ՀԱՅ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ,

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԲԱՆԱՁԵՒԸ ԱՄՆ-Ի ԿՈՆԳՐԵՍՈՒՄ
 

Ռոբերթ Սաֆարեան

 


Լիբանանի վերջին քաղաքական ճգնաժամը, Հեզբոլլահի եւ նրա դաշնակիցների, այդ թւում հայ դաշնակցական նախարարի հրաժարականը եւ կառավարութեան կազմալուծումը, կրկին անգամ մեր ուշադրութիւնն է հրաւիրում զանազան երկրներում հայերի հակասական դիրքորոշումների վրայ:
Դաշնակցութեան դիրքորո-շումը որպէս Հեզբոլլահի դաշնակից ամենեւին էլ պատահական չէ, այլ արդիւնքն է տարածաշրջանում նրա հակաամերիկեան դիրքորոշումների, որը իր հերթին գալիս է այն քաղաքական ռազավարութիւնից, որը պաշտպանում է Իրան-Հայաստան-Ռուսաստան առանցքը, Թուրքիա-Ադրբեջան-ԱՄՆ առանցքի դէմ: Հասկանալի է, որ որեւէ Հայաստան-ԱՄՆ յարաբերութիւնների լուրջ բարելաւում, իր հետ կը բերի նաեւ Հայաստան-Թուրքիա հաշտեցում, կամ այս ուղղութեամբ ճնշումները կը բարձրացնի, ինչը ձեռնտու չէ դաշնակցութեանը եւ այլ սփիւռքեան կուսակցութիւններին, որոնց ողջ ռազմավարութիւնը հիմնւած է ցեղասպանութեան ճանաչման վրայ:
Սակայն հարցն այս է, որ արդեօ՞ք կարելի Միջին Արեւելքում համագործակցել Հեզբոլլահի հետ, որի հակադրութիւնը Իսրայէլի եւ ԱՄՆ-ի հետ ակնյայտ է, եւ սպասել, որ ԱՄՆ-ի կոնգրեսը վաւերացնի ցեղասպանութեան ճանաչման մասին հայամէտ մի բանաձեւ: Ահա թէ որն է հակասութիւնը: Պարզամտութիւն կը լինի ենթադրել թէ Ամերիկայի կոնգրեսականների համար միանշանակ է հայերի դիրքերը Միջին Արեւելքում եւ այն, որ նրանք կարող են շարժւել միայն արդարադատութեան մղումներով:
Մի ուրիշ հակասութիւն: Արդէն գիտենք Թուրքիայի արտաքին քաղաքականութեան վերջին փոփոխութիւնների մասին. այդ երկրի դիրքերը օր-օրի գտնում են աւելի իսլամամէտ, հակաիսրայէլական հակում: Այս ուղղութեամբ ըստ լրատւական գործակալութիւնների հաղորդումների, Էրդողանը Սաադ Հարիրիի հետ իր հանդիպման ժամանակ ասել է, որ իր վերջնական դիրքորոշումը Լիբանանի ճգնաժամի վերաբերեալ կորոշի Հեզբոլլահին հովանաւորող Սիրիայի հետ խորհրդակցութիւնից յետոյ: Այսպիսով, անուղղակի ու մի քանի օղակների միջնորդութեամբ, Դաշնակցութիւնը եւ Թուրքիան գտնւում են նոյն դիրքերում:
Ի վերջոյ, հետաքրքիր է Լիբանանի իրավիճակի ազդեցութիւնը Իրանի հայ համայնքի համար: Գաղտնիք չէ, որ իրանահայ համայնքի հասարակական կեանքը գտնւում է Դաշնակցութեան տնօրինութեան ներքոյ եւ այդ կուսակցութեան տարածաշրջանային դիրքորոշումները ազդեցութիւն ունեն Իրանում այդ կազմակերպութեան վիճակի վրայ: Այլ խօսքով, Լիբանանում ՀՅԴ-ի լաւ յարաբերութիւնները Հեզբոլլահի հետ, օգնում են Իրանում Հայ համայնքի իշխանութիւնների եւ պետութեան աւելի սերտ եւ բարեկամական կապերի վրայ:
Այս պատկերը ապացուցում է թէ ինչպէս աշխարհի հեռաւոր ծայրերում իրադարձութիւնները շաղկապւած են միմեանց:

 

Յոյս թիւ 91

26 Յունւար 2011