ԻՍԼ.ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԹԵՀՐԱՆԻ ԵՒ ՀԻՒՍԻՍԱՅԻՆ ԻՐԱՆԱՀԱՅՈՒԹԵԱՆ ՊԱՏԳԱՄԱՒՈՐ
ԳԷՈՐԳ ՎԱՐԴԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՍԱՍՈՒՆ ԹԱՂԱՄԱՍԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ

 


Կիրակի, ընթացիկ Նոյեմբերի 14-ին, Սասուն թաղամասի "Նայիրի" սրահում երկար սպասումից յետոյ ի վերջոյ կայացաւ Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Գէորգ Վարդանի հանդիպումը՝ նոյն թաղամասի ժողովրդի հետ: Կարելի է՝ "երկար սպասումից յետոյ" ասել, քանի որ, ինչպէս ինքը՝ պատգամաւորը խոստովանեց, դա 36 ամիսներից յետոյ թաղի ժողովրդին տւած առաջին այցն էր: Իհարկէ, նա մէկառմէկ եւ հանգամանօրէն թւարկեց այն բոլոր դժբախտ պատահարները, որոնց պատճառով ստիպւած յետաձգել է իր հանդիպումը՝ աշխատանքի գերծանրաբեռնւածութեան պատճառով: Պէտք է խոստովանել, որ պրն. Վարդանի ներկայացրած զեկոյցը՝ 36 ամիսների համար բաւական լիակատար ու ամբողջական էր, եւ ներկաները գաղափար կազմեցին իրենց պատգամաւորի աշխատանքի վիթխարի ծաւալի եւ նրա՝ իրօք "Ծառայութեան պատնէշին" (այսպէս էր խորագրւել այն տեսասկաւառակը,որը մուտ-քի մօտ տրամադրւում էր ժողովրդին), կանգնած լինելու մասին: Պրն. Պատգամաւորը Ֆիլմի եւ սահիկների ցուցադրման օգնութեամբ ներկայացրեց իր մի քանի ոլորտների բաժանած գործունէութիւնը՝ պետական-խորհրդարանական, ներհամայնքային ձեռնարկներ, կրթական, Իրան-Հայաստան յարաբերութիւններ եւ արտասահմանեան այցելութիւն-ներ:
Շուրջ երկու ժամ ու կէս տեւած այս զեկոյցը բաւական ծանր էր ցանկացած ունկնդրի համար, եւ յիշատակւող բազմաթիւ փաստեր ու դէպքեր տարիների հեռաւորութիւնից նսեմացել եւ նոյնիսկ անհետացել էր շատերի յիշողութիւնից, ուստի վերջում տրւած ժողովրդին խօսելու առիթը այնքան էլ ոգեւորութեամբ չընդառաջւեց: Չգիտես ինչու բացի մէկ հոգու հարցադրումից, որը վերաբերում էր թաղի համար խիստ կարեւոր գետի անցումների կառուցմանը եւ ապա Իսլ.Ազատ համալսարանի հայոց լեզւի եւ գրականութեան ամբիոնին աջակցելու խնդիրներին, ուրիշ ոչ մի հարց կամ տեսակէտ՝ ներկայացւած զեկոյցի վերաբերեալ չուղղւեց պատգամաւորին: Դա իհարկէ ինչ-որ տեղ հասկանալի էր, երբ հայեացքդ ուղղում էիր դէպի դահլիճը, ուր ներկայ բազմութեան մեծ տոկոսը 50-60 տարին շրջած էր եւ երիտասարդութիւնը, որը պիտի տեղում պահանջ ներկայացնէր պատգամաւորին՝ որպէս օրէնսդիր մարմնի ներկայացուցիչ՝ իր ապագան բարելաւելու ուղղութեամբ, համարեա բացակայում էր՝ ինչպէս միշտ: Այնուամենայնիւ նման անտարբեր լռութիւնն էլ տարօրինակ էր: Դահլիճի քար լռութիւնը, ասես մեղմելու համար, մի միջահասակ կին ձայն խնդրելով բողոքեց թաղի 85-րդ հրապարակում հաւաքւող եւ ծխողների մասին, որոնց ծուխը նեղում է իրենց: Իհարկէ պատգամաւորը նրան էլ անպատասխան չթողեց, ինչքան էլ, որ բողոքը իր իրաւասութիւններից դուրս էր, բայց դրանով վերջակէտ դրւեց պրն. Գէորգ Վարդանի 36 ամիսներից յետոյ ունեցած միակ ժողովրդական հանդիպմանը. Հանդիպում, որը պիտի առիթ դառնար ոչ միայն պատգամաւորի՝ իրեն ներկայացնող ելոյթի համար, այլեւ առաջին հերթին՝ ժողովրդի խօսքը, ձայնը, բողոքը, տեսակ-տեսակ սպասելիքներն ու տեսա-կէտները լսելու:
Վերջում մնաց երկու կարեւոր հարց՝
1. Ինչո՞ւ հանդիպման կազմակերպիչները չէին ապահովել ժողովրդի լայն խաւերի, յատկապէս երիտասարդների ներկայութիւնը:
2. Ինչո՞ւ էին բոլորը լռութիւն պահպանել, արդեօք իրօք ոչ մի խօսք չունէի՞ն իրենց պատգամաւորի հետ փոխանակելու

Թղթակից

Յոյս թիւ 87

24 Նոյեմբեր 2010