ԴՊՐՈՑԻ ՃԱՄԲԱՆ

 


Կրկին Մեհրի մէկը եւ կրկին դպրոցների վերաբացում, աշնանային մեղմ ցուրտ ու տերեւաթափ մայթերում... Կրկին կերպարանափոխւում են փողոցները, անենուր յայտնւում են աղջիկներն ու տղաները՝ խումբ-խումբ, համարեա բոլորը աշխոյժ եւ ուրախ, խանդավառ, ապագայի նկատմամբ լի յոյսով: Նրանց աչքերում շողշողում է յոյսն ու կեանքը: Եւ դա անկախ նրանից, որ նախանձելի վիճակում չեն գտնւում մեր դպրոցները:
Այս տարի իրանահայերը իւրայատուկ պայմաններում, թերեւս տխուր քան երբեւէ, սկսում են դպրոցական նոր տարեշրջանը: Արդէն մի քանի տարի է, ինչ մէկը միւսի յետեւից փակւում են մեր դպրոցները՝ "Քուշէշ"-ը, "Ալիշան"-ը եւ վերջինը այս շարանում` "Ռոստոմ"-ը: Դրա անունը դնենք վերադասաւորում, թէ որեւէ այլ բան, նշանակութիւն չունի, փաստը մնում է փաստ, որ Իրանի հայկական դպրոցները փակւում են իսկ դրա պատճառն էլ ոչ այլ ինչ է, եթէ ոչ՝ իրանահայերի արտագաղթը: Նրանք չւում են Ամերիկա եւ, բնականաբար, չեղած երեխաների համար չի լինի դպրոցը բաց պահել:
Հայկական դպրոցների բակերում այս օրերին դեռ շարքերում կանգնած կամ իրար հետ կատակող ու խաղացող երեխաներից քչերն են իրենց ապագան Իրանում տեսնում: Մեծ հաւանութեամբ նրանք հէնց գալիք տարի կամ մի քանի տարի յետոյ իրենց ծնողների հետ կամ էլ առանձին՝ դպրոցն աւարտելուց յետոյ, գաղթելու են Ամերիկա: Բայց կարծես թէ դա նրանց այնքան էլ չի մտահոգում: Կեանքը կեանք է, եւ վերջին հաշւով նոյնն է ամենուր: Այսօր ոչ ոք իր կեանքն ու ապագան չի ծրագրում իր երկրի սահմաններում: Համաշխարհայնացման այս պայմաններում, երթեւեկութեան ու հաղորդակցութեան դիւրացման դարաշրջանում, սահմանները օր-օրի աւելի են կորցնում իրենց իմաստը եւ այս համատեքստում, մեր դպրոցականներն էլ, ասես, իրենց ապագան չեն ընկալում միայն Իրանում, կամ Հայաստանում: Այսօր երեխաների համար մտածել ամբողջ աշխարհի մասշտաբով, երեւակայական բան չէ: Ինտերնետային կապերի եւ արբանեակային հեռուստատեսութեան շնորհիւ վերանում են աշխարհագրական տարածութիւնները եւ ամբողջ աշխարհի մարդիկ հետզհետէ մօտենում ու նմանւում են իրար: Աշխարհի բոլոր երեխաները նոյն համակարգչային խաղերն են խաղում, նոյն ֆուտբոլի մրցութիւնները դիտում, նոյն անիմացիոն ֆիլմերի ու նրանց հերոսների հետ են ապրում ու մեծանում: Գաղթը նրանց այնքան էլ չի մտահոգում, դրա համար էլ նրանց հայեացքներում կարելի է տեսնել յոյսն եւ խանդավառութիւնը ապագայի նկատմամբ: Դա երեխայի ու պատանու առանձնայատկութիւնն է, որը ամենացայտուն կերպով արտայայտւում է հէնց դպրոցների բացման առաջին օրը:

 

Յոյս թիւ 82

15 Սեպտեմբեր 2010