ԻՐԱՆԻ ՆՈՍՏԱԼԳԻԱ

ԽՈՐԷՆ ԱՐԱՄՈՒՆՈՒ "ԴՊՐՈՑԻ ՃԱՄԲԱՆ" ԳՐՔԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԵԱՆ ՊԱՏՐՒԱԿՈՎ

 

 


2005 թւականին ԱՄՆ-ի Գլենդէյլում հրատարակւել է Ամերիկահայ գրող` Խորէն Արամունիի հեղինակած մի հետաքրքիր գիրք. հետաքրքիր՝ թէ՛ իր արտաքին տեսքով, թէ՛ իր բովանդակութեամբ:
Գիրքը ուշ է հասել մեր ձեռքը, դա բնական է սփիւռքեան կոչւած պայմանների համար, սակայն նիւթը այնքան գրաւիչ է, եւ այնքան իւրայատուկ հէնց այդ սփիւռքեան պայմանների համար, որ յարմար գտանք մեր այս համարի շապիկը եւ գլխաւոր նիւթը յատկացնել դրան:
Գիրքը կոչւում է "Դպրոցի ճամբան" եւ կազմւած է երկու մասից. առաջին մասում հեղինակը մանրամասնօրէն պատմում է իր մանկութեան օրերի մասին, որն անց է կացրել Թեհրանի Վահիդիէ թաղամասում: Այս բաժնում ընտանեկան եւ անձնական կեանքի դրւագներից բացի, նա յատուկ ուշադրութիւն է դարձրել նկարագրել ժամանակի ապրելաձեւը եւ կենցաղը, յաճախ կարօտագին ոգով: Նա մանրամասն նկարագրել է այդ շրջանում երեխաների մօտ տարածւած խաղերը եւ դրանց վերաբերող իրերը` թիլի, թիրքամուն, թամր հենդի, բելբերինգ եւ այլն, յաճախ գործ ածելով դրանց հէնց պարսկերէն անունները, որովհետեւ հակառակ դէպքում "իրենց համն ու հոտը կը կորցնէին":
Գրքի երկրորդ մասը իր մէջ է պարունակում Արամունիի մանկութեան խաղընկերների, դասընկերների եւ ծանօթների գրութիւնները նոյն թաղամասի եւ իրենց յուշերի մասին: Սրանք գալիս են լրացնելու հեղինակի գործը:
Գրքի իւրայատկութիւնը եւ արժէքաւոր գործը այդ շրջանի լուսանկարների վերատպութիւնն է, որ թէեւ տպւել են ոչ գոհացուցիչ որակով, լաւագոյն կերպով փոխանցում են ժամանակի ու միջավայրի շունչը:
Արամունիի գիրքը լաւագոյն օրինակն է, որ ապացուցում է, թէ ինչպէս մանկական եւ պատանեկութեան կեանքի պատկերները, ամենատարբեր պայմաններում շարունակում են գոյատեւել որպէս հոգեվիճակ եւ կարօտախտ եւ զբաղեցնել մարդկանց միտքն ու զգացական կեանքը, որպէս երանելի, անհասանելի մի աշխարհ:
Ստորեւ ներկայացնում ենք մի քանի դրւագներ "Դպրոցի ճամբան" գրքից:

 

Յոյս թիւ 91

9 Փետրւար 2011