ՀԱՅԱԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՅԱՐԱԲԵՐՈ ՒԹԻՒՆՆԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ Հ.Մ.Մ.ՐԱՖՖԻ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ

 

Քարմէն Ազարեան

 

Չորեքշաբթի, Հոկտեմբերի 7-ի երեկոյեան Րաֆֆի համալիրի նորաշէն դահլիճում կայացաւ սեմինար-քննարկում նւիրւած վերջին շրջանում, Հայաստանում թէ սփիւռքում բուռն բանավէճերի առիթ դարձած՝ Հայաստան-Թուրքիա ստորագրւելիք արձանագրութիւններին։ Ժողովը վարում էր Համալիրի վարչութեան նախագահ դոկտ. Ռայմոնդ Թորոսեանը, որը ներկայացրեց օրւայ բանախօսներին. Հայաստանի Հանրապետութեան դեսպանութեան խորհրդական՝ Սուրէն Գասպարեանը, Արաքս շաբաթաթերթի գլխաւոր խմբագիր` Մովսէս Քեշիշեանը եւ Ալիք օրաթերթի գլխաւոր խմբագիր` Դերենիկ Մելիքեանը։ Իհարկէ հրաւիրւած էին նաեւ թեմիս առաջնորդ Տէր Սեպուհ Արք. Սարգսեանը եւ Լոյս ամսագրի խմբագիր` դոկտ. Ռուբէն Սարդարեանը, որոնք քաղաքում չլինելու պատճառով բացակայում էին, ինչպէս նաեւ Յոյս երկշաբաթաթերթի խմբագիր` Ռոբերթ Սաֆարեանը, որը թէեւ հրաժարւեց որպէս բանախօս արտայայտւելու, բայց եւ այնպէս իր հերթին ներկայացրեց սեփական տեսակէտները օրւայ հարցի վերաբերեալ։ Յատկանշական է, որ ՀՀ դեսպանութեան ներկայացուցիչ Ս.Գասպարեանը եւս ամբողջ ընթացքում լռութիւն պահպանեց, ու թէեւ երբեմն իրօք այնպիսի դրութիւն էր ստեղծւում, որ թերեւս նման պաշտօնեայի խօսքերը միայն կարող էին պարզաբանում մտցնել, դրանով հանդերձ նա հրաժարւեց որեւէ բառ նոյնիսկ արտայայտել, որը բնականաբար այնքան էլ հասկանալի չէր ունկնդիրների համար։
Սկզբում խօսքը տրւեց Դ. Մելիքեանին, որը նախ մատնանշելով նման քննարկումների եւ մտքերի փոխանակման կարեւորութիւնը, յոյս յայտնեց, որ ապագայում համայնքային հարցերի լուծման ուղղութեամբ եւս նման համախմբւածութիւնը, մտքերի փոխանակումներն ու համատեղ քննարկումները շարունակւեն։ Պրն.Մելիքեանը ապա անդրադառնալով օրւայ բուն թեմային մէկ առ մէկ նշեց տւեալ փաստաթղթի մտահոգիչ լինելու պատճառները՝ Թուրքիայի շարժառիթներն ու նպատակները մի կողմից, եւ Հայաստանի իշխանաւորների նման քայլի գնալու արտաքին եւ ներքին հանգամանքներն ու գործօնները։ Ընդ որում որպէս կարեւոր ներքաղաքական գործօն նշւեց Հայաստանի Մարտիմէկեան տխրահռչակ դէպքերն ու ձախողւած նախագահական ընտրութիւնները, որն ըստ բանախօսի լաւագոյնս չարաշահւեց արտաքին ուժերի կողմից՝ պարտադրւելով այդ պայմանագիրը. ըստ նրա՝ քաղաքական կայունութիւն վայելող, լեգիտիմ իշխանութիւնը դժւար թէ նման արտաքին ճնշումներին ենթարկւի։ Իր խօսքերում բանախօսը փորձեց պատասխանել նաեւ յատկապէս ՀՀ Նախագահի եւ այդ փաստաթղթի ստորագրման գլխաւոր պաշտպան միւս պաշտօնեաների արտայայտած մտքերին ու հարցադրումներին, որն առաւել հետաքրքիր դարձրեց նրա ելոյթը։ Ապա նա նաեւ շեշտեց ՀՅ Դաշնակցութեան անելիքը՝ պայմանագրի ստորագրման դէպքում խորհրդարանի կողմից այն հաստատւելու գործընթացի խոչընդոտումը եւ ՀՀ արտգործնախարարի եւ ի վերջոյ նոյնիսկ Հանրապետութեան Նախագահի հրաժարականի պահանջը։
Ալիք-ի խմբագրից յետոյ փաստաթղթին դէմ արտայայտութիւններով հանդէս եկաւ Արաքս շաբաթաթերթի խմբագիր Մ.Քեշիշեանը, որը հիմնւելով արձանագրութիւնների 3-րդ, 5-րդ, 7-րդ եւ 8-րդ դրոյթներին, ներկայացրեց խնդրոյ առարկայ եւ փոփոխման կարօտ հատւածները։ Բանախօսի համոզմամբ՝ հակառակ ՀՀ Նախագահի եւ այլ պաշտօնակատարների պնդումների, ըստ որոնց՝ ստորագրւող փաստաթղթում ոչ մի պայման կամ նախապայման չկայ ցեղասպանութեան, Կարսի պայմանագրի կամ թէ Արցախի հարցի վերաբերեալ եւ դա զուտ երկկողմանի համաձայնութիւն է առանց նախապայմանի սահմանը բացելու համար, պայմանագրի որոշ կէտերն ունեն ակնյայտ ենթաթեքստ՝ հէնց այդ հարցերի շուրջ. Երրորդ պարբերութեամբ, ուր շեշտւում է այլ երկրների սահմանների ամբողջականութեան յարգումը, ըստ բանախօսի նշանակում է չխառնւել նաեւ Արցախի խնդրին, ընդունել Կարսի եւ Ալեքսանդրապոլի պայմանագրերը, հրաժարւել Արեմտահայաստանից ու մոռացութեան տալ ցեղասպանութիւնը, չբողոքել Արեւմտահայաստանում հայկական յուշարձանների ոչնչացման դէմ։ Իսկ գալով 7-րդ պարբերութեանը, ուր շեշտւում է բարիդրացիական յարաբերութիւնների պահպանման փոխադարձ պայմանաւորւածութիւնը, բանախօսը փորձեց վեր հանել տողատակերում առկայ թաքնւած նախապայմանները՝ ցեղասպանութեան հարցի միջազգայնօրէն հետապնդումից հրաժարւելը, ազատագրական պայքարի խափանումը եւ այլն։ Իսկ համատեղ ենթայանձնաժողովի կեանքի կոչմանը անդրադառ-նալով՝ նա իրաւացիօրէն այն հարցը բարձրացրեց, թէ մենք եւ թուրքերը, մի՞թէ ցեղասպանութիւնից բացի ուրիշ հարց էլ ունենք։ Պրն. Քեշիշեանը ի վերջոյ ներկայացրեց այդ փաստաթղթի վերամշակման անհրաժեշտութիւնը եւ իր առաջարկութիւնները։
Այնուհետեւ դոկտ. Թորոսեանը, նկատի տալով այն հանգամանքը, որ ներկայ բանախօսները երկուսն էլ արձանագրութիւններին դէմ արտայայտւեցին, եւ քանի որ ինքը նոյնպէս սեփական տեսակէտով նրանց էր միանալու, ուստի հարցի միակողմանի քըննարկումից խուսափելու համար հրաժարւեց ելոյթ ունենալ, եւ նախ ներկաներից խնդրեց, որ եթէ որեւէ մէկը հիմնաւորւած տեսակէտ ունի այս հարցի վերաբերեալ եւ եթէ յատկապէս կողմ է, արտայայտւի։ Այնուհետեւ զրոյցը աւելի հետաքրքիր ընթացք ստացաւ։ Արտայայտւեցին զանազան տեսակէտների տէր մարդիկ, թէեւ դարձեալ մեծամասամբ սոյն արձանագրութիւնները քննադատողի ու դատապարտողի դիրքից, բայց եւ եղան նաեւ պաշտպանողներ։
Իւրայատուկ տեսակէտով հանդէս եկաւ Յոյս երկշաբաթաթերթի գլխաւոր խմբագիր Ռոբերթ Սաֆարեանը, որն իհարկէ նախ նշեց թէ իր ղեկավարած թերթի կազմը նման քաղաքական հարցում միասնական դիրքորոշում չի որդեգրել, եւ որ այդ պատճառով է, որ ինքը որպէս բանախօս չի ներկայացել եւ արտայայտում է միայն իր սեփական մտքերը։ Ըստ նրա ներկայ ժամանակաշրջանում, երբ աշխարհն այսքան փոփոխութիւնների մէջ է, չի կարելի շարունակել անցեալի ընթացքը եւ անհրաժեշտ է շատ հարցեր ներկայի լոյսի տակ վերաքննել, օրինակի համար սոյն արձանագրութիւնների մասին կողմնորոշւելիս պէտք է այն դիտել աւելի լայն ֆոնի վրայ, թէ արդեօք մենք պէտք է շարունակե՞նք Հայ Դատը գործիք դարձնել այլոց ձեռքում Թուրքիային խանգարելու Եւրոմիութեանը անդամակցելու։ Արդեօք մեզ ո՞րն է ձեռնտու՝ զարգացած ու դեմոկրատական կարգերով Թուրքիայի՞ն հարեւան ունենալ թէ՞ ներկայ վիճակովը։ Ըստ նրա Թուրքիայի հետ Հայաստանի յարաբերութիւնների եւ ներկայ պայմանագրի ճակատագիրը Հայ Դատով պայմանաւորելով, հարկաւոր է դարձնում ի վերջոյ, նախ պարզել, թէ այսօր Հայ Դատ ասելով ի՞նչ ենք հասկանում եւ ի՞նչ ենք պահանջում՝ Արեւմտահայաստանի հողե՞րը,... եւ այդպիսով որոշենք՝ մինչեւ ե՞րբ ենք այսպէս սահմանները փակ պահելու եւ յարաբերութիւններից խուսափելու։
Արտայայտւողների մէջ կային նաեւ այնպիսիներ, որոնք ի պաշտպանութիւն սոյն պայմանագրի, բաւական հետաքրքիր տեսակէտներ արտայայտեցին, սակայն այն, ինչ այդ անձանց միաւորում էր, նրանց աներկբայ իշխանամէտութիւնն էր։ Նրանք թէեւ տարբեր նկատառումներով, բայց եւ այնպէս երեքն էլ պահանջում էին առանց այլեւայլի ենթարկւել Հայաստանի իշխանութիւններին եւ ներկայ նախագահ Սերժ Սարգըսեանին։Հակառակ սպասածին՝ նրանք նոյնիսկ չփորձեցին արձանագրութիւնների բովանդակութիւնը պաշտպանել, քանի որ ըստ նրանց՝ սփիւռքահայը, անկախ նրանից թէ խօսքը ինչի մասին է, պէտք է պաշտպան կանգնի հայրենի պետութեանը եւ այսպէս նրա թիկունքը չդատարկի։ Նրանցից մէկը նոյնիսկ իր խօսքերի մէջ ներկայ հաւաքին եւ ողջ իրանահայութեանն ու սփիւռքահայութեանը մեղադրեց այն բանում, որ չունեն համապատասխան քաղաքական գիտելիքներ ու տեղեկութիւններ եւ առանց անգամ այդ արձանագրութիւնները կարդալու, հաւաքւում ու քննադատում են ՀՀ Նախագահին ու նրա մասնագէտ աշխատակազմին։ Ըստ նրա եթէ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանն ասում է նախապայման չկայ, ուրեմն չկայ, իսկ եթէ մէկը հակառակն է ասում, ուրեմն նախագահին ստախօս է համարում։ Մի՞թէ կարելի է մեր նախագահը սուտ խօսի, նա, ինչ որ ասում է՝ ճիշտ է, եւ սփիւռքահայութիւնը ընդհանրապէս իրաւունք չունի այդ մասին կասկած յայտնելու։ Իհարկէ այս արտայայտութիւններից յետոյ հնչեցին շատ խիստ պատասխան ելոյթներ թէ բանախօսների եւ թէ ներկաների կողմից։
Ի վերջոյ շուրջ երկուսուկէս ժամ տեւած այս քննարկում-սեմինարի ընթացքում բանախօսները ինչպէս նաեւ ներկայ ունկնդիրները փորձեցին պատասխանել իրենց ուղղւած եւ առհասարակ վէճի առարկայ հարցերին, որը շատ աւելի կենդանի ու բազմակողմանի դարձրեց զրոյցը։

 

Յոյս թիւ 61

21 Հոկտեմբեր 2009