իր քաղաքական բեմը, որը բնորոշւում է դաշնակցական-այլախոհ հակադրութեամբ, եւ տիրող գաղափարական-կուսակցական նեղմտութեամբ ու մենաշնորհային հակումներով։ Վերջին տարիներին, պէտք է խոստովանել, որ քիչ թէ շատ հալւել է նախկին բեւեռային այդ սառուցեալ վիճակը, սակայն, այդուհանդերձ, դեռ շարունակւում են նեղմըտութիւնները, եւ անցեալ տարի եղաւ մի ժամանակ, որ դա այնպիսի չափեր ստացաւ, որ Յոյս-ի արտօնատէր Լեւոն Ահարոնեանը անդրադառնալով մեր թերթին եւ ընդհանրապէս միւսներին զեղչելու եւ անտեսելու նրանց փորձերին, բողոքեց հետեւեալ թունդ արտայայտութեամբ.Որի՞ն հաւատանք։ Հայաստանում ժողովրդավարութեան մասին արտասանած ճառերի՞ն, թէ՞ Թեհրանում կիրառած միապետական ընթացքին։
Միւս կողմից նկատւեց իրարարանցում հէնց իրենց այլախոհներ-ի կամ ոչ-դաշնակցականների շարքերում։ Այն աստիճանի, որ նոյն ուղղութեան հետեւող անձը մի յօդւածում հանդէս եկաւ այսպիսի խորագրով. Վերջին տարիներին Դաշնակցութիւնը ԻԱՄՄ-ի ղեկավարութիւնից աւելի դեմոկրատ գտնւեց (Աբնուս Վազգէն, Յոյս թիւ 58)։ Հարցը վերաբերում է Յոյս-ի թիւ 56-ում ԻԱՄՄ-ի վարչութեան գրութեանը, ուր, ըստ Աբնուսի, սխալ յաւակնութիւններ են եղել պատգամաւորական ժողովի եւ միութեան ներքին ընտրութիւնների վերաբերեալ։ Հարցը վերաբերում է ժողովրդավարութեան իմաստին. արդեօք դա նշանակում է, որ մեծամասնութիւնը՝ հիմնւելով իր 50+1 քւէների վրայ, կարող է անել՝ ինչ ցանկանում է, թէ պիտի յարգի փոքրամասնութեան իրաւունքները եւս։



Հայաստան-Իրանահայութիւն
երկերկրացիներ-ի նոր խաւ


Ապրիլի 13-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը այցելեց Իրան եւ Արարատ մարզաւանում հանդիպում ունեցաւ նաեւ իրանահայերի հետ եւ նրանց վստահեցրեց, որ Հայաստանի Հանրապետութիւնը Թուրքիայի հետ իր յարաբերութիւնների նորմալացման գործում չի անտեսի ցեղասպանութեան ճանաչման հարցը։ Սակայն, երբ Հոկտեմբերի 10-ին, Ցիւրիխում ստորագըրւեցին Հայաստանի եւ Թուրքիայի յարաբերութիւնները կարգաւորող երկու արձանագրութիւնները, իրանահայերի քաղաքական կազմակերպութիւնները այնքան էլ գոհ չէին։ Այս արձանագրութիւնները քննարկելու նպատակով կազմակերպւած զանազան հանդիպումներին, թէեւ հնչեցին նաեւ արձանագրութիւններին կողմ կարծիքներ, սակայն տիրող տրամադրութիւնը դէմ էր դրանց ստորագրութեանը։ Հետաքրքիրն այն է, որ այս հարցում համարեա տարբերութիւն չկար Ալիք-ի եւ Արաքս-ի խմբագիրների տեսակէտների միջեւ։
Այսքանը իրանահայերի եւ Հայասատանի կապերի պաշտօնական եւ քաղաքական մակարդակի մասին։ Աւելի խորը շերտերում շարունակւեցին փոխադարձ հասարակական եւ մշակութային կապերի սերտացումը։ Իրանահայերի լեզուն, հայկական հեռուստաալիքների ազդեցութեան տակ, մօտենում է երեւանեան հայերէնին։ Աշխոյժ երթեւեկութիւնը Հայաստան, օգնում է հայաստանցիները եւ իրանահայերը ծանօթանան միմեանց մշակութային իւրայատկութիւններին եւ աստիճանաբար ստեղծւում է պատկառելի թւով երկերկրացիների խաւ, որոնք բնակւելով մասամբ Թեհրանում, մասամբ Երեւանում, կամուրջի դեր են կատարում իրանահայերի եւ Հայաստանի յարաբերութիւններում։ Իրանահայ արւեստագէտները մասնակցում են Հայ ֆեստ-ում, Ոսկէ Ծիրան-ում եւ այլ հայաստանեան փառատօներին եւ ծանօթանում Հայաստանի արւեստի ու մշակոյթի դէմքերի եւ ընդհանուր մթնոլորտի հետ։
 

Մշակոյթ եւ Արւեստ
ինչպէս միշտ

Շարունակւեցին աւանդական պարախմբերի եւ երգչախմբերի ձեռնարկները։ Մշակութային կեանքում քիչ թէ շատ երեւելի դէպքեր են ֆրանսահայ վիպագիր Գրիգոր Պըլտեանի այցը Իրան՝ Հանդէս գրականութեան եւ Արւեստի եռամսեայ թերթի եւ Իրանահայ գրողների միութեան հրաւէրով, Արման Ստեփանեանի մասնակցութիւնը Իրանը՝ ներսից դուրս միջազգային ցուցահանդէսին, Արարատ Մարզաւանի եւ Հայ ակումբի ճարտարապետ Ռոստոմ Ոսկանեանի այցը՝ Թեհրան, Վարուժ Քարիմ Մասիհիի վերջին ֆիլմի՝ Տարակուսանք-ի ցուցադրումը երկրի սինեմաներում։ Տարակուսանք-ը ցուցադրւեց նաեւ Երեւանի Ոսկէ Ծիրան փառատօնում, ուր Վարուժը եւս սփիւռքի նախարարութեան կողմից պարգեւատրւում է որպէս սփիւռքի լաւագոյն ռեժիսոր։
Գրքի ասպարէզում կարելի է յիշել Լեւոն Ահարոնեանի Փոթորկոտ կեանքիս օրերը երկհատորեակի հրատարակութիւնը պարսկերէնով, որոնց մէջ ներառւած են թէ՛ հեղինակի անձնական յուշերը, եւ թէ՛ դրւագներ մեր համայնքի քաղաքական-հասարակական պատմութիւնից։ Նաեւ Ժանէթ Լազարեանի կազմած Հանրագիտարան իրանահայոց գրքի երկրորդ հրատարակութիւնը եւ Վարդգէս Զարգարեանի Բառ ու Բանք-ը, որը հետաքրքիր ուսումնասիրութիւն է Սայեաթ-Նովայի օգտագործած պարսկերէն բառերի մասին։
 

Գաղթ
Դէպի Գլենդել

Իրանահայութիւնը, երգելով հայրենիքի գովքը,մտահոգւած հայ-թըրքական յարաբերութիւնների բարելաւման մասին, չւում է Գլենդել։ Այս տեմպով, յառաջիկայ տաս տարիներում Իրանը համարեա կը պարպւի հայութիւնից։ Դա լա՞ւ է, թէ՞ վատ։ Սրբազան հայրն ասում է. Ամերիկա երթալը դրախտ երթալ չի նշանակէր, ընդհակառակը, աւելի շուտ արդիական դժոխք երթալու համահաւասար է ։ Բայց նաեւ կայ այսպիսի տեսակէտ. Իւրաքանչիւր անձ տարիներ աշխատելուց եւ թոշակի անցնելուց յետոյ իրաւունք ունի ընտրել իր ցանկացած բնակութեան վայրը եւ կեանքի մնացած տարիները վայելել իրեն հաճելի ձեւով։ (Դւին Գալըստեան, Յոյս թիւ 63)
Չկան կամ չեն յայտարարւում վիճակագրական տւեալներ արտագաղթի մասին, սակայն արագօրէն նւազում է միութիւնների անդամների եւ դպրոցների աշակերտութեան թիւը։ 2008-ին փակւեց Քուշէշ դպրոցը, 2009-ին՝ Ալիշան-ը։ Յաճախ, ազգային մարմիններն են մեղադըրւում դպրոցների փակման համար, սակայն իրականութիւնն այն է, որ ամայի դասարաններով դպրոցը չի լինի բաց պահել։
 

Հայաստան-Իրան
ռազմավարական յարաբերութիւններ

Սերժ Սարգսեանի այցը Թեհրան, մի անգամ եւս եկաւ ապացուցելու, որ Հայաստանի եւ Իրանի յարաբերութիւնները երկու կողմից էլ կարեւորւում են որպէս երկարատեւ ռազմավարական յարաբերութիւններ։ Հայաստանը կազմում է Իրան-Ռուսաստան առանցքի միջին օղակը, որը արգելում է Ամերիկա-Թուրքիա-Ադրբեջան առանցքի գերակշռումը տարածաշրջանում։
Մարտի 9-16-ին իրանցի գրողների մի պատւիրակութիւն այցելեց Հայաստան, Իրան-Հայաստան գրական-մշակութային կամուրջ կոչւած երրորդ գիտաժողովին մասնակցելու նպատակով։ Խօսք է գնում Իրան-Հայաստան երկաթգծի մասին։ Իրանում Հայաստանի նոր դեսպան է նշանակւում Գրիգոր Առաքելեանը, որը ծագումով իրանահայ է, եւ երկար տարիներ է, ինչ աշխատում է Իրանում, որպէս ՀՀ պատւիրակութեան անդամ։ Պարսիկ ուսանողները Հայաստանում արդէն կազմում են պատկառելի թիւ, իսկ պարսիկ զբօսաշրջիկների ներկայութիւնը Երեւանի փողոցներում օր-օրի աւելի զգալի է դառնում։
Հիմնադրւել է Իրան-Հայաստան բարեկամութեան միութիւնը, որի պատւիրակութիւնները այցելել են Երեւան, սակայն միութիւնը դեռ հարկ եղածի չափ աշխոյժ չէ։
 

Մամուլ
ՊԺ-ի հանդիպումները՝ դռնբաց

Դադարել է 2002 թւականից Թեհրանում լոյս տեսնող Հանդէս գրականութեան եւ արւեստի եռամսեայ պարբերականի հրատարակութիւնը։ Դա յոյս ունենաք ժամանակաւոր լինի, քանի որ Հանդէսի արտօնատէր Վարուժ Սուրէնեանը նոր ձեւեր (եւ նոր մարդիկ) է փնտրում թերթի հրատարակութիւնը շարունակելու համար (ինչը հեշտ չէ գտնել)։
Դեկտեմբերի կէսերին հրապարակւեց Պատգամաւորական Ժողովի նիստերին իրանահայ մամուլի ներկայացուցիչների ներկայութիւնը ազատ լինելու մասին կայացւած որոշման լուրը, որն ինքնին ուրախալի էր, քանի որ ՊԺ-ի պաշտօնական ու կրկնւող հաղորդագրութիւններով, վաղուց արդէն զգալի էր դարձել տեղեկատւական բացը մեր համայնքում։
Ամէն օր, կանոնաւոր հրատարակւում է Ալիք-ը, շարունակւում է հրատարակւել Արաքս-ը, թէկուզ ոչ այնքան կանոնաւոր, մերթ ընդ մերթ հրատարակւում է նաեւ փոքրածաւալ Լոյս-ը (ըստ երեւոյթին միայն Ռ. Սարդարեանի ուժերով)։ Եւ ի վերջոյ, երկու շաբաթը մէկ լոյս է տեսնում Յոյս-ը, որը փորձում է արտացոլել իրանահայ համայնքում առկայ բոլոր տեսակէտները եւ ուղղւածութիւնները։
Իրանահայերի անլայն ներկայութիւնը, թէեւ աճում է, բայց դեռ թոյլ է։ Էլեկտրոնային մամուլը ժամանակների հետ քայլելու չափանիշ է։ Իրանահայեր կայքի յարատեւումը, յատկապէս քամենթների բաժինը, ցուցաբերում է մեր համայնքում չտեսնւած, պարզ ու ազատ խօսքի առկայութիւնը։ Գործում են Վեբլոգներ, իհարկէ ոչ շատ աշխոյժ, բայց եւ այնպէս հետաքրքիր է նրանց ներկայութիւնը՝ արդէն երկու անգամ կայացած իրանահայ մամուլի ներկայացուցիչների հանդիպմանը։

Յոյս թիւ 65

23 Դեկտեմբեր 2009