ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅ ԿԱՆԱՆՑ ՄԻՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՌՕՏ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ
 

Կազմեց՝ Ալինա Թարվերդեանը

Իրանի հայկական կանանց միութիւնների առաջին կորիզը սաղմնաւորւել է Թեհրանում հայկական առաջին դպրոցի, այսինքն՝ Հայկազեան դպրոցի հիմնադրումից յետոյ:
1975 թ. Թեհրանում տպագրւած Թեհրանի Հայ Կանանց Բարեգործական Ընկերութեան 70-ամեակ գրքում կարդում ենք հետեւեալ տեղեկութիւնները.
1860-ական թւականներից ասպարէզ է իջնում ժամանակի մտաւորականութիւնը։ Համայնքին ծառայելու եւ նրա հոգեմտաւոր ու կրթամշակութային կեանքը զարգացնելու ձգտող մի շարք անձինք հիմնում են Թեհրանի Ուսումնասիրաց Միութիւնը: Հիմնադիրներն էին՝ Միքայէլ Մարգարեան-առեւտրական Յովսէփ Գասպարեան-ուսուցիչ, եւ Կարապետ Բազիկեան-հեռագրական արտասահմանեան բաժնի վարիչ, երեքն էլ արեւմտահայեր:
Իրենց հիմնած միութեան միջոցով, երկարատեւ ջանքերից յետոյ, 1870 թւի Փետրւարին բացում են Թեհրանի հայոց առաջին դպրոցը՝ Հայկազեան-ը՝ տեղաւորելով այն Ս. Գէւորգ եկեղեցու բակի մի անկիւնում։ (Այդ սենեակում նախապէս, 1850-ական թւերից, գոյութիւն էր ունեցել խալիֆայական մի վարժատուն, որտեղ փոքրաթիւ հայ տղաներ գրաճանաչ էին դարձել Ն.Ջուղայից եկած տիրացուների կամ կիսագրագէտ տեղացի վարժուհիների մօտ)։
Յաջորդ տարիներում, աշակերտութեան թւի աւելացումով եւ բաժանմունքների բարձրացումով այդ բակի միւս սենեակներն եւս վերածւում են դասարանների եւ կերպարանք է ստանում դպրոցը։
Դպրոցը, յայտնւելով նիւթական բարդ վիճակում, վտանգւում է նրա գոյութիւնը։ Դպրոցի վարիչների յորդորներով եւ Ուսումնասիրաց միութեան խրախուսանքներով, 1871 թւին, Թեհրանում հիմնւում է առաջին հայ կանացի կազմակերպութիւնը Հայուհիների ընկերութիւնը, որը օգնութեան է հասնում հայ դպրոցին։
Նպատակն էր նախ օգնել դպրոցին եւ ապա բանալ օրիորդաց դպրոցներ՝ քաղաքում եւ գիւղերում, որպէսզի հայ աղջիկները չյաճախէին օտար դպրոցները, որը տանում էին օտար դաւանութեանց: Բայց դժբախտաբար դպրոցը եւ իր հիմնադիր միութիւնը միայն մի տարի են գոյատեւում, շնորհիւ խաւարամիտ յետադիմականների եւ նեղմիտ պայքարների։
Թէեւ միութիւնը կազմալուծւում է, իր անդամներից ոմանք շարունակում են օժանդակել Թեհրանի դպրոցին անհատապէս: Այս վիճակը տեւում է մի ամբողջ տասնամեակ, մինչեւ որ 1881 թւին, միութիւնը, վերակազմւելով, կրկին ասպարէզ է իջնում՝ այս անգամ բաց անելով մի օրիորդաց դպրոց, Թեհրանում:
Այս դպրոցն էլ, սակայն, միայն երկու տարի է գոյատեւում եւ ապա փակւելով դադարում է նաեւ Հայուհիների ընկերութեան գործունէութիւնը:
Հետագայ տարիներին, մինչեւ 1890 թիւը, կազմւում են մի քանի նոր ընկերութիւններ եւ տեղի է ունենում հնի ու նորի, հոգեւորականի եւ աշխարհականի պայքար: Կողմերից իւրաքանչիւրը ձգտում է իր ձեռքն առնել դպրոցը։ Ի վերջոյ, երկար քաշքշուկից յետոյ, 1891 թ. հասարակական մի ընդհանուր ժողովում կազմւում է Թեհրանի ազգային ուսումնասիրական ընկերութիւն-ը: Սրա կողմից կեանքի կոչւած դպրոցական հոգաբարձութիւնը ձեռք է առնում դըպրոցի ղեկը թեմակալ հովանաւորի տակ:
Աշխուժացման այդ շրջանում 1891 թ. կրկին վերակազմաւորւելով ասպարէզ է իջնում Հայուհիների ընկերութիւն-ը եւ վերաբացւում օրիորդաց դպրոցը, որից յետոյ ընկերութիւնը այս անգամ գոյատեւում է չորս տարի եւ կրկին կազմալուծւում 1894 թւին, եւ դրութիւնն այդպէս շարունակւում է մինչեւ 1902 թիւը, երբ թեմակալ Մաղաքիա եպիսկոպոսի հրահանգով կազմւում է Թեհրանի հայ կանանց մի նոր ընկերութիւն Խնամակալուհիների Ժողով անունով, որի նպատակն էր օժանդակել դժւարութեան մատնւած օրիորդաց դպրոցին:
Նեղմիտ յետադիմականների սադրանքների պատճառով այս միութիւնն էլ քայքայւում է երկու տարւայ կեանք ունենալուց յետոյ։
Դպրոցի վիճակը գնալով ծանրանում է։ Հոգաբարձութիւնը անկարող է լինում եղած մեծ կարիքներին բաւարարութիւն տալ: Խիստ զգացւում է կանանց օժանդակութեան պակասը։
 

Թեհրանի Հայ Կանանց Բարեգործական Ընկերութիւն


Մինչ համայնքի մէջ երկար ժամանակ անընդհատ խօսւում էր կանանց մի նոր եւ գործունեայ միութեան կարեւորութեան մասին, երկարատեւ ջանքերի, ձգձըգւող խորհրդակցական ժողովների, համադրումների արդիւնքում ի վերջոյ 1905 թ. Հոկտ. 13-ին Հասանաբադ թաղի հայոց երկսեռ դպրոցի սրահում (Քուշեշ Դաւըթեան դպրոցի հին շէնքի սրահը), մի քանի տասնեակ կանանց ներկայութեամբ կայանում է Թեհրանի Հայ Կանանց Ընդհանուր ժողովը՝ միութիւն հիմնելու նպատակով: Ժողովը որոշում է հիմնել նոր միութիւն՝ այն կոչելով Թեհրանի Հայ Կանանց Բարեգործական Ընկերութիւն :
Այս ժողովը ընտրում է 7 հոգանոց վարչութիւն 2 տարւայ ժամանակաշրջանով: Վարչութեան կազմում էին տիկիններ՝ Կատարինէ Դաւիթխանեանը,Վիկտորիա Ֆրենդեանը, Գայիանէ Մասեհեանը, Մարիամ (Բոլի) Գեւրիկեանը, Աննա Քարամեանը եւ Վերգինէ Պետրոսեանը։
Ընկերութեան անդրանիկ վարչութեան առաջին նիստը տեղի է ունենում 1905 թ. Նոյեմբեր12-ին եւ տիկին Կատարինէ Դաւիթխանեանը ընտրւում է որպէս նախագահուհի:
Իբրեւ միութեան նպատակ Թ.Հ.Կ.Բ.Ը. Ծրագիր-կանոնագրից կարելի է ամփոփ կերպով նշել հետեւեալ կէտերը։
Օգնել տեղիս հայ չքաւորներին հետեւեալ ձեւերով .
1.Նպաստ տալ գործի անընդունակներին.
2.Բժշկական օգնութիւն եւ դեղօրայք՝ հիւանդներին.
3.Աշխատանք հայթայթել գործազուրկներին.
4.Հոգալ որբ եւ չքաւոր երեխաների ուսման, սննդի, զգեստի եւ գրենական պիտոյքների ծախսերը։

Թ.Հ.Կ.Բ.Ը.գործունէութիւնը ընդգրկում է երկու անջատ շրջաններ.
Ա.-1905-1921 թւերի գործունէութեան շրջան ընդհատումներով, մինչեւ կազմալուծումը Ազգային Գերագոյն իշխանութեան՝ Համահայկական Խորհրդի կողմից:
Բ.-1930-ից մինչ հիմա անընդմէջ գործունէութեան շրջան, վերակազմութիւնից այս կողմ։
Ընկերութիւնն իր բարեսիրական եւ կրթամշակութային աշխատանքներին զուգընթաց ունեցել է մի շարք հանրօգուտ մեծ ծրագրեր:
Դրանցից կարեւորագոյնները երեքն են՝
Հիմնել Թեհրանում ազգային ծերանոց՝ տարէցների տուն կամ հանգստեան տուն, որբանոց եւ մանկատուն։
Թեհրանի Ս.Գէւորգ եկեղեցու շրջափակում գործող ծերանոցի եւ Սօսէ Մայրիկ ծերանոցի մասին ընդարձակօրէն անդրադարձել ենք Յոյս երկշաբաթաթերթի 16 եւ 20 համարներում։
Ներկայում ընկերութեան վարչութեան նախագահուհին է Անէթ Այւազեանը:
Ընկերութիւնը 2005 թ. բոլորել է իր գործունէութեան 100-ամեակը:

Թեհրանի Հայ Կանանց Եկեղեցասէր Միութիւն


Թ.Հ.Կ.Ե. միութիւնը պաշտօնապէս հիմնադրւել է 1928 թւականին եւ 2008 թ. բոլորել է իր 80-ամեակը:
Մինչեւ 1921 թւականը Թեհրանում գոյութիւն են ունեցել մի քանի միութիւններ, որոնց գլխաւոր նշանակէտն է եղել օժանդակել հայոց դպրոցներին, մանկապարտէզներին, չքաւորներին եւ անակնկալ պատահարներից տուժածներին:
1921 թւականին Թեհրանի Հայոց համայնական խորհուրդը (ազգային գերագոյն իշխանութիւնը ) որոշում է լուծարել բոլոր կազմակերպութիւնները:
Մինչեւ 1927 թւականը Հայ կարմիր խաչ-ի երկամեայ գործունէութիւնից յետոյ ժամանակի Համայնական խորհրդի նախագահ Եսայի Եսայեանի եւ փոխնախագահ դոկտ. Վարդան Յովհաննիսեանի առաջարկով հիմնադրւում է Թ.Հ.Կ.Եկեղեցասէր միութիւնը (1928)՝ որպէս Եկեղեցական վարչութեան օժանդակող մարմին եւ տկն. Վիկտորիա Պատմագրեանը ընտրւում է որպէս նախագահուհի։ Միութեան հիմնադիրներն են՝ Վիկտորիա Պատմագրեանը, Մարիանա Ամիրխանեանը, Հայկանուշ Բաբայեանը Վիկտորիա Եսայեանը (Աղաջանեան) Վիկտորիա Աղայեանը, Նունիա Յորդանանեանը եւ Էմելի Մեսրոպեանը: Կազմւում եւ մշակւում է միութեան կանոնագիրը, որով միութեան պարտականութիւնն է սահմանւում Ս. Գէորգ եւ Ս. Թադէոս եւ Բարդուղիմէոս եկեղեցիների բարեզարդութիւնը, մոմավաճառութիւնը եւ գանձանակի հսկողութեան աշխատանքները, չքաւոր ննջեցեալների թաղման ծախսերի հոգումը եւ տարիքաւորներին հնարաւորին չափով օժանդակութիւն կատարելը:
Միութեան հիմնադրման նպատակների մասին կանոնադրութեան մէջ կարելի կարդալ է հետեւեալը՝
1. Աջակցել հայոց եկեղեցիների բարեզարդմանը.
2.Կազմակերպել կրօնա-բարոյական նիւթերի շուրջ դասախօսութիւններ կամ լսարանական հաւաքոյթներ, հայ ընտանիքներում Հայաստանեայց եկեղեցու հանդէպ սիրոյ եւ նւիրումի ոգին զարգացնելու եւ վառ պահելու համար.
3.Թեհրանի հայ համայնքի մէջ ազգային սրբութիւնների եւ աւանդոյթների պահպանումն ու պաշտամունքը ներշնչել.
4.Ազգային դպրոցներում չքաւոր սան եւ սանուհիներ պահել՝ համաձայն ընդհանուր ժողովի կողմից յատկացւող բիւջէի.
5.Հարկ եղած դէպքում օգտակար լինել ծայրայեղ կարիքի մէջ գտնւող անհատներին.
6.Սատարել կրօնա-բարոյական հրատարակութիւնների տպագրման եւ սպառման գործին:
1937 թ.տեղի են ունենում վարչութեան նոր ընտրութիւններ։
Վերամշակւում է կանոնագրութիւնը, որտեղ աւելացւում է նաեւ Օգնութիւն կրթական հաստատութիւններին կէտը:
Քանի որ այդ տարի ազգային դպրոցները փակւել էին՝ Դաւթեան ազգային դպրոցի սրահը վերածւում է եկեղեցու՝ Ս.Աստւածածին անունով։
Տկն. Նւարդ Պահլաւունու ջանքերով կազմւում է Զարթօնք միութիւնը, բացւում է հայերէն լեզւի դասընթաց, մինչեւ Ե դասարան՝ միութեան անդամների բնակարաններում՝ փորձառու ուսուցիչների դասաւանդութեամբ, որոնց աշխատավարձը վճարում է Եկեղեցասէր կանանց միութիւնը: Այս դասընթացները շարունակւում են մինչեւ հայոց դպրոցների վերաբացումը:
Ս.Աստւածածին եկեղեցու արեւելեան կողմում միութեան ծախսով կառուցւում է երկու սենեակ որպէս առաջնորդարան:
Ս.Գէորգ եկեղեցու շրջափակում կառուցւում են վեց սենեակներ որոնք տրամադրւում են Թ.Հ.Կ.Բարեգործական ընկերութեանը՝ որպէս տարէցների ապաստան: Շահազիզ դպրոցում կառուցւում են 4 շարժական սենեակներ որպէս դասարան։
Ս.Գէորգ եկեղեցու զանգակատան կառուցումը եւ Ս.Աստւածածին եկեղեցու բարեզարդումը, կահաւորումը, լուսաւորումը եւ ուրիշ կարիքների լրացումը կատարւում է միութեան օգնութեամբ կամ ծախսով:
Թ.Հ.Թ. Թեմական Խորհրդի առաջարկով՝ միութիւնը կահաւորում է Ս. Սարգիս եկեղեցու բակում կառուցւած առաջնորդարանի գրասենեակը՝ շքեղ կիսանդրիներով եւ հայկական ոճով, որի նախագիծը սիրով տրամադրել էր պրն. Աշոտ Մինասեանը։
Միութիւնը նիւթական օժանդակութիւն է ցուցաբերել Թ.Հ.Թ. Հայերէնագիտական դասընթացներին, Կարիքաւորներին օժանդակող մարմնին Ալիք հաստատութեան նորակառոյց շէնքին, ուսուցիչների կողմից տպագրւելիք գրքի հրատարակութեան, Հուսկ-ին, Նոր Ջուղայում գիշերօթիկ սաներին:
Հայաստանում Ղարաբաղի ազատագրման պայքարում զոհւած մարտիկների զաւակներից 5 սան է արձանագրել։ Նիւթապէս օժանդակել է նաեւ Ս.Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու կառուցմանը, Թեքէեան դպրոցին եւ Հայ Օգնութեան՝ ՀՕՄ-ին:
Ներկայիս միութեան վարչութեան նախագահուհին է Էմմա Մարտիրոսեանը:
 

Հայ Կին Միութիւն


1939 թւականին Թեհրանի Նուրբախշ դպրոցում սովորող մի խումբ հայ աշակերտուհիների մօտ, ելնելով 30-ական թւականների հայկական դպրոցների փակման հարցի մտահոգութիւնից որպէս հայ կին եւ մայր ի խնդիր իր եւ ապագայ սերունդների հայեցի դաստիարակութեան, Էմմա Լուքասեանի առաջարկով մտայղացաւ հիմնել մի միութիւն, որի միջոցով կարողանան օգտակար հանդիսանալ հայ համայնքի մատաղ սերնդին։ Այդ արժանայիշատակ ինը աշակերտուհիներն էին (այբբենական կարգով)՝
1- Էմմա Աբրահամեան
2- Մարթա Աբրահամեան
3- Սեդա Դարմանեան
4- Լիլի Էսպեռօ
5- Հիւրի Խաչատրեան
6- Էլօ Մազլումեան
7- Յասմիկ Կարապետեան
8- Վրէժիկ Սաղաթէլեան
9- Թագուշ Օհանեան
Նրանք հիմնադրելով Հայ Կին միութիւնը անմիջապէս անցան գործնական աշխատանքի։ Հայերէն գրքեր ընդօրինակելով եւ իրենց համեստ միջոցներով գրենական անհրաժեշտ պիտոյքներ հայթայթելով՝ սկսեցին իրենց շրջապատի մանուկներին ուսուցանել մայրենի լեզուն, միաժամանակ զարգացնելով նաեւ իրենց հայերէնագիտական պաշարը: Միութիւնը 2009 թ. բոլորեց իր գործունէութեան 70-ամեակը:
Հայ Կին եւ ապագայում հիմնւած կից միութիւնների հիմնական նպատակներն են՝
1- Բարձրացնել հայ կնոջ մտաւոր մակարդակը
2- Արթուն պահել հայրենասիրական, ազգասիրական ոգին եւ ազատութեան եւ անկախութեան ձգտումները հայ կնոջ մէջ:
3- Անաղարտ պահել հայ կնոջ ազգային ուրոյն նկարագիրը ու բարձրացնել նրա հասարակական պարտականութիւնների գիտակցութիւնը:
4- Նպաստել հայ նոր սերնդի կրթադաստիարակչական աշխատանքներին:
5- Զարկ տալ ազգային մշակոյթին:
6- Մասնակցել ազգային-հասարակական կեանքին եւ նպաստել Հայ Դատի հետապնդման աշխատանքներին:
7- Միութեան աշխատանքները համադրել համահայկական մտահոգութիւնների եւ պահանջների հետ, հայրենիքում եւ Սփիւռքում:
Հայ Կին միութեան ծրագիր-կանոնագիրը համապատասխանեցւելու համար ժամանակի պայմաններին՝ վերանայւել ու վերամշակւել է. վերջինը կատարւել է 1989 թւին:
Ներկայումս միութեան վարչութեան նախագահուհին է Դիանա Յովհաննիսեանը։
Հայ Կին միութեան նախաձեռնութեամբ հայահոծ քաղաքամասերում, հայուհիների ազգամշակութային հաւաքական կեանքի զարգացման նպատակով, կեանքի կոչւեցին կից միութիւններ՝ Արմենուհի՝ հիմնւած 1974-ին, Սասուն քաղաքամասում, Անահիտ՝ հիմնւած 1978-ին, Զէյթուն քաղաքամասում, Անի՝ հիմնւած 1983-ին, Սարդարապատ քաղաքամասում։ Յիշեալ միութիւններում տարւում են մշակութային աշխատանքներ, ուսուցանում են ձեռարւեստներ, եւ կազմակերպւում դասախօսութիւններ եւ նշում են ազգային եւ կրօնական նշանակալից տօներ։

Վերոյիշեալ հայ կանանց երեք միութիւնները արդէն 16 տարի է, որ անդամակցում են Իրանի Իսլամական Հանրապետութեան կանանց ոչ-կառավարական կազմակերպութիւնների ցանցում (շաբաքէ էռթեբաթի սազմանհայէ ղէյրէ-դոլաթի զանան), որի կենտրոնական խորհրդում արդէն երեք տարի է, որ մասնակցում է սոյն միութիւնների ներկայացուցիչը:
Թեհրանի հայ համայնքի տարբեր հասարակական եւ մարզամշակութային միութիւնները եւ կազմակերպութիւնները եւս ունեն իրենց կանանց յատուկ բաժանմունքները, որոնք անվերապահօրէն մեծապէս օժանդակում են տարւող տարբեր ազգային, հասարակական եւ մշակութային աշխատանքներին։
 

Յոյս թիւ 63

25 Նոյեմբեր 2009