ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ԻՐԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆ ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼԵԱՆԻ ՀԵՏ

 

ԻՐԱՆԻ ՄՕՏԵՑՈՒՄԸ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՒՈՐՄԱՆ ՀԱՐՑԻՆ ԴՐԱԿԱՆ Է



- Մեծարգոյ պարոն դեսպան, Յոյս երկշաբաթաթերթի խմբագրութիւնը եւ աշխատակիցներն ու ընթերցողները շնորհաւորում են Ձեզ՝ Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան նշանակւելու առիթով։ Շնորհաւորում ենք նաեւ Նոր Տարին եւ Սուրբ Ծնընդեան տօնը, Ձեզ եւ ՀՀ դեսպանութեան աշխատակազմին։
- Շնորհակալութիւն շնորհաւորանքների համար:

-Նոր Տարւայ առիթով ի՞նչ կը ցանկանայիք ասել մեր ընթերցողներին։
-Նոր տարւայ եւ Սուրբ ծննդեան տօների կապակցութեամբ, նախ շնորհաւորում եմ Յոյս-ի ընթերցողներին եւ մաղթում քաջառողջութիւն: Իմ ցանկութիւնն է, որպէսզի գալիք 2010 թւականը լինի ձեռքբերումների, յաջողութիւնների, իղձերի կատարման, խաղաղութեան տարի: Թող այլեւս ոչ մի անտրամաբանական կորուստ չխաթարի մեր անդորրը:

-Վերջերս, Կովկասագիտութեան կենտրոնում ելոյթ էք ունեցել, խնդրում ենք ներկայացնել այն խնդիրները, որոնք արծարծել էք ձեր խօսքում։
-Թեհրանի համալսարանին կից Կովկասագիտութեան կենտրոնն առաջարկել էր ելոյթ ունենալ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական յարաբերութիւնների մասին: Ես նպատակայարմար գտայ դասախօսութեանս վերնագիրը ձեւակերպել այսպէս Հայ-թուրքական յարաբերութիւնների հաստատման եւ բնականոնացման հարցում Երեւանի նախաձեռնութիւնը, քանի որ մինչեւ վերջերս չեն եղել այնպիսի յարաբերութիւններ, որոնց մասին հնարաւոր լինի դասախօսութեան նիւթ կազմել: Նաեւ նշեցի, որ այդ յարաբերութիւններն առաւելապէս առնչւում են Հայոց Ցեղասպանութեան խնդրին, ուստի եւ հէնց սկզբից անդրադարձայ այդ թեմային, որից յետոյ ներկայացրեցի յարաբերութիւնների հաստատմանն ուղղւած քայլերի ժամանակագրութիւնը: Նաեւ առաջարկեցի հայ-ադրբեջանական թեմայով կազմակերպել առանձին նիստ, քանի որ այդ երկու թեմաներն ուղղակիօրէն կապւած չեն միմեանց հետ:

-Ինչպիսի՞ն է Հայ-թուրքական յարաբերութիւնների վերաբերմամբ Իրանի դիրքորոշումը։ Արդեօք, այդ կապակցութեամբ ՀՀ դեսպանութիւնը խորհրդակցութիւննե՞ր է ունենում Իրանի արտաքին գործոց նախարարութեան եւ Իրանում հաւատարմագրւած դեսպանների հետ։
-Այդ խնդրի կապակցութեամբ իրանական կողմը, տարբեր մակարդակներով` հրապարակայնօրէն ձեւակերպում է իր դրական մօտեցումը հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման հարցում եւ ողջունում տարածաշրջանային ցանկացած կնճռի լուծմանը միտւած քայլերը:
Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելու եւ սահմանները վերաբացելու մասին ստորագրւած արձանագրութիւնների վերաբերեալ պաշտօնական Թեհրանի դրական դիրքորոշումներից բացի, իրանական մամուլի միջոցով շրջանառւել են նաեւ փորձագիտական տեսակէտներ, որոնք հիմնականում դրական են գնահատում այդ գործընթացը եւ գտնում, որ այն չի կարող ստւերի տակ առնել հայ-իրանական յարաբերութիւնները: Օրինակ, իրանցի քաղաքական մեկնաբան Հասան Բեհեշթիփուրը նշում է. Առաջին հայեացքից թւում է, թէ Հայաստանը Թուրքիայի հետ առնչութիւնները կարգաւորելուց յետոյ, որոշակի վերապահումներ կունենայ Իրանի հետ յարաբերութիւնների հետագայ զարգացման հարցում: Սակայն, չընդունելով այդ մօտեցումը, իրանցի վերլուծաբանը կարծիք է յայտնում, որ այդ տեսակէտը չի կարելի տրամաբանական համարել, քանի որ հայ-իրանական յարաբերութիւններն աստիճանաբար ձեռք են բերում երկարաժամկէտ, ռազմավարական նշանակութիւն: Երկու երկրների համար էլ,- աւելացնում է մեկնաբանը,- մեծ նշանակութիւն ունեն երկկողմ յարաբերութիւնները: Շարունակելով իր միտքը, վերլուծաբանը յաւելում է. Իրանին անհրաժեշտ է Հայաստանի ճանապարհը` կովկասեան շուկաներին հասու դառնալու համար: Իսկ Հայաստանը, Թուրքիայի հետ յարաբերութիւնները կարգաւորելուց յետոյ անգամ, շարունակելու է զգալ Իրանի դերակատարութեան կարեւորութիւնը: Ուստի երկու կողմերի համար էլ յարաբերութիւնները կարեւոր են, քանի որ թէ՛ պատմամշակութային եւ թէ՛ աշխարհաքաղաքական ու անվտանգութեան առումներով երկու երկրների յարաբերութիւնները բաւականին սերտ ու անքակտելի են:
Այդ կարգի վերլուծութիւններ շատ կան իրանական մամուլի էջերում, ինչը համահունչ է նաեւ պաշտօնական տեսակէտին:

-Ողջ հայութեան, ինչպէս եւ իրանահայութեան մտահոգութեան պատճառ են դարձել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրւած արձանագրութիւնը եւ դրան յաջորդած յայտնի Հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման մասին նախնական համաձայնագիրը։
Թուրքիայի արտաքին գործոց նախարար Դաւթօղլուի եւ Էրդողանի հերթական յայտարարութիւնները՝ սահմանի բացումը պայմանաւորելով Ղարաբաղի ազատագրեալ տարածքների յանձնումով, արդարացնում են կասկածները։
Այս փուլում եւ այս յայտարարութիւնների լոյսի ներքոյ, ինչպիսի՞ն է ՀՀ Արտաքին գործոց նախարարութեան պաշտօնական դիրքորոշումը։

-Այդ հարցի առնչութեամբ Հայաստանի արտաքին գործերի նախարարութիւնը, անձամբ նախարար Էդւարդ Նալբանդեանը, ինչպէս նաեւ այլ պաշտօնատար անձինք բազմիցս հանդէս են եկել յայտարարութիւններով: Ելոյթներից մէկի ժամանակ ՀՀ ԱԳ նախարարը յստակ ձեւակերպել է իր միտքը եւ նշել, որ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորումը ղարաբաղեան հիմնահարցի հանգուցալուծմամբ պայմանաւորելու վերաբերեալ թուրք պաշտօնեաների յայտարարութիւնները կարող են դիտւել որպէս բանակցութիւններում արձանագրւած առաջընթացը ձախողելու փորձ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսեանն էլ ելոյթներից մէկի ժամանակ յայտնել է, որ հայ-թուրքական յարաբերութիւնների նորմալացման եւ ղարաբաղեան հարցի կարգաւորման գործընթացները լրիւ տարբեր գործընթացներ են: Նա յաւելել է, որ հայ-թուրքական յարաբերութիւնները երկու ինքնիշխան պետութիւնների միջեւ յարաբերութիւններ են եւ իրաւական առումով որեւէ առնչութիւն չունեն Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացի հետ: Իսկ ՀՀ Նախագահն զգուշացրել է, որ հայ-թուրքական արձանագրութիւնների վաւերացումը Լեռնային Ղարաբաղի խնդրին շաղկապելու Թուրքիայի փորձերը դատապարտւած են ձախողման: Ահա սա է Հայաստանի պաշտօնական տեսակէտն այդ խնդրի կապակցութեամբ:

-Ժամկէտներ են նշանակւած, հարցը հանգամանօրէն քննարկելու եւ երկու երկրների խորհրդարաններին առ ի վաւերացում ներկայացնելու համար։ Ժամկէտները, ինչ խօսք շատ սեղմ են։ Արդեօք ՀՀ ղեկավարութիւնը եւ Արտաքին գործոց նախարարութիւնը կարո՞ղ են այս փուլում կամ հետագայ քայլերում կասեցնել պայմանագրի ստորագրումը, եթէ թուրքական կողմը շարունակի թելադրել իր նախապայմանները։
-Ինչպէս դուք Ձեր հարցում նշեցիք, ստորագրւած արձանագրութիւնները պէտք է վաւերացւեն երկու երկրների խորհրդարաններում: Հայ-թուրքական արձանագրութիւնների սահմանադրականութեան հարցը Հայաստանի Սահմանադրական դատարանը կը քննարկի 2010 թ. Յունւարի 12-ին: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսեանը Հոկտեմբերի 10-ին Ցիւրիխում ստորագրւած արձանագրութիւնները Սահմանադրական դատարան է յանձնել Նոյեմբերի 19-ին: Ըստ Սահմանադրութեան, մինչեւ խորհրդարանի կողմից միջազգային պայմանագրի վաւերացումը, Սահմանադրական դատարանը որոշում է կայացնում ամրագրւած պարտաւորութիւնների համապատասխանութիւնը երկրի Հիմնական օրէնքին: Իսկ Թուրքիայի խորհրդարանի վաւերացմանը հայ-թուրքական պայմանագրերը ներկայացւել են Հոկտեմբերի վերջին:
Այդ կապակցութեամբ ՀՀ Նախագահն ընդգծել է, որ արձանագրութիւնների վաւերացման ձգձգումը կարող է խոչընդոտներ յարուցել: Նախագահը յայտարարել է, որ Հայաստանի Հանրապետութիւնը պատրաստ է պատշաճօրէն կատարելու իր միջազգային պարտաւորութիւնները, այն է` վաւերացնելու հայ-թուրքական արձանագրութիւնները, բայց եթէ Թուրքիան ձգձգի արձանագրութիւնների վաւերացումը, ապա Հայաստանը անյապաղ կօգտւի միջազգային իրաւունքից բխող հնարաւորութիւններից: Մէկ այլ առիթով ՀՀ Նախագահն ասել է. Հայաստանի կառավարութիւնը շարունակում է վաւերացման գործընթացը, սակայն նախապատրաստւում է նաեւ արձանագրութիւնները չեղեալ յայտարարելու հնարաւորութեանը:

-Ինչպէ՞ս էք մեկնաբանում սփիւռքի բացասական հակազդեցութիւնը Հայաստան-Թուրքիա համաձայնագրի հանդէպ։ Իրանահայ որոշ ներկայացուցիչների կողմից էլ ձեզ յանձնւեց յուշագիր, որում նշւած էր իրանահայերի մտահոգութիւնների պատճառ դարձած դրոյթները։ Կարծում էք, որեւէ ազդեցութիւն կունենա՞յ սփիւռքի կարծիքը ՀՀ արտաքին քաղաքականութեան այս զգայուն հարցում։
-Հայ-թուրքական արձանագրութիւնների հանդէպ Սփիւռքի բացասական հակազդեցութիւնը եւ մտահոգութիւնները հասկանալի են: ՀՀ դեսպանութեանը յանձնւած իրանահայ տարբեր միութիւնների յուշագրերում մանրամասն նշւած են այդ մտահոգութիւնների դրդապատճառները, որոնք բնականաբար փոխանցւել են համապատասխան հասցէներով: Նախքան արձանագրութիւնների ստորագրումը, Հայաստանի Հանրապետութեան Նախագահի աշխարհի հայահոծ քաղաքներ կատարած այցելութիւնները եւ սփիւռքահայութեան հետ հանդիպումներն ու այդ հանդիպումների ժամանակ կազմակերպւած քննարկումները վկայում են, որ Հայաստանի իշխանութիւնները հաշւի են առնում իւրաքանչիւր հայի կարծիքը, լինի Հայաստանում, թէ Սփիւռքում: Հոկտեմբերի 10-ին` Ցիւրիխում հայ-թուրքական արձանագրութիւնների ստորագրումից առաջ հայ ժողովրդին յղած իր ուղերձում, ՀՀ Նախագահը տալիս է Ձեր հարցի պատասխանը: Նախագահ Սերժ Սարգսեանն ասել է, մէջբերում եմ. Այս գործընթացն առիթ ու խթան հանդիսացաւ նոր` շահագրգիռ քննարկում ծաւալելու Հայաստանի եւ հայութեան տեղի ու դերի մասին, Հայաստանի եւ հայութեան ներկայի ու ապագայի մասին: Արդիւնքում, ողջ աշխարհը տեսաւ ու հասկացաւ, որ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորման հարցում գործ ունի ոչ միայն երեք միլիոնանոց Հայաստանի, այլ տաս միլիոնանոց հայ ժողովրդի հետ: Համայն հայութեանն ուղղւած իր ուղերձում Նախագահ Ս. Սարգսեանը յաւելել է. Բոլոր մտահոգութիւնները, հնարաւոր վտանգները, որոնք այնքան լիուլի հնչեցւեցին քննարկումների ընթացքում, անհրաժեշտաբար հաշւի են առնւելու:

-Պարոն դեսպան, երկքաղաքացիութեան դիմողների շրջանակում կայ որոշակի դժգոհութիւններ կապւած անունների սխալ ընթերցումների եւ թարգմանութեան հետ, որը կարծես Սփիւռքի նախարարութեան, Օվիրի եւ Լեզւի Պետական կոմիտէի վերջին որոշումներով փարատւում է։ Կայ նաեւ հետեւեալ հարցը, արդեօք երկքաղաքացիութեան օրէնքում նշւա՞ծ է թէ դիմողը պիտի ներկայացնի Հայաստանեայց առաքելական եկեղեցում կատարւած մկրտութեթեան փաստաթուղթ։ Կարծում ենք, դա հակասում է ՀՀ սահմանադրական օրէնքի դրոյթներին, ըստ որի, պետութիւնը եւ եկեղեցին անջատւած են, եւ կրօնի եւ հաւատքի ազատութիւնը մարդու հիմնարար իրաւունքների շարքում են։ Հայ կաթոլիկներն ու բողոքականները ինչպէ՞ս են փաստելու իրենց հայութիւնը, եթէ Օվիրը ընդունում է միայն պաշտօնական եկեղեցու փաստաթուղթը։ Երկրորդ, արդեօք ուրիշ երկրներում, ասենք Եւրոպայում եւ Ամերիկայում, ՀՀ դեսպանութիւն դիմում ներկայացնողների առջեւ էլ նման պահա՞նջ է դրւում։
-Ուրախ եմ, որ երկքաղաքացիութեան դիմողների շրջանակում փարատւում են տառադարձութեան հետեւանքով անձնանունների աղաւաղման հետ կապւած մտահոգութիւնները: Ինչ վերաբերում է Ձեր հարցի երկրորդ մասին, ապա պէտք է նշեմ, որ ՀՀ կառավարութեան որոշմամբ սահմանւել է ՀՀ քաղաքացիութիւն ստանալու, ինչպէս նաեւ ՀՀ քաղաքացիութիւնը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթըղթերի ցանկը: Հիմք ընդունելով ՀՀ կառավարութեան որոշման համապատասխան դրոյթը` օտարերկրեայ պետութիւններում ՀՀ հիւպատոսները ՀՀ քաղաքացիութեան համար դիմող անձից կարող են պահանջել ազգութիւնը հաստատող փաստաթուղթ: Այսպիսով, երկքաղաքացիութեան համար դիմողը պէտք է ներկայացնի որեւէ փաստաթուղթ, որը կը փաստի նրա հայ լինելը: Մկրտութեան մասին տեղեկանքն այդ փաստն ապացուցող միջոցներից մէկն է: Ազգային պատկանելիութիւնը փաստող այլ եղանակներ էլ կան: Ի դէպ, ներկայացւած պահանջը վերաբերում է բոլորին, անկախ բնակութեան վայրից:

-Տեղեակ ենք, որ ՀՀ դեսպանութեանն է յանձնւել Քուշեշ-Դաւթեան դպրոցի շէնքը։ Արդեօք ճի՞շտ է մեր տեղեկութիւնը։ Եթէ այո՛, ապա ինչի՞ պիտի ծառայի այսուհետ այդ պատմական շէնքը։
-Դուք իրաւացի էք, կայ մտադրութիւն Քուշեշ-Դաւըթեան դպրոցի շէնքը վարձակալական հիմունքներով ՀՀ դեսպանութեանը յանձնելու մասին: Բացի այդ, անհըրաժեշտ է նաեւ ստանալ իրանական կողմի համաձայնութիւնն այդ պատմական շէնքի գործառոյթը փոխելու եւ որպէս դիւանագիտական ներկայացուցչութիւն օգտագործելու մասին: Կարծում եմ, որ այդ հարցի լուծումը հնարաւոր է: Հեռանկարային առումով, ՀՀ դեսպանութեան տրամադրութեան տակ եղած ներկայիս շէնքը, չի կարող բաւարարել այն պահանջները, որոնք դրւած են մեր առջեւ: Ապագայ դեսպանութեան շէնքն ունի բոլոր հնարաւորութիւնները` ներկայացուցչութեան բնականոն աշխատանքը կազմակերպելու համար:

-Շնորհակալութիւն

Յոյս թիւ 65

23 Դեկտեմբեր 2009