ԱՐՏԱԳԱՂԹԻ ԴՐԱԿԱՆ ԿՈՂՄԸ
"ՅՈՅՍ"-Ի ԹԻՒ 68-ՈՒՄ ՀՐԱՏԱՐԱԿՒԱԾ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ ՊԱՏՐՒԱԿՈՎ
 

Ազատ Մաթեան

 

 

Ինչ-որ փոփոխութիւն է նկատւում իրանահայ վերնախաւում։ Թափանցիկութեան փորձեր են անում նոյնիսկ իշխանութեան ղեկը ամուր բռնած մարդիկ, բայց չգիտես անփորձութեան, թէ համայնքի թերզարգացածութեան պատճառով անկեղծութեան այս խաղը սպառնում է փորձանք դառնալ նրանց գլխին։
Նկատի ունեմ՝ օրինակ Թեհրանի թեմի առաջնորդ Տէր Սեպուհ Արք. Սարգսեանի հարցազրոյցը "Յոյս"-ի թիւ 65-ում եւ դրան յաջորդած յօդւածներն ու կայքէջային բուռն բանավէճերը։ Բայց իմ խօսքը այդ մասին չէ, այլ նոյն թերթի թիւ 68-ում լոյս տեսած մի փոքրիկ, գուցէ եւ աննշան հաղորդագրութեան, որը կրում է.".....պատգամաւորները պատասխանում են ժողովրդին" խորագիրը։ Բայց ինչո՞ւ աննշան, չէ՞ որ ժողովրդի ընտրեալները դէմ առ դէմ հանդիպելու են ժողովրդի հետ եւ ստանձնելու են իրենց պատասխանատւութիւնը։ Ըստ իմ մի անհեթեթ սովորութեան՝ վերնագրից անմիջապէս անցնում եմ վերջին պարբերութեանը եւ ուրախութեամբ տեղեկանում, որ հանդիպումը անցել է կառուցողական եւ դրական մթնոլորտում եւ բոլոր մասնակիցներն էլ այն համոզումն են յայտնել, որ նման հանդիպումները կրկնւեն աւելի յաճախ։ Ահա ձեզ ժողովրդավարութիւն, առաւել եւս, որ ժողովուրդ-պատգամաւոր այս շփումը տեղի է ունենում ոչ այլ տեղ, եթէ ոչ ԻԱՄՄ-ում։ Ուստի տրամադրւում եմ վերադառնալ եւ գրութիւնը կարդալ սկզբից, առանց անդրադառնալու, որ անգիտակցաբար վարդագոյն ակնոցներս փոխարինել եմ սեւով, գուցէ եւ, ո՞վ գիտէ, ես ու իմ նմանները հէնց սեւ ակնոցներով են աշխարհ գալիս, եւ հէնց այդ դժբախտ պատճառով էլ հակւած են ցանկացած կառուցողական ու դրական բան ընկալել աւերիչ ու բացասական գոյներով։
Ծանօթ լինելով ԻԱՄՄ-ի հնարաւորութիւններին, առաջին հարցը որ ծագում է իմ մտքում այն է, թէ ժողովուրդը որտե՞ղ է հանդիպել յարգելի պատգամաւորներին, գուցէ բակո՞ւմ, բայց ճակատի նկարը եւ մանաւանդ T սեղանը այլ բան են ասում։ Հետաքրքրւելով իմանում եմ, որ սրահում ներկայ են եղել շուրջ 30 հրաւիրեալներ։ Այլ խօսքով, եղածը թաղականների մի հանդիպում է եղել, որն ինքնին անվնաս բան կարող է համարւել, բայց հաղորդագրութեան տիտրաժին (վերնագրին) այնքան էլ չի համապատասխանում, ու թերեւս հէնց դա է պատճառը, որ թղթակիցը ներկաների թւի մասին պատշաճ լռութիւն է պահպանել։
Դեհ, տւեալ պարագային ի՞նչ կարեւորութիւն ունի թիւը, որակն է կարեւոր, որն ապահովւած է հրաւիրեալների ցանկով, յետոյ էլ քւէարկութիւն հօ չի լինելու, որ անդամալոյծներին, ցնորւածներին ու անգամ հանգուցեալներին քարշ տանք սնդուկների մօտ։ Միւս կողմից, կարիք չկայ բառին կառչել եւ ժողովուրդ բառը հասկանալ բառացի, սրահում եթէ ժողովուրդ չի եղել, եղել են ժողովրդի ընտրեալները, որոնք իրենց ուսերին են վերցրել վերջինիս բոլոր հոգսերը, այդ թւում նաեւ նրա փոխարէն հարց տալու եւ նոյն այդ հարցերին պատասխանելու ծանր պարտականութիւնը։ Ճիշտ այդպէս էլ մեր իրականութեան մէջ գրողները գրում են ու իրենք էլ կարդում, հռետորները ճառում են ու իրենք էլ լսում, հոգեւորականը քարոզում է ու ինքն էլ...հետեւո՞ւմ է արդեօք իր քարոզներին։
"Արքաներ անժողովուրդ", ասում էր Եղիշե Չարենցը, իհարկէ,չարամտօրէն,իսկ մենք նոյն չարամըտութեամբ աղաւաղելով մեծ բանաստեղծի խօսքը գայթակղւում ենք աւելացնել՝ գրողներ անընթերցող, ճառողներ՝ անունկնդիր, հովիւներ՝ անհօտ, եւ արագօրէն նօսրացող հայաբնակ թաղերին նայելով, նաեւ թաղականներ՝ անթաղ...։ Իսկ եթէ այս շարանը շուռ տանք գլխի վրայ, կը ստացւի անտէր ժողովուրդ։
Երեւոյթը նոր չէ, իհարկէ։ Չմոռանանք, որ Չարենցի խօսքը վերաբերում է ոչ միայն իր ժամանակին, այլ ողջ հայոց պատմութեանը։ Բայց եկէք չմոլորւենք "պատմութեան ոլորապտոյտ ճանապարհներում" եւ գանք մեր կարդացած հաղորդագրութեա-նը։ Կէս էջի մէջ սեղմւած այդ գրութիւնից հասկանում ենք, որ չգիտես քանի ժամ տեւած այդ նիստի ընթացքում արծարծւել են ոչ միայն թաղային, այլ նաեւ համայնքային բազմաբնոյթ խընդիրներ, որոնք յաճախ, ասես ճակատագրականօրէն, յանգել են արտագաղթի հարցին։
Ու մտքիս մէջ ծագում է երկրորդ հարցը, եթէ այդպէս է, ուրեմն ինչո՞ւ հէնց սկզբից հանդիպումը չսկըսեցին օրւայ հարցերի հարցով՝ արտագաղթով։ Այս իմ հարցի պատասխանը ես գտնում եմ յաջորդող տողերում։ Ըստ երեւոյթին "հանդիպմանը հրաւիրւած "ժողովուրդը", որը պիտի որ ընտրած լինէր յարգելի պատգամաւորներին, այնքան էլ պարզ պատկերացում չի ունեցել թէ ինչի՞ է քւէարկում, ուստի կարիք է զգացւել նրան պատկերաւոր ձեւով պարզաբանելու, որ թեմի պատգամաւորական ժողովը, նմանւում է երկրների խորհրդարաններին, այն չնչին տարբերութեամբ, որ ինքը երկիր չէ, եւ որ այդ խորհրդարանն էլ վերջին հաշւով կրօնական իշխանութիւն է։ Ա՛յ քեզ բան, կը բացականչէր հայաստանցին, իսկ ո՞ւր մնաց "Ազգային իշխանութիւն"-ը, որի մահակը տասնեակ տարիներ իջեցնում էիք հէնց նոյն ԻԱՄՄ-ի եւ միւսների գլխին՝ այն չճանաչելու մեղադրանքով։ Ու փորձում եմ ինքս լուծել այս հանելուկը, եւ յանգում եմ այն պարզ եզրակացութեան, որ քանի որ հայ առաքելական եկեղեցին, հակառակ աշխարհի բոլոր միւս եկեղեցիներին, ազգային եկեղեցի է, ուրեմն նրա իշխանութիւնն էլ ազգային իշխանութիւն է, եւ այստեղ ոչ մի հակասութիւն էլ չկայ։ Այնուամենայնիւ այսօր ո՞վ է հարցնում, թէ ե՞րբ եւ ո՞ւմ գլխին փչեց թեմական կառոյցը,որն յամենայն իրաւամբ կրում էր "Համայնքային խորհուրդ" բաւականին համեստ կոչումը, վերակոչել "Ազգային իշխանութիւն" անունով։ Պատասխանը, կարծում ենք, պիտի որոնել հայոց վերջին լեգիտիմ պետութեան ժառանգների՝ սփիւռքում որպէս աքսորեալ ազգային, իսկ ինչո՞ւ ոչ համազգային, կառավարութիւն ներկայանալու ինքնակամ, թէ ի վերուստ ստանձնած առաքելութեան հետ։ Ըստ էութեան կղերակուսակցական կոալիցիոն այդ կառավարութիւնը իր իշխանութիւնը պիտի տարածէր վիրտուալ Հայաստան աշխարհի ու ազգի վրայ, մինչեւ այն երջանիկ պահը, երբ վիրտուալը կը դառնար իրական, եւ աքսորեալը կը վերադառնար ու տէր կը դառնար պապենական ժառանգութեանը։ (Խօսքը, իհարկէ, "Շանթ" հեռուստատեսութեան բոլորովին վերջերս յայտնաբերած "Վիրտուալ Հայաստան աշխարհի" մասին չէ)։ Չմոռանանք նաեւ, որ խաչի եւ սրի այս կոալիցիան գալիս է դեռեւս Ս.Գրիգոր Լուսաւորչից ու Տրդատ թագաւորից, գուցէ եւ նախաքրիստոնէական արքաներից ու քրմապետներից եւ, իր մէջ կրելով բոլոր իշխանական դաշինքներին յատուկ ներքին անդաշնութիւնները, հասել է մեզ, եւ կարելի է ասել, այդ սուրբ դաշինքի արգասիքն է այն, ինչ ունենք ու չունենք այսօր, այդ թւում նաեւ մեր խնդրոյ առարկայ "հիմնականում կրօնական", ուրեմն եւ անհիմն կերպով "ազգային իշխանութիւնը"։ Բայց նորից թողնենք պատմութիւնը եւ վերադառնանք մեր նիւթին։
Այն ընթերցելիս ուղեղումս ծագեց մի այլ, գուցէ եւ միւսներից ոչ պակաս անհեթեթ հարց։ Ի՞նչ է նշանակում իշխանութեան ներկայացուցչի ազգայինից կրօնականին այս նահանջը, երկիր չլինելու այս համեստ, չասելու համար նւաստացնող, խոստովանութիւնը։ Անկեղծ ասած՝ մեր ականջին դա հնչում է որպէս "ժողովրդի" բազում հարցերի, եւ մանաւանդ արտագաղթի ամենասպառիչ պատասխան։ Արտագաղթը եւ այլն ժողովրդի՛ խնդիրներն են, ո՛չ թէ կրօնական իշխանութեան։ Սա, իհարկէ, պարտաւոր է հասկանալ իւրաքանչիւր ողջամիտ մարդ։ Ազգային, թէ կրօնական, այս իշխանութիւնը (դա, արդէն, ներքին խնդիր է, եւ իրենք իշխանաւորներն են որոշում, թէ ով ով է) հօ երկիր չէ, ոչ էլ, մանաւանդ, ամբողջատիրութիւն, որ երկաթեայ վարագոյր քաշի համայնքի շուրջը, ոտնահարելով նրա մարդկային իրաւունքները։ Բայց, վերջապէս, ինչի՞ իշխանութիւն է սա։ Պատասխանը կարող էք գտնել անմիջապէս յաջորդող տողերում։ Հանդիպմանը ներկայ մի այլ յարգելի պատգամաւորի յայտարարութիւնը բերում ենք նոյնութեամբ.
"Արտագաղթը չպիտի դիտել միայն որպէս բացասական երեւոյթ, եւ բացասական կողմերի առկայութեամբ հանդերձ, դա ունի նաեւ դրական հետեւանքներ, օրինակ այն առումով, որ պակսում է համայնքի քանակը, բայց նոյնն են մնում ազգային գոյքերը, որը նշանակում է, ամէն մարդագլխի ընկնում է աւելի մեծ բաժին"։
Գուցէ անհատական մտքի պատահական վրիպում է սա (թոփող), այդ դէպքում կարելի է ներողամիտ ժպտալ եւ անցնել վրայից։ Շատ կուզէինք, որ դա այդպէս լինէր, իսկ եթէ դա իրենից ներկայացնում է մի որոշակի մտայնութի՞ւն, մանաւանդ, որ նման արտայայտութիւններ, այն էլ ոչ վերի պատշաճ եւ ինտելեկտուալ ոճով, եւ ոչ այնքան էլ շարքային մարդկանց շուրթերից առաջին անգամ չէ, որ հասնում են մեր ականջին։ "Թափթըփուկները կը գնան, կը մնայ որակը"։ Բայց մենք կը մնանք հէնց միայն մէջբերւած տողերի սահմաններում եւ կը փորձենք տալ մեր անձնական մեկնաբանութիւնը։
Նախ փորձենք պարզել "ազգային գոյք" հասկացութիւնը։ Դա, յամենայն դէպս, համայնքային գոյք չէ, որովհետեւ համայնքը կոնկրետ մարդկանց ամբողջութիւնն է, իսկ ազգը ընդհանուր գաղափար։ Առաջինը կայ այստեղ եւ հիմա, երկրորդը, գոնէ մեր պարագային, պարզ չէ, թէ որտե՞ղ է եւ ովքե՞ր են նրան ներկայացնում։ Տրամաբանական եզրակացութիւնը մէկ է՝ քանի որ մենք համայնք ենք եւ ո՛չ թէ ազգ, ուրեմն ազգային գոյքը մեզ չի պատկանում։ Միւս կողմից, քանի որ մեր իշխանութիւնը, չգիտես ինչ հիմունքներով "ազգային" է, ուրեմն նոյն տրամաբանութեամբ այդ գոյքը պատկանում է նրան։ Եւ քանի որ, ինչպէս վերը պարզւեց, այդ իշխանութիւնը հիմնականում կրօնական է, ուրեմն ազգային գոյք կոչւածն էլ ոչ այլ ինչ է, եթէ ոչ եկեղեցական գոյք։ Ու, երեւի, կարիք չլինէր այս պարզ ճշմարտութեանը յանգելու համար այսքան բառախաղ անել, եթէ յարգելի պատգամաւորը առաջ քաշած չլինէր այդ գոյքը գլխահաշիւ բաժանելու խնդիրը։
Մենք հասկանում ենք, իհարկէ, որ սա եւս չպէտք է բառացի հասկանալ, պարզ է, որ ազգային-կրօնական իշխանութիւնը մտադիր չէ՛ ազգային գոյքը վաճառել եւ այն գլխահաշիւ բաժանել համայնքի անդամներին, որի դէպքում կարելի էր յուսալ, որ թէ արտագաղթը՝ մինչեւ այդ բաժանումը, դանդաղէր, թէ մեկնածների մի զգալի մասը վերադառնար, եւ թէ ծնելիութեան քանակը կտրուկ աճ արձանագրէր, մանաւանդ նորապսակները հէնց այստեղ զաւակ ունենային եւ ոչ թէ սպասէին, մինչեւ հասնեն աւետեաց ԱՄՆ։ Չէ՛, սիրելի հայրենակիցներ, սխալ չհասկանաք, ո՛չ գոյքը բաժանելու խնդիր կայ, եւ ո՛չ էլ ազգային եկամտից մարդագլուխ մի կլոր գումար վճարելու։ Յարգելի պատգամաւորի ասելով՝ ձեզանից իւրաքանչիւրը հէնց հիմա էլ բեռ էք, բայց ո՞ւմ վզին, երեւակայէք, որ համայնքի միւս անդամների, որովհետեւ, ըստ նոյն աղբիւրի, եթէ դուք բարեհաճէք մեկնել, միւսների բաժինը կաւելանայ, եւ քանի որ բաժանելու խնդիր չկայ, այդ յաւելումը կը մնայ իր իսկական իրաւատիրոջը, այսինքն՝ վիրտուալ ազգին, որը իրապէս գոյութիւն ունի միայն եւ միայն "Ազգային իշխանութեան" ձեւաչափով (հայաստանեան բառ է)։ Ոչի՜նչ, որ ազգային իշխանութիւնը ստիպւած է լինելու աւելի քիչ թւով մարդկանց վրայ ծախսել նոյնքան, եթէ ոչ աւելին, վճարելու նոյն թւով քահանաների եւ ուսուցիչների՝ գանձելով աւելի քիչ թոշակ, ծխական տուրք, աջահամբոյր եւ այլ եկամուտներ։ Դա ընդամենը ժամանակաւոր է, որովհետեւ արտագաղթը անկասկած շարունակւելու է, եւ նրա անմիջական դրական կողմը ծննդեան ու ամուսնութեան վկայագրերի դիմաց գանձւող գումարներն են, իսկ երկարատեւը շօշափելի կը դառնայ այն գեղեցիկ օրը միայն, երբ բոլորը մեկնած կը լինեն, բացի "Ազգային իշխանութիւնից" եւ "Ազգային գոյքից"։ Ուրեմն եթէ մնալու մտադրութիւն ունէք, շտապէք ձեզ համար մի տեղ ապահովել իշխանական աթոռներում, եւ մանաւանդ հրաժարւէք դիմութիւն-ընդդիմութիւն ձանձրալի ու անպտուղ խաղից։ Այս հարցում միասնականութիւնը աւելի ձեռնտու է, միայն զգուշացէք, որ վերջում կոտրւած տաշտակը ձեզ բաժին չընկնի։

1Ձ Մարտ ՁՕ1Օ

 

Յոյս թիւ 71

7 Ապրիլ 2010