ՍՈՒՓԵՐ ՍԹԱՐ-4
ՌԱՅԻՍԱՆ ՓԱՅԼԵՑ

 

Վերջերս հայրենի "Շանթ" հեռուստաալիքից հեռարձակւող "Սուփեր Սթար-4" նախագիծը մեծ եռուզեռ էր առաջացրել իրանահայ համայնքում եւ պատճառը ոչ այլ ինչ էր, եթէ ոչ՝ իրանահայ ծանօթ երիտասարդների՝ Ռայիսա Աւանէսեանի եւ Փարելի Ամիրխանեանի մասնակցութիւնը։ Սա աննախադէպ երեւոյթ էր մեզ համար, որն անկախ տարիքից, սեռից կամ խաւից ու մասնաւոր հետաքրքրութիւններից, իր կողմն էր գրաւել բոլորի ուշադրութիւնը։ Փոքր ու մեծ ուշի-ուշով հետեւում էին համերգներին, եւ իւրաքանչիւր համերգից յետոյ՝ երկուշաբթի-երեքշաբթի օրերը, ամենուր խօսում էին այդ մասին, եւ քննարկում այս կամ այն ելոյթն ու արդիւնքները։ Իրօք, նման երեւոյթ, այսինքն՝ հեռուստատեսային այս կարգի նախագիծ աննախադէպ էր մեզ համար, որի համար պարտական ենք "Շանթ" հեռուստաընկերութեանը, ուր առ ի բախտաւորութիւն մեր, աշխատանքի են անցել նաեւ հայրենիքում հաստատւած իրանահայեր, որը նոյնպէս ողջունելի եւ յուսադրիչ փաստ է մեզ համար։
"Սուփեր Սթար"-ի չորրորդ շրջանը յատուկ էր այն առումով, որ սփիւռքահայերը եւս կարող էին մասնակցել նրան, որը յատկապէս ողջունելի էր համազգային ոգի ստեղծելու ուղղութեամբ` այն էլ ոչ թէ համազգային ողբերգական հարցերի, այլ մի ուրիշ եւ հաճելի առիթով։ Ցաւօք, իրանահայերս զուրկ ենք համազգային այլ նախաձեռնութիւններին՝ օրինակ թելեմարաթոններին մասնակցելու հնարաւորութիւնից եւ նոյնիսկ "Սուփեր Սթար"-ի համար էլ քւէարկել չէինք կարող։ Այնուամենայնիւ դա պատճառ չէր լինում, որ ժողովրդի միջից պակասէր հետաքրքրութիւնը։ "Սուփեր Սթար-4"-ին բնորոշ էր նաեւ մի տգեղ ու տհաճ երեւոյթ, որը առանձին լարւածութեամբ էր լցնում մթնոլորտը։ Մրցակցութիւնն այս անգամ շատ սեղմ էր ու լուրջ, եւ մի տեսակ միջհամայնքային բնոյթ էր ստացել, որն իհարկէ ցաւալի էր։ Ընթացքում լսւեցին նոյնիսկ քաղաքական ընտրութիւններ յիշեցնող "լցոնումների" մասին։ Հնչեցին կոպիտ արտայայտութիւններ ու ճակատներ կազմւեցին։ Իրօք մթնոլորտը խիստ լարւած էր եւ անցանկալի։ Հետեւաբար երբ յայտարարւեց "Սուփեր Սթար-4"-ի անունը, յաջորդ օրը Թեհրանի հայաբնակ թաղերում, հայկական խանութներում ու հաւաքներում ամենուր լսւում էին լուրջ զրոյցներ ու վէճեր այդ մասին, իւրաքանչիւրն իր տեսակէտն էր յայտնում եւ հարցականի տակ տանում արդիւնքի արդարացիութիւնը. մի բան, որն ըստ հէնց "Շանթ"-ի լրատւութեան, այնքան էլ անսպասելի արձագանք չէր մեր համայնքի կողմից։ Ոմանք նոյնիսկ մտածում էին արդիւնքները բողոքարկելու միջոցներ գտնելու մասին։
Իհարկէ, նմանատիպ արձագանքները մասամբ յատուկ են ամէն կարգի մրցութիւններին, յատկապէս երբ դրան հետեւում է նման "սահման չճանաչող" հանդիսատես։ Իսկ այսօր, երբ շաբաթներ են անցել, եւ կրքերն արդէն հանդարտւել են, ամէն ինչ մնացել է ետեւում, եւ եթէ ժամանակին սրտի խորքում ցանկանում էինք մեր հայրենակից կամ այսպէս ասած, համաքաղաքացի Ռայիսա Աւանէսեանին տեսնել Սուփեր Սթարի կոչումով, այսօր դա այլեւս էական նշանակութիւն չունի։ Կարեւորն այն է, որ իրանահայ երիտասարդը փայլեց իր տաղանդով ու մարդկային կերպարով, որը եւ առիթ տւեց մեզ մէկ անգամ եւս հպարտանալու մեր ինքնութեամբ եւ յուսադրւելու նրանով, որ ամէն ինչ չէ, որ կորած է։

Ք.Ա.

 

Յոյս թիւ 71

7 Ապրիլ 2010