ՀՅԴ-Ի ՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ ԹՀԹ-ՈՒՄ


Ռ. Սարդարեան
ԹՀԹ-ի Պատգամաւորական Ժողովի անդամ


Թեհրանի Հայոց Թեմի բարձրագոյն մարմինը Պատգամաւորական Ժողովն է (ՊԺ), որը ընտրւում է ժողովրդի ուղիղ քւէարկութեամբ՝ չորս տարին մէկ: ՊԺ-ն օրէնդիսիր մարմին է եւ միաժամանակ ընտրում է Թեմակալ առաջնորդ, Կրօնական ու Թեմական խորհրդներ ու թեմի հաշ-ւեքննիչ մարմին: ՊԺ-ն ունի վերահսկիչ հանգամանք սոյն մարմինների գործունէութեան բոլոր ասպարէզներում: Թեմական Խորհուրդը ընտրւում է երկու տարին մէկ եւ հանդիսանում է համայնքի բարձրագոյն գործադիր մարմինը, ունի իշխանութիւն Թեմի բոլոր կալւածների, հարստութիւնների ու ազգապատկան հաստատութիւնների վրայ, պետութեան մօտ ներկայացնում է հայ համայնքը եւ ունի իր ազդեցութիւնը եւ որոշիչ դերը: Այսպիսով ակնյայտ է ԹԽ-ի կարեւորութիւնը:
ՀՅԴ-ն ձգտել եւ հինգ տասնեակից ի վեր է ինչ իրականացրել է իր հակակշռի տակ առնել իրարայաջորդ Թեմական Խորհուրդներին:
ԹԽ-ի ընտրութիւնների շեմին կուսակցութիւնը ՊԺ-ից դուրս իր կուսակցական մարմինների միջոցով նշանակում է իր ցանկացած մարդկանց ԹԽ-ի կազմում անդամակցելու համար, միաժամանակ ճշտում ապագայ նախագահին ու այլ պաշտօնեաններին: Իսկ ՊԺ-ի պաշտօնական նիստում իր համակիրների հետ միասին քւէարկում եւ օրինականացնում է այդ նշանակումը: Կուսակցութիւնը, ունենալով քւորող պատգամաւորների մեծամասնութեան քւէները, ԹԽ-ների ընտրութիւնների ընթացքում միշտ կիրառել է վերը նշւած գործելաոճը:
Սակայն ինչպէս է, որ կուսակցութեանն յաջողւում է ՊԺ-ում յաճախ ձեռք բերել մեծամասնութեան քւէները:
ՊԺ-ի պատգամաւորների թիւը 56 հոգի է: Նրանցից 7-ը հոգեւորականներ են, որոնք ընտրւում են Թեմի հոգեւորականների, այլ ոչ թէ ժողովրդի միջիցով: Հոգեւորականները Թեմակալ առաջնորդ Տ.Սեպուհ Արք. Սարգսեանի գլխաւորութեամբ միասնականութեան ու համերաշխութեան ջատագովներ են, սակայն կուսակցութեան ուղղակի կամ անուղղակի ճնշման ներքոյ չեն կարողանում արտայայտել իրենց ինքնուրոյն կամքը: Պատգամաւորների համարեա 30 տոկոսը կուսակցականներ են, որոնք կամայ թէ ակամայ իրեց ձայնը տալիս են կուսակցութեան որոշումներին: Որոշակի թւով ոչ կուսակցական պատգամա-ւորներ ինչ-որ ձեւով կախման մէջ են կուսակցութիւնից. ազգային հաստատութիւններում աշխատող պաշտօնեանները ունեն աշխատանքի պահպանման խնդիր, ոմանք էլ ցանկանում են ամուր պահել բախտի քմահաճոյքով ձեռք ձգած հասարակական դիրքը, մի այլ խումբ ձգտում է եղած մորթուց մուշտակ վաստակել, ուստի ...
Պատգամաւորական Ժողովի անդամների 20 տոկոսը ոչ դաշնակցական՝ անկախ պատգամաւորներ են, որոնք ամենագործունեան են աշխատանքներում, ունեն սեփական հայեացքներ, ունակ են կատարել ճիշտ վերլուծութիւններ ներկայացնում են գործնական առաջարկներ ու լուծումներ, մասնակցում են տարբեր յանձնաժողովների աշխատանքներին:
Վերջին մի քանի տարիներում այս պատգամաւորների ջանքերի նաեւ հասարակական կարծիքի ճնշման, ինչու չէ, նաեւ որոշ ողջախոհ դաշնակցականների ցանկութեամբ կուսակցութիւնը մասամբ համաձայնւեց, որ մէկ կամ երկու այլախոհներ, որոնք կարժանանան կուսակցութեան հաւանութեանը, դառնան ԹԽ-ի անդամ: Այս միտումը դէմ առաւ որոշ աւանդապաշտ կուսակցականների չկամութեանը: 2007թ. ընտրութիւններում երկու այլախոհներ ներգրաւեցին ԹԽ-ի կազմում, որը դրական արտացոլում գտաւ համայնքում միասնականութիւն հաստատելու ուղղութեամբ:
2009 թւականի ընտրութիւնների ընթացքում, երբ մերժւեցին առաջադրւած այլախոհ երկու թեկնածուների անունները քւորումի ցանկում ներառելու առաջարկը: Որպէս բողոք քւէատուփում յայտնւեցին 20 տոկոս սպիտակ քւէաթերթիկներ, որը եւ շփոթ եւ իրարանցում ստեղծելուց բացի, ապշեցրեց որոշ յամառ դաշնակցականների, ինչպէս նաեւ պետութեան ներկայացուցիչներին, ո-րոնք որպէս դիտորդ ներկայ էին ընտրութիւններին:
2011 թ. Մայիսին՝ Թեմական Խորհրդի ընտրութիւնների նախաշեմին, իշխանական բերդի շատ փոքր բացւած պողպատեայ դարպասի արանքից կուսակցութեան եւ այլախոհների միջեւ տեղի ունեցաւ շշուկի մակարդակը չանցնող երկխօսութիւն: Այն իրականացաւ ոչ կուսակցական պատգամաւորերի յորդորներով ու կուսակցութեան նախաձեռնութեամբ, հեռակայ կարգով ու միջնորդների միջնորդութեամբ: Կուսակցութեան ցուցադրած հազիւ նշմարելի "կանաչ" լոյսի շնորհիւ այլախոհները ԹԽ-ին անդամակցելու նպատակով ներկայացրին երկու փորձառու ու բանիմաց անհատներ, որոնք մերժւեցին կուսակցութեան կողմից՝ "անձնական խնդիրներ ու բնաւորութեան գծեր"-ի սին մեղադրանքով:
Հետաքրքիր է, երբ Հայաստանում, ուր ՀՅԴ-ն մեծամասնութիւն չի կազմում եւ հանրային քւէարկութիւններում ստանում է ձայների ընդամէնը 5 տոկոսը, կուսակցութեան ղեկավարութիւնն ու նրանց մամուլը դեմոկրատիայի կողմնակից ու կրող են ձեւանում, սակայն մեզ մօտ ընթանում է ճիշտ հակառակը: Նրանք Հայաստանում ջատագովներ են ժողովրդավարութեան ու ազգային միասնականութեան, սակայն իրենց գաղափարակիցները Իրանում չեն հանդուրժում, որ 11-հոգանոց Թեմական Խորհրդի կազմում 2-3 տեղ անկախ անձնաւորութիւններ զբաղեցնեն:
2-3 հոգի անկախ անձնաւորութիւնների ներկայութեան հանդուրժելը համայնքի գործադիր մարմնում կարող է պատճառ դառնալ, որ համայնքի բոլոր մարզամշակութային միութիւններն ու հասարակական խաւերը յաճախ միասնական հանդէս գան եւ համայնքային հարցերը լուծելու ուղղութեամբ օգտագործւեն համայնքի պոտենցիալ բոլոր ուժերը:
Արդեօ՞ք մեր 100-ամեայ կուսակցութիւնը, որի ներազգային քարոզչութեան հիմնական կռւաններից "միասնականութեան" քարոզումն է, չպէտք է հանդուրժի "բոլոր կողմերի մասնակցութիւնը ազգային հասարակական կեանքում" սկզբունքը, թէ դեռեւս մտածում են, որ իրենց շարքերից ու համակիրներից դուրս այլեւս ոչ մի ուժ կամ միտք գոյութիւն չունի: Արդեօ՞ք կուսակցութիւնը դեռ պահպանում է դեմոկրատիայի մասին իր հին հասկացողութիւնն ու մտածելակերպը, թէ՞ յաւակնում է քանի դեռ իրենք մեծամասնութիւն են, ինչ ուզեն՝ կանեն ու կարող են ոտնահարել փոքրամասնութեան ի-րաւունքները: Կուսակցութեան ղեկավարներին առաջարկում ենք վերանայել իրենց մօտեցումները դեմոկրատիայի հիմունքների վերաբերեալ եւ մեղմել իրենց վարած քաղաքականութիւնը: Մեր համայնքի շահերի համար անհրաժեշտ է ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆ ոգի:

26.05.2011-Թեհրան

 

Յոյս թիւ 99

1 Յունիս 2011