"ԱՐՄԱՒԻԱ" ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ ԹԵՀՐԱՆ-ԵՐԵՒԱՆ

ԹՌԻՉՔՆԵՐԻ ՀԱՐՑԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՀՀ ԴԵՍՊԱՆԻ ԵՒ

ԻՐԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻ ՄԻՋԵՒ

 

ՀՀ Վսեմաշուք Նախագահ
Յարգարժան Պրն. Սերժ Սարգսեան

 

Մեր շնորհակալութիւնն ենք յայտնում համայնքիս հարիւրաւոր անձանց միջոցով ստորագրւած եւ Ձեր գրասենեակին յանձնւած խնդրագրի հանդէպ Ձերդ Վսեմութեան դրական արձագանքի առթիւ։
Այդ մասին առաջին տեղեկութիւնն ստացանք Երեւանից՝ հինգշաբթի, Մարտի 11-ին։ Այնուհետեւ ԻԻ Հանրապետութիւնում ՀՀ յարգարժան դեսպան Պրն Գրիգոր Առաքելեանից, որը երեքշաբթի, Մարտի 16-ին հանդիպում է ունեցել Իրանի քաղաքացիական օդանաւային կազմակերպութեան տնօրէն՝ Պրն Ռեզա Նախջեւանիի հետ, եւ այդ հանդիպմանը արծարծւել ու քննարկւել է Թեհրան-Երեւան օդային թռիչքների հարցը, որը պիտի իրականացւի Հայաստանեան օդային "Արմաւիա" ընկերութեան միջոցով։ Բարեբախտաբար, հանդիպումը դրական արդիւնք է ունեցել։ Տեղեկացել ենք նաեւ, որ այս հայկական եւ իրանական օդանաւային ընկերութիւնների պայմանագրի ժամկէտն աւարտւում էր Մարտ ամսի վերջին, որով եւ օդային գիծը ազատւում է տւեալ մենաշնորհումից։
Նախ եւ առաջ ես, որ պատասխանատւութիւններ ունեմ երկու Հանրապետութիւնների տնտեսական ու հանրային յարաբերութիւններում ու տարբեր կազմակերպութիւններում, եւ լաւատեղեակ եմ այդ մենաշնորհման քայքայիչ ու վնասակար դերին, մեր հաստատութիւնների անունից շնորհակալութիւն եմ յայտնում իրանահայ համայնքին՝ ապօրինի մենաշնորհութեան հանդէպ միասնական բողոք ներկայացնելու առթիւ, որը միմիայն ընդգրկում էր օդանաւային երկու ընկերութիւնների անձնական շահերը։
Հայկական օդանաւյին ընկերութեան ուշադրութեանը պիտի յանձնեմ, որ օդային թռիչքների սպասարկումը չի կարող եւ չի կարելի անձնական շահերին ծառայեցնել, քանի որ առաջին հերթին այդ թռիչքներից օգտւում են երկու երկրների ժողովուրդները, ապա նաեւ այդ երկրների վաճառականութիւնն ու զբօսաշրջութիւնը, բազմաթիւ պահանջւած կարիքներին գոհացում տալու փոխադարձ այցելութիւնների ընթացքին։ Ուստի եւ չի կարելի մարդկանց պարտադրել, որ օգտւեն միայն մի տեսակ հին ու անորակ օդանաւերից։
Հայաստանի օդանաւային "Արմաւիա" ընկերութիւնը պիտի նկատի ունենայ, որ Աստւած մի արասցէ, եթէ նորից մի պատահար տեղի ունենայ, իր իրաւունքները վաճառւելու դէպքում յիշեալ ընկերութիւնը կը վերածւի հակաժողովրդական մի օրգանի, եւ մեղսակից կը դառնայ Հայաստանի շահերին հակադրւող ու յանցագործ մի ընկերութեան։
Դուք օդանաւերի սեփականատէրն էք. սակայն մի մոռացէք, որ օդանաւերից օգտւողները երկու երկըրների ժողովուրդներն են, որոնց իրաւունքները չի կարելի անտեսել անձնական շահերի համար։

Լեւոն Ահարոնեան

 

Յոյս թիւ 71

7 Ապրիլ 2010