ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ԻՐԱՆՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆԻ ԿՆՈՋ՝ ՓԱՌԱՆՁԵՄ ԱՌԱՔԵԼԵԱՆԻ ՀԵՏ

ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՄ ԻՐԱՆԱՀԱՅ ԿԱՆԱՆՑ ՄԵՂՄՈՒԹԻՒՆԸ

ը-Մեզ շատ է հետաքրքրում իմանալ, թէ ինչո՞վ է զբաղւում դեսպանի կինը: Բացի հայ աւանդական կնոջ՝ տնտեսուհու աշխատանքից, ուրիշ ի՞նչ գործերով էք զբաղւում օտար երկ-րում։
- Տարիներ շարունակ հերթական գործուղումներով եղել ենք այս երկրում, եւ շրջապատւած եմ եղել մտերիմ մարդկանցով, շատ ջերմ վերաբերմունք եմ տեսել իրանահայ կանանց կողմից։ Միշտ ուշադրութիւն եւ հոգատարութիւն եմ զգացել։ Կային ընտանիքներ, անհատներ, որոնք նեցուկ են եղել մեզ, զաւակներիս կրթական հարցերով են օգնել, միասին տեսարժան վայրեր ենք այցելել, անգամ եթէ առողջական խնդիրներ ենք ունեցել, մեզ ուղեկըցել են բժշկի։ Ձանձրոյթ չեմ զգացել, բայց կարօտ եւ կտրւածութիւն զգացել եմ, եւ փոքր-ինչ դժւար եմ յարմարւել։ Զբաղմունքներ շատ ունեմ. բացի ընթերցանութիւնից, մասնակցում եմ նաեւ հայ համայնքի կողմից կազմակերպւած միջոցառումներին եւ դիւանագիտական համայնքի ընդունելութիւններին:

-Եղե՞լ էք տարբեր երկրներում, ինչպիսի՞ն են ձեր դիտարկումով, հայ կանայք տարբեր երկրներում։
-Շատ տարիներ առաջ գործուղւել ենք Աֆղանստան: Դրանից յետոյ ամուսնուս սկզբունքայնութեան պատճառով, աշխատանքի նպատակով այլ երկրներում չենք եղել, թէպէտ առաջարկներ եղել են, քանի որ ամուսինս համոզւած է, որ մարդ պէտք է աշխատի այն երկրում, որի նրբութիւններին տիրապետում է, յատկապէս լեզւին։ Իր խօսքերով՝ կարծես ձուկը ջրում։ Չի սիրում, երբ թարգմանչի միջոցով է հաղորդակցւում։ Լեզւին տիրապետելու շնորհիւ նա լիարժէքoրէն տեղեկանում է ամենօրեայ նորութիւններին եւ իր խօսքով՝ թերթերը քամում է: Նախընտրել է այս երկրում աշխատել, որովհետեւ շատ կարեւոր է համարում Իրանի եւ Հայաստանի կապերի լրջութիւնը, եւ ոչինչ չի խնայում, որպէսզի ամրապնդւեն այդ կապերը:
Իսկ ինչ վերաբերում է հայ կնոջը, ապա կարծում եմ բոլոր երկրներում էլ նրա նիստուկացը, ընտանիքին ու ամուսնուն նւիրւածութիւնը նոյնն է։

-Այդ դէպքում իրանահայ եւ հայաստանցի կնոջ, որի ներկայացուցիչն էք դուք, նմանութիւնները եւ տարբերութիւնը որո՞նք են, ձեր դիտարկմամբ։
-Բնականաբար շատ եմ շփւել իրանահայ կանանց հետ, հէնց սկզբից ունեցել եմ ծանօթութիւնների լայն շրջանակ։ Կարծիքս շատ դրական է, որովհետեւ, լինելով փոքր համայնք, նաեւ` այնպիսի երկրում, ուր կանանց կենցաղը տարբերւում է այլ երկըրներում ապրող կանանց կենցաղից, հայ կինը մնացել է իր դիրքում։ Սկզբում ես շփւել եմ ամուսնուս ընկերների կանանց հետ։ Նրանք ջերմօրէն կապւեցին մեզ հետ. պատրաստակամօրէն օգնում էին ոչ միայն մեզ, այլեւ դեսպանութեան միւս աշխատակիցներին։ Երախտագիտութեամբ եմ յիշում այն պահերը, երբ նրանք ինձ հետ եկան եւ օգնեցին արձանագրելու որդուս Մարիամ հաստատութեան դպրոցում, ապա Ռոստոմ։ Նոր երկիր, նոր դպրոց. մի քիչ դըժւար էր։
Իրանի հայ կանանց տարբերութիւնն այն է, որ դժւարութիւններին չեն կարողանում յարմարւել, կարծես սպասելիքները շատ են, որը պայմանաւորւած է երկրի բարեկեցիկ կենցաղով, ու երբ գալիս են Հայաստան, հասարակ, կենցաղային հարցերում պահանջկոտ են դառնում. պէտք է գազը լինի, մշտական ջուրը լինի, հոսանքազրկում չլինի։ Այս ամէնով հանդերձ արդէն շատերն են ապրում Հայաստանում եւ ակամայից նրանք էլ են յարմարւում։

-Հայաստանի կենցաղային պայմաններից յետոյ, ինչպիսի՞ն էր այստեղ նոր պայմանները։
-Երբ առաջին անգամ եկայ այստեղ, էներգետիկ ճգնաժամի պատճառով Հայաստանում դաժան էին պայմանները, ոչ միայն կնոջ համար։
Բնակւում էինք 13-րդ յարկում, ջուր չկար, լոյս չկար, ոտքով, երեխաները գրկին, գնումներով ծանրաբեռնւած` բարձրանում էինք տուն: Երբ եկայ Իրան, կարծես փրկութիւն լինէր ինձ համար։ Գտայ այն պայմանները, որոնցում կինը պէտք է ապրի։ Երբ կրկին վերադարձանք Հայրենիք, մի քիչ տրտնջում էի, բայց երեխաներս ուրախութիւնից թռւռում էին հարազատ միջավայրում։ Նրանք ամէն ինչին էին կարօտել Հայաստանում, անգամ ժարգոնային լեզւին, որից մինչ այդ նեղւում էին:

-Որեւէ բան սովորե՞լ էք միմեանցից, դուք եւ ձեր իրանահայ ընկերուհիները։
-Գնահատում եմ իրանահայ կանանց մեղմութիւնը, հանգստութիւնը, որը բնորոշ է նաեւ մեր կանանց, թէպէտ Հայաստանում դժւարութիւնները հայ կնոջ կերպարը փոքր-ինչ փոխել են։ Կրկնում եմ իրանահայերի կարծիքը, որ զարմացած են հայաստանցի կնոջ հանդուրժող բնաւորութեամբ, տոկունութեամբ եւ դժւարութիւններին դիմանալու յատկութեամբ։
Այստեղի հայ կանանցից օրինակներ վերցնելու շատ առիթներ եմ ունեցել։ Այն, որ ամենայուսահատ պահին էլ կարող ես հանգիստ վերաբերւել դիմացինին, չնեղսրտել, երեխաներին չպարտադրել քո հոգեվիճակը: Շատ արագ էլ իւրացրել եմ իսլամական օրէնքով կնոջ համար նախատեսւած հագուկապի ձեւերը։ Իսկ թէ նրանք ի՞նչ են վերցրել ինձանից, դըժւարանում եմ ասել:

-Իրանցի կանանց մասին ի՞նչ կասէք, շփւո՞ւմ էք։
-Առիթներ շատ չեմ ունեցել: Նախկինում ապրել ենք մի շէնքում, որի տանտէրը պարսիկ էր։ Ծանօթացանք նրա ընտանիքի հետ. իրանցիների կենցաղի մասին մինչ այդ ունեցած իմ պատկերացումները փոխւեցին: Շատ ժամանակակից, հագուստը ճաշակով, պահւածքն ազատ, շատ շնորհքով` յատկապէս իրենց պատրաստած կերակուրներով: Իմացայ, որ շատ պարսկուհիներ յատուկ դասընթացների են յաճախում, որպէսզի հիւրասիրութիւնների ժամանակ ուտեստները լինեն առաւել գեղեցիկ ձեւաւորւած եւ ախորժելի։ Նրանցից սովորեցի մի քանի կերակրատեսակ, որոնցով Հայաստանում կարողանում եմ զարմացնել հիւրասիրութիւնների ժամանակ, քանի որ մեր խոհանոցը, իրանականի համեմատութեամբ, սահմանափակ բաղադրատոմսեր ունի։ Մի խօսքով տպաւորութիւնս դրական է նաեւ պարսիկ կնոջ մասին։

-Իրանցիներին նայելով ընդհանրապէս, ի՞նչը կարող էք առանձնացնել, որը յատկապէս ձեզ դուր է գալիս։
-Ամենաբնորոշ յատկութիւնը մեղմութիւնն է, սիրալիրութիւնը. թառոֆներ-ը հաճելի են, դա կեղծիք չէ, քանի որ մարդու հետ շփւելիս, լաւ վերաբերմունքը, մեղմ վարւելաձեւը միշտ էլ հաճելի է դիմացինի համար, որի պակասը փոքր-ինչ նկատելի է Հայաստանում, թէպէտ աստիճանաբար դա էլ է շտկւում:

-Գիտենք, որ գրադարանավարուհի էք։ Որտե՞ղ էք սովորել, զբաղւել է՞ք ձեր մասնագիտութեամբ։ Ի՞նչպէս էք հայթայթում ձեզ պէտք եղած գրքերը, քանի որ մեր համայնքում չեն աշխատում հանրային գրադարաններ։ Առիթ եղե՞լ է օգտւելու ձեր մասնագիտութիւնից, մեր համայնքում։
-Աւարտել եմ Խաչատուր Աբովեանի անւան մանկավարժական համալսարանի գրադարանամատենագիտութեան բաժինը։ Իսկապէս սիրել եմ մասնագիտութիւնս, եւ համարում եմ գեղեցիկ մասնագիտութիւն կնոջ համար։ Գիրքն ու գրքերի աշխարհն ինձ միշտ էլ հրապուրել են։ Իսկ թէ այստեղ ինչպէս եմ կարողանում գիրք հայթայթել, կարող եմ ասել, որ ինտերնետը մասամբ փոխարինում է, սակայն գրքի համն ու հոտը չունի։ Առաջարկներ եղել են աստեղ մասնագիտութիւնս օգտագործելու: Թեհրանի Առաջնորդարանում կայ կուտակւած գրականութիւն, որը պէտք է կարգի բերւի, որպէսզի ծառայի նպատակին: Սիրով համաձայնւել եմ օգնել եւ շուտով պէտք է նախաձեռնեմ։
Երբ աւարտեցի համալսարանը, սկզբում աշխատեցի այն գրադարաններում, որոնք բարձիթողի վիճակում էին եւ վերականգնման կարիք ունէին: Երիտասարդ էի, եռանդով լի, սիրում էի աշխատանքս։ Երեւանի Չարբախ կոչւող թաղամասում կար մի գրադարան, այսպէս կոչւած` Սան Թանձէի գրադարանը. վերջինս վրացուհի էր եւ կարելի է ասել` գրքամոլ էր: Նա գրեթէ գիրք չէր սպասարկում։ Պարզւեց, որ վրացուհին գրքերի նկատմամբ մեծ պաշտամունք ունէր եւ կարծում էր, որ գրքերը կը տանեն, կը վնասեն կամ կը կորցնեն։ Երբ նա մահացաւ, ինձ նշանակեցին այնտեղ աշխատելու. տեսայ արժէքաւոր գրքերի մի կոյտ, որոնք յայտնւել էին նկուղում: Մէկ ուրիշ աշխատողի հետ վերականգնեցինք այդ գրադարանը: Որոշ ժամանակ անց քաղսովետի կուլտուրայի բաժնից եկան ստուգման, աչքերը լայն բացած նայեցին, տեսան, որ գրքակոյտը վերածւել է գրադարանի: Սկսեցին գովաբանել. հաճելի էր եւ բաւականութիւն էր պատճառում։ Անչափ սիրել եմ մասնագիտութիւնս, որը նաեւ մանկավարժական ուղղւածութիւն ունի: Դրանով մենք կրթում,դաստիարակում եւ ընթերցասէր ենք դարձնում սերունդներին։ Ընտանիքն էլ կարեւոր է: Երբ տանը երեխաները հետեւում են ծնողներին, նրանց ձեռքին անընդհատ գիրք են տեսնում, իսկ գրադարակներում` բազմաթիւ գրքեր, իրենք էլ կրկնօրինակում են եւ կապւում գրքի հետ։ Յիշում եմ մի հետաքրքրիր դէպք իմ աշխատանքային կեանքից. գրադարան եկաւ հայերէնի այբբենարանը դեռ չաւարտած առաջին դասարանցի մի երեխայ եւ ասաց.- Ես մի գիրք եմ ուզում, որ մինչեւ Կ տառը լինի։ Ծիծաղաշարժ էր եւ միաժամանակ յուզիչ:

-Տիկին Առաքելեան, երկու զաւակ ունէք՝ տղայ եւ աղջիկ, Վահէ եւ Շաքէ։ Ո՞րտեղ են նրանք, Ի՞նչ են անում եւ այլն։
-Որդիս աւարտել է Երեւանի Պետական Համալսարանի Արեւելագիտութեան ֆակուլտետի Իրանագիտութեան բաժինը։ Լինելով այս երկրում, ազատ հաղորդակցւում է պարսկերէնով։ Այժմ նոյն համալսարանի ասպիրանտ է, գրում է գիտական յօդւածներ եւ պատրաստում իր աւարտաճառը: Միաժամանակ աշխատում է համալսարանում:
Աղջիկս ամուսնացած է: Նա էլ աւարտել է Երեւանի Պետական Համալսարանի Արեւելագիտութեան ֆակուլտետի Իրանագիտութեան բաժինը: Աշխատում է Էներգետիկայի եւ Բնական պաշարների նախարարութիւնում: Այժմ նախարարութեան տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնի պետն է: Իր մասնագիտութիւնը եւ օտար լեզուների իմացութիւնը օգնում են նրան այդ բնագաւառում:
Զաւակներս սիրում են իրենց մանագիտութիւնն ու աշխատանքը, գտնում են, որ իրենց ընտրութիւնը ճիշտ է։

-Գեղեցիկ ընտրութիւն էք արել անունների հարցում։
- Ուզում էինք անպայման հայկական լինի եւ յարմարեցրել ենք հնչիւնային առումով։ Շաքէ անունը Հայաստանում քիչ կայ, իսկ այստեղ նկատել եմ` շատ է տարածւած: Կարծում եմ հայկական անուն է, թէեւ ծագումը դժւարանում եմ մեկնաբանել: Այդ անւամբ Հայաստանում ջրվէժ կայ:

-Ասեմ, որ Շաքէ անունը, որպէս գիւղի, բնակավայրի անուն, վկայւած է 8-րդ դարից մեր մատենագրութիւնում։ Թուրքերի կողմից աղաւաղւել եւ Շաքի է դարձել։ Շաքէի եւ իր ջրվէժի մասին կայ նաեւ գեղեցիկ աւանդապատում։
-Ինձ համար շատ խորթ են այստեղի անւանակոչումները, որոշ անուններ չափազանց հնարովի են։ Այդ առումով էլ քարոզչութիւն պէտք է լինի, ինչքանո՞վ է վատ հայկականը։ Իմ անունն էլ Հայաստանում համարում են հնացած եւ այլեւս տարածւած չէ։

-Ինչքանո՞վ էք ապահովւած տեսնում հայ կնոջ իրաւունքները Հայաստանում եւ այստեղ։
-Կնոջ իրաւունքների մասին կարծում եմ պէտք չէ մտածել, թէ նա հասարակութիւնում իր տեղը չունի, իր դերը չունի: Շատ բան է փոխւել. կինը տղամարդուն հաւասար կարող է ունենալ աշխատանք, պաշտօն, ակտիւ լինել բոլոր բնագաւառներում` իր խելացիութեամբ ու պատրաստակամութեամբ։

-Չէ որ դեռ կան սահմանափակումներ, տղամարդկանց կողմից, իրենց կնոջ, քրոջ, աղջկայ իրաւունքների հարցերում։

-Դրանք էլ կամաց-կամաց վերանում են։ Շփումների պատճառով մարդիկ փոխւում են մտածելակերպով: Ես տեսնում եմ այդ փոփոխութիւնները։ Իհարկէ շրջաններում, գիւղական վայրերում կան կանայք, որոնք սահմանափակ կեանքով են ապրում եւ չգիտեն իրենց իրաւունքների մասին, որը, սակայն, չի կարելի ընդհանրացնել։ Հիմա մեր կանայք աւելի կրթւած են ու համարձակ նախորդ սերնդի համեմատութեամբ:

- Կա՞ր այնպիսի բան, որին ես չանդրադարձայ կամ մի բան, որ դուք կը ցանկանայիք աւելացնել մեր այս երկար, բայց հաճելի զրոյցին։
-Խօսելով ընտանիքից` ցանկանում եմ երկու խօսք աւելացնել նաեւ ամուսնուս մասին։ Հայաստանի անկախացումից ի վեր, ջանասիրաբար ու նւիրւածութեամբ կատարել է իր առջեւ դրւած առաքելութիւնը։ Զարմանում եմ, որ տարիքի հետ չի պակասել իր եռանդը։ Երբեմն, խղճալով ու մտահոգ սպասում եմ ամուսնուս վերադարձին, մտածելով ծանրաբեռւած աշխատանքից յետոյ՝ որքան յոգնած պիտի տուն գայ, յետոյ երբ դուռը բացում ու նայում եմ նրան, տեսնում եմ շատ առոյգ, ակտիւ տուն է մտնում։

-Մի քանի բառով բնութագրէք ձեր ամուսնուն։
-Փորձեմ ասել հակիրճ. անչափ սկզբունքային, բարեխիղճ եւ աշխատասէր: Կարծում եմ այդքանը բաւարար է: Նւիրւած է ընտանիքին, կասէի սրբացնում է: Ինձ դուր է գալիս յատկապէս ամուսնուս նուրբ հիւմորը։ Նկատում եմ, որ ցանկացած միջավայրում էլ ընդունւում է այն: Նրա ընդունակութիւնները կարող էին շատ ասպարէզներում դրսեւորւել` պատմութեան, գրականագիտութեան, արւեստի, իսկ ամենասիրելի նախասիրութիւնը լեզւաբանութիւնն է:

- Տիկին Փառանձեմ, Ի՞նչ էք ցանկանում մեզ՝ հայերիս, Հայաստանում թէ այլուր, մեր ընթերցողներին եւ իրանահայութեանը Նոր Տարւայ եւ Սուրբ Ծնընդեան տօների շեմին:

-Որտեղ էլ ապրեն հայերը, ուր էլ գնան, թող յաջողակ լինեն ու անհոգ, թող բոլոր դժւարութիւնները մնան անցեալում, թող ոչինչ չխանգարի նրանց` երեխաներին կրթելու, դաստիարակելու եւ լաւ մարդ դարձնելու համար:
Սիրելի իրանահայեր, շնորհաւորում եմ ձեր Նոր տարին եւ Ս.Ծնունդը, Ձեզ պատած այնքան մեծ դըժբախտութիւնները վշտացրել ու անչափ ցաւ են պատճառել բոլորիս եւ չեմ կարող առանց յուզմունքի յիշել կատարւածը: Թող երբեք ու երբեք ցաւալի դէպքեր չկրկնւեն, որոնք մեծ տառապանք պատճառեցին այդքան գնահատելի ու յարգանքի արժանի իրանահայերին:
Ցանկանում եմ, որ ձեր ու մեր՝ բոլորիս բնակարաններում տիրի զւարթ ծիծաղը եւ ուրախ տրամադրութիւնը:
Շնորհաւորում եմ նաեւ Յոյս-ին, գալիք տօների կապակցութեամբ: Շնորհակալ եմ, որ հնարաւորութիւն ընձեռնեցիք պարզ եւ անմիջական զրոյց ունենալ ձեր ընթերցողների հետ:

Յոյս թիւ 65

23 Դեկտեմբեր 2009