ԻՆՉՈՒՆ ՊԱՐԶ Է, ԻՆՉՊԷՍԸ՝ ՄՇՈՒՇՈՏ

Անդրանիկ Սիմոնեան

 


Իրանահայ մերօրեայ վիճակը այնքան էլ նախանձելի չէ: Տասնամեակներ հայաբնակ եղած, ամբողջ Խուզեստան նահանգի բնակավայրերը դատարկւեցին պատերազմից յետոյ: Կասպից ծովի ափամերձ հայաբնակ շրջաններին պատել է նոյն աղէտը: Վտանգը գնալով մեծանում է. Շիրազն արդէն հայաթափւելու եզրին է, երաշխաւորւած վիճակ չունի Թաւրիզը, որի մերձակայ շրջաններում վաղուց հայեր չեն ապրում: Այլ վայրերի անունը վախենում ենք յիշել:
Թեհրանում` մեր երկրի մայրաքաղաքում, այդ բանը կատարւում է առանձին հայաբնակ թաղերի հետ: Վաղուց է, որ "Մոլաւիում", "Շահփուրում", "Չալէ Մէյդանում", "Խորդինում", "Մանսուրաբադում", եւ այլ թաղերում ու գիւղերում հայեր չեն ապրում, այնինչ որոշ վայրերում դեռ կան հայկական - եւ կառոյցներն ու կալւածները:
Հայկական նոր թաղերը եւս զերծ չեն մնում գրոհող տեղատւութեան առջեւ: Քաղաքի կենտրոնում գտնւող հայահոծ "Նադերի", "Ղաւամ-օլ-Սալթանէ", "Ազիզխան", "Էսթախր" , "Շէյխ Հադի", "Մանուչեհրի", "Հեդայեաթ", "Վիլա", "Աբան", եւ այլ թաղերն արդէն հատ ու կենտ հայ բնակիչներ ունեն, ինչի հետեւանքով թափուր են մնում այդ շրջանների հայկական կառոյցների զգալի մասը:
"Սէյեդ Խանդան" թաղի "Շահ Աբաս" դպրոցն էլ արդէն իր վերանւանւած "Արամ" սրահով ասեկոսների առիթ է դարձել ...
Այս ամէնը բնական է մեր իրականութեան համար: Հայերը քաղաքում տեղաշարժւում են եւ դրա հետեւանքով հիմնարկները եւ կառոյցները մնում են "ձեռքից հեռու": Մեր օրերի երթեւեկութեան բարդութիւնները աւելի են ծանրացնում վիճակը: Դեռ "Մաջիդիէ" կամ Զէյթուն թաղը մի նորմալ սրահ չունի, հսկայական սրահներ են լքւում ուրիշ քաղաքամասերում:
Դպրոցները այս շարքի ամենացայտուն օղակն են կազմում:
Այս ամէնը նշանակում է, որ պրոբլեմներ, խնդիրներ, դժւարութիւններ կան: Դպրոցների, կառոյցների, կալւածների վաճառքի հարցը, կամ օգտագործման նպատակի փոփոխութիւնը լիովին հասկանալի է:
Ինչո՞ւ է արւում այդ ամէնը: Այս հարցի պատասխանը շատ պարզ է եւ հասկանալի: Բայց եթէ հարցնենք՝ ինչպէս է արւում, կը հասնենք մեր համայնքային կեանքի ամենացաւոտ հարցադրումներից մէկին:
Համայնքային մարմիններն իրենց ուսումնասիրութիւններն են կատարում, պարզ ու յստակ, թէ կասկածելի ու երկչոտ որոշումներ անում, իսկ յետոյ անցնում դրանց կատարման դժւարին գործին:
Որոշումը յստակ է լինում, եթէ խնդիրը դրւում է պարզ եւ առանց հնարաւոր կնճիռների: Եթէ պէտք է վաճառւի "Մարիամ" դպրոցը եւ տեղափոխւի "Զէյթուն" քաղաքամաս, եթէ պէտք է վաճառւի "Աւետիսեան" բուժարանը եւ տեղափոխւի "Սասուն" քաղաքամաս, կատարւում է պարզ ու հասկանալի եւ շնորհակալ աշխատանք: Բայց ... Բայց ... Կան դէպքեր, որ հասկանալ ու ընբռնել չի կարելի: "Քուշէշ Դաւթեան" դպրոցը փակւում է այն պայմաններում, երբ նրա աշակերտների թիւը գերազանցող հայ աշակերտներ սովորում են դիմացի մայթում գտնւող "Ֆիրուզ Բահրամ" դպրոցում:
Օրինակներ շատ կան, բայց երեւոյթն այնքան ցաւալի է, որ հաճոյք չես զգում այդ մասին խօսելուց, ուստի եւ, կամ լռում ես, կամ էլ երբ ճարդ հատում, համբերութեանդ բաժակը լցւում է, պարտաւորւած, կամ ակամայ, պոռթկում ես ...
Յամենայն դէպս, եթէ հարցնում են՝ ինչ անել, որ այդպէս չլինի, հեշտ պատասխան կայ. աշխատել թափանցիկ, քննարկումներին ու ուսումնասիրութիւններին մասնակից դարձնել բոլոր շահագրգիռ կողմերին, որպէսզի վերջնական որոշումների հրապարակումներից առաջ, իրազեկ կողմերը իրապէս համոզւած լինեն վերցւած քայլերի վերջնական եւ ճիշտ լինելուն: Եթէ ոչ, օրինակներ քիչ չեն: Մենք ճանաչում ենք նախկինի պատասխանատու անձինք, որ բացէիբաց յայտարարում են` թէ իրենց կարծիքով, "Քուշէշ Դաւթեան"-ի փակման որոշումը առնւել է հապճէպ եւ դեռ իրենց կարծիքով, ուրիշ ելքեր եղել են:
Չենք ուզում հաստատել այս կարծիքը, կամ ժխտել այն, քանզի ինֆորմացիայի ամբողջութեանը չենք տիրապետում, բայց եթէ որոշման հրապարակումից յետոյ նման տեսակէտներ են հնչում, բնական չէ, իսկ մեր հասարակ մահկանացուներիս համար, որ ողջ ինֆորմացիայի ձեռնահասութիւն չունենք, դատելը դժւար է: Ո՞վ է ճիշտ եղել: Այստեղ էլ տարածւում է ամէն ինչ ծածկող մշուշը:
Մի այսպիսի մշուշ էլ "Արհեստաւորների միութեան", "Նայիրի" մարզամշակութային միութեան, եւ "Սուքերեան" ազգային սրահի կապակցութեանբ է ստեղծւում: "Մաջիդիէ"՝ Զէյթուն թաղի "Հայ տուն" մշակութային կենտրոնը, որ ոչ մի միութեան չէր պատկանում, վերջերս տրամադրւեց "Նայիրի" միութեանը եւ լուծարւեց այս սրահի ղեկավար մարմինը: Այսօր բոլորն էլ այդ սրահից օգտւելու դէպքում պէտք է վարձ մուծեն, բացի "Նայիրի" միութիւնից: Իհարկէ, այս աւելի հին ու հետաքրքիր պատմութիւն ունի, որին կանդրադառնանք անհրաժեշտութեան դէպքում:
Մի խօսքով, եթէ ուզում են մշուշ չառաջացնել, կամ պէտք է ազգային կառոյցի անաչառ ու հաւասար վերաբերմունքը լինի, կամ ազգային կեանքի անհրաժեշտութիւնը: Այս դէպքում ոչ մէկը կայ, ոչ էլ միւսը:

 

Յոյս թիւ 74

19 Մայիս 2010