ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՄ ՅԵՂԱՓՈԽՈՒԹԵԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԸ
ԹԵՀՐԱՆԻ ԷՆՂԵԼԱԲ ՀԻՒՐԱՆՈՑՈՒՄ

 

Անդրանիկ Սիմոնեան

 

Արդէն ամենամեայ գեղեցիկ աւանդոյթ է դարձել այն հիւրասիրութիւնը, որ Մշակոյթի եւ Իսլամական առաջնորդութեան նախարարութիւնը կազմակերպում է իսլամական յեղափոխութեան տարեդարձի օրերին եւ որը նւիրւած է Իրանի կրօնական փոքրամասնութիւնների հոգեւոր եւ աշխարհիկ ներկայացուցիչների հետ նախարարի ու նրա բարձրաստիճան պաշտօնեաներից որոշակի խմբի հանդիպմանը։
Այս տարւայ Էսֆանդ ամսի 4-ի երեկոյեան, այսինքն 2010 թ. Փետրւարի 23-ի օրը Թեհրանի Էնղելաբ հիւրանոցում կայացաւ յեղափոխութեան յաղթանակի 31-ամեակին նւիրւած հանդիսութիւնը։
Հանդիպումը նախարարի բացակայութեամբ գլխաւորում էր մշակութային աշխատանքների գծով փոխնախարար՝ Մոհսէն Փարւիզը։ Մշակութային աշխատանքների եւ համագումարների բաժնի վարիչ դոկ. Մոհամադռեզա Վասֆին, կրօնական փոքրամասնութիւնների օղակի վարիչ Սաիդ Թաղաւին եւ ներքին գործերի նախարարութեան քաղաքական առաջին բաժանմունքի ղեկավար Մոլաւին նաեւ իսլամի ու այլ կրօնների երկխօսոութեան եւ սերտացման համաշխարհային խորհըրդի պատասխանատու այաթոլլահ Թասխիրին ծրագրի հիւրընկալ կազմն էին ներկայացնում։
Հրաւիրեալների թւոմ կրօնական չորս փոքրամասնութիւնների հոգեւոր, ազգային, հասարակական եւ հրատարակչական եւ մամլոյ կառոյցների պատասխանատուներն էին, Իսլամակամ խորհրդարանում նրանց պատգամաւորները եւ բազմաթիւ գործիչներ։
ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելեանը յատուկ հիւրի կարգավիճակով էր մասնակցում այդ ընդունելութեանը, որի ընթացքում Էդիկ Թամրազեանի ղեկավարած Զւարթնոց երգչախումբը Իրանի հիմնի եւ յեղափոխական երգերի կատարմամբ բարձր տրամադրութիւն ստեղծելով, ներկաներին մտովի տեղափոխեց յեղափոխութեան յաղթանակի նախնական օրերը։
Օրւայ ծրագրի բեմավարը խօսքաշէն ու լուսամիտ մի երիտասարդ էր, որն առաջինը յիշեց եւ ներկաներին ծանօթացրեց հանրայայտ դոկտոր Ալենուշ Տէրեանին՝ Իրանի առաջին աստղագէտ-ֆիզիկոս կնոջը, որը անւաթոռով էր ներկայացել եւ ներկաների կողմից ընդունւեց մեծ ոգեւորութեամբ ու ցընծութեամբ։
Նախարարութեան բարձրաստիճան պաշտօնեայ Փարւիզ Դաւուդիի բացման խօսքից յետոյ ելոյթով հանդէս եկան՝ Իսլամական խորհրդարանում Իսֆահանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բէգլարեանը, իրաւաբան Յովիկ Բեհբուն։ Արտայայտւելու հնարաւորութիւն ստացան հայ, զրադաշտական, ասորի եւ հրեայ գործիչներ՝ հիմնականում հոգեւորականներ։ Յատկապէս ուշադրութեան արժանացան նահանգներից ու շրջաններից Թեհրան ժամանած անձինք։
Ռոբերտ Բէգլարեանը, որպէս փոքրամասնութիւնների պաշտօնական բանախօս շնորհաւորեց յեղափոխութեան տարեդարձն ու խօսեց իրանցի՝ բոլոր կրօններին ու ազգութիւններին պատկանող մարդկանց համերաշխ կեանքի ու դժւարութիւնները համատեղ կրելու արժանիքի մասին։
Յովիկ Բեհբուն, որպէս օրւայ յատուկ բանախօս ծաւալւեց իր մասնագիտութեան, իրաւական հարցերի ու օրէնսդրական դաշտում նկատւող բացթողումների մասին, որոնք անհրաժեշտաբար եւ շտապ կարգով պէտք է սրբագրւեն։ Յատկապէս ուշադրութեան առարկայ դարձաւ Ղեսաս-ի օրէնքի միակողմանի կիրառումը իսլամ տարրի օգտին եւ այն բացայայտ խտրականութիւնը, որ այդ ուղղութեամբ գոյութիւն ունի կրօնական փոքրամասնութիւնների նկատմամբ։ Նա որպէս օրինակ անդրադարձաւ Եփրեմ Խանի ու նրա համհարզների ու զինւորների ու զինակիցների մասնակցութեանը, Իրանի Սահմանադրական շարժման մէջ եւ բողոքի խօսք ուղղեց վերջերս մի հեռուստածրագրում նրա հասցէին հնչած մեղադրականի դէմ։
Բեհբուի բովանդակալից խօսքից յետոյ, այլ ելոյթներ եւս եղան։ Խօսեցին նաեւ բազմաթիւ պարսիկ՝ յատկապէս հոգեւորական գործիչներ։
Վերջում կազմակերպւած ընթրիքից յետոյ, մշակոյթի ու առաջնորդութեան նախարարութիւնը ներկաներին հիւրասիրեց նաեւ հոգեւոր սննունդով եւ նրանց նւիրեց գրքեր ու դրանով հրաժեշտ տւեց հրաւիրեալներին։

 

Յոյս թիւ 70

10 Մարտ 2010