ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ
ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՒԵԼ ՆԱԵՒ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ
 

Գեւորգ Ստամբուլցեան

 


Լիբանանում չորեքշաբթի (Յունւարի 12-ի) երեկոյեան հրաժարական ներկայացրած 11 նախարարների թւում է նաեւ Դաշնակցութեան անդամ Աբրահամ Դեդէեանը, որը 2009 թւականի Նոյեմբերից զբաղեցնում էր երկրի արդիւնաբերութեան նախարարի պաշտօնը:
Շիա մահմեդականների շահերը ներկայացնող Հեզբոլլահ շարժումն իր դաշնակիցների հետ լքեց կառավարութիւնը` բողոքելով նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանութիւնը հետաքննող Միջազգային դատարանի գործունէութեան քաղաքականացման դէմ:
Հրաժարականին նախորդեցին Հեզբոլլահի եւ դաշնակից ուժերի ղեկավարների մի քանի ժամ տեւած խորհրդակցութիւնները, որոնց մասնակցեց նաեւ Դաշնակցութեան Լիբանանի կառոյցի ղեկավար Հովիկ Մխիթարեանը:
Քաղաքական ճգնաժամը երկրում ծագեց, երբ պարզ դարձաւ, որ առաջիկայում Միջազգային դատարանը պատրաստւում է հրապարակել 2005 թւականին տեղի ունեցած սպանութեան հետաքննութեան արդիւնքները` հիմնական մեղքը բարդելով հէնց Հեզբոլլահի անդամների վրայ:
Լիբանանի խորհրդարանի դաշնակցական պատգամաւոր Յակոբ Բագրատունին "Ազատութիւն" ռադիօկայանին տւած հարցազրոյցում նշեց, որ դատարանի գործունէութեան հետ կապւած իրօք լուրջ վերապահումներ կան:
"Մենք առաջիններից էինք, որ 2005-ի Ապրիլին յայտարարեցինք Հարիրիի սպանութեան հետաքննութիւնն իրականացնելու համար միջազգային ատեան ստեղծելու ան-հրաժեշտութեան մասին: Այդ ատեանը, մեր կարծիքով, պէտք է յստակ պատասխան տար` ով է սպանել նախկին վարչապետին եւ ովքեր են կանգնած այդ սպանութեան յետե-ւում: Դրա հետ մէկտեղ, մենք կարծում էինք, որ չպէտք է խախտւէր Լիբանանի գերիշխանութիւնը: Եւ եթէ հինգ տարի առաջ ակնկալւում էր, որ միջազգային դատարանը լիարժէք անկողմնակալ մի մարմին կը դառնայ, ապա այսօր այն կորցրել է իր վստահութիւնը", - ասաց Բագրատունին:
Լիբանանի Սահմանադրութեան համաձայն` նախարարների ընդհանուր կազմի մէկ երրորդի հրաժարականից յետոյ կառավարութիւնը աւտոմատ կերպով դադարեցնում է գործունէութիւնը: Լիբանանի նախագահ Միշէլ Սուլէյմանը, սակայն, գործող վարչապետ Սաադ Հարիրիին խնդրել է շարունակել պաշտօնավարումը` մինչեւ քաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը:
Ինքը Սաադ Հարիրին նախարարների հրաժարականի մասին լուրն իմացել է Վաշիգտոնում: Նախորդ գիշեր Լիբանանի կառավարութեան ղեկավարը Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ` ստանալով պաշտօնական Վաշինգտոնի լիակատար աջակցութիւնը:
Լիբանանում ստեղծւած իրավիճակին է անդրադարձել նաեւ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որն այս օրերին պաշտօնական այցով գտնւում է Պարսից ծոցի երկրներում:
"Այն, ինչ կատարւեց, Լիբանանում եւ Լիբանանի սահմաններից դուրս գործող ուժերի ակնյայտ փորձն է` խաթարել երկրի առաջընթացն ու կայունութիւնը, խոչընդոտել արդարութեան հաստատմանը", - նշել է Քլինթոնը:
Սոցիալ-դեմոկրատ Հնչակեան կուսակցութեան Լիբանանի վարչութեան անդամ, նախկին պատգամաւոր Եղիա Ջերեջեանն էլ "Ազատութիւն" ռադիօկայանի հետ զրոյցում նշեց, որ այս պահին քաղաքական ճգնաժամից մի քանի ելքեր են նշմարւում:
"Իրավիճակը բաւական բարդ եւ լարւած է: Մի քանի ելք կարող է լինել ստեղծւած կացութիւնից, որ այսօր շրջանառւում է: Հեզբոլլահը կարող է իրեն դաշնակից ուժերի հետ կառավարութիւն կազմել: Կարող է ստեղծւել նաեւ մի իրադրութիւն, երբ բաւական երկար ժամանակ կառավարութիւն չի ձեւաւորւում: Հրաժարական ներկայացրած կառավարութիւնը մենք արդէն իսկ կոչում ենք ընթացիկ գործեր տնօրինող կառավարութիւն: Այդ կառավարութիւնը, սակայն, չի կարող քաղաքական որոշումներ կայացնել: Վաղն արդէն Լիբանանի նախագահ Միշէլ Սուլէյմանը քաղաքական ուժերի հետ քաղաքական խորհրդակցութիւններ կը սկսի` ուղղւած ճգնաժամի յաղթահարմանը", - ասաց Ջերեջեանը:

 

Յոյս թիւ 91

26 Յունւար 2011