ԹԵՀՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՒՈՐՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ

ԱՒԵԼԻ ԹԱՓԱՆՑԻԿ ԲԻՒՋԷ

 

Ռոբերթ Սաֆարեան

 

 

Բախտի բերմամբ, Պատգամաւորական ժողովի նիստերին առաջին անգամւայ համար մամուլի ներկայացուցիչների ներկայութիւնը զուգադիպեց Թեհրանի Հայոց Թեմի տարեկան բիւջէի քննարկմանը, որը կայացաւ երեքշաբթի, Մարտի 9-ի երեկոյեան, ժամը 6։30-ին։ Որեւէ կառոյցի բուջէն կամ նախահաշիւը միայն տւեալ կառոյցի ծախսերի եւ եկամուտների հաշւարկումը չէ, այլեւ իր խորքում մի տեսակ ծրագիր է։ Իւրաքանչիւր գործ կամ ծրագիր ենթադրում է ինչ-որ ծախսեր ու եկամուտներ, այլ խօսքով՝ ելք եւ մուտք, ուստի Թեմական Խորհրդի ներկայացրած նախահաշւի թւերը իրենց մէջ են արտացոլում այս կառոյցի գործադրած կամ չգործադրած ծրագըրերը, եւ օրակարգի մէջ ներառած աշխատանքները։ Օրինակ՝ պատգամաւորներից մէկը նկատեց, որ տարիքաւորների խնամքին որեւէ գումար չի յատկացւած, որը նշանակում է, որեւէ ծրագիր չկայ այդ ուղղութեամբ, իհարկէ, եթէ այդ յատկացումները նկատի առած չլինեն ուրիշ խորագրի կամ անւան տակ։ Յամենայն դէպս, այս առումով, տարեկան նախահաշւի կամ բիւջէի քննարկումը պատգամաւորական ժողովի կարեւոր նիստերից մէկն է։
Նախքան ժողովում արծարծւած կարեւորագոյն խնդիրներին անցնելը, երկու խօսք Պատգամաւորական ժողովին կից ստեղծւած յանձնաժողովների մասին։ Դրանք մասնագիտական խմբեր են, որոնք գործադիր մարմիններ չեն եւ ստեղծւել են միայն Պատգամաւորական ժողովին ներկայացւելիք խնդիրները նախնական քննարկման ենթարկելու համար։ Իւրաքանչիւր յանձնաժողով իրեն վերաբերող խնդրի շուրջ մանրակրկիտ ուսումնասիրութիւն է կատարում եւ արդիւնքը ներկայացնում Պատգամաւորական ժողովին, հակառակ դէպքում, պատգամաւորները յաճախ կանգնում են բարդ խնդրի առջեւ, եւ պարտադրւած որոշում կայացնում առանց տիրապետելու գործի բոլոր կողմերին։ Հէնց նման բարդ իրավիճակներից խուսափելու համար էր, ինչ նախորդ նըստաշրջանում կեանքի կոչւեցին այս յանձնաժողովները, որոնք աշխատում են խորհրդարանական կոմիսիոնների պէս։ Իրանական 1389 թւականի նախահաշւի կամ բիւջէի քննարկման ժամանակ, երեւան եկաւ տնտեսական եւ բիւջէտային հարցերի յանձնաժողովի դրական դերը։ Երեւի, եթէ չլինէր այդ յանձնաժողովի հետեւողական պահանջը՝ բիւջէի կառոյցի թերութիւնները վերացնելու ուղղութեամբ, թերեւս բիւջէի նախագիծը հաստատւէր ամբողջութեամբ, առանց այն, որ պատգամաւորները իրազեկ դառնային դրա բոլոր մանրամասնութիւններին։
 

Տնտեսական յանձնաժողովի անդամ
Ժոզէֆ Մեհրաբեան

Նախահաշւի կառոյցը անհրաժեշտաբար պիտի փոխւի։ Բաւականին կէտեր կան, որ պարզ չեն։ Մեր պահանջն այն է որ բուջէի ամէն գլխի տեղեկութիւնները հէնց նոյն գլխի տակ լինի։ Տարիներ է, խօսում ենք պաշտօնէութեան ռոճիկների մասին, դեռ լաւ չգիտենք, խօսքը ո՞ր պաշտօնէութեան մասին է։ Խնդիրը թւերը չեն, այլ այն է, որ մենք որպէս պատգամաւոր պիտի իմանանք, որ ասենք երբ 10 միլիոն թուման յատկացւում է այսնինչ տեղ, դա յստակ ինչ ծախսի համար է։

 

Թեմական խորհրդի ֆինանսական հարցերի պատասխանատու Վահիկ Շահնազարեան
Համաձայն եմ նախահաշւի նոր կառոյցի հետ, թէեւ կարծում եմ սա մեծ ծախսերի է նայում։ Սա ամիսը 3-4 միլիոն վարձատրմամբ մի հաշւապահի կարիք ունի։ Պիտի տեսնենք ինչ ենք տալիս եւ դիմացը ինչ ենք ստանում։

 

Նախահաշւի նոր կառոյցի մշակման ծախսը
Նիստի հիմնական նիւթը, կարելի է ասել, տարեկան նախահաշւի նեկայացման կարգն ու կառոյցն էր։ ՊԺ-ի եւ պատգամաւորների հիմնական պահանջն այն է, որ նախահաշիւը ներկայցւի պարզ եւ իւրաքանչիւր ոլորտի ծախսերն ու եկամուտը ներկայացւեն առանձին գլխի տակ. օրինակ՝ դպրոցների շինարարական եւ վերանորոգման ծախսերը ներառւեն կրթական ոլորտում, իսկ եկեղեցիներինը՝ կրօնական ոլորտում, եւ ոչ թէ բոլորը միասին՝ շինարարական ծախսեր խորագրի ներքոյ։ Այսպիսով հնարաւոր կը դառնայ հասկանալ իւրաքանչիւր բնագաւառի ֆինանսական դրութիւնը եւ վերլուծել ընդհանուր նիւթական տենդենցները։ Նախահաշւի ներկայ մշակման մէջ շատ մութ կէտեր կան, որոնց պատճառով պատգամաւորները դժւարանում են արագօրէն պատկեր կազմել նախահաշւի հիմնական գծերի մասին եւ քւէարկել գիտակցաբար։ Նոյն այս պատճառով, ինչու չէ նաեւ նախահաշւի ուշ ներկայացման համար էր, որ պատգամաւոր Ալբերտ Քոչարեանը առաջարկում էր նրա վերջնական վաւերացումը հետաձգել երկու ամսով, եւ այն վաւերացնել միայն այն ժամանակ, երբ կը ներկայացւի պատշաճ կառոյցով։
Թեմական խորհրդի ֆինանսական հարցերի պատասխանատու Վահիկ Շահնազարեանը համոզւած էր, որ թէեւ լաւ է այժմէականացնել նախահաշւի կառոյցը, սակայն դա նայում է մեծ ծախսերի, քանի որ այն պիտի կատարւի մի հմուտ հաշւապահի միջոցով, որը ամսական 3-4 միլիոն կը պահանջի։
ՊԺ-ի տնտեսական յանձնաժողովի անդամները, սակայն, այն կարծիքի էին, որ դա այնքան էլ բարդ հարց չէ։ Ի վերջոյ որոշում կայացւեց, որ հէնց նրանք վերամշակեն այդ կառոյցը, եւ Թեմականը բիւջէն ներկայացնի ըստ իրեն տրամադրւած կառոյցի։
Պատգամաւորների պնդումը բիւջէի կառոյցը առաւել յստակեցնելու եւ ճշգրիտ դարձնելու ուղղութեամբ, վկայում է այն փաստի մասին, որ պատգամաւորներն այսօր աւելի քան միշտ ցանկանում են իմանալ՝ ինչի են ձայն տալիս ու ինչն են վաւերացնում, եւ հրաժարւում են պարզապէս վաւերացման մեքենայի դեր կատարել։
 

Պատգամաւոր Ալբերտ Քոչարեան
Տնտեսական յանձնախումբը բաւականին առաջարկութիւններ է ներկայացրել, դրանց ազդեցութիւնը նախահաշւի մէջ ո՞ւր է։

 

Թեմական Խորհրդի ատենապետ
Այիդա Յովհաննիսեան

Տնտեսական Յանձնաժողովի առաջարկները տնտեսական փրոժէների վերաբերեալ են եղել, որ երբ արդիւնքի հասնեն նրանց ծախսերն ու եկամուտները կը գան նախահաշւի մէջ։

 
Աւելանում է բացը
Ընդհանուր ելքը 3 միլիարդ թումանի շուրջ է, որի շուրջ երկու միլիարդ թումանը ծածկում են եկամուտները, իսկ մէկ միլիարդ թումանից մի քիչ աւելի բաց գոյութիւն ունի։ Թէ ինչպէ՞ս պիտի ծածկել այդ բացը, մի հարց է, որն հաւանաբար կը լուծւի ազգային գոյքերը վաճառելով, կամ ստեղծելով շահաւէտ տնտեսական նախագծեր, որոնց եկամտից հնարաւոր կը լինի հատուցել այն։ Սակայն մինչ այժմ նման նախագծերի մտայղացումները չեն իրագործւել։ Ինչո՞ւ։ Սա այն առանցքային հարցն է, որը պիտի ուսումնասիրի Թեմական խորհուրդը՝ որպէս թեմիս գործադիր մարմին, եւ ինչու չէ, նաեւ Պատգամաւորական ժողովի տնտեսական յանձնաժողովը։
Պատգամաւոր Էմիլ Մնացականեանը, իհարկէ, հաւատացած էր, որ նախահաշւի բացը այդ գումարից շատ աւելի քիչ է, քանի որ ծախսերի մէջ կան գումարներ, որոնք իրական չեն եւ պատճառ են դառնում բացն աւելի մեծ երեւայ։ Նա պահանջում էր նախահաշիւը մօտեցնել իրականին, որպէսզի ճիշտ պատկեր ներկայացւի։
 

Պատգամաւոր Ռոբերտ Մարգարեան
Մենք հէնց հիմա ճգնաժամի առաջ ենք կանգնած։ Եթէ ունենք ամսական պարտադիր վճարումներ, եթէ չունենք եկամուտի վստահելի աղբիւրներ, եթէ ընթացիկ որեւէ շահաւէտ փրոժէ չունենք, եթէ մօտ 1 միլիարդ թումանի բաց ունենք մեր նախահաշւի մէջ եւ միաժամանակ Թունեան դպրոցի շէնքի վերակառուցման մէկ ու կէս միլիարդ թուման ծախսերն ունենք մեր առջեւ, դա եթէ ճգնաժամ չի, հապա ի՞նչ է։

 

 

Թեմական խորհրդի ֆինանսական հարցերի պատասխանատու Վահիկ Շահնազարեան
Այո՛, կայ մուտքի եւ ելքի բաց։ Յաջորդ տարի սա աւելի կը բարձրանայ եւ միւս տարի շատ աւելի։ Նախկինում Թեմականը հասութաբեր փրոժէներ է առաջարկել հէնց էսպէս ընկած կալւածների վերաբերեալ, բայց դժբախտաբար սրանք չեն յաջողել։ Անբարենպաստ տնտեսական պայմանների բերումով կալւածների գներն էլ իջել են։

 
Կրթական ոլորտը գրաւում է ամբողջ բիւջէի կէսը
Բիւջէի ամենախոշոր մասը վերաբերում է դպրոցներին։ Կրթական խորհրդի, դպրոցների եւ մանկապարտէզների ծախսերին է յատկացւում ընդհանուր բիւջէի մօտաւորապէս կէսը։ Դրա պատճառները, ըստ Թեմական Խորհրդի ֆինանական հարցերի պատասխանատուի՝ նախ աշակերտութեան թւի իջնելն է, ապա եւ այն, որ պարտադրւած աւելի շատ պիտի օգտւել մեր ուսուցիչներից։ Յամենայն դէպս, նախատեսւում է, որ դպրոցների վերադասաւորմամբ, նրանց ծախսերը նւազեն, որով եւ փոքրանայ նաեւ նախահաշւի բացը։ Այդ ուղղութեամբ աշխատում է յատուկ յանձնախումբ, որը մինչեւ յառաջիկայ կրթական տարեշրջանը պիտի ներկայացնի իր աշխատանքի արդիւնքը։
 

Տնտեսական յանձնաժողովի խօսնակ
Էդւարդ Ղահրամանեան

Մենք համոզւած ենք, որ նախահաշւի նոր կառոյց մշակելը այդքան էլ բարդ չէ
։

 

ԹՀԹ առաջնորդ
Տէր Սեպուհ Արք. Սարգսեան

Կը շնորհաւորեմ պատգամաւորներին իրենց համբերատար եւ նախանձախնդիր մօտեցման համար ներկայացւած նախահաշւի կապակցութեամբ։ Դա ցոյց կը տայ բարի կամեցողութիւնը ինչ-որ չափով աւանդական մօտեցումներից դուրս գալու եւ որքան հնարաւոր է աւելի արդիականացնելու, աւելի այժմէականացնելու եւ թափանցիկութիւնը աւելիով ներկայացնելու նախահաշիւը։

 


Քահանաներին աշխատավարձ
Այս տարւայ նախահաշւում առաջին անգամ 70 միլիոն թուման նախատեսւել է թեմիս քահանաների ամսական աշխատավարձերի համար։ Իհարկէ ամսական թոշակ ստանալու կողքին քահանաները ունենալու են իրենց նախկին եկամուտների կէսը։ Իսկ այդ եկամուտների միւս 50 տոկոսը, որպէս եկամուտ, պիտի ներառւէր նախահաշւում, որը սակայն չէր նըշւել։ Այս մասին զանազան կածիքներ հնչեցին ժողովում. օրինակ պատգամաւոր Աշոտ Սինանեանը մտահոգութիւն յայտնեց, որ ռոճիկների ցածր լինելու պատճառով կարող է իջնել քահանաների հասարակական վարկը։ Պատգամաւոր Ռոբերտ Մարգարեանը յայտնեց, որ այժմ քահանաները կանոնաւոր ռոճիկ ստանալու դիմաց, պիտի աւելի յստակ պարտաւորութիւններ ու պարտականութիւններ եւս ունենան, օրինակի համար՝ որոշակի ժամերին պարտադիր ներկայ լինեն եկեղեցիներում։
Խնդրայարոյց յատկացումներ եւ չիրականացած եկամուտներ
Բացի վերոյիշեալ հարցերից, նիստի ընթացքում խօսւեց նաեւ որոշ խնդրայարոյց յատկացումների ու ծախսերի մասին, որոնցից մէկը "Պայման" եռամսեայ թերթին յատկացւած օգնութեան գումարի 108 տոկոսանոց աճն էր, որն անընդունելի էր որոշ պատգամաւորների համար։ Թեմական խորհուրդը յայտարարեց, որ "Պայման"-ի նպաստի համար յատուկ առաջարկ ունի, որը կը ներկայացնի յառաջիկայում։ Երկրորդը՝ "Սասուն" փակ բաժնետիրական ընկերութիւնում ներդրման հարցն էր,որը մինչ այժմ որեւէ շահ չի բերել։ Ըստ պատգամաւոր Վահիկ Շահնազարեանի՝ նախատեսւում է, որ միւս տարի շահաւէտ դառնայ։
Հետաքրքիր էր նաեւ իմանալ, որ Թեմական Խորհուրդը դժւարութիւն ունի գանձելու շիրմաքարերի տոկոսը՝ քարտաշ վարպետներից։

Վաւերացում վեց ամսւայ համար
Երբ ժամանակն հասաւ նախահաշւի վաւերացման, որոշման կայացումը՝ երկու ամսով յետաձգելուն կողմ պատգամաւորները միացան՝ այն վեց ամսով վաւերացնելու կողմնակիցներին եւ նախահաշիւը վաւերացւեց վեց ամսւայ համար։ Այլ խօսքով՝ Թեմական խորհուրդը պարտաւորւեց յառաջիկայ Սեպտեմբերի 9-ին ներկայացնել ընթացիկ տարւայ նախահաշիւը՝ նոր ձեւաւորմամբ։

 

Յոյս թիւ 71

7 Ապրիլ 2010