"ՅՈՅՍ"-Ը ՍԿՍՈՒՄ Է ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ 4-ՐԴ ՏԱՐԻՆ

 

Այս համարով "Յոյս"-ը սկսում է իր գործունէութեան չորրորդ տարին: Անցեալ երեք տարիների ընթացքում "Յոյս"-ը կարեւոր դեր է խաղացել իրանահայ համայնքում, յատկապէս թափանցիկ լրատւու-թեան, երկխօսութեան եւ քննադատութեան մշակոյթի զարգացման գործում:
Որպէս Իրանում հրատարակւող հայերէն թերթ, "Յոյս"-ի նպատակն է եղել արտացոլել իրանահայ համայնքի հասարակական, մշակութային եւ քաղաքական կեանքը, անդրադառնալ հայաստանեան եւ համազգային բնոյթ կրող կարեւորագոյն իրադարձութիւններին, եւ միաժամանակ չմոռանալ Իրանում եւ աշխարհում ընթացող կարեւոր դէպքերը: Իհարկէ, դժւար է այս բոլորը մէկտեղել իւրաքանչիւր համարում, բայց երբ մի հայեացք ենք նետում անցեալ տարւայ 24 համարների շապիկներին, որոնք արտացոլում են թերթիս էջերում շօշափւած հիմնական հարցերը, համոզւում ենք, որ թերթս, իր ամբողջութեան մէջ, յաջողել է ընդգրկել վերոյիշեալ բնագաւառները:
Մեր երկու համարների շապիկները յատկացւած են Յուլիսի 15-ին Թեհրան-Երեւան չւեթերի աւիովթարին, որը անցեալ տարւայ ամենացնցող եւ ամենակարեւոր լուրն էր։ Մի այլ համարի շապիկը կրում է համայնքի առաջորդ Տէր Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսեանի դիմանկարը՝ իրանահայութեան իրաւական կառոյցների մասին նրա հետ "Յոյս"-ի ընդարձակ հարցազրոյցի առիթով, որն ի դիպ իր լայն արձագանքն ունեցաւ նաեւ թերթի յաջորդ համարներում: "Արարատ"-ի օրիորդաց բասկետբոլի թիմի յաղթանակը երկրի մակարդակում եւ իրանահայ Ռայիսայի ուշագրաւ ներկայութիւնը "Շանթ" հեռուստատեսութեան Սուպերստար 4-ի մրցոյթում, եւս տեղ են գտել մեր շապիկների վրայ: "Յոյս"-ը նաեւ անդրադարձել է Թեհրանի պատգամաւորների եւ ժողովրդի միջեւ կայացած հանդիպումներին հայաբնակ քաղաքամասերում եւ Պատգամաւորական ժողովում Թեհրանի թեմի բիւջէի քննարկմանը:
Սակայն մենք չենք սահմանափակւել համայնքային կեանքով: Դարձեալ հէնց թերթիս շապիկների վկայութեամբ, արձագանքել ենք այնպիսի համազգային հարցերին, ինչպիսիք են՝ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի բացման մասին երկու պրոտոկոլների ստորագրման եւ դրանց արձագանքներին, եւ համշէնահայերի հարցի շուրջ ծաւալւած "Ո՞վ է հայ" վիճաբանութեանը:
Անցեալ տարի Իրանի համար եւս փոթորկուն տարի էր: Երկրի 10-րդ նախագահական ընտրութիւնները եւ դրան յաջորդած դէպքերը, ժողովրդի զանազան խաւերի կրքերը բորբոքեցին եւ յատկապէս փո-ղոց բերին երիտասարդութեանը: "Յոյս"-ի երկու համարների շապիկների վրայ տեղ են գտել նախընտրական շրջանի թէժ մրցակցութեանը վերաբերող պատկերներ: Յետընտրական բողոքներին ու ցոյցերին հասկանալի պատճառներով անդրադարձել ենք աւելի քիչ, մտածելով, որ եթէ հնարաւոր չէ լիակատար արտացոլել իրադարձութիւնները, երեւի աւելի լաւ կը լինի ընդհանրապէս լռել: Սակայն միեւնոյն ժամանակ շարունակել ենք նիւթեր տպագրել Թեհրանի եւ ողջ երկրի խնդիրների մասին:
Համոզւած լինելով, որ հնարաւոր չէ աչք փակել ամբողջ աշխարհին յուզող կարեւորագոյն հարցերի վրայ եւ զբաղւել միայն տեղականով, մեր մի համարի հիմնական նիւթը եւ շապիկը յատկացրել ենք "Երեխաները եւ ինտերնետը" թեմային, իսկ լինելով նաեւ մշակութային թերթ, չենք մոռացել անդրադառնալ Թումանեանի ծննդեան 140-ամեակին, "Վերվարածներ" հեռուստասերիալին, Ռոստոմ Ոսկանեանի Թեհրան այցելութեանը, եւ Քրիստ Հովուեանի մրցանակ շահած ծաղրանկարին:
"Յոյս"-ը ելնելով այն համոզմունքից, որ իրանահայ թերթերը, անկախ իրենց գաղափարական տարբերու-թիւններից, ունեն մի շարք միանման դժւարութիւններ, որոնք կարելի է ուսումնասիրել եւ յաղթահարել համատեղ ջանքերով, իր մասնակցութիւնն է բերել իրանահայ մամուլի համատեղ ժողովներին, եւ "Արաքս" ու "Լոյս" պարբերականների, "Իրանահայեր" կայքի եւ մի քանի վեբլոգների հրատարակիչների հետ միասին մտքերի փոխանակութիւն է կատարել այդ կապակցութեամբ: Հարկ է յիշեցնել, որ այս հանդիպումներին հրաւիրւում են "Ալիք" եւ "Պայման" թերթերը եւս, որոնք սակայն մինչ օրս չեն մասնակցել:
Անցեալ տարի մամուլի եւ տեղեկատւութեան բնագաւառում մեր համայնքային կեանքում, թէեւ ուշացած, տեղի է ունեցել մի կարեւոր իրադարձութիւն։ Վերջերս Պատգամաւորական ժողովի նիստերը յայտարարւեցին դռնբաց, որով մամուլի ներկայացուցիչները թոյլատրւեցին մասնակցելու նիստերին եւ այդ մասին գրելու իրենց թերթերում: "Յոյս"-ը ընդառաջելով այս որոշումը, ինչպէս ասացինք, հանգամանօրէն անդրադարձել է Մարտի 9-ի նիստին:
Անցեալ տարի իր աշխատանքն սկսեց "Յոյս"-ի կայքը www.hooys.com հասցէով: Մեր երրորդ տարւայ համարների PDF տարբերակը (բացառութեամբ վերջին հինգ համարների, որոնք պարբերաբար կաւելանան արխիւին) կարող էք գտնել կայքի "արխիւ" բաժնում:
Ինչ խօսք, այս բոլորը հնարաւոր է դարձել թերթիս արտօնատէր Լեւոն Ահարոնեանի նիւթական եւ բարոյական հովանաւորութեան, ինչպէս նաեւ աշխատակիցների, խմբագրական կազմի եւ հեղինակների շնորհիւ:
Եւ ահա թեւակոխում ենք "Յոյս"-ի հրատարակման 4-րդ տարին, յուսալով, որ կը կարողանանք շարունակել մեր սկսած ուղին, որն է օգնել՝ ունենալու աւելի ազատ եւ աշխոյժ համայնքային կեանք: