ՍԱՍՈՒՆՑԻՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԻՐԵՆՑ ՊԱՏԳԱՄԱՒՈՐՆԵՐԻ ՀԵՏ

 

Ռոբերթ Սաֆարեան

 

Քիչ էին եկել սասունցիները։ Կիրակի Փետրւարի 28-ի երեկոյեան կայացաւ ԹՀԹ Պատգամաւորական Ժողովի Սասուն (Նարմաք) քաղաքամասի պատգամաւորների եւ այդ հայաշատ թաղի բնակչութեան հանդիպումը, որին, ցաւօք, քիչ էր ընդառաջել ժողովուրդը. դա էին վկայում կիսադատարկ սրահը եւ պարապ աթոռները։ Այնուամենայնիւ, նրանք, ովքեր եկել էին, բոլորը, թէ՜ պատգամաւորները, որոնք եկել էին զեկուցելու եւ պատասխանելու, եւ թէ՜ ժողովուրդը, որ եկել էր լսելու եւ հարցնելու, գոհ էին, որ այդպիսի հանդիպում էր կայացել, որը եթէ չասենք աննախադէպ, բայց եւ այնպէս, հազւադէպ երեւոյթ է մեր համայնքային կեանքում։
Ընդհանուր առմամբ պէտք է խոստովանել, որ երեք ժամ տեւած այդ հանդիպմանը ներկայ լինելով, հնարաւոր էր միանգամայն պատկերացում կազմել թէ ինչպիսի խնդիրների առջեւ է կանգնած իրանահայութիւնը եւ ինչ միջոցների է դիմելու իր հարցերը լուծելու համար։
Սկզբում ՊԺ-ի ատենապետ Գէորգ Աբուլեանը, որը նաեւ թաղամասի պատգամաւորներից է, ընդհանուր զեկոյց ներկայացրեց այն մասին թէ քանի նիստ է ունեցել Պատգամաւորական ժողովը եւ ինչ կազմակերպչական հարցեր են քննարկւել այդ ընթացքում, բայց աւելի կարեւորն այն հարցին, թէ ինչու Թեմական խորհրդից որեւէ մէկը չէր ներկայացել այդ հանդիպմանը։ Դրա պատճառը, ըստ երեւոյթին, այն էր եղել, որ ուշ էին տեղեկացրել Թեմական խոր- հըրդին։ ԹՀԹ Թեմական խորհրդի անդամների ներկայութիւնը նման հանդիպումներին կարեւոր է այն առումով, որ նրանք որպէս գործադիր մարմին աւելի տեղեակ են ընթացիկ գործերի մանրամասն հանգամանքներին, եւ բնականաբար աւելի լաւ կարող են պատասխանել ժողովրդին յուզող հարցերին։ Յայմենայն դէպս, թեմական խորհուրդը բացակայում էր, եւ մեզ մնում է միայն յուսալ, որ միւս հանդիպումներին նրանք ներկայ կը լինեն։ Առիթներ դեռ կը լինեն. չէ՞ որ հանդիպման աւարտին պատգամաւորները խոստացան, որ տարին մի քանի անգամ այցի կը գան թաղի ժողովրդին։
Պատգամաւոր դոկտ. Ռուբիկ Սարդարեանը ներկայացրեց ՊԺ-ի հասարակական յանձնաժողովում քննարկւած հարցերի մասին, որով ներկաները տեղեկացան, որ այդ յանձնաժողովը աշխատում է արտագաղթի եւ թաղի տարիքաւորների հարցերը լուծելու ուղղութեամբ։ Հետաքրքիր էր իմանալ յատկապէս այն մասին, որ մեր Ազգ. իշխանութիւնը մտադիր է Հայաստանում բնակարաններ կառուցելով ու դրանք յարմար գներով իրանահայերին տրամադրելով, արտագաղթի ուղղութիւնը թեքել դէպի Հայաստան։
Պատգամաւոր Վահէ Բաբայեանը կրթական յանձնախմբի կողմից զեկուցեց, որ Սրբազան Հայրը եւ յանձնախմբի անդամները հանդիպում են ունեցել երկրի ուսումնադաստիարակչութեան նախարարութեան հետ, ուր արծարծել են այդ բնագաւառում համայնքի պահանջները՝ դասագրքերի վերանայման հարցը, յատկապէս սոյն նախարարութեան կողմից դպրոցներին տրւած կրօնի (Ադեան ) գրքի դասաւանդման դադարեցումը, եւ հայկական դպրոցների երկսեռ դառնալը։ Սրանցից բացի ազգային մարմինները զբաղւած են դպրոցների վերադասաւորման գործով։ Ի՞նչ է նշանակում դա։ Պատասխանը կարելի է տալ թւերով՝ այսօր ունենք 3400 աշակերտ եւ շուրջ քսան դպրոց։ Միջին հաշւով ամէն դըպրոցին ընկնում է 170 աշակերտ, մինչդեռ պարզ է, որ այդ դպրոցները չեն կառուցւել այդ քանակի աշակերտութեան համար։ Ուրեմն, ի՞նչ պիտի անել։ Ինչպէ՞ս պիտի հայ աշակերտութեանը բաժանել աւելի քիչ թւով դպրոցների մէջ, եւ միաժամանակ նկատի առնել նաեւ երթեւեկութեան եւ տուն-դպրոց հեռաւորութեան խնդիրը։
Բիւջետային հարցերի մասին զեկուցեց պատգամաւոր Ժոզէֆ Մեհրաբեանը։ Հետաքրքիր հարցեր էին շօշափւում նրա զեկոյցում. աշխատանք է տարւում բիւջէի յատկացումները աւելի մանրամասնել, որպէսզի հնարաւոր դառնայ վերահսկողութիւնը։ Ձեւեր գտնել այն աւելի թափանցիկ դարձնելու համար։ Իսկ ներկաներից մէկի հարցին, թէ արդեօք ազգային իշխանութիւնը նպատակ չունի՞ ֆինանսական ելումուտի հաշւեկշիռ(բիլան) ներկայացնել ժողովրդին, նա պատասխանեց՝ առայժմս ո՜չ, յետոյ գուցէ մտածեն դա ներկայացնել որոշ շրջանակների, ասենք միութիւնների եւ ...։ Այդ յանձնաժողովում քննարկւել է նաեւ բուժարանի ոչ շահաւէտ լինելու հարցը, եւ հնչել առաջարկութիւններ բուժարանի առնւազն ֆինանսապէս ինքնաբաւ դարձնելու համար։ Այս կապակցութեամբ իհարկէ բուժարանի պատասխանատուներից որոշները, որոնք ներկայ էին հանդիպմանը, բացատրութիւններ տւեցին։ Ըստ նրանց բուժարանը աշխատել է ինքնաբաւ, եւ խնդիրը աւելի շուտ վերադառնում է մի շարք հաշւապահական թիւրիմացութիւնների։
Պատգամաւոր Գուրգէն Յարութիւնեանը, որն ի դէպ ժամանակին սովորել է Թունեան դպրոցում, մանրամասն ներկայացրեց այդ դպրոցի շինարարութեան ձգձգման պատճառները, շեշտելով, որ այժմ Թունեան-ից Նայիրի դպրոցի հին շէնքը փոխադրւած աշակերտութիւնը տեղաւորւել են այդ դպրոցի նոր շէնքում, եւ այդ առումով այլեւս երեխաների բարեկեցութեան մասին մտահոգւել պէտք չէ։
Ընդհանուր առմամբ ժողովրդի կողմից առաջադրւած հարցադրումները համարեա բոլորը վերոյիշեալ թեմաների շուրջ էին, որոնց կապակցութեամբ պատգամաւորներից պահանջւում էր աւելի մեծ ուշադրութիւն։ Ժողովրդի հարցերին պատասխանեցին նաեւ պատգամաւորներ Ալվարդ Այդինեանը, Արմէն Բէգլարեանը եւ Հայկազ Շիրւանեանը։ Պատգամաւորներից երկուսը բացակայ էին, իսկ ներկաներից երեքը բառ անգամ չարտասանեցին։
Ժողովն արդէն աւարտւում էր, երբ ներկաներից մի տիկին շատ յուզւած խօսեց երիտասարդութեան ցաւալի վիճակի, յատկապէս նրանց հոգեկան բարդութիւնների մասին եւ իր հարցն ուղղեց պատգամաւորներին, թէ այդ ուղղութեամբ որեւէ բան անելու ծրագրեր ունե՞ն։ Բոլորն էլ հաստատեցին, որ շատ ճգնաժամային եւ անմխիթար է մեր երիտասարդութեան վիճակը սակայն, ցաւօք, քանի որ հանդիպման համար նախատեսւած ժամանակն արդէն սպառւած էր, հնարաւոր չեղաւ մանրամասն իմանալ, թէ որոնք են երիտասարդութեան հարցերը։ Բայց յանկարծ բոլորս նկատեցինք, որ սրահում երիտասարդներ համարեա թէ չկային։

 

Յոյս թիւ 70

10 Մարտ 2010