ՔՍԱՆ ՄԻԼԻՈՆ ԹՐՔԱԽՕՍ ԲՆԱԿՉՈՒԹԻՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԻՐԱՆՈՒՄ

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԻՃԱԿԸ ՇԱՏ ԶԳԱՅՈՒՆ Է


Հարցազրոյց "Իրանահայեր" Լրատու Ցանցի խմբագիր Ռուբիկ Մինասեանի հետ

 


Դեռեւս երկու տարի առաջ իրանահայ համայնքը չունէր օնլայն լրատւամիջոց` սեփական հայեացքների արտայայտման եւ տեսակէտների փոխանակման համար: Իսկ համայնքի պահանջներին, ինչպէս եւ ողջ աշխարհում, համապատասխանում էր տեղեկատւութեան հէնց այս տարբերակը: Հէնց այդպէս էլ կայացաւ կայքէջ ստեղծելու գաղափարն ու դրան յաջորդող որոշումը` 2008 թւականի Օգոստոսի 28-ին: Այն ի սկզբանէ ջերմ ընդունելութիւն գտաւ իրանահայ համայնքի մօտ եւ մեծ հետաքրքրութիւն առաջացնելով ` արժանացաւ նրա հաւանութեանը:

-Իսկ ինչպէ՞ս առաջացաւ կայքի պարսկերէն տարբերակի գաղափարը, եւ ո՞րն էր դրա իմաստը, եթէ տեղեկատւութիւնը նախատեսւած է հէնց իրանահայութեան համար:
-Սկզբում կայքի լրատւութիւնը յիրաւի մտադրւած էինք մատուցել հայերէնով, քանի որ ընթերցողը համայնքի ներկայացուցիչներն էին: Բայց ընթացքում ակնյայտ դարձաւ այն փաստը, որ թէ՛ համայնքի լուրերը, թէ՛ հայաստանեան լուրերը եւ մեկնաբանութիւնները պարսկերէնով լուսաբանող որեւէ այլ կայքէջ չկայ, ոչ միայն համայնքի, այլեւ հէնց իրանցիների համար: Շատ աւելի նպատակայարմար էր նրանց ապահովել Հայաստանի եւ առհասարակ հայութեան վերաբերեալ հաւաստի լուրերով, քան հանդուրժել ադրբեջանական ու թուրքական խեղաթիւրւած տեղեկատւութեան հոսքը Իրան եւ դրա հասկանալի ազդեցութիւնը: Յատկապէս, եթէ հաշւի առնենք այն, որ Իրանում բնակւում է աւելի քան 20,000,000 թրքախօս պարսիկ, նրանց ապատեղեկացւած լինելն առաւել քան անցանկալի էր: Յատկանշական է, որ կայքի պարսկերէն տարբերակի գործունէութեան շնորհիւ, մեզ յաջողւել է հակակշռել թուրքական եւ ադրբեջանական կեղծ տեղեկատւութեանը, քանի որ պարսկալեզու հանրութեանը առաջարկում ենք մեր սեփական տեսակէտները Հայ Դատի, Արցախի եւ հայանպաստ այլ հարցերի վերաբերեալ:

-Կայքում արծարծւած հարցերից որո՞նք են համայնքում առաւել մեծ արձագանքներ գտնում, առաւել լայն քննարկումների տեղիք տալիս :
-Բնականաբար գերակշռում են ներհամայնքային հարցերի քննարկումները, յաճախ նաեւ բուռն տեսակէտների արտայայտման տեղիք տալիս, որպէս օրինակ կարելի է նշել համայնքում կալւածների վաճառքը կամ դպրոցների փակելն ու մէկտեղելը Ազգային իշխանութեան կողմից, թէեւ Հայաստանին վերաբերւող լուրերն ու մեկնաբանութիւնները եւս դուրս չեն մնում կայքի այցելուների հետաքրքրութեան շրջանակներից:

-Իսկ ինչպիսի՞ն է կայքի կառոյցների գործելակերպի համակարգը, այն գործում է հէնց համայնքու՞մ, թէ՞ կառավարւում է Հայաստանից:
-Այդ կառոյցները խիստ փոխկապակցւած են, եւ նրանց գործունէութիւնը նպատակաուղղւած է կայքի սահուն աշխատունակութեանը: Այսինքն՝ կան անհատներ, որոնք Իրանից համապատասխան ինֆորմացիայով են ապահովում կայքէջի հայաստանեան ներկայացուցչութեանը, ապահովելով տեղեկատւութիւն կազմելու եւ մատուցելու գործընթացը:

-Ի՞նչ բարդութիւնների հետ է առնչւում կայքէջը, եւ ի՞նչ դժւարութիւններ են առաջացնում այլազան խնդիրները:
-Եթէ հաշւի առնենք համացանցային մշտական բարեփոխումների եւ նորամուծութիւնների պարագան, ապա "Իրանահայեր" կայքէջը մշտապէս թարմացւում եւ վերահսկւում է: Ինչպէս մամուլի այլ ներկայացուցիչների մօտ, մեր կայքէջում եւս չեն բացառւում ֆինանսական խնդիրները:

-Համագործակցո՞ւմ էք արդեօք իրանահայ մամուլի այլ ներկայացուցիչների հետ, եւ ի՞նչ հարթակների վրայ են դրւած յարաբերութիւնները նրանց եւ ձեր միջեւ:
-Խմբագրութիւնը մշտական կապի մէջ է իրանահայ մամուլի տպագիր լրատւամիջոցների` ամսագրերի եւ շաբաթաթերթերի հետ, ինչպէս նաեւ պարբերաբար մասնակցում է իրանահայ մամուլի խորհրդաժողովի հանդիպումներին, որտեղ իրականացւում է տեսակէտների եւ փորձի փոխանակում:

-Իսկ ինչպիսի՞ն է հայաստանեան մամուլի ներկայացուցիչների հետ համագործակցութեան նկարագիրը, կա՞ն ակնկալիքներ ու դժգոհութիւններ:
-Հայաստանեան մամուլի ներկայացուցիչների հետ եւս համագործակցում ենք` գտնւելով հնարաւորինս սերտ կապի մէջ: Սակայն ցանկալի կը լինէր, որ հայաստանեան մեր գործընկերները Իրանին կամ իրանահայութեանն առնչւող լուրերը լուսաբանելուց առաջ ճշտէին դրանց իսկութիւնն ու հաւաստիութիւնը, ինչու չէ մեզ հետ խորհրդակցելու միջոցով, յատկապէս, որ մշտապէս տեղեկացւած ենք Իրանի հասարակական ու քաղաքական անցուդարձին, կապի մէջ ենք պարսկատառ մամուլի հետ եւ ամենօրեայ մոնիտորինգի ենք ենթարկում այն:
Այս հարցն անհանգստացնում է մեզ այն առումով, որ համայնքը խիստ զգայուն է հայաստանեան սխալ մեկնաբանութիւնների հանդէպ, եւ մեր թշնամիները առիթ բաց չեն թողնում համայնքը վատ իրավիճակի մէջ դնելու առումով, որպէս օրինակ կարելի է յիշել մօտ անցեալում Իրանում կայացած լրատւամիջոցների ցուցահանդէսի անցանկալի աւարտը հայաստանեան ներկայացուցիչների համար, կամ բազմաթիւ սխալ մեկնաբանութիւններ եւ լուրերի թարգմանութիւնները, որոնք առաջին հերթին հարւածի տակ են դնում համայնքը` առիթ տալով հակառակորդին կենտրոնանալով, մատնացոյց անելով մեր սխալները: Բնականաբար, աւելորդ չի լինի դիմել այդ ոլորտում առաւել տեղեկացւած, համայնքի նիստ ու կացին քաջատեղեակ մեր խմբագրութեանը: Ի վերջոյ, Երեւանում ունենք գործող գրասենեակ, ինչն էլ աւելի յարմար պայմաններ է ստեղծում համագործակցութեան համար:

 

Յոյս թիւ 88

8 Դեկտեմբեր 2010