ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ Է

ԿՈԱԼԻՑԻՈՆ ՆՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄԸ


Ռուզաննա Ստեփանեան

 


Հայ Յեղափոխական դաշնակցութեան Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանի գնահատմամբ, իշխանական կոալիցիան ստորագրած յուշագրով վերածւեց ընտրական դաշինքի:
"Ազատութիւն" ռադիօկայանին տւած հարցազրոյցում Ռուստամեանը կարծիք յայտնեց, որ իշխանութիւնը շատ լաւ հասկանում է, որ իր վերարտադրութիւնը շատ դժւար է լինելու եւ դաշինք կազմելով փորձում է պահել իշխանութիւնը:
Անդրադառնալով յուշագրում տեղ գտած այն ձեւակերպումներին, թէ կոալիցիոն ուժերը նպատակ չունեն կոալիցիայի ներսում ուժերի փոխյարաբերակցութիւնը փոխել եւ որ իշխող ուժերը փորձելու են յաջորդ խորհրդարանում մեծացնել իրենց ներկայացւածութիւնը, Արմէն Ռուստամեանը այս ամէնը աբսուրդ որակեց:
"Այսօր այդ նոյն կոալիցիոն քաղաքական ուժերը հարիւրից աւել պատգամաւոր ունեն: Այսինքն` էլ որտե՞ղ աճեն, ո՞ւմ հաշւին աճեն: Այսինքն` այս երկրում ընդհանրապէս ընդդիմութիւն չլինի: Սա քաղաքական դաշտի ամբողջական մոնոպոլիզացիայի խնդիր է, որ լուծւում է", - կարծիք յայտնեց Դաշնակցութեան ներկայացուցիչը:
"Հանրապետական"-ի, "Բարգաւաճ Հայաստան"-ի եւ "Օրինաց երկիր"-ի ստորագրած յուշագիրը սուր քննադատութեան ենթարկեց նաեւ Դաշնակցութեան Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը:
"Այս պայմանագրի ստորա-գրումը համարում եմ խիստ բացասական մեր քաղաքական դաշտի համար, որովհետեւ սրանով իշխանութեան դաշտում ստեղծւում է դիկտատուրա, տոտալիտարիզմ, որից չի շահելու մեր ժողովուրդը, չի շահելու մեր քաղաքական դաշտը", - յայտարարեց Հրանտ Մարգարեանը:
"Հիմա ընդդիմութիւնը, բնականաբար, պէտք է այս ամէն ինչից եզրակացութեան գայ: Կայ յստակ իշխանական բեւեռ: Ընդդիմութեան գործն է ըստ էութեան հեշտանում, որովհետեւ պայքարի կողմերը պարզ են, մնում է, որ ընդդիմութիւնը կարողանայ, մարտավարական ճիշտ մօտեցումներ որդեգրելով, ստեղծւած իրավիճակում աւելի ճիշտ կողմնորոշւի, ժողովրդին ճիշտ կողմնորոշի, որ յստակ լինի` ովքեր, որ դժգոհ են հէնց այդ բլոկին պէտք է ձայն չտան", - պարզաբանեց Արմէն Ռուստամեանը` յաւելելով. - "Այս է խնդիրը: Առնւազն պէտք է դրան հասնենք: Իսկ դրա համար ընտրողները պէտք է նախ իրենց ձայնը կարեւորեն: Մեզ համար` այս շարժման համար, կապ չունի, թէ ով ո՞ւմ վերջում ձայն պիտի տայ: Դա ամէն ընտրող թող իր համար որոշի":
"Ազատութիւն" ռադիօկայանի հարցին, թէ արդեօք Դաշնակցութիւնը հնարաւոր համարո՞ւմ է ընտրական իրաւունքի պաշտպանութեան հարցում համագործակցել նաեւ Լեւոն Տէր-Պետրոսեանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսի հետ, Արմէն Ռուստամեանը պատասխանեց` "բոլորի հետ ենք հնարաւոր համարում, բոլորի":

 

Յոյս թիւ 93

23 Փետրւար 2011