ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
ՀԵՌԱԽՕՍ "ՅՈՅՍ"-ԻՆ

 


Հեռախօսը զանգում է, վերցնում եմ խօսափողը: "Ալօ՛, համեցէ՛ք": "Բարեւ ձեզ, Ահարոնեանի թերթն ա՞": Ասում եմ, թէ՝ "Այո՛, "Յոյս" երկշաբաթաթերթն է": Ասում է՝ "Լաւ հասկացայ, պարոն Գերմանիկին բարեւէ՛ք, ինձ ճանաչում ա: Իրար հետ արաղ ... ": Ասում եմ՝ "Լոյս" չէ՛, սա "Յոյս"-ն է": Ասում է՝ "Լաւ, հասկացայ, մի հարց ունեմ. էդ օպրիմալացումն ի՞նչ ա, "Ալիք"-ն էդքան մասին գրում ա. նշանակում ա դպրոցները կողպել ու շէնքերը ծախծխե՞լ": Ասում եմ՝ "Ախպեր, ինչո՞ւ ես էս ժամին զանգել, արդէն բոլորը գնացել են": Ասում է՝ "Ցաւդ տանեմ, (չէ՛, հայաստանցի չէ), դու հո կաս, եթէ նեղութուն չի, մի քանի բառով բացատրի էդ օպտիմալացումը ինչա՞": Ասում եմ՝ "Տես բարեկամ, էս բառը օպտիմոմից է գալիս, այսինքն՝ ո՛չ մինիմոմ, ո՛չ էլ մաքզիմոմ, ո՛չ նւազագոյն, ո՛չ էլ առաւելագոյն, ո՛չ էս ծէրը, ո՛չ էն ծէրը, այլ էդ մէջտեղները մի տեղ, որ ամենաարդիւնաւէտն ու ամենալաւը լինի մարդու համար: Մի խօսքով այսինքն՝ մեր համայնքը պիտի իր ռեսուրսները, իր գոյքերը, ... ": Յստակեցնում է՝ "Այսինքն՝ իր ունեցա՞ծը": Ասում եմ՝ "Հա՛, ցաւդ տանեմ, այսինքն՝ իր ունեցածը էնպէս դասաւորի, որ...": Ընդհատում է, ասում է՝ "Ախպէ՛ր, ասա՝ վերադասաւորում ու պրծիր էլ": Ասում եմ՝ "Հա՛, ցաւդ տանեմ, վերադասաւորում: Դու հո ինքդ ուստա ես": Ասում է՝"Համա չեմ հասկանում Ինչի՞ համար են ասում՝ օպտիմալացում": Ասում եմ՝ "Երեւի էդպէս աւելի լաւ է հնչում": Ասում է՝ "Հա, աւելի մոնդ բալայա: Համա էստեղ մի հարց կայ, ի՞նչը վերադասաւորել: Պիտի իմանանք՝ ինչ ունենք, որ իմանանք դրանք ինչպէս դասաւորենք: Իմ կողմից գրէք ինչի՞ համար թեմական խորհուրդը ազգային ունեցւածքի ցանկը չի յայտարարում: Ախր պիտի իմանանք ինչ ունենք, որ իմանանք ոնց օպտիմալենք": Ասում եմ՝ "Կը ներես, ապէր, մենք չենք կարող հեռախօսապատգամներ տպենք: Ասում են՝ իրենք ինչ ուզում են՝ գրում են, ասում են՝ ժողովուրդն է զանգել. չես տեսնում "Հեռախօս Ալիքին" սիւնակի մասին ինչեր են ասում":

 

Յոյս թիւ 84

13 Հոկտեմբեր 2010