Զրոյց Րաֆֆի համալիրի պատասխանատուների հետ
ՄԻՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՄԷՋ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՐԳ ՉԿԱՅ


42-րդ Համահայկական խաղերը եւս աւարտին հասաւ, այսպէս ասած` մի կերպ, ոչ նախքին շուքով ու խուռն բազմութեամբ: Պէտք չէր մասնագէտ լինել, որպէսզի նկատել թէ ինչքան բան է մեզնից խլել վերջին տարիների արտագաղթը: Այնուամենայնիւ նպատակը ծամծմւած այս փնթփնթոցների ու դժգոհութիւնների կրկնութիւնը չէ, եւ ուզում ենք անդրադառնալ մի այլ հարցի՝ հէնց այս համահայկական խաղերի վերաբերեալ:
Թերեւս քչերը, այն էլ միութենական պատասխանատու անձինք գիտեն Թեմական խորհրդի կողմից նախաձեռնւած, այսպէս կոչւած միջթեմական եւ միջմիութենական յատկապէս մշակութային համագործակցութիւններն ընդլայնելու ծրագրի մասին: Իհարկէ այս կապակցութեամբ ինչպէս տեղեկանում ենք յանձնախմբերը կազմւում, ժողովները կայանում եւ բարի ցանկութիւններն ու գեղեցիկ որոշումները կայանում են, իսկ թէ գործնականում ինչպէս կը ստացւի, կիրականան այդ բարիկամեցողական ծրագրերը, թէ՝ ոչ, երեւի շատ շուտով պիտի պարզւի եւ պէտք չէ երկար սպասել:
Այս ուղղութեամբ ինձ հետաքրքրեց մարզական միջմիութենական համագործակցութիւնները, եւ թէ՝ ընդհանրապէս նման բան գոյութիւն ունի՞ թէ՞ ոչ: Ասենք՝ երբ տեսնում ես "Րաֆֆի"-ի բասկետբոլիստը կամ ֆուտբոլիստը խաղում է "Արարատ"-ի թիմում, արդեօք դա կատարւում է ըստ ընդունւած կարգերի՞ թէ՞ ոչ, եւ ընդհանրապէս դա ինչպէ՞ս է մինչ հիմա կամ ներկայիս կատարւում: Իհարկէ "Րաֆֆի"-ի մարզականի պատասխանատուի՝ "Ալիք"-ին տւած հարցազրոյցում կար ակնարկ-բողոք, որ իրենց խաղացողներին տանում են "ուրիշ միութիւնները" (Պրն, Ժորէսը պնդում էր, "որ իր ասածը աղաւաղւել է, եւ ինքը ոչ թէ ուրիշ միութիւններ, այլ կոնկրետ "Արարատ"-ի անունն է տւել):
Այս հարցով, երբ դիմեցինք "Րաֆֆի" համալիրի վարչութեանն ու մարզականի պատասխանատուներին, պարզւեց, որ այսքան տարուց յետոյ, դեռ նման համագործակցութեան համար որեւէ տեղ ընկած կարգ չկայ եւ յաճախ միակողմանի՝ "Րաֆֆի"-ից յատկապէս "Արարատ" կատարւող փոխանցումները, իրականացւում են առանց յարգելու ընդունւած կարգերը եւ առանց կողմերի փոխադարձ համաձայնութեան: Յիշեցնենք, որ զրոյցին մասնակցում էին "Րաֆֆի" համալիրի վարչութեան նախագահ Վարդան Բաբախանեանը, վարչութեան անդամներ՝ Վիգէն Մանդանեանը եւ Ժորէս Դիլանչեանը, որն ի դէպ Մարզական բաժանմունքիկապն է: Ստորեւ ներկայացւում է նրանց հետ ունեցած մեր զրոյցը, իհարկէ որոշակի յապաւումներով:

Քարմէն Ազարեան


-Որպէս սկիզբ ցանկանում եմ ներկայացնել մի քանի խօսքով Հ.Մ.Մ. "Րաֆֆի" համալիրը՝ որպէս մարզական ակումբ, ապա անդրադառնանք այն հարցին, որը հետաքրքրում է մեզ եւ մեր ընթերցողներին՝ միջմիութենական, յատկապէս Հ.Մ."Արարատ" կազմակերպութեան հետ ձեր մարզական համագործակցութիւններին:
-"Րաֆֆի"-ն ունի տարբեր տարիքային խմբերի պատկանող բազմանդամ թիմեր՝ զանազան մարզաձեւերից, ունի ֆուտբոլի դպրոց՝ շուրջ 100 աշակերտներով, ունի բասկետբոլի աղջ. եւ տղայոց մի քանի թիմեր, կարատէի, մարմնամարզութեան խմբեր շախմատի դասարաններ, լեռնագնացութեան խմբեր եւ այլն, եւ գտնւելով հայաշատ թաղում, այդ առումով առաւելութիւն ունի բնականաբար` ոչ հայկական թա-ղերում գտնւող միութիւնների, ասենք` "Արարատ"-ի հանդէպ: Միւս կողմից պարզ է, որ "Րաֆֆի"-ն չլինելով "քոյր" միութիւն, զուրկ է ազգային իշխանութեան հովանաւորութիւնից, մի բան որը առաւելագոյնս վայելում է "Արարատ"-ը: Իսկ բոլորս էլ լաւ գիտենք, որ սպորտի զարգացումը համապատասխան խոշոր ներդրումներ է պահանջում, որից մենք զուրկ լինելով, համակերպւել ենք այն մտքի հետ, որ եղած պայմաններով ու հնարաւորութիւններով տալ առաւելագոյնը մեր երեխաներին: Իսկ գալով միջմիութենական մարզական համագործակցութեանը, պէտք է ասեմ, որ նման բան դժւար թէ ստացւի, քանի դեռ մեր դիմացի կողմը անտեսում է մեզ` որպէս հայկական միութիւն կամ ակումբ, եւ ցանկացած հարց տնօրինում է կամայաբար: Ասենք` նոյնիսկ մարզիկներ փոխանակելու գործը կատարւում է անհաշիւ ու ինքնագլուխ, որը քայքայում է մեր միութեան մարզախմբերը: Ասենք հէնց այս խաղերին մենք մեր բասկետբոլի թիմի կազմը որոշել ու մեծ յոյսեր ունէինք յաղթանակ տանելու, բայց ինչպէս բոլորն էլ տեսան, մեր թիմը չկարողացաւ այնքան էլ յաջող խաղալ, քանի որ մեր մարզիկներից մէկը հէնց խաղերի նախորդ օրերին հրաժարւեց մեր թիմում հանդէս գալ եւ միացաւ "Արարատ"-ին: Իհարկէ խաղը մի մարզիկով չի լինում, բայց պատկերացրէք տարիներ շաունակ միութիւնս մեծ գումարներ է ծախսում, որպէսզի այդ պատրաստւածութեան հասցնի որեւէ մարզիկի, եւ յետոյ միանգամից ամէն ինչ օդ է գնում՝ յուսահատեցնելով նաեւ թիմակիցներին:

- Իսկ չէ՞ որ կոնկրետ այդ բասկետբոլիստի պարագայում դուք ստորագրել եւ տւել էք ձեր համաձայնութիւնը: Եւ ընդհանրապէս հարցն այն է թէ ինչպէ՞ս է կատարւում այդ տեղափոխումը:
- Մենք ելնելով այն հանգամանքից, որ այդ մարզիկը անձամբ արդէն որոշել էր հեռանալ, ստիպւած համաձայնեցինք, ուրիշ կերպ չէինք կարող նրան պարտադրել մնալ: Իսկ թէ փոխանակումը ինչպէս է կատարւում, ասացինք արդէն, դա կատարւում է ոչ այնպէս, ինչպէս կարգն է՝ օրէնքով, եւ ինչպէս միւս մարզական ակումբներն են անում` բանակցութիւններով ու փոխհամաձայնութեամբ, այլ՝ շատ դէպքերում մարզիկի հետ անձնական ու կողմնակի, ոչ պաշտօնական շփումների շնորհիւ, եւ տեսակ-տեսակ խոստումներով համոզելու միջոցով: Եթէ ուշադիր հետեւէք ներկայ պայմաններում "Արարատ"-ի անւան տակ խաղում են "Րաֆֆի"-ի շատ խաղացողներ՝ թէ աղջիկների եւ թէ տղաների մէջ: Մի խօսքով ինչ-որ միջնորդ, այն էլ ոչ անպայման "Արարատ"-ից, յայտնւում է, եւ կապւելով մար-զիկի հետ նրան քաջալերում "Արարատ"-ում խաղալու: Նման բաները ընդհանրապէս մարզական աշխարհում ընդունւած չէ, եւ ակումբներն են միայն որ իրա-ւունք ունեն որոշելու թէ իրենց մարզիկը գնա՞յ միւս ակումբի անւան տակ խաղալու թէ՞ ոչ:

- Իսկ չէ՞ք կարծում, որ դա ինչ-որ տեղ բնական է, եւ մենք չենք կարող մարզիկի զարգացման ձգտումների առաջն առնել: Եւ ընդհանրապէս աւելի խելքի մօտ չէ՞ կենտրոնացնենք մեր կարողութիւնները:
-Իհարկէ, ինչ-որ տեղ եւ ներկայ պայմաններում մենք էլ ենք հասկանում, որ եթէ ուզում ենք այս փոքրաթիւ հայերից մի կարգին թիմ կամ մարզիկ դուրս գայ, պէտք է համատեղենք մեր հնարաւորութիւնները, "Արարատ"-ը երկրի մասշտաբով ներկայանալի ակումբ դարձնենք, եւ այն որպէս համայնքի հարստութիւն պահպանենք: Մենք հարկ եղած դէպքում պարտաւոր ենք զոհաբերել մեր ակումբային եւ մրցակցային շահերը, եւ մարզիկին ինչ-որ մակարդակի հասցնելուց յետոյ տրամադրենք "Արարատ"-ին՝ եթէ իհարկէ այդ միութիւնը շարունակի մեր գործը եւ քամուն չտայ մեր տարիների աշխատանքը: Դա է պահանջում մեր համայնքի ընդհանուր շահերը: Բայց այստեղ հարց է առաջանում թէ դա ինչպէ՞ս է կատարւում: Մեզ համար շատ վիրաւորական է, որ նրանք, անտեսելով միութեան այդ իրա-ւունքը եւ այսքան մարդկանց տարիների աշխատանքը, շատ հանգիստ կապ են հաստատում "աչքի ընկած" այս կամ այն մարզիկի հետ եւ այսպէս ասած մի հեռախօսազրոյցով "համոզում" են իրենց թիմ անցնելու: Մենք էլ որովհետեւ զուրկ ենք համապատասխան բիւջէն պահանջող պայմանագրային փոխպարտաւորութիւնից, ստիպւած ենք ընդունել մարզիկի հեռացումը: Եւ այսպէս ջուրն է ընկնում մեր տարիների աշխատանքը:

-Իսկ ի՞նչ կասէք տւեալ "դասալիք" մարզիկի ապագայի մասին, արդեօք գոնէ նրանց ապագան այդպիսով ապահովւում է սպորտի ասպարէզում, եւ "Արարատ"-ը կարողանում է բա-ւարարել նրանց հետագայ կարիքները՝ առաւել բարձր դիրքերի հասնելու ուղղութեամբ:
- Ցաւալի է , բայց՝ ոչ միշտ: Պարզւում է, որ նրանք ինչ-ինչ պատճառներով միշտ չէ, որ կարողանում են կատարել իրենց խոստումները եւ մարզիկն էլ լաւագոյն դէպքում յայտնւում է ինչ-որ անյայտ պարսկական թիմում: Նրանցից շատերը, յատկապէս աւելի փոքրերը դժւարանում են փորձերի համար մեր թաղից մինչեւ "Արարատ" գնալ, եւ յատկապէս ձմռան ցրտին, հրաժարւում են դրանից, եւ քանի որ "Րաֆֆի" էլ չեն կարող վերադառնալ, գործնականում դուրսն են մնում:

-Ուրեմն, ինչպէս հասկացայ, համայնքիս այս երկու բազմանդամ մարզական միութիւնների փոխհամագործակցութիւնն էլ, այնպէս որ պիտի չի ստացւում, Դուք ի՞նչ կարծիքի էք, որեւէ առաջարկութիւն, որեւէ ելք տեսնում էք, գոնէ մարզական ասպարէզը առողջացնելու համար:
-Իհարկէ յոյսեր միշտ էլ կան: Մենք միշտ էլ պատրաստ ենք համագործակցելու եւ մեր բոլոր հնարաւորութիւնները տրամա-դրելու նրանց, բայց եթէ նրանք հաշւի նստեն մեզ հետ եւ չանտեսեն մեր իրաւունքները: Մենք անգամներ առաջարկել ենք հանդիպել Հ.Մ.Ա.Կ.-ի կենտրո-նական վարչութեան հետ եւ պարզելով նմանատիպ հարցերը, ընդլայնենք մեր համագործակ-ցութիւնները, սակայն դժբախտա-բար մինչ օրս չի ստացւել: Յոյսով ենք որ գոնէ համայնքի այս դժւար օրերին դա կարողանանք անել:

-Շատ շնորհակալ եմ Ձեր տրամադրած տեղեկութիւնների համար, մենք էլ ձեզ պէս յոյսով կը սպասենք, որ ինչքան շուտ մեր երեխաները գոնէ սպորտի աշխարհում վայելեն առողջ ու ընկերական մթնոլորտը:

 

Յոյս թիւ 83

29 Սեպտեմբեր 2010