ԹԱՓԱՌԱԿԱՆ ՀԱՅԵՐԷՆ ԳՐՔԵՐԸ...
 

Քարմէն Ազարեան

 


 

Վերջերս թեհրանահայոց տարբեր շրջանակներում երեւան է եկել "հայրենասիրութեան" մի նոր արտայայտչաձեւ՝ այն էլ գրքերի վերաբերեալ: Հէ՜յ զարմանալի աշխարհ Դեռ ինչեր ասես, որ չես լսի ու չես տեսնի:
Ըստ երեւոյթին ոմանք հաւա-տացած են, որ պէտք է մեր փակւող գրադարանների կամ արտագաղթողների սեփական գրադարանների գրքերն հաւաքել ու Հայաստան կամ Արցախ ուղարկել: Ամէն անգամ նման գաղափարներ լսելիս, իմ կամքից անկախ վերադառնում եմ սրանից շուրջ 20 տարի առաջ, երբ ուսանում էինք հայրենիքում եւ ամէն անգամ արձակուրդին ցամաքով (գնացքով, հանրակառքով , նոյնիսկ կառքով) տուն վերադառնալիս ինչպիսի չարչարանքով կրում էինք հաստափոր գրքերի արկղերը, այն էլ նախ Թուրքիա եւ ապա՝ Իրան: Շուրջ բոլորը "վարեօնկաներով ու սւիտերներով" զբաղւած մարդիկ՝ մեզ յիմարի տեղ էին դնում, իսկ մաքսատների աշխատողները ամենայն խստութեամբ էին վերաբերւում մեզ՝ "կասկածելի տարրերիս": Սակայն այդ ամէնով հանդերձ մենք, այսինքն՝ ուսանողներս, մտածում էինք թէ՝ գիրքը պէտք է մեր համայնքին, առաւել քան որեւէ այլ բան: Եւ կրում ու կրում էինք: Եւ դեռ այսօր էլ տեղից տեղ փոխադրւելիս դեռ կրում ենք դրանք՝ երբեւէ չզգալով դրանց աւելորդութիւնը:
Ըստ իս գրքերը Հայաստան կամ Արցախ ուղարկելու վերջին գաղափարը մեր համայնքի անվերադարձ քայքայման ու անյուսալի ապագայի խոստովանութիւնն է: Սակայն դա այդպէս չէ: Ճիշտ է շատերն են գնացել եւ դեռ գնում են, բայց դա չի նշանակում, որ մենք՝ մնացողներս, գրքեր պէտք չունենք: Եթէ ընթերցասիրութեան իսպառ բացակայութեան կամ պակասի պատճառով են նման կարծիքի յանգել, ես վստահու-թեամբ կարող եմ ասել, որ վիճակը նոյնն է հէնց Հայաստանում ու նոյնիսկ ամենազարգացած երկրներում: Ուրեմն եթէ քիչ են ընթերցողները, բայց ամէն դէպքում այդ քչերի համար էլ եղել է՝ պէտք է բաց պահենք մեր գրադարանների դռները, ով գիտի, գուցէեւ ապագայում իրավիճակը կրկին փոխւի եւ մենք աճենք թէ քանակով եւ թէ որակով: Միւս կողմից իրականութեան մէջ այսօր մեր աշակերտն ու ուսանողը հայերէն գրքերի պակաս է զգում, դրանով համոզւելու համար կարող էք այցի գնալ ցանկացած դպրոցի կամ միութեան գրադարան: Նրանցից քանի՞սն են այնպիսի վիճակում, որ սպասարկեն դիմորդին: Իսկ ինչ է վերաբերում է բնակարաններում անպէտքութեան մատնւած կամ արտագաղթողների պատկանող գրքերին, դա էլ կարելի է հա-ւաքել մի տեղ եւ տրամադրել յատկապէս դպրոցներին, համալսարանների հայկական ամբիոններին, միութիւններին, եւ նոյնիսկ վաճառքի դնել: Դա նշանակում է, որ մենք պէտք է առաւել կազմակերպւենք եւ հաւաքագրենք մեր ունեցւածքը, ոչ թէ ցիր ու ցան անենք, յատկապէս, որ դրանց հասցէատէրերն էլ այնքան ոգե-ւորւած չեն մեր նման նւիրատւութիւններով. Փաստը Մարկօ Գրիգորեանի պէս արւեստագէտների թողած ժառանգութեան դեռ ա-նորոշ ճակատագիրն է: Ակնյայտ է, որ նոր "տէրերը" այնքան էլ չեն գնահատում այդ անգնահատելի գանձերը, էլ ի՜նչ խօսք մեր մաշ-ւած գրքերի մասին, որոնցից գիտենք թէ ինչքան շատ կայ իրենց մօտ:

 

Յոյս թիւ 87

24 Նոյեմբեր 2010