ՊԱՏԳԱՄԱՒՈՐԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ՎԵՐՋԻՆ ՆԻՍՏԵՐԻ ԶԵԿՈՅՑ


ԹԵՄԱԿԱՆԻ ԲԻՒՋԷԻ Վ ԱՒԵՐԱՑՈՒՄ
ՌՈՍՏՈՄ-ԱՐԱՔՍ ՄԻԱՏ ԵՂՈՒՄ

 

Ռոբերթ Սաֆարեան

 


Թեհրանի Հայոց թեմի պատգամաւորական ժողովը առաջնորդարանի դահլիճում կայացած իր Սեպտեմբերի 15-ի եւ 22-ի նիստերի ընթացքում ունկնդրեց թեմական խորհրդի միամեայ ցեկոյցը եւ քննարկեց ու վաւերացրեց թեմի ընթացիկ տարւայ երկրորդ վեց ամիսների նախահաշիւը:

Միամեայ զեկոյց
Սեպտենբերի 15-ի նիստը համարեա ամբողջութեամբ յատկացւած էր թեմական խորհրդի զեկոյցին: Դա ընթերցեց թեմական խորհրդի ատենապետ դոկտ. Այիդա Յովհաննիսեանը: Տասներկու գլուխներից կազմւած զեկոյցը մանրամասն տեղեկութիւններ էր փոխանցում թեհրանահայութեան գերագոյն գործադիր մարմնի աշխատանքների մասին, ինչպէս նաեւ` ընդհանուր վիճակագրական տեղեկութիւններ համայնքի առկայ վիճակի մասին:
Օրինակի համար, կրթական բնագաւառում, զեկոյցի համաձայն, անցեալ ուսումնական տարւայ ընթացքում Թեհրանում աշխատել է 18 հայկական դպրոցներ, որոնցում սովորել են 3495 աշակերտներ: Դպրոցներում դասաւանդել են 72 հայ ուսուցիչ: Գանձւած թոշակները ծածկում են դպրոցների ծախսերի միայն 50 տոկոսը: Ուսուցիչների միայն մի մասն է աշխատում որպէս պետական պաշտօնեայ եւ վարձ ստանում կառավարութիւնից, միւս մասի պաշտօնական վարձակալման համար կրթական խորհուրդը բանակցութիւններ է վարում երկրի կրթութեան նախարարութեան հետ: Պատգամաւորական ժողովը իր նախկին նիստում ընդհանուր հաւանութիւն տալով "Ռոստոմ" եւ "Արաքս" դպրոցների միատեղման ծրագրին, պայմաններ էր սահմանել դրա իրականացման համար, որոնց համաձայն, թեմական խորհուրդը պարտաւոր էր ձեռք բերել "Ռոստոմ" դպրոցի ծնողների համաձայնութիւնը եւ ստուգել երկրի ընդհանուր համակարգում ուղեցոյց օղակի վերացման հարցը: Ներկայիս թեմական խորհուրդը այդ պայմանները լրացւած համարելով, գործի է անցել, մինչդեռ պատգամաւորներից ոմանց կարծիքով, դեռ վիճելի էր "Ռոստոմ" դպրոցի ծնողների համաձայնութեան հարցը: Պարզ չէր, քանի հոգի էին ներկայ եղել այն ժողովում, որտեղ համաձայնութիւն էր կայացւել: Ինչեւէ, այս դէպքերում գործադիր մարմինը, եթէ յատկապէս տարիների ժողովավարական փորձ ունենայ, միշտ էլ վերջնական յաղթողն է, եւ նրան յաջողում է իր օգտին վերծանել այդպիսի անորոշ նախապայմանները:

 


Բիւջէ
Նոյնը կարելի է ասել բիւջէի մասին: Պատգամաւորական ժողովը իր Մարտի 9-ի նիստին թեմական խորհրդի ներկայացրած բիւջէն վաւերացրել էր միայն վեց ամսւայ համար, դրա ամբողջական վաւերացումը պայմանաւորել էր դրա ներկայացման համար աւելի թափանցիկ ֆորմատ ձեւաւորելուն: Բիւջէի (նախահաշւի) ներկայացման այդ նոր ֆորմատը պիտի կազմւէր ՊԺ-ի տնտեսական յանձնախմբի եւ թեմական խորհրդի նիւթական հարցերի պատասխանատու Վահիկ Շահնազարեանի խորհրդակցութիւններով: Ինչպէս նախատեսւել էր, դա չէր կատարւել: Տնտեսական յանձնաժողովը չէր հաս-ցրել այնպէս որ հարկն է աշխատել նոր ֆորմատի վրայ, որն ինքն այնքան էական էր համարում իր անդամների նախկին ելոյթներում: Իսկ թեմական խորհուրդը բաւարարւել էր, որոշ ելումուտի որոշ հաշիւների մանրամասնութիւնները կցելով նախկին զեկոյցին: Էմիլ Մնացականեանը բողոքում էր այն բանի մասին, որ ոչինչ չի կատարւել "նախահաշւի բացը իրականացնելու ուղղութեամբ". ըստ նրա, նախահաշւի մօտ մէկ միլիարդ թուման բացը իրական չէ, քանի որ հիմնւած է ոչ թէ նախկին տարիների իրական ելումուտի, այլ նախկին տարիների նախահաշւի գումարների հիման վրայ: Ինչ որ է, ինչպէս պատահում է այսպիսի ժողովներում, ժամն արդէն մօտենում էր կէս գիշերին, պատգամաւորներն յոգնած էին, եւ այդ պայմաններում անհնարին էր մտնել բարդ հա-շիւների մանրամասնութիւնների մէջ: Ժողովի տրամադրութիւնը պարզապէս այն էր, որ վաւերացնել բիւջէն ու գնալ տուն: Այդպէս էլ եղաւ. ներկայ 32 պատգամաւորներից 19-ը կողմ քւէարկեցին եւ նախահաշիւը վաւերացւեց:
Այս հարցի շուրջ քննարկումների ժամանակ հետաքրքիր էր նաեւ թեմական խորհրդի նիւթականի պատասխանատու Վահիկ Շահնազարեանի մօտեցումը: Նա համոզմունք էր յայտնում, որ ներկայ ֆորմատը կազմւել է մասնագէտ մարդկանց միջոցով, եւ եթէ պիտի փոխւի, դա պիտի կատարւի նոյնքան կամ աւելի մասնագէտ անձանց միջոցով եւ դա կարճ ժամանակում հնարաւոր չէ: Նա ՊԺ-ի տնտեսական յանձնաժողովի ներկայացրածը ընդհանրապէս չէր հաւանում եւ ասում է` որպէս ֆինանսական հարցերի մասնագէտ, չի կարող ընդունել իր պաշտօնավարութեան ժամանակաշրջանում նախահաշւի ներկայացման նման ձեւ կիրառւի (իհարկէ, ընդունելով, որ ներկայացւածում կան դրական կէտեր): Սա գործադիր եւ օրէնսդիր մարմինների տիպիկ հակադրութիւն է, ուր միշտ էլ գործադիր անձինք եւ մարմինները օրէնսդիրներին մեղադրում են ոչ մասնագիտական մօտեցումներ ունենալու համար:

 


Լրագրողները առանց նախահաշւի օրինակի
Պատգամաւորներին նախապէս ուղարկւել էր նախահաշւի պատճէնը, որպէսզի ցանկանալու դէպքում հնարաւորութիւն ունենան քննարկել այն եւ պատրաստւած ներկայանալ ժողովին: Կարող էի տեսնել պարոն Գրիշի օրինակը, որի վրայ նա սխալները եւ հարցերը կարմիր մաժիքով հայլայթ էր արել: Քննարկումների ժամանակ թէ՛ թեմականի ներկայացուցիչը եւ թէ՛ պատգամաւորները վկայակոչում էին էջեր եւ յօդւածներ: Իսկ մենք միայն պիտի գուշակէինք թէ ինչի մասին է խօսքը: Եթէ լրագրող են հրաւիրում, եւ նրանք երկար ժամեր են տրամադրում ներկայ գտնւելու եւ հետեւելու ժողովին՝ դրանք իրենց ընթերցողներին փոխանցելու համար, պիտի նրանց եւս տրամադրեն նախնական փաստաթղթերը՝ առանց որի հնարաւոր չէ հասկանալ ժողովի անցուդարձը: Այս տրամաբանութեամբ ժողովի վերջում մօտեցայ ՊԺ-ի ատենապետ պրն. Գէորգ Աբուլեանին եւ խնդրեցի մեզ տրամադրել նախահաշւի մի օրինակ: Նա խոստացաւ հարցը արծարծել Պժ-ի դիւանում եւ նրանց վաւերացումից յետոյ այն տրամադրել մեզ:

 


Թափանցիկութեան փորձ
Սեպտեմբերի 22-ի նիստի ընդմիջումից յետեյ, երբ արդէն պիտի սկսւէր նախահաշւի քննարկումը, ՊԺ-ի ատենապետ Ռոբերտ Մարգարեանը յայտարարեց, որ թեմական խորհուրդը առաջարկել է նիստի շարունակութիւնը լինի դռնփակ, այսինքն՝ առանց լրատւամիջոցների ներկայացուցիչների ներկայութեան, այսինքն՝ ես եւ "Ալիք"-ի լրագրողը պիտի թողնէինք ժողովը: Առաջարկը քւէարկութեան դրւեց. 12 հոգի էին կողմ. ուստի մնացինք ժողովում ու մինչեւ վերջ էլ չհասկացայ ինչ զգայուն հարց կար, որ մենք աւելի լաւ էր չիմանայինք:

Ինչո՞ւ չհրատարակել զեկոյցը
Իսկ երբ խօսքը թափանցիկութեանն է վերաբերում, առաջանում է մի հարց եւս: Ես հետաքրքրու-թեամբ լսեցի թեմական խորհրդի միամեայ զեկոյցը: Կային մութ կէտեր, սակայն կային նաեւ այնպիսի տեղեկութիւններ եւ բացատրութիւններ, որ լուսաբանում էին ազգային իշխանութիւնների դէմ ուղղւած մեղադրանքներն ու հարցականները: Կային հետաքրքիր տեղեկութիւններ կալւածների ու շինարարական աշխատանքների, ներդրումների (օրինակ "Սասուն" փակ բաժնետիրական ընկերութեան, Դատական խորհրդի աշխատանքի, կրթական խորհրդի եւ երկրի պատասխանատու մարմինների միջեւ բանակցութիւնների) մասին: Հարցը կայանում է այնտեղ, թէ՝ ինչո՞ւ թեմական խորհուրդը այդ զեկոյցը չի հրատարակում:

 


Արտագաղթ
Թեմական խորհրդի զեկոյցում մի գլուխ եւս յատկացւել էր մեր հարցերի հարցին` արտագաղթին: Ըստ զեկոյցի, մկրտութեան վկայականի դիմումների թիւը նւազել է (2008թ.` 650 դիմում), եւ դրանից գուցէ լինի եզրակացնել, որ արտագաղթի տեմպը իջել է: Իսկ երբ հարց տրւեց, թէ թեմական խորհուրդը ինչ աշխատանք է տարել արտագաղթը կանխելու համար, դոկտ. Այիդա Յովհաննիսեանը պատասխանեց, որ ընդհանուր անուղղակի քարոզչութիւնից բացի, ոչինչ, քանի որ այն գործօնները, որոնց հետեւանքն է արտագաղթը, մեր ձեռքը չեն: Իսկ Սրբազան Հայրը կատակեց. "Կրնանաք Ամերիկայի դեսպանատներին յանձնարարել վիզա չտալ":

 

Յոյս թիւ 83

29 Սեպտեմբեր 2010