ՄԵՐ ՕՐԱՑՈՅՑՆԵՐԸ՝ ՄԵՐ ՊԱՏԿԵՐԸ


Ռոբերթ Սաֆարեան

 


Մեր օրացոյցները յիշում եմ դեռ մանուկ հասակից՝ քիչ թէ շատ հէնց ասօրւայ տեսքով ու չափերով: Մեր տանը դա կախում էինք ննջարանի պատից, մօրաքրոջս տանը, դա զարդարում էր հէնց հիւրասենեակի պատը: Իրանահայկական օրացոյցը շատ գործածական հրատարակութիւն է, եւ թերեւս հէնց դա է նրա գոյատեւման եւ նոյնիսկ դիրքերի աւելի ամրապնդման պատճառը: Որտեղից կարելի է իմանալ՝ երբ է Զատիկը, եթէ ոչ՝ միայն մեր հայկական օրացոյցից: Դա ո՛չ պարսկական օրացոյցներում կայ, ո՛չ էլ հայաստանեան նման կանոնաւոր օրացոյց է տպագրւում իսկ եթէ տպագրւում է, ոչ այնքան տարածւած է, որ բոլորս տեսած լինենք: Նոյնը կարելի է ասել Վարդանանքի, Միջինքի կամ Տրնդէզի մասին: Առիթներ, որ դեռեւս պահպանել են իրենց կարեւորութիւնը իրանահայերի կենցաղում:
Բայց պակաս կարեւոր չէ նաեւ այն, որ այս օրացոյցներում նշանակւած են իրանական ազգային եւ իսլամական տօներն ու սգոյ օրերը: Ե՞րբ է սկսում Մոհառռամը, ե՞րբ է Թասուան եւ Աշուրան: Արդեօ՞ք դրանք զուգադիպում են, ասենք, Նոր տարւայ կամ Զատկւայ տօներին: Այս հարցերի պատասխանները կարելի է գտնել միայն Իրանում տպագրւող հայկական օրացոյցներում: Իսլամական առիթները որոշւում են լուսնային եւ ոչ արեգակնային տոմարի հիման վրայ, այսպէս ասած Ղամարի տարւայ յատուկ օրեր են դրանք: Հայկական կրօնական օրերը եւս չեն որոշւում միայն արեգակնային տոմարի չափանիշով: Ասենք Զատիկը Տեղի է ունենում գարնան առաջին ամսում, բայց ստոյգ ո՛ր օրը, որոշւում է լուսնի նորոգումով. այն լուսնի նորոգմանը յաջորդող առաջին կիրակի օրն է: Այս բոլորի մէկտեղելը եւ իրանահայ ընտանիքներին տրամադրելը բաւարարում է մեր ժողովրդի խիստ կարեւոր կարիքներից մէկը, որը սակայն այնքան բնական ու սովորական է դարձել, որ չենք էլ նկատում դա:
Չմոռանանք նաեւ անւանատօների հարցը: Չգիտեմ աշխարհի այլ քրիստոնիայ ազգերն էլ ունե՞ն նման աւանդոյթ կամ սովորոյթ հնարաւոր է Ռուսաստանում, իսկ եթէ ունեցել են, մոռացութեան ե՞ն մատնել թէ՞ դեռեւս շարունակում են նշել դրանք: Ինչ որ է, մենք դեռ ունենք անւանատօներ. Օրինակ՝ Ս. Մարիամ Աստւածածնի տօնի օրը բոլոր Մարիամների տօնն է, Վարդանանքը բոլոր Վարդանների, Խորէնների, Արտակների, Հմայակների եւ այլն: Իսկ միշտ չէ, որ յիշում ես ասենք՝ Վարդավառը ո՞ր անունների տօնն է, կամ Համբարձումը: Ահա այստեղ օգնութեան են գալիս իրանահայկական օրացոյցները: Կարող ես դիմել նրանց եւ գտնել տօնելի անունների ցանկը:
Իրանահայ օրացոյցների մշտական յաւելւածն է նաեւ երազահանը: Յիշում եմ երբ մայրս գիշերը երազում ատամ կամ մատանի կամ որեւէ այլ իր էր տեսնում, արթնանալուց անմիջապէս յետոյ վերցնում էր երազահանը, որպէսզի ստուգի թէ արդեօք աղաման իրապէս նշանակում է լաւ որոշում: Եւ հաւատում էր դրան: Երբ լաւ բան էր նշանակում երազում տեսածը, ուրախանում էր, իսկ երբ վատ` մտահոգւում:
Այս օրացոյցների էջերի ետե-ւում, տպագրւում են համայնքի կարեւոր իրադարձութիւնները անցած տարւայ ընթացքում: Եթէ տարւայ աւարտից յետոյ չթափէք դրանք, այլ հաւաքէք եւ պահպանէք, ժամանակի ընթացքում կարող էք ունենալ մեր համայնքի ձեռնարկների, պաշտօնական այցելութիւնների եւ կորուստների համառօտ արխիւը: Դրանք գրւում եւ ձեւաւորւում են խիստ պաշտօնական մօտեցումով: Հայաստանի նախագահը կամ վարչապետը այցելում է Իրան, դա անպայման տեղ է գտնում այս օրացոյցում կամ տարեգրքում, Սրբազան Հայրը հանդիպում է ունենում երկրի այնինչ պաշտօնեայի հետ, դա էլ իր տեղն է գրաւում օրացոյցի տարեգրութեան մէջ, բայց այդ օրացոյցներում քիչ բան կը գտնէք իրանահայերի արտագաղթի, ներքաղաքական կեանքի, պատգամաւորական ժողովում քննարկւող հարցերի, եւ համայնքի այլ կենդանի խնդիրների մասին: Դա ի-հարկէ ոչ թէ ծաւալի եւ տեղի սակաւութեան, այլ՝ մօտեցման հարց է:
Հետաքրքիրն այն է, որ մեր երեք գլխաւոր օրացոյցները` "Նայիրի"-ն, "Րաֆֆի"-ն եւ "Կանթեղ"-ը, վերոյիշեալ բոլոր տեսակէտներից, հիմնականում նոյնն են: Դա եւս վկայում է տիրող կայունութեան եւ պահպանողականութեան մասին: Բացառւում է նրանցից որեւէ մէկի կողմից արւած աչքառու մի փորձ՝ զգալի փոփոխութիւն մտցնելու՝ ձեւի կամ բովանդակութեան մէջ:
Իհարկէ սրա համար չպէտք է մեղադրել օրացոյցների հրատարակիչներին: Մեր օրացոյցները արտացոլում են մեր համայնքի ընդհանուր տրամադրութիւնները, եւ պատասխանում՝ դրա մի շարք գործնական կարիքներին: Ապագայի հետազօտողները, ուսումնասիրելով մեր օրացոյցները, այն բոլորը, որ նրանք պարունակում են եւ այն բոլոր հրատապ հարցերը, որոնք բացակայում են, շատ բան կարող են հասկանալ մեր համայնքի էութեան մասին:
Իրանահայը այնպիսի էակ է, որ նոյնիսկ երբ արտագաղթում է, ասենք գնում է Գլենդէլ, կամ Փարիզ, մնում է իրանահայ: Մեր օրացոյցները արտահանւում են մեծ քանակութեամբ եւ մի տեսակ դեր են ստանձնում՝ պահպանելու արտագաղթած իրանահայերի կապը համայնքի հետ: Գործնական ա-ռումով եւս պիտանի են, քանի որ դժւար թէ ուրիշ տեղ կարելի լինի գտնել անւանատօների, եւ քրիստոնէական ու իսլամական արձակուրդների մասին տեղեկութիւններ՝ բոլորը մէկ տեղում:

 

Յոյս թիւ 89

22 Դեկտեմբեր 2010