ՊԱՊՍ, ԲԵՀՋԱԹԱՊԱՏԸ, ՆԱՒԹԱՀԱՄ ԳԱԹԱՆԵՐԸ

 


Ծուռտիկ-մուռտիկ փողոցներ: Տափակ, հարթ տանիքներով միմ-եանց թիկնած ցեխէ գորշ տնակներ: Մերը՝ արեւելեան քարաւանսարա յիշեցնող շինութիւն, քոչարի բռնած չորս սենեակ, մէջտեղում հողէ բակ, փողոց բացւող դռան մէջ բեղերը ոլորած մի հսկայ, ես նրա "պապի ճուտը":
* * *
Բեհջաթապատը պաշարւած էր: Ժանդարմներ, աղմուկ-աղաղակ, խուզարկումներ, ահ ու սարսափ: Կարկամած մօրս սարսափած դէմքն եմ յիշում, վազեց դէպի պատից կախւած լուսանկարը, հետեւից ինչ-որ թղթեր, թէ՞ գրքեր ճանկեց ու դուրս ծլկեց՝ ուղիղ դէպի զուգարան: Ժանդարմները ներխուժեցին սենեակ, ամէն ինչ տակն ու վրայ արին, մայրս վերադարձաւ, կախւեցի փէշից: Ժանդարմներից մէկը ինչ- որ նկարներ գտաւ: Շատ էին. հարիւր, երկու հարիւր... գուցէ եւ հազար:
-Սրանք որտեղի՞ց.- ժանդարմը հարցը ուղղեց մօրս:
-Մեր թագաւորն է...
-Հա, բայց որտեղի՞ց:
-Չգիտեմ,-դռան մօտ դողահար կանգնած պատասխանեց մայրս, նստեց ու ինձ սեղմեց կրծքին:
"Զուգարան նետւած գրքոյկները սովետական կարգերը պրոպագանդող նիւթեր էին, իսկ ժանդարմների գտած նկարները թագաւորի եւ թագուհու լուսանկարները, որոնք անվճար խանութներին տալու փոխարէն վաճառում էի: Ո՞վ կը փորձէր առարկել եւ չվճարել դրանց համար",- հետագայում յաղթական ժպտում ու ասում էր հայրս":

Բեհջաթապատը հայկական թաղամաս էր: Ներգաղթը դադարել էր: Երկրի տարբեր շրջաններից Թեհրան հասած հայ ընտանիքները մատնւել էին անորոշ վիճակի, վերադարձ դէպի գիւղերը անհնարին էր, պետութեան աջակցութեամբ գոյացել էր Բեհջաթապատ այդ թաղը, որը ընդամենը մի քանի տարի յետոյ կառավարութիւնը այն "կոմունիստների որջ" համարելով, իւրաքանչիւր ընտանիքի որոշակի գումար տրամադրելով տեղահանել էր քաղաքամերձ էժան ու ամայի շրջաններ:

Վայրը, որտեղ մերոնք ընտրել էին, կոչւում էր Վահիդիէ: Հողաշէն պարիսպներով առանձնացւած չոր, ամայի հողամասեր էին:
* * *
"Այ տղայ, էստեղ արի",- մի օր ինձ իրենց մօտ կանչեցին չորս միջահասակ տղամարդ: Ես, ամայի, քարքարոտ փողոցում կանգնած, աչքերս կկոցել, հեռուն էի նայում: Նրանց կանչից փոխանակ առաջ գնայի ետ-ետ դիպայ պատին... Մօտեցան.
-Ու՞մ տղեն ես:
-Արամի:
-Հա, Սաւուղի թոռն ես, չէ՞
Գլխով դրական պատասխան տւի:
-Հէրդ տունն ա՞:
Գլխով դրական պատասխան տւի: Չորսը միասին մտան տուն: Ես վազեցի դէպի մայրս: Ընդունելութիւնը ջերմ էր: Մի քանի րոպէ յետոյ մայրս կանչեց, ասաց, որ գնամ դիմացի խանութից մի հատ գաթա գնեմ: Փող չտւեց, ասաց. "Իրեն ասա, որ մէրս կը տայ, փողը կը տայ": Երեխայի ոգեւորութեամբ վազեցի խանութ: Խանութապան Արշակը նաւթի դոյլը ձեռքին, կնոջ ու երեխաների հասցէին նախատինքի խօսքեր շպրտեց ու մէկ լիտրանոց յատուկ չափիչով, չորս լիտր նաւթ տւեց յաճախորդին, փողը ստացաւ, ապա ձեռքերը ինչ-որ լաթով սրբեց ու մօտեցաւ ինձ.
-Հը՞, Արամի տղայ, ի՞նչ ես ուզում:
-Գաթա:
-Քանի հատ:
-Մի հատ...
-Փող բերե՞լ ես:
-Չէ՛:
-Լաւ, հօրդ կասես, որ էլաւ չորս թուման,- ասաց Արշակն ու գաթան մեկնեց ինձ:
Գլխով դրական պատասխան տւի ու գաթան ձեռքիս վազեցի տուն: Սուրճը բուրում էր: Հիւրերի մեկնելուց յետոյ, ես ու քոյրս վրայ տւինք սեղանին: Գաթան կտրատած, բայց ձեռք տւած չէր: Մի-մի կտոր վերցրինք, կծեցինք ու ցած դրինք: Մայրս վրայ հասաւ."Չուտէք, պիտի տանեմ աչքը կոխեմ, նաւթի հոտ ա գալիս, ղոնախների մօտ խայտառակ էլայ...":
Իհարկէ, դայի Արշակի փոքրիկ խանութից բացի կային նաեւ այլ խանութներ, այդ թւում էր նաեւ քեռի Երւանդի "սուպեր մարքեթը", որտեղ ինչքան յիշում եմ, բացի նաւթից մեր կարիքները բաւարարող ամէն ինչ գտնւում էր: Դայի պարսկերէնով նշանակում է քեռի, իսկ թէ ինչու էինք Արշակին ասում դայի, իսկ Երւանդին քեռի, շատ ուշ գլխի ընկայ, Երւանդը յիրաւի քեռի էր, մօրս կողմից ազգական, իսկ կինը՝ միշտ ժպիտը դէմքին, բարեհամբոյր քեռակին Սառան, մօրս լաւագոյն բարեկամն ու ընկերուհին էր: Այդ բարի Ընտանիքի նպարատունը մեր յոյսն էր, ապահովութիւնը, տանը փող լինէր, չլինէր միեւնոյն էր, ըստ պահանջի տուն էինք բերում այն, ինչ որ մեր առօրեային պէտք էր, իսկ թէ ինչպէս էին փակւում հաշիւները, դա արդէն մեր ծնողների գաղտնիքն էր:
Քեռի Երւանդի խանութից մի քիչ ներքեւ էր գտնւում նաւթի պաշարների մեր կենտրոնը՝ "Նաւթի շոբան": Ոչ այնքան մեծ մի տարածք էր, որտեղ մետաղեայ մեծ տակառների մէջ պահեստաւորւում էր նաւթն ու այնտեղից բաժանւում էր գնորդներին:
Ժամանակին մեզ համար բաւականին մեծ (տարիքով) մարդ էր նրա տէրն ու տնօրէնը, որը միեւնոյն ժամանակ միայնակ կրում էր սայլի վրայ բարձած նաւթով լի տակառներն ու բաժանում յաճախորդներին: Ձմռան օրերին այդ աշխատանքը տաժանակիր էր, ամէն անգամ, երբ տեսնում էի, թէ այդ հայ մարդը ինչպէս է այդ հսկայ ծանրութիւնը ձեան մէջ, ապա հաւասարակշռութիւնը շեղող սառոյցի վրայ քարշ տալիս, ուղղակի յուզւում էի, իսկ այսօր դա պատկերացնել անգամ չեմ կարողանում:
 

* * *


Օրեր էին անցնում: Նոյն մարդիկ հօրս հետ յաճախ էին երեւում փողոցներում: Փողոցները դեռ այնքան էլ փողոցի չէին նմանւում, տները ցաք ու ցրիւ էին, փողոցից փողոց անցնելիս երբեմն տների արանքներից էին օգտւում: Սիրում էի հօրս հետ քայլել, զգում էի, որ լաւ բան են անում: Բոլորի դռները թակում, դպրոցական երեխաների հաշւառում էին անում: Հօրս ձեռքին մի տետր կար, անուններ ու տարիք էր գրի առնում, ուրիշ հարցեր էլ էին տալիս, չեմ յիշում, միայն հետաքրքիրն այն էր, որ դռները բացւելիս երեխաներ էին դուրս գալիս ու հաշ-ւառողների յետեւից քայլում էին: Երեխաներից ամենամեծը անընդհատ կշտամբում էր միւսներին, իբր մեծութիւն էր անում ու կարգ էր պաշտպանում."թողէք, գնացէք, ի՞նչ էք ուզում", երբեմն էլ վրայ տալով աւելի փոքրերին ծեծելու սպառնալիքներով քշում էր, բայց ըստ երեւոյթին դա պարզապէս ձեւական բնոյթ էր կրում:
Հօրս դէմքի ժպիտն եմ յիշում, Պարոն Վաղինակի լուրջ դէմքը...
-Յետեւներիցս արդէն մի "դասարան" է գալիս,- ետ դառնալով, ժպիտը դէմքին, ասաց հայրս:
Վախենում եմ էս ժողովուրդը թօշակ չտայ ,-ասաց համեմատաբար աւելի տարեցը:
-Ունենայ կը տայ, որ չունենայ, որտեղի՞ց տայ:
-Բա դպրոցը ո՞նց ենք պահելու:
-Աստւած մեծ ա:
-Աստւած մեծ ա, թէ պզտիկ, չեմ իմանում, մի ետ նայիր, էտ երեխէքի հագը շոր չկայ:
-Կօշիկ էլ չկայ, բա ոնց են թռվռում, թող բոբիկ դպրոց գան:
-Բոբիկ կը գան, բայց երեխուն հօ սոված չեն ճամփի դպրոց:
-Հիմի ասում ես աշակերտների հացի դարդն էլ քաշե՞նք:
-Չեմ իմանում, աչքս ջուր չի խմում...
Այսպիսի խօսակցութիւններ եմ յիշում: Իսկ մի քանի շաբաթ յետոյ նոյն մարդկանց միացած մի քանի անծանօթներ տուն առ տուն պտտելով, բնակիչներին հարցեր էին տալիս եւ օգնութիւն էին խոստանում:
ՅՈՒՇԱՊԱՏՈՒՄ
Մասիս ընկեր ունէի, ասում էինք Մասուլ: Մի օր ասացի՝ Մասուլ պիտի Ամջադիէ էթանք, ամա փող չունենք, բա ի՞նչ անենք:
Ասաց, ոչինչ, գնա ձեր խանութի ետեւի հարեւան Սալբինազենց բակը, Սալբինազը մի հատ լաւ մեծ ու հաստ ռոյէ լւացքի թաշտ ունի, մէջը աջորի կտոր դիր, կլոլի, թոկով կապի ու էս կտուրից կախի, պապէդ գնացել ա հաց ուտելու, մինչեւ էրկուսը չի գայ, ես կը վերցնեմ, դու էլ էն կողից կը գաս ցած:
Ես էլ լսեցի: Ինչ ասել էր, մէկ-մէկ արեցի, որ Մուսուլը բռնի, զգացի, որ բռնել ու քաշում ա, կտուրից նայեցի ցած, տեսայ հէրս ա, Մասուլը հօրս տեսել փախել էր: Հէրս Մասուլին չէր սիրում, ծեթ-ծեթ չինացու աչքեր ունէր, հէրս ասում էր ֆարզանդ-մորդու տղի գլուխը ճիշտ Թաւրիզի հա-ւանգի քար ըլենայ:
Մի խօսքով, էտ օրը Ամջադիէ չգնացինք:
* * *
Դպրոցը, փող հաւաքելու նպատակով տարբեր ձեւի ձեռնարկներ էր կազմակերպում: Ինձ մի հատ վաքս էին տւել, մի երկու հատ չոտք, գնում էի ծանօթների կօշիկներն էի վաքսում: Մի հատ օրիորդ ունէինք, որին շատ էի սիրում: Նստած էր դպրոցի բակում, ոտքը ոտքին էր գցել, ծնկները երեւում էին: Մօտեցայ ասացի, օրիորդ կը թողնե՞ս ձեր կօշիկները վաքսեմ: Ասաց՝ այո, բայց ինչքա՞ն պիտի տամ: Ասացի՝ մուֆտայ: Ծիծաղեց ու ոտը ոտից ցած գցեց. Նայլոնի գուլպայ էր հագել, նոր էր մոդ եղել, սկսեցի վաքս քսել կօշիկներին, աչքս ընկաւ ծնկներին, սիրտս սկսեց արագ աշխատել, ուրիշ տեղ չէի կարողանում նայել, ինչ-որ բանի յետեւից էի, մէկ էլ օրիորդը բղաւեց՝ այ տղայ, ի՞նչ ես անում, ամբողջ ոտքը սեւացաւ:
Ամաչութիւնից, քրտնեցի, չոտքերն ու վաքսը թողի ու փախայ:
Ինջիլեան Անդրանիկ

* * *
Լսել էի, որ մեր պարոններից մէկը լինելու է հօրեղբօրս տղան՝ Արշա-ւիրը: Շատ էի ուրախացել, որովհետեւ համոզւած էի, որ ինչ էլ անեմ, անգամ դաս չսովորելու պարագային, նա ինձ չի ծեծելու: Երկար սպասեցի մինչեւ նրա ժամը... մի օր ներս մտաւ դասարան, դէմքիս ժպիտ շողաց, նայեցի չորս շուրջս, արդէն դասարանցիներս գիտէին, որ նա իմ հօրեղբօր տղան է, ու ես հպարտութիւն էի ապրում... մի խօսքով դասարանցիներիս ապացուցելու համար, որ նա ինձ ոչինչ չի անի, դիմեցի մի անշնորհք արարքի ու սպասեցի նրա դատավճռին: Կանչեց գրատախտակի մօտ, դեռ տեղ չհասած այնպիսի մի ապտակ հասցրեց, որ մինչեւ այսօր վառւում եմ: Դա կարծես նրան չբաւարարեց, տուն եկանք, ինչ, որ պակաս էր թողել, տանը լրացրեց, ու ես դարձայ դասարանի ամենահանգիստ երեխան...
Քէշիշեան Յովիկ

 

Յոյս թիւ 91

9 Փետրւար 2011