"ՀԱՅԵԼԻ"` ԻՐԱՆԱՀԱՅ ՆՈՐ ԿԱՅՔ

 


Արդէն մի քանի շաբաթ է, ինչ իր աշխատանքն է սկսել "Հայելի" կայքը: Հրատարակիչները իրանահայեր են, հիմնական նիւթերն ու վիճաբանութիւնները վերաբերում են իրանահայ համայնքի հարցերին, բարեբախտաբար ոչ միայն հանդէսների ու միջոցառումների լուրերին: Պարզապէս կայքի հրատարակողները փորձում են արդիական լինել եւ գրաւ-չութիւն ունենենալ երիտասարդի ու պատանու համար: Այսպիսով իրանահայ ինտերնետային տարածքը հարստանում է մի նոր կայքով եւս:
Ովքե՞ր են հրատարակում "Հայելի"-ն: Կայքերն ընդհանրապէս ունեն մի բաժին "մեր մասին" անունով, ուր կայքի հրատարակիչները ներկայանում են եւ բացատրում են կայքի նպատակները: "Հայելի"-ն չունի այդպիսի բաժին, որն իհարկէ անհասկանալի է եւ դէմ թափանցիկութեան սկզբունքին: Իրօք հասկանալի չէ, թէ նրանք ինչո՞ւ չեն յայտարարում իրենց անունները: Ժամանակին նոյնն արեց "Իրանահայեր" կայքը, հաւանաբար տարբեր պատճառներով: Յամենայն դէպս մեծ չէ մեր համայնքը, եւ շատ շուտ տեղեկանում ենք, որ "Հայելի"-ն հրատարակում են մի խումբ դաշնակցական երիտասարդներ: Դրան են վկայում նաեւ հեղինակների անունները: Նրանք այս քայլին են դիմել անձնական նախասիրութիւններից ելնելով թէ կուսակցութիւնն է այն եզրակցութեան եկել, որ "Ալիք"-ով ու "Ալիք"-ի կայքով դժւար է գրաւել՝ համակարգչին ու ինտերնետին մոլի երիտասարդութեանը, երկու դէպքում էլ դա գնահատում ենք որպէս դրական քայլ, քանի որ ինքնին դրական է՝ հասկանալ ժամանակի պահանջները:
Կայքի աշխատանքի առաջին օրերում, մի յօդւած էր տեղադրւած հէնց գլխաւոր էջում, ուր բացատրւել էր կայք ստեղծելու շարժառիթները: Այս յօդւածը հիմա չի լինում գտնել: Դա վկայում է կայքի կառոյցի ինչ-որ թերութեան մասին, իհարկէ: Անցեալի նիւթերին ձեռնահասութիւն չկայ կամ դժւար է դրանց գտնելը: Ինչ որ է, աչքի անց կացնելով որոշ նիւթեր, կարելի է եզրակացնել, որ "Հայելի"-ն իրօք ուզում է լինել, գոնէ, մեր համայնքում տիրող չափանիշներով՝ տարբեր, եւ աւելի բաց, ու նաեւ հաւատարիմ՝ լրատւութեան սկզբունքներին: Ասենք կարողանում է հրատարակել Լեւոն Տէր-Պետրոսեանի ՀԱԿ-ի հանրահաւաքի լուրը, առանց դիրքորոշ-ւելու կամ հայհոյելու նրան. բնականաբար գնահատականը կարելի է տալ ուրիշ յօդւածում: Կամ ասենք հրատարակում է մի յօդւած խառն ամուսնութեան գնացած մի ուսանողի փորձառութեան մասին, որն արժանանում է մեծ թւով ընթերցողների մեկնաբանութիւններին: "Հայելի"-ի գրութիւնը այդ յօդւածի ընդունելութեան եւ դրա վերաբերեալ պահանջների մասին հետաքրքիր է հասարակութեան հանդուրժողականութեան սահմանների եւ "Հայելի"-ի ուղղւածութեանը ծանօթանալու առումով:
"Երբ "Հայելի"-ում հրապարակում էինք "Չը գաս, ասես, փոշմանել եմ" նիւթը իրանահայ երիտասարդի՝ մուսուլման դասընկերուհու հետ ամուսնանալու ցանկութեան ու դրա արդիւնքում ընտանիքից ու համայնքից կտրւելու մասին, չէինք կասկածում, որ այն կունենայ ընթերցողների մեծ թիւ ու առիթ կը դառնայ քննարկումների:
Հրապարակմանը յաջորդեցին նամակներ, որոնք կամ քննադատում էին "երիտասարդներին շեղող", "անձնական կեանքը քննարկող" եւ "հազւադէպ դէպքերը մեծացնող" նիւթի հրապարակումը կամ էլ առաջարկում էին այն ընդհանրապէս հանել կայքէջից: Ընթերցողներից մէկն էլ համոզւած էր, որ դէպքը յօրինւած է ու հրապարակւել է միմիայն ընթերցողներ գրաւելու, կարդացէք՝ սկանդալ սարքելու համար:
Սակայն նիւթի տակ թողնւած մեկնաբանութիւնները ցոյց տւեցին, որ հարցը, ինչպէս իւրաքանչիւր հարց, հնարաւոր է քննարկել եւ նոյնիսկ պէտք է քննարկել:
Թւում է, թէ նիւթի հերոսի՝ քրիստոնէութիւնը "լքելու", ընտանիքից "դուրս գալու", համայնքից կտրւելու որոշման մասին մեծամասնութիւնը պիտի ունենար նոյն կարծիքը: Բայց պարզւեց, որ այդքան էլ այդպէս չէ. դրանք երբեմն ամբողջովին իրարամերժ էին:
Մեկնաբանութիւն թողածների մեծ մասը պնդում էին, որ կան աւելի "կարեւոր արժէքներ" քան սէրը, որ ազգի ու ընտանիքի նկատմամաբ պարտաւորութիւնը իւրաքանչիւրինս է եւ հերոսին տուն էին հրաւիրում: Ոմանք էլ մեղաւորներ էին փնտրում ընտանիքի, համայնքի եւ հէնց իրենց մէջ:
Բայց իրանահայ ընթերցողների մէջ գտնւեցին նաեւ էնպիսիները, ում համոզմամբ հերոսի որոշումը հասկանալի է ու տրամաբանական, քանի որ այն մարդկային է: ... "
Թաբու դարձած հասարակական հարցերը քննարկման առարկայ դարձնել եւ հանդուրժել դրանց մասին զանազան կարծիքներ. եթէ "Հայելի"-ն կարողանայ շարունակել այսպիսի ընթացքը, դա անգամ նորութիւն կը լինի իրանահայ կայքերի շրջանակում, որոնք հիմնականում լրատւական ու քաղաքական են:

Ռ.Ս.

Յոյս թիւ 94

9 Մարտ 2011