ՀԱՅԵՐէՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ՝ ԱՌԱՆՑ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ


Արդէն աւելի քան տասը տարի է, ինչ Թեհրանի Իսլ.Ազատ համալսարանի օտար լեզուների ֆակուլտետում հիմնւել է հայոց լեզւի եւ գրականութեան ամբիոնը, որը ղեկավարւում էր սկզբում՝ վաստակաւոր ուսուցիչ եւ տեսուչ պրն. Սայեադ Բաբումեանի, ապա՝ Բանասիրական գիտութիւնների դոկտ.Անդրանիկ Սիմոնեանի միջոցով, որը շարունակւում է առ այսօր: Յատկանշական է, որ հէնց սկզբից ամբիոնի պատասխանատուների եւ դասախօսական կազմի կողմից մեծ աշխատանք տարւեց՝ ծրագրաւորելու եւ կազմակերպելու դասաւանդւելիք առարկաները, եւ համապատասխան գրականութեան ստեղծման ուղղութեամբ: Իւրաքանչիւր ուսումնական տարեսկզբին համալսարան էին ներգրաււում շուրջ հարիւր հայ եւ պարսիկ ուսանողներ. վերջիններս իմիջիայլոց մեծ թիւ էին կազմում: Աշխատանքը շատ ծանր էր եւ պատասխանատու, բայց եւ այնպէս իւրաքանչիւր ոք աշխատում էր իր լուման ներդնել ընդհանուր գործին եւ վառ պահել այդ ուսումնական-հայերէնագիտական օջախի կրակը:
Այնուամենայնիւ այդ բոլորը մնաց անցեալում եւ, ցաւօք, վիճակն այսօր արդէն յուսահատական է, եւ դա գալիս է՝ 2004-ին մի շարք օրէնքների հաստատման հետեւանքով, որոնցով կտրուկ նւազեց ուսանողութեան թիւը: Ըստ համալսարանի նոր կանոնադրութեան այս մասնաճիւղում կարող էին ընդունւել նրանք, ովքեր կոնկուրսի համապատասխան օտար լեզւի քննութիւնը կը յանձնէին հայերէնով, եւ այդ մասնագիտութիւնը իրենց առաջին ընտրութիւնը կը լինէր: Այս ուղղութեամբ մեծ դեր ունեցաւ այն հանգամանքը, որ այս մասնաճիւղի ուսանողների թոշակը համարեա կրկնապատիկն էր միւս օտար լեզուների, ասենք, անգլերէնի ու գերմաներէնի: Այսպիսով, թէեւ շատ չանցած վերացան այդ սահմանափակող որոշ կանոնները, բայց եւ այնպէս վիճակը այլեւս չբարելաււեց եւ գնալով ամբիոնը զրկւեց տասնեակների հասնող պարսիկ ուսանողութիւնից: Միւս կողմից կոնկուրսին մասնակցող հայերն էլ հազւադէպ էին ընտրում հայոց լեզու եւ գրականութեան մասնագիտութիւնը , որով եթէ նկատի ունենանք մեր կամքից անկախ ընթացող արտագաղթը եւ թոշակի բարձր լինելը, արդէն հասկանալի կը դառնայ թէ ինչու այսօր համարեա զուրկ ենք ուսանողութիւնից:
Այս անկումային ընթացքը ոչ մի կերպ հնարաւոր չեղաւ կասեցնել եւ ամբիոնի վարիչ դոկտ. Սիմոնեանի բոլոր ջանքերը մինչ օրս ի դերեւ են անցել:
Այս բոլորով հանդերձ, հարց է առաջանում թէ արդեօք այս տարիների ընթացքում մենք՝ նկատի ունեմ համալսարանականներս, թէ հասարակ քաղաքացի հայերս, ազգային մարմինները թէ միութիւնները եւ այլն ոչինչով չէի՞նք կարող փրկել իրավիճակը: Արդեօք համայնքը ընդհանրապէս տեղեկացւա՞ծ կամ հետաքրքրւա՞ծ է եղել տասնեակ տարիներից յետոյ իվերջոյ մի կերպ հիմնադրւած հայերէնագիտական այս կարեւոր օջախի ինչպիսութեամբ: Հետաքրքիր է իմանալ, որ այդքան բան է անցել համալսարանի ու մեր երիտասարդների գլխից, բայց որքանո՞վ է արձագանքել համայնքը՝ մամուլը, ազգային մարմինները, դպրոցները եւ այլն: Ես կասէի ոչնչով: Ոչնչով, քանի որ եթէ այսօր ինչ-որ խոչընդոտների հետեւանքով զրկւել ենք պարսիկ ուսանողութիւնից, ինչո՞ւ պէտք է զրկւէինք նաեւ հայ ուսանողութիւնից: Ինչո՞ւ համայնքում մեծամասնաբար տեղեակ են Առաջնորդարանի հայերէնագիտական երեկոյեան դասընթացների մասին, սակայն շատ-շատ քչերը գիտեն համալսարանի այս ամբիոնի գոյութեան մասին: Իհարկէ մեղքից հեռու մնանք, եւ յիշենք, որ վերջերս մեր համայնքի մամուլում երբեմն յայտնւում են ուսանողների գրութիւններ եւ նրա անունը մի կերպ տրւում է, բայց ամբիոնի ընդհանուր վիճակի, ներկայի կամ անցեալի, արածի կամ չարածի մասին ոչ մի խօսք չկայ: Այնպէս, որ ամբիոնը զուրկ է մեր հովանաւորութիւնից, ու թերեւս եթէ հէնց վաղը փակւի, ա՜խ ասող էլ չի լինի:
Բայց եւ ես ասում եմ՝ ա՜խ եւ հազար ա՜խ, հազար ափսո՜ս, որ չկարողացանք տէր կանգնել այն բացառիկ բախտին, որ մեզ վիճակւել էր, այն բացառիկ հնարա-ւորութեանը, որ տրւել էր մեզ՝ իրանահայերիս՝ ունենալու կիրթ ու գրագէտ, համալսարանաւարտ դաստիարակ ու ուսուցիչ, քարտուղար ու ղեկավար, միութենական ու հայրեր եւ մայրեր, որոնք պիտի իրենց հերթին ստեղծէին կիրթ ու գրագէտ սերունդ: Ափսոս եւ հազար ափսո՜ս, որ նոյնիսկ այս յուսահատական օրերին, դարձեալ չենք հրաժարւում նեղմտութիւններից եւ այս կամ այն քաղաքական պիտակներ փակցնելով հրաժարւում ենք աջակցել բարձրագոյն ուսման այդ հաստատութեանը: Չէ՞ որ ժամանակին կարող էինք հէնց միայն դպրոցներում աշակերտների ականջին շշնջալով նրանց քաջալերել՝ ուսումը շարունակել այնտեղ: Չէ՞ որ մեր միութիւններում կարելի էր մեր պատանի երիտասարդներին եւ նոյնիսկ նրանց ծնողներին յիշեցնել հայերէնագիտական բարձրագոյն կրթութիւն ստանալու խիստ կարեւորութիւնը Եւ ինչո՞ւ չարւեցին եւ դեռ այսօր էլ չի արւում: Ո՞վ կարող է ասել թէ ինչու...

Թեհրանի Իսլ. Ազատ համալսարանի հայոց լեզւի եւ գրականութեան դասախօս
Քարմէն Ազարեան

Յոյս թիւ 89

22 Դեկտեմբեր 2010