ՎՍՏԱՀՈՒԹԵԱՆ ՔԱՅՔԱՅՄԱՆ ՃԳՆԱԺԱՄ
 

Ռոբերթ Սաֆարեան

 


"Քուշէշ" դպրոցի փակում, "Ալիշան" դպրոցի փակում, կիսաւեր պատերի վրայ հայ գրողների պատկերներ, որոնք յուշում են թէ մի ժամանակ սա հայկական դպրոցի (Թունեանի) բակն է եղել Համայնքը փոքրանում է, ժողովուրդը գնում է Ամերիկա, աշակերտութեան քանակը պակսում է, բնականաբար դպրոցները փակւում են եւ կը շարունակւեն փակւել: Իւրաքանչիւր դպրոցի, միութեան, սրահի կամ այլ հաստատութեան փակումն ու դրա շէնքի վաճառքը, առաջացնում է յուզումներ, բորբոքում նոստալգիայի զգացումներ, եւ ծայր է տալիս յուսախաբութեան ու բողոքի արտայայտութիւնների:
Այս փակումների շարանի վերջին դէպքը Բահար քաղաքամասում գտնւող "Ռոստոմ" օրիորդաց դպրոցի փակման որոշումը կամ դրա քննարկումն է: "Ռոստոմ" դպրոցի աշակերտութեան թիւը հասել է մօտաւորապէս 100-ի: Ուրեմն տրամաբանօրէն, ցանկալի է, որ եթէ հնարաւոր լինի, դպրոցը միատեղել մի ուրիշ դպրոցի հետ, որն այս դէպքում "Արաքս"-ն է, որը գտնւում է "Ռոստոմ" -ից ոչ շատ հեռու: Այսպիսով կը լուծւեն նաեւ դպրոցի նիւթական դժւարութիւնները: "Արաքս" շաբաթաթերթի հաղորդագրութեան համաձայն (որը վերատպել ենք մեր նախկին համարում) այսպէս էլ տրամաբանել է Կրթական խորհրդի նախագահ Հրայր Շահնազարեանը, "Ռոստոմ" դպրոցի աշակերտութեան ծնողների հետ հանդիպման ժամանակ: Սակայն այս բացատրութիւններով չեն համոզւել ծնողները: Նրանք ասում են` ի՞նչ նիւթական դժւարութիւն, երբ նորերս էք 4 միլիարդ թումանով վաճառել "Արամ" սրահը, երբ համայնքն ունի մեծաթիւ կալւածներ, ... Լաւ, ենթադրենք համայնքն հէնց այնքան հարուստ է, որքան "Ռոստոմ" դպրոցի աշակերտների ծնողներն են ասում, եւ կարող է լուծել այդ դպրոցի նիւթական դժւարութիւները, բայց արդեօք խելքին մօ՞տ է 100 աշակերտի համար օգտագործել դրա քանիպատիկ աշակերտութեան համար նախատեսւած շէնքը:
Ինչո՞ւ Կրթական խորհրդի պարզ տրամաբանութիւնը չի համոզում ծնողներին: Արդեօք դրա պատճառը ազգային մարմինների նկատմամբ ժողովրդի վստահութեան քայքայումը չէ՞: Իրականում նրանց կասկածներն աւելի մեծ են` կարծես Թեմականը ծրագրել է ամէն բան ծախել, փողը վերցնել եւ գնալ: Պէտք է ընդունել, որ սա տարիների թաքուն, ոչ թափանցիկ աշխատելաձեւի արդիւնքն է: Սա տեղեկութիւնները ժողովրդից թաքցնելու հետեւանքն է: Այդ գործելակերպը յանգել է այնպիսի խորն անվստահութեան, որ շատ դժւար կը լինի կարճ ժամանակում վերացնել այն: ԹՀԹ Առաջնորդը "Յոյս"-ի հետ հարցազրոյցում, այն մասին թէ ժողովուրդը մտածում է կալւածների յանձնախմբի տրամադրութեան տակ է գտնւում մեծ հարստութիւն, ասում է. "Երանի այդպէս լինէր", իսկ Պատգամաւորական ժողովում խօսքը բիւջէի բացի եւ եկամուտի վստահելի աղբիւրների բացակայութեան մասին է: Մի կողմից սնանկութեան մասին է խօսք գնում, միւս կողմից մեծ հարստութիւնների ու կալւածների: Իրօք որքա՞ն է համայնքի ազգային հարստութիւնը, ինչո՞ւ չի հրատարակւում մեր ազգային գոյքերի ցուցակը, որպէսզի ամէն մարդ կարողանայ իր ազատ դատողութիւնն ունենալ եւ թեմականն էլ ազատւի այն մեղադրանքից թէ ամէն ինչ վաճառելու եւ զանգւածային արտագաղթ կազմակերպելու ծրագրեր է մշակում:
Արտագաղթը նոյն թափով շարունակւելու դէպքում, այսպէս կոչւած "դպրոցների վերադասաւորումը" անխուսափելի է: Իսկ վերադասաւարում նշանակում է նաեւ որոշ դպրոցների փակում: Դրա համար ոչ ոք մեղաւոր չէ: Եթէ ժողովրդի համար հարց է, թէ "Արամ" սրահը ինչքան է վաճառւել եւ դրա փողը ուր է գնացել, դա դեռ կարելի է հետեւել, բայց դա չի նշանակում, որ 100-ի չափ աշակերտութեան համար, կարելի է շարունակել օգտագործել անհամապատասխան մեծ շէնքը: Դպրոցների փակումը կանխելու միակ ճանապարհը արտագաղթի ընդհատումն է, եւ նրանք ովքեր ցաւում են դպրոցների փակման համար, իրենք արդեօք արդէն արտագաղթողների շարքում չե՞ն: Եթէ չես ուզում քաղաքամասիդ դպրոցը փակւի, մի չւիր ԱՄՆ: Իսկ ազգային մարմինների պատասխանատուները եւս, եթէ չեն ցանկանում մեղադրւել թէ "Ծախեցին, տարան, կերան", թէեւ արդէն մի քիչ ուշ է, բայց թող բացայայտ յայտարարեն ամէն ինչ, եւ ամէնից առաջ մեր ազգային գոյքերի ու կալւածների ցանկը: Այսպիսով միայն հնարաւոր կը դառնայ վերահաստատել տարիների ընթացքում ձեւաւորւած անվստահութիւնը եւ ստեղծել հարցերը տրամաբանական ձեւով քննարկելու հնարաւորութիւնը:

 

Յոյս թիւ 74

19 Մայիս 2010