ՈՉ ՄԻ ԲԱՌ ԿՆՈՋ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հետեւեալ էջերում ընթերցողին ենք ներկայացնում իրանահայ կանանց միութիւնների համառօտ պատմութիւնը։ Այս միութիւնները կարեւոր դեր են կատարել իրանահայ կանանց համար տնից դուրս հասարակական աշխատանքներին մասնակցելու ասպարէզ ստեղծելու եւ նրանց միջեւ հասարակական փոխյարաբերութիւններ զարգացնելու առումով, սակայն զարմանալին այն է, որ մինչեւ օրս, այդ միութիւնների ծրագրերում եւ արձանագրւած նպատակներում ոչ մի բառ գոյութիւն չունի կանանց իրաւունքների եւ հարցերի մասին։ Քսաներորդ դարը բնորոշ է կանանց հարցերը լրջօրէն օրակարգ դարձնելու առումով։ Այսօր ֆեմինիզմի անւան տակ ստեղծւել են գաղափարական տարբեր մօտեցումներ, սկսած ձախ եւ լիբերալ կանացի շարժումներից մինչեւ կրօնական եւ ազգային, սակայն դրանք բոլորն էլ զբաղւում են այնպիսի կարեւոր հարցերով, որոնք մեծ նշանակութիւն ունեն աշխարհի բոլոր կանանց համար։ Այսօր ողջ աշխարհում կանանց միութիւնները զբաղւում են ընտանեկան կեանքում կանանց դէմ բռնութեան, քաղաքական կեանքում կանանց մասնակցութեան, տան մէջ տղամարդու եւ կնոջ միջեւ գործերի արդար բաժանման, ամուսնալուծութեան դէպքում կանանց իրաւունքների պահպանման, աշխատավայրում կանանց համար հաւասար պայմանների ապահովման եւ նման հարցերով։ Սակայն կարծես իրանահայ կինը, թէկուզ կրթւած եւ քաղաքաբնակ, ապրում է ուրիշ աշխարհում։ Իրանահայ կանանց միութիւնները միշտ հիմնադրւել են եւ աշխատում են ծառայութիւններ մատուցելու դպրոցին, եկեղեցուն, ազգին, ծերերին, որբերին, մանուկներին, բայց երբեք՝ քննարկելու, արծարծելու եւ պաշտպանելու համար իրենց կանանց իրաւազուրկ վիճակը։ Մեր յառաջիկայ համարներում կը փորձենք ներկայացնել մերօրեայ իրանահայ կնոջ, յատկապէս իրանահայ երիտասարդ կանանց մտածելակերպն ու իրավիճակը։ Միաժամանակ հրաւիրում ենք մեր ընթերցողներին, յատկապէս կանանց միութիւնների ներկայ եւ անցեալ ակտիւ անդամուհիներին, իրենց տեսակէտները յայտնել այս մասին։

Ռ.Ս.

Յոյս թիւ 63

25 Նոյեմբեր 2009