ՀԻՆԳ ՄՈԴԵԼ ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԸՆՏՐՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ
 

Ալբերթ Քոչարեան
ԹՀԹ Պատգամաւորական Ժողովի անդամ


Ինչպէս արդէն գիտենք, Թեհրանի հայկական համայնքում տեղի են ունենում երկու կարեւոր ընտրութիւններ, որոնց միջոցով համայնքի անդամները կարող են մասնակցել եւ քւէարկել իրենց նախընտրած թեկնածուներին. առաջինը՝ Իրանի խորհրդարանի ընտրութիւններն են, ուր Թեհրանի եւ Ատրպատականի համայնքները ունեն մէկ ներկայացուցիչ, երկրորդը` Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի ընտրութիւններն են:
Պատգամաւորական ժողովը (ՊԺ), որը համայնքի բարձրագոյն օրէնսդիր մարմինն է համարւում, բաղկացած է 56 պատգամաւորներից, որոնք ընտրւում են քառամեայ շրջանի համար: Սակայն կայ մի երրորդ ընտրութիւն եւս, որը նոյնքան եւ միգուցէ աւելի կարեւոր է, սակայն աւելի քիչ է ուշադրութեան արժանանում. դա Թեմական խորհրդի ընտրութիւնն է: Թեմական խորհուրդը համայնքի բարձրագոյն գործադիր մարմինն է, որը իրականում վարում է համայնքի բոլոր առօրեայ գործերը՝ կրթական, նիւթական, դատական, եւ այլ բնագաւառներում, եւ որի միջոցով է իրագործւում համապատասխան մարմինների ո-րոշումները եւ տնօրինւում համայնքի ազգային հարստութիւնն ու ֆինանսական ելումուտը: Թեմական խորհուրդը ընտրւում է երկու տարւայ համար, Պատգամա-ւորական ժողովի միջոցով, որի յաջորդ ընտրութիւնը ի դէպ կայանալու է շուտով:
Թեհրանի Հայոց Թեմի կանոնադրութեան համաձայն Թեմական խորհուրդը բաղկացած է 9-13 անդամներից, որոնք ընտրւում են թեմի Պատգամաւորական ժողովի կողմից, երկու տարւայ ժամանակաշրջանի համար: Թեմական խորհրդի կազմի ընտրութիւնների հետ միաժամանակ ընտրւում են նաեւ երեք անձնափոխանորդներ: Ընտրութիւնները կատարւում են թեկնածուների առաւելագոյնը երկպատիկ ցանկի հիման վրայ՝ գաղտնի քւէարկութեամբ, ՊԺ-ի պաշտօնական նիստում, որը կազմւում է անդամների պարզ մեծամասնութեամբ, այսինքն՝ կէս գումարած մէկի ներկայութեամբ:
Թեմական խորհրդի իւրաքանչիւր անդամ առաւելագոյնը երկու շրջան, այսինքն՝ չորս տարի, կարող է անընդմէջ անդամակցել այդ խորհրդին: Նախատեսւած է նաեւ, որ իւրաքանչիւր թաղ ներկայացուցիչ ունենայ թեմական խորհրդի կազմի մէջ, քանի որ իւրաքանչիւր քաղաքամաս իր իւրայատուկ խնդիրներն ունի, որին պիտի ծանօթ լինեն թեմականի անդամները:
Իսկ որո՞նք են թեմական խորհրդի ընտրութեան ներկայ ձեւի խնդիրները:
Թէեւ պատգամաւորները հնարաւորութիւն ունեն մինչեւ վերջին պահն իրենց ցանկացած թեկնածուներին առաջադրել, սակայն ակնյայտ փաստ է, որ մինչ այդ արդէն կայ մի ցանկ, որի մասին խորհրդակցութիւններ են ընթացել, եւ նոյնիսկ դիմել են այնտեղ նշւած մարդկանց, եւ ձեռք բերել նրանց համաձայնութիւնը՝ թեմական խորհրդին մասնակցելու համար, այսինքն՝ նախքան ՊԺ-ի նիստը այդ ցանկն արդէն կազմւած է: Այս եղանակով, այնպէս է ստացւում, որ մեր համայնքում գործող միակ կուսակցութիւնը հնարաւորութիւն է ունենում իր որոշիչ դերն ունենալ թեմականի կազմի ընտրութեան գործում: Աւելի պարզ կարելի է ասել, փաստօրէն այդ կուսակցութիւնն է, որ ընտրում ու նշանակում է մեր թեմական խորհրդի անդամներին: Այսպիսով Պատգամաւորական ժողովում տեղի ունեցած ընտրութիւնը համարեա ձեւական բնոյթ է ստանում, եւ պատգամաւորների գերակշռող մասը նախապէս տեղեակ է այդ ցանկի մասին եւ նախապէս գիտի, որ ում պիտի ձայն տայ: Արդիւնքում այս խորհրդի աթոռները վերապահւում են որո-շակի անձանց համար եւ համայնքի շատ կարող ու մասնագէտ անձինք, որոնք կարող են լաւագոյնս ծառայել ազգային մարմիններին, զրկւում են ընտրւելու հնարաւորութիւնից: Իհարկէ կուսակցութիւնն իր ցանկը պատրաստելիս, ինչ-որ խորհրդակցական երկխօսութիւններ է ունենում մեր համայնքում գործող ընդդիմախօս խմբակցութիւնների հետ, եւ նրանցից եւս մէկ-երկու հոգի ներառում է իր ցանկի մէջ. Օրինակ ԻԱՄՄ միութեան կողմից էլ երբեմն մարդիկ կան Թեմական խորհրդի կազմում: Դա իհարկէ դրական առաջխաղացում է, սակայն ոչ բաւարար, քանի որ ընտրւելու իրաւունքից դեռ զրկւած են մնում շատ խմբակցութիւնների ու միութիւնների անդամներ, ինչպէս նաեւ այն անկախ մարդիկ, որոնք որեւէ խմբակցութեան անդամ կամ հետե-ւորդը չեն, եւ որոնց թիւը մեր համայնքում քիչ չէ: Մարդիկ որ պարզապէս ցանկանում են ծառայել մեր ազգային մարմիններում:
Ընտրութիւնների նման եղանակը ունի նաեւ մի այլ բացասական հետեւանք: Երբ մի մարմին ընտրւում է ինչ-որ կառոյցի կամ կազմակերպութեան կողմից, բնականաբար ընտրւած մարմինը պատասխանատու է նրան, մի խօսքով ձգտում է այդ կառոյցի կամ կազմակերպութեան շահերը պաշտպանել: Այսինքն, երբ Թեմական խորհուրդը ուղղակի ժողովրդի կողմից, կամ նոյնիսկ նրա կողմից ընտրւած պատգամաւորների միջոցով չի ընտրւում, գործնականում իրեն պատասխանատու չի զգում ժողովրդի կամ թէկուզ Պատգամաւորական ժողովի առջեւ (քանի որ նրանք չեն, որ իրեն ընտրել են, եւ դա բնական է):
Յատկանշական է, որ Թեմական խորհրդում տիրում է այն հոգեբանութիւնը կամ մտածելակերպը, որ այսպէս թէ այնպէս Պատգամաւորական ժողովը կարող է առաւելագոյնը շրջանի վերջում նրանց կատարած աշխատանքը գնահատել, եւ նրա լիազօրութիւնը սահմանափակւում է այդքանով, այն ինչ ՊԺ-ը պարտականութիւն ունի վերահսկել Թեմական խորհրդի ողջ գործունէութիւնը եւ հէնց աշխատանքի ընթացքում համապատասխան որոշումներով ճշտել նրանց ընթացքը, եւ ոչ թէ նստաշրջանի աւարտին շնորհակալութեամբ ու ծափահարութեամբ կամ ինչ-որ քննադատութեամբ, լաւ կամ վատ գնահատական տալ:
Ի վերջոյ կարելի է մտածել թեմական խորհրդի ընտրութեան այնպիսի մոդելների մասին, որոնք նւազագոյնի հասցնեն վերոյիշեալ թերութիւնները: Բացի գործող ընդունւած մոդելից, որի մասին խօսեցինք որպէս առաջին մոդել, կարելի է մտածել նաեւ հետեւեալ ձեւերի մասին`


Երկրորդ մոդել. Կարելի է թեմականի ընտրութիւններից մի քանի ամիս առաջ կեանքի կոչել մի յանձնախումբ, որի պարտականութիւնն է ընտրել լաւագոյն աշխատակազմը Թեմական խոր-հրդի համար: Այն պիտի ընդունի բոլոր պատգամաւորների առաջարկները, քննի դրանք՝ նկատի ունենալով անհատների մասնգիտութիւնները, հասարակական աշխատանքների փորձառութիւնը, քաղաքական մօտեցումը, թաղային պատկանելութիւնը եւ այլն: Արդիւնքում կազմի Թեմական խորհրդի անդամների լաւագոյն ցանկը եւ այն ներկայացնի Պատգամաւորական ժողովին, որը մեծ հաւանականութեամբ կը շահի նաեւ մեծամասնութեան քւէն: Այս մոդելի առաւելութիւնն այն է, որ պատգամաւորները ստոյգ գիտեն՝ ով է կազմում ցանկը եւ ում պիտի դիմեն իրենց թեկնածուին ներկայացնելու համար: Ներկայիս այս հնարաւորութիւնը չկայ, քանի որ ցանկը կազմւում է ՊԺ-ից դուրս եւ չկայ թափանցիկութիւն: Յանձնախմբային ձեւում կայ սակարկութեան եւ երկխօսութեան հնարաւորութիւն բոլոր պատգամա-ւորների համար: Մենք այս ձեւը կիրառել ենք վերջին երկու շրջաններում:


Երրորդ մոդել. քանի որ Թեմակալ Առաջնորդը համարւում է թեմի օրէնսդիր եւ գործադիր մարմինների նախագահ, կարող է ներկայացնել Թեմական խորհրդի անդամակազմը ՊԺ-ին: Այս դէպքում եւս պատգամաւորները իրենց առաջարկները կարող են ներկայացնել Թեմակալ Առաջնորդին: Այս ձեւը ներկայիս կիրառւում է Կրօնական խորհրդի համար: Այս մոդելում եթէ թերութիւններ լինեն որեւէ անդամի գործում, պատգամաւորները կարող են դիմել Թեմակալ Առաջնորդին:


Չորրորդ մոդել. Այս մոդելով ՊԺ-ն կարող է ընտրել մի անհատ, որպէս Թեմական խորհրդի ատենապետ: Իսկ այդ անձը իր հերթին ճշտւած ժամկէտում ներկայացնում է իր աշխատակազմը ՊԺ-ին եւ ստանում նրա հաստատումը: Սա նմանում է պետութիւնների օրինակին, ուր վարչապետը իր կառավարութեան կազմն է ներկայացնում խորհրդարանին: Այս դէպքում ատենապետի իրաւունքները ընդլայնւում են, քանի որ նա իրաւունք ունի իր թիմն ընտրել, բայց նաեւ պատասխանատու է նրանց աշխատանքի համար: Երկամեայ ժամանակաշրջանի ցանկացած պահին, եթէ ՊԺ-ը թերութիւն է նկատում կազմի որեւէ անդամի գործում, կարող է դիմել ատենապետին եւ պահանջել, որ բացատրութիւններ տայ կամ փոխի նրան:


Հինգերորդ մոդել. Վերջին մոդելը գուցէ մի քիչ իդէալական թւայ, բայց յամենայն դէպս գործադրելի է: Այս մոդելում ժողովուրդը կարող է Պատգամաւորական ժողովի ընտրութիւնների ժամանակ ընտրել նաեւ համայնքի բարձրագոյն գործադիր մարմնի ղեկավարին, այսինքն՝ Թեմական խորհրդի ատենապետին: Բնականաբար այս դէպքում առաւել մեծանում է ատենապետի իրաւունքները եւ համարեա հաւասարւում է ՊԺ-ի հետ: Ներկայիս Հայաստանում համայնքների եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւններում կիրառւում է այս ձեւը:
Վերոյիշեալ մոդելների կիրառման դէպքում պէտք է նկատի ունենալ նաեւ թեմիս գործող կանոնադրութիւնը: Վերջին մոդելը չի կարելի կիրառել առանց կանոնադրութեան լուրջ փոփոխութիւնների: Սակայն ըստ իս միւս մոդելները կարելի է կիրառել հէնց ներկայ կանոնադրութեան շրջանակներում:
Առաջադրւած մոդելների նպատակն է յստակեցնել մեր համայնքի ղեկավարման աշխատանքները եւ աւելի սերտացնել ազգային կառոյցի ու ժողովրդի կապը: Համոզւած եմ, որ ներկայ պայմաններում չորրորդ մոդելը (որտեղ Թեմական խորհրդի ատենապետը ներկայացնում է Թեմական խոր-հրդի աշխատակազմը եւ ստանում ՊԺ-ի հաստատումը) համարւում է լաւագոյն ձեւը եւ հնարաւոր է այն կիրառել:

 

Յոյս թիւ 96

20 Ապրիլ 2011