ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՒՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

ՕԳՈՍՏՈՍԻ 31-ԻՆ ՆԱԽԱՍՏՈՐԱԳՐՒԱԾ ՀԱՅԱՍՏԱՆևԹՈՒՐՔԻԱ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԻԱՄՄ-ՈՒՄ

2009 թւականի Սեպտեմբերի 23-ի երեկոյեան ժամը 18։30-ից Իրանահայ ազգային եւ մշակութային միութեան սրահում սկսւեց՝ Օգոստոսի 31-ին նախաստորագրւած Հայաստան-Թուրքիա արձանագրութիւնների համայնքային քննարկումը։
Իրանահայ համայնքում, փաստօրէն առաջին անգամ, մի յարկի տակ, ի մի էին եկել Ազգային կառոյցի, ազգային եւ հասարակական կազմակերպութիւնների, կենտրոնների ու միութիւնների պատասխանատու անդամներ, համայնքի գրաւոր մամուլի գլխաւոր խմբագիրներ, անհատ ազգային գործիչներ. իսկ այն փաստը, որ ժողովը կազմակերպւել էր Սեպուհ Արք.Սարգսեանի հովանաւորութեամբ եւ Հայաստանի Հանրապետութեան դեսպանութեան խորհրդական՝ Սուրէն Գասպարեանի ներկայութեամբ, վառ ապացոյցն էր այն բանի, որ մեր համայնքում կայ հնարաւորութիւն՝ համազգային նշանակութեամբ խնդիրները քըն-նարկել հաւաքական կամքով, բոլորի մասնակցութեամբ։
Ժողովի սկըզբում ԻԱՄՄ-վարչութեան նախագահ դոկտ.Անդրանիկ Սիմոնեանը իր բացման խօսքում ողջունեց ներկաներին պատասխանատւութեան, ցուցաբերած ուշադրութեան եւ յատկապէս համազգային հարցի քննարկման պատրաստակամութեան համար։ Ապա Թեհրանի հայոց թեմի հոգեւոր առաջնորդ Տ.Սեպուհ արք.Սարգսեանն իր Տէրունական աղօթքով եւ օրհնութեամբ ազդարարեց քննարկումների սկիզբը։
Որպէս քննարկման բաժնի անհրաժեշտ նախաբան Ժանէտ Նազարեանի միջոցով ներկայացւեցին Հայաստանի Հանրապետութեան եւ Թուրքիայի Հանրապետութեան միջեւ երկկողմ յարաբերութիւնների զարգացման մասին արձանագրութեան եւ ՀՀ եւ ԹՀ միջեւ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելու մասին արձանագրութեան տեքստերի բովանդակութեանն ու դրանց իրագործման ժամանակացոյցն ու տարրերը։
Առանձին ելոյթներով հանդէս եկան եւ քննարկմանը մասնակցեցին Արաքս շաբաթաթերթի գլխաւոր խմբագիր` Մովսէս Քեշիշեանը, ԻԱՄՄ ներկայացուցիչ Արմաւիր Մարգարեանը, Ալիք օրաթերթի գըլխաւոր խմբագիր Դերենիկ Մելիքեանը, Լոյս ամսագրի գլխաւոր խմբագիր դոկտ. Ռուբիկ Սարդարեանը, նախկին խորհրդարանական եւ ներկայի ԹՀ Թեմական խորհրդի անդամ դոկտ.Հրաչ Խաչատըրեանը։
Մասնակիցների ազատ ելոյթների ու քննարկման համար նախատեսւած բաժինն սկսւեց ընդմիջումից յետոյ։ Այս բաժնում հնչեցին ինքնատիպ ու բովանդակալից մտքեր իւրայատուկ կարծիքներ։ Ելոյթներով, վերլուծութիւններով, տեսակէտների շարադըրմամբ խօսք ասացին՝ թաղի պատգամաւորներ Ալբերթ Քոչարեանը, Աշոտ Սինանին, ՀՃՃՄ. նախագահ Աբրահամ Այւազեանը, դոկտ. Հրաչ Խաչատրեանը, Թաւրիզի եւ Ատրպատականի թեմի Պատգամաւորական ժողովի նախագահ ակադեմիկոս Մկրտիչ Թումանեանը, ՀԲԸՄ ներկայացուցիչ փորձառու մանկավարժ Աստղիկ Բաբայեանը եւ ուրիշներ։
Վերջում ամփոփիչ ելոյթով հանդէս եկաւ ԻԱՄՄ նախագահ դոկտ.Անդրանիկ Սիմոնեանը։
Ամենավերջում ընդարձակ ելոյթով իր խոհերն ու մտքերը ներկաներին փոխանցեց Թեմակալ առաջնորդ Սեպուհ Արք.Սարգսեան Սրբազանը։
Հանդիպմանը մասնակցում էին նաեւ դոկտ. Մեսրոպ քահանայ Ռաթեւոսեանը, ԹՀԹ Պատգամաւորական ժողովի նախագահ Գէորգ Աբուլեանը, Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի անդամներ, Պայման եռամսեայ հանդէսի գլխաւոր խմբագիր Արմինէ Առաքելեանը։
Քննարկում, որին մասնակցում էին 21 մարմինների, կառոյցների, թերթերի, միութիւնների եւ խորհուրդների անդամներ, որը տեւեց շուրջ 3.5 ժամ եւ բուռն ու ջերմ ընթացք ունեցաւ։

 

ԻԱՄՄ-Ի ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
ՉԻ ԿԱՐԵԼԻ ՀՐԱԺԱՐՒԵԼ ԱՄԷՆ ԲԱՆԻՑ ՅԱՆՈՒՆ ՈՉՆՉԻ

Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնների ջանքերը Հայաստանի համար այլընտրանքային հնարաւորութիւններ ստեղծելու եւ բարիդրացիական յարաբերութիւններ կերտելու ուղղութեամբ, Օգոգտոսի 31-ին Թուրքիայի հետ նախաստորագրւած արձանագրութեան հրապարակումով նոր դրսեւորումներ ստացան:
Բոլորի համար էլ պարզ է, որ Հայաստանի քաղաքական ղեկավարութիւնը բարի նպատակներով է մօտենում հարեւաններին, երբ սահմանների բացման եւ յարաբերութիւնների ստեղծման մասին է խորհում: Դա, իհարկէ, Հայոց Հանրապետութեան իշխանաւորների բարոյական եւ քաղաքական իրաւունքն է: Յատկապէս Թուրքիայի հետ առանց նախապայմանների շփւելու կամքը, լիովին ընդունելի է եւ յարգելի:
Բայց ցաւօք նախաստորագրւած յայտարարութիւնը ոչ միայն թաքնւած նախապայմաններ, այլեւ մի քանի ուղղութեամբ լուրջ վտանգներ է պարունակում, որոնցից առաւել յատկանշական են հետեւեալները:
1.Եթէ բացելու լինենք դրոյթների ծալքերը, իսկոյն նկատելի կը դառնայ, որ Թուրքիայի կողմից Հայաստանի իրաւունքների նկատմամբ ոտնձգութիւն կայ, այն ինչ, դրա հակառակը ընդհանրապէս գոյութիւն չունի:
Երկու երկրների միջեւ , Վստահութեան վերականգնմանն ուղղւած երկխօսութեան իրականացումը միայն վիճարկելի է դարձնում Հայոց ցեղասպանութեան եւ դրա հետեւանքները հանդիսացող խնդիրները: Սա սակարկումն է նշանակում ամբողջ հայութեան համար ամենալուրջ եւ անսակարկելի հարցի:
2..Հաւասարութեան, այլ երկըրների տարածքային ամբողջականութեան եւ սահմանների անխախտելիութեան դրոյթը նախ նւիրագործում եւ վերահաստատում է Կարսի պայմանագիրը եւ ապա խաչ դնում Հայոց պահանջատիրութեան որեւէ դրսեւորումի վրայ:
Այս դրոյթը վտանգաւոր հետեւանքներ է պարունակում նաեւ Արցախեան հիմնահարցի լուծման հետագայ զարգացումների եւ Արցախի ինքնիշխան պետութեան լիարժէք ճանաչում ստանալու համար:
Այն երկիրը, որ պահանջատէր է իր նկատմամբ գործւած անարդարութիւնների դիմաց, չի կարող այդ ամէնից հրաժարւել յանուն ոչնչի:
Տասնեակ տարիներ աշխատած սահմանային կէտի վերաբացման եւ վերագործարկման համար պահանջւում է ճանաչել ներկայիս սահմանները եւ դրանց անխախտելիութեան սկզբունքը վերահաստատել:
Դժւար չէ նկատել, որ արձանագրութեան տարբեր կէտերի տակ խնամքով զետեղւած են այնպիսի նախապայմանների սաղմեր, որոնք բացւելուց յետոյ կարող են լուրջ խոչընդոտների վերածւել ակնկալւող յարաբերութիւնների ծաւալման առաջ:
Իրանահայ ազգային եւ մշակութային միութիւնը միանալով հայ ժողովրդի միւս կառոյցներին ու հասարակական կազմակերպութիւններին կոչ է անում Հայրենի պետական այրերին, վերջնական դժւարութիւններից խուսափելու եւ բարդութիւններից զերծ մնալու նպատակով ամբողջովին վնասազերծել համաձայնագրի բովանդակութիւնը, եւ ձեւակերպումները աւելի յստակեցնել, այնպէս որ ձեւաւորւի իսկապէս նախապայմաններ չպարտադրող արձանագրութիւններ ու վերջնական համաձայնագրեր:
Մէկ անգամ եւս ընդգծում ենք մեր համաձայնութիւնը Հայաստանի ղեկավարութեան առաջ քաշած, առանց նախապայմանների սկզբունքի նկատմամբ:
Մենք հաւատացած ենք, որ այս կարգի տարաձայնութիւնները չեն կարող եւ չպէտք է Հայրենիքի, կամ Սփիւռքի հասարակական ուժերի համար հակադրւելու հիմքեր ստեղծեն:

Յոյս թիւ 61

21 Հոկտեմբեր 2009