ՄՇԱԿՈՅԹԻ ՓԱՌԱՏՕՆԸ՝ ԱՅՍ ԱՆԳԱՄ ՔՆՆԱԴԱՏՈՒԹԵԱՆ ՄՇԱԿՈՅԹԻ ՏԵՍԱՆԿԻՒՆԻՑ

ԻՆՉՈ՞Ւ Է ՔՆՆԱԴԱՏՈՒԹԻՒՆԸ ԹՇՆԱՄՈՒԹԵԱՄԲ ԸՆԿԱԼՒՈՒՄ

Քարմէն Ազարեան


"Յոյս"-ի 74-րդ համարում ընթերցելով պատասխան-նամակը՝ "Մշակութային փառատօն, նւաճո՞ւմ թէ՞" յօդւածին, որը կրում է սոյն փառատօնի ժիւրիի ողջ 11 անդամների ստորագրութիւնը, մէջս ցանկութիւն առաջացաւ նախ՝ շնորհակալութիւն յայտնել այդ յարգելիներին՝ ցուցաբերած ուշադրութեան համար, որ գոնէ բարի են գտնւել եւ անտարբերութեամբ չեն անտեսել նւաստիս գրութիւնը, ապա՝ թէեւ սովորաբար խուսափում եմ նմանատիպ հրապարակային երկխօսութիւններից եւ իվերջոյ որոշումն ու դատը թողնում եմ թերթի ընթերցողներին, այնուամենայնիւ մի երկու խօսք ասել այս, ես կասէի, տհաճ երեւոյթի մասին:
Սա առաջին անգամը չէ, որ քննադատութիւնը մեր համայնքում պատասխանատու անձանց կողմից նման կերպ է ընկալւում՝ թշնամաբար, եւ ըստ այդմ "հակահարւած" տրւում, այնպէս որ կատարւածի մէջ ինձ համար, հակառակ նրանց, ոչ մի բան էլ զարմանալի չէր եւ արդէն սպասում էի նման վերաբերմունքի: Ցաւում եմ, սակայն, որ մեր համայնքում ցանկացած ազգային-հասարակական կառոյցի գործունէութեանը վերաբերող ցանկացած քննադատութիւն կամ նոյնիսկ դիտողութիւն այսպէս է ընդունւում: Իհարկէ կուզէի գոնէ արւեստի ու արւեստագէտների բնագաւառը հեռու մնար նմանատիպ վերաբերմունքից, եւ մեր "մշակոյթի գործիչները" իրենց կոչմանը արժանի դիրք ընդունելով, հրաժարւէին պաշտպանողական ու յարձակողական դիրքից, եւ աւելի շուտ մտածէին քննադատութեան բուն թեմայի, եւ ընդհանուր առմամբ, նրա կառուցողական դրական դերի մասին՝ թերութիւնները վերացնելու ուղղութեամբ: Չէ՞ որ եթէ խօսում ենք նկատելի ինչ-որ թերութիւնից, դա չի նշանակում, որ ուրախ ու գոհ ենք դրա համար, այլ՝ աւելի շուտ ցաւում, եւ ցանկանում ենք վերացնել դրանք. Մի բան, որ հաստատ ձեր ցանկութիւնն էլ կը լինի, եթէ իհարկէ ի սկզբանէ ընդունէք թերութիւնների առկայութիւնը: Ուրախ կը լինէի միեւնոյն ցաւը եւ դժգոհութիւնը տեսնել նաեւ այդ գրութեան մէջ, եւ ճիշտն ասած ինձ թւում էր թերութիւնները այնքան ակնյայտ էին, որ չէի էլ պատկերացնում, որ կարող են նման կերպ հակազդել: Բայց դարձեալ մի այլ ցաւ՝ այդպէս չեղաւ:
Պատասխան նամակը ասես թէ հետապնդում էր միայն մի նպատակ՝ վարկաբեկել ու հեղինակազրկել յօդւածագրին, որով եւ արժեզրկել ողջ գրութիւնը եւ արտայայտւած քննադատական մտքերը: Այս նամակում վիրաւորւած ինքնասիրութեամբ հանդէս եկած մեր յարգելի ժիւրիի անդամները միայն եւ միայն պաշտպանել էին իրենց հեղինակութիւնը, եւ ոչ միայն իրենց, այլեւ այստեղ ոչ մի նկատողութիւն չստացած յանձնախմբի անդամներին, որոնց մասին ակնարկւած յօդւածում ոչ մի առարկութիւն չի եղել եւ ընդհանուր յայտարարութիւն է եղել, որ "Նման նախաձեռնութիւն յաջողութեամբ պսակւելու համար անհրաժեշտ է" ("Յոյս" համար 71):
Այն որ ժիւրիի կազմի անունները յայտարարւել են թէ ոչ, դեռ ոչ մի բան չի նշանակում, եւ նոյնիսկ եթէ ընդունենք էլ, որ "զարմանալիօրէն" անգամներ կրկնւած անունները լսելի չի եղել ինձ եւ շատերի համար, դա աննշան մի փաստ էր այն բոլոր թերութիւնների ու բացթողումների կողքին, որ նշւել էր յիշեալ "փառատօն"-ի վերաբերեալ, թէեւ հէնց ժիւրիի կազմի վերաբերեալ մասնագիտութիւնների (երաժշտութեան կամ ասմունքի) կամ նրանց աշխատանքային փորձի մասին գրելը կարող էր բաւարարել մեր եւ մեզ պէս "հեռու ընկած" շատ-շատերի հետաքրքրասիրութիւնը, չէ՞ որ այդ անունները դեռ ինքնին ոչ մի բան չեն արտայայտում: Ինչեւէ, ինչո՞ւ սոյն գրութեան մէջ չի բացատրւել գնահատման այդ տարօրինակ մեխանիզմի պատճառները, թէ ինչո՞ւ բոլոր ելոյթներից յետոյ երեխան չէր գնահատւում գոնէ ժիւրիից մէկ-երկուսի կողմից (պարզ է 11-ը հնարաւոր չէր լինի), եւ հետքաքրքիր կը լինէր յատկապէս իմանալ, թէ ինչո՞ւ մէկ-երկու ամիս յետոյ են յայտարարւում արդիւնքները, դա ի՞նչ նպատակ է հետապնդում: Ապա եւ կարեւորը՝ որակի վերաբերեալ ինչո՞ւ չէր խօսւել, թող թէկուզ ասւէր թէ՝ ըստ իրենց այդ որակը բաւարար է եւ դրանից աւել հնարաւոր չէ՝ այս եւ այն պատճառով եւ այլն: Բայց չգիտես ինչո՞ւ այս բոլոր-բոլորի, այսինքն կարեւորագոյնի՝ ողջ գործի "հեղինակութեան" մասին լռութիւն էր պահպանւել:

 

Յոյս թիւ 75

2 Յունիս 2010