ՍՏԱՑԱԾ ԳԻՐՔ

ՎԱՐՔ ՔԱՀԱՆԱՅԻՑ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
 

Հեղինակ` Յովիկ Մինասեան
Հրատարակչութիւն` Քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունք
Թեհրան, 2010, 235 էջ

 


Թեհրանի հայոց թեմի առաջորդարանը հրատարակել է Յովիկ Մինասեանի կազմած "Վարք քահանայից Թեհրանի հայոց թեմի" աշխատութիւնը: Գիրքը պարունակում է կենսագրական եւ այլ տեղեկութիւններ երկու հարիւրից աւելի քահանքների մասին:
Գրքի նախաբանում նաեւ հետաքրքիր տեղեկութիւններ կան թեհրանահայութեան պատմու-թեան եւ Թեհրանի հայոց թեմի հիմնադրութեան մասին: Ստորեւ մէջբերում ենք մի փոքր հատւած.
"Թեհրանահայութիւնը կազմաւորւել է երեք հանգրւաններով: Նախ 18-րդ դարի երկրորդ կէսում (1750թ.) Իրանի ժամանակի Քարիմխան Զանդ թագաւորը Նոր Ջուղայից 10 հայ ընտանիքների փոխադրում է Թեհրան, որոնք հաստատւում են Դուլաբ կոչւող արւարձանում, ապա նոյն դարի վերջին շրջանում (1790-1795 թթ.) Ղաջար հարստութեան հիմնադիր Աղա Մուհամմադխանը իր Կովկաս կատարած արշաւանքի ընթացքում մի քանի տասնեակ հայերի գերեվարելով՝ բերում է Իրան ու բնակեցնում Թեհրան նորահաստատ մայրաքաղաքի Դարւազէ Ղազւին քաղաքամասում: 18-րդ դարի աւարտին (1793թ.), Ֆաթհալիշահի օրօք, Նոր Ջուղայից ու Թաւրիզից հայ արհեստաւոր ընտանիքներ բերւում են Թեհրան, որոնք բնակութիւն են հաստատում Դարւազէ Ղազւին (ներկայում՝ Վահդաթէ Էսլամի (Շափուր) հրապարակի շրջան) եւ Դարւազէ Շահաբդոլազիմ (ներկայում՝ Մոլաւի պողոտայի շրջան) քաղաքամասերում:
Թեհրանահայ համայնքը թւային խոշոր աճ է արձանագրում ամբողջ 19-րդ դարի ընթացքում, այն աստիճան, որ արդէն 20-րդ դարի սկզբում զգալի է դառնում Թեհրանի հայոց թեմի գոյակոչման անհրաժեշտութիւնը: Որպէս օրինակ՝ նշենք, որ Իրանա-Հնտկաստանի հայոց թեմի 1856 թւականին կատարւած վիճակագրութեան համաձայն՝ Թեհրանում բնակւելիս են եղել 118 հայ ընտանիքներ՝ բաղկացած ընդհանուր առմամբ 529 հոգուց, իսկ 1914 թւականին Թեհրանում եւ իր շրջակայ արւարձաններում բնակւած են եղել 575 հայ ընտանիքներ՝ բաղկացած 2905 հոգուց:
Այոպիսով՝ 1928 թւականին միտք է յղացւում, որ թեհրանահայ համայնքը, որը մինչ այդ ենթակայ էր Իրանա-Հնդկաստանի (այժմ՝ Սպահանի) հայոց թեմին, առանձին թեմ դառնայ, սակայն այդ մտայղացումը չի իրագործւում մինչեւ 1945 թւականը, երբ Հայաստան ներֆգաղթելու նպատակով՝ Իրանի տարբեր հայաբնակ գաւառներից Թեհրան են փոխադրւում մեծ թւով ընտանիքներ:
1944 թ. յունիսին Ս. Էջմիածնի Գերագոյն խորհրդի անդամ պրոֆ. Աշոտ Աբրահամեանը եւ իր քարտուղար Անուշաւան Տէր-Գրիգորեանը ժամանում են Թեհրան ու մասնակցում Թեհրանի Համայնական խորհրդի նիստին, ուր պրոֆ. Աբրահամեանը որպէս կաթողիկոսական տեղապահ Տ. Գէորգ արք. Չորեքչեանի (հետագայում՝ Գէորգ Զ. կաթողիկոս) լիազօր ներկայացուցիչ յայտարարում է, որ ընդունւել է Թեհրանը իր շրջաններով առանձին թեմի վերածելու առաջարկը եւ յանձնարարում է այդ կապակցութեամբ նախնական աշխատանքներն սկսել ու մշակել թեմի կանոնադրութիւնը":

 

Յոյս թիւ 91

26 Յունւար 2011