ԵՐԲ ԳԼԽԱՒՈՐ ՆՊԱՏԱԿԸ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԾԱՌԱՅԵԼՆ Է

Պատասխան գրութիւն "Ալիք" օրաթերթում տպագրւած հարցազրոյցի

 


"Ալիք" օրաթերթի թւականիս Յունիսի 23-ի եւ Յուլիսի 15-ի համարներում տպագրւել են երկու հարցազրոյցներ՝ Զէյթուն (Մաջիդիէ) քաղաքամասի Թաղային խորհրդի անդամ պրն. Արմէն Օհանջանեանի հետ, որտեղ նկատելի էին որոշ անճիշտ եւ թերի տեղեկութիւններ, որից ելնելով՝ հարկ ենք համարում իբրեւ պարզաբանում՝ թերթի յարգելի ընթերցողներին իրազեկ պահել ճշմարտութեանը: Եւ այսպէս՝
1- Որպէս սկիզբ՝ նախ պարզենք, թէ Ա. Օհանջանեանը, որը հարցազրոյցում իրեն ներկայացրել է Մաջիդիէ քաղաքամասի Թաղային խորհրդի նախագահ, իրականում այդպէս չէ, քանի որ դիւանի գործունէութեան ժամանակաշրջանը (հետեւաբար՝ նոյնպէս նախագահինը) մէկ տարի լինելով՝ արդէն ամիսներ է, ինչ աւարտւել եւ լուծարւել է նախկին դիւանի կազմը: Եթէ Ա. Օհանջանեանը թիւրիմացաբար դեռեւս իրեն համարում է նախագահ, պէտք է յուշել, որ նոր դիւանի ընտրութեան շուրջ համաձայնութիւն չկայանալով՝ Թաղային խորհուրդների համադրող մարմնի որոշմամբ՝ 11 Մայիսի 2010 թւականին նրանից վերցւել է խորհրդի կնիքը եւ հետեւաբար՝ խորհրդի նախագահի հանգամանքը: Ուստի՝ ե՛ւ օրինապէս, ե՛ւ բարոյապէս ճիշտ չէր նա իրեն իբրեւ նախագահ ներկայացնէր:
2- Իսկ ո՞րն է պատճառը, որ նոր դիւանի ընտրութեան շուրջ համաձայնութիւն չկայացաւ: Իրականում, նման համաձայնութիւն կայացել էր դեռ անցեալ տարի նորընտիր Թաղային խորհրդի դիւանի ընտրութեան կապակցութեամբ, ըստ որի՝ առաջին տարում Թաղային խորհրդի բոլոր եօթ անդամները միաձայնութեամբ ընտրեցին Հ. Մ. "Նայիրի" միութեան հովանաւորած անդամներից, որպէս նախագահ, իսկ յաջորդ տարում նախագահ պիտի ընտրւէր անկախ անդամներից: Եւ այսպէս՝ խորհրդի իսկական 7 անդամներն էլ միասնաբար ընտրեցին Արմէն Օհանջանեանին՝ նախագահ ("Նայիրի" միութեան ցանկից), Յովիկ Մինասեանին՝ փոխնախագահ ("Նայիրի" միութեան ցանկից) եւ Վահէ Խաչատրեանին՝ քարտուղար (անկախ անդամ): Բայց, երբ հերթն հասաւ նոր շրջանի դիւանի ընտրու-թեան, "Նայիրի" միութեան ցանկի անդամները մոռացան նշեալ համաձայնութեան մասին եւ խոստումնադրուժ լինելով՝ պնդում էին, որ նոր շրջանում դարձեալ Ա. Օհանջանեանը լինի նախագահ: Աւելացնենք նաեւ, որ յանուն միասնականութեան եւ թաղի ժողովրդի շահերի՝ փորձելով իրավիճակը հանել փակուղուց, անկախ անդամներս համաձայնւեցինք երկրորդ տարին եւս նոյն Ա. Օհանջանեանը լինի նախագահ՝ պայմանով, որ վերջին երկու տարում նախագահն ընտրւի անկախ անդամներից: Բայց, ցաւօք, այս առաջարկը եւս մերժւեց, որի արդիւնքում՝ դիւանի ընտրութեան հարցը մինչ օրս մնաց առկախ:
3- Հարցազրոյցում անկախ անդամների մասին նշւած է ՝"Նրանք ցանկանում են դիւանի ընտրութիւններում դառնալ նախագահ կամ փոխնախագահ, բայց օրէնքով նախատեսւած կէտը սահմանափակում է այդ հնարաւորութիւնը, քանի որ ինչպէս նշեցինք՝ արդէն եօթհոգանոց կազմից չորսն ընտրւել են ժողովրդի քւէով":
3-1- Իրականութեան մէջ, մեր ցանկութիւնը ոչ թէ որեւիցէ պաշտօն ստանձնելն է, այլ վերոյիշեալ խոստումնադրուժ մօտեցումներն են, որ ստիպում են մեզ ապաւինելով օրէնքին՝ պահանջել համահաւասար իրաւունքներ:
3-2- Յիշատակելի է, որ կանոնադրութեան համաձայն՝ խորհրդի նախագահի պաշտօնը ստանձնելու համար կրթութեան նւազագոյն մակարդակը ճշտւել է միջնակարգի վկայականը (դիպլոմը) եւ հակառակ հարցազրոյցում նշւած "սահմանափակումի"՝ 3 անկախ անդամներն էլ կարող են ընտրւել որպէս խորհրդի նախագահ, այնինչ "Նայիրի" միութեան հովանաւորած 4 անդամներից միայն 2-ն են, որ լրացնում են այս նախապայմանը: 3-3- Իսկ զարմանալի է նոյն նախադասութիւնում նշւած տրամաբանութիւնը՝"քանի որ ինչպէս նշեցինք արդէն, եօթհոգանոց կազմից չորսն ընտրւել են ժողովրդի քւէով": Ընթերցողի մօտ ակամայից հարց է առաջանում, թէ միւս 3 անդամները եթէ չեն ընտրւել ժողովրդի քւէով, ապա ինչպէ՞ս են դարձել խորհրդի իսկական անդամ: Կարիք ենք զգում այստեղ յուշել ժողովրդի կողմից ընտրւած Մաջիդիէ քաղաքամասի Թաղային խորհրդի անդամների անւանացանկը՝ ըստ քւէների թւային պատկերի: (Տես վերի աղիւսակը)
4- Հարցազրոյցի առաջին մասում (Յունիսի 23) ոչ մի մատնանշում չի կատարւել խորհրդի այլ անդամների աշխատանքներին եւ միայն նշւել է հարցազրոյցին մասնակցող եւ խորհրդի մի այլ անդամի մասին՝ մոռանալով, որ խորհրդի միւս 8 անդամները եւս մասնակից են եղել բոլոր աշխատանքներին: Հէնց նոյն կողմնորոշւած մտքի շարունակութեամբ՝ յիշեալ հարցազրոյցում դիտաւորեալ կերպով ներկայացւել են խորհրդի անդամներից միայն 3-ի լուսանկարները: Յիշատակելի է, որ նահատակի մօր այցելութեան ժամանակ խորհրդի անդամներից ներկայ են եղել նաեւ՝ պրն. Վահէ Խաչատրեանը եւ տկն. Ռոզիկ Տէր-Յովհաննիսեանը:

 


5- ...
6- ...
7- Համաձայն Թաղային խորհուրդների կանոնադրութեան յօդւած 2-ի՝ Թաղային խորհուրդները ոչ-կառավարական, ոչ-քաղաքական եւ կամաւորական մարմիններ են: Թաղային խորհուրդների աշխատանքներն ընդգրկում են թաղամասի բոլոր բնակչութեան եւ տարբեր հասարակական խաւերի, ընտանիքների, տարիքի, սեռի եւ տարբեր կրօնների հետեւորդներին: Այդ պատճառով՝ Թաղային խորհրդի որոշումները եւ աշխատանքները չեն կարող կախւած լինել միայն մէկ կազմակերպութեան, դաւանանքի, քաղաքական կուսակցութեան կամ հասարակական դասակարգի շահերից: Պարզւում է, որ նկատի ունենալով իւրաքանչիւր թաղամասի բնակիչների կրօնական եւ գաղափարական զանազանութիւնը, Թաղային խորհուրդների որոշումներում եւ աշխատանքներում սպասւում է միաբանութեան եւ համագործակցութեան առաւելագոյն չափ եւ հէնց այդ նկատառումով է, որ Թաղային խորհուրդների բարոյական կանոնակարգի յօդւած 1, 2, 3, 4 եւ 8-ում առաւել շեշտւում է միասնականութիւնը, համերաշխութիւնը, հանդուրժողականութիւնն ու համագործակցութիւնը եւ թաղամասի ընդհանրական շահերը գերազանցում է անհատական կամ խմբակցական շահերից: Մասնաւորապէս, օրէնսդիրը յօդւած 3-ում Թաղային խորհրդի անդամներից պահանջում է խուսափել ինքնակենտրոն, խմբակցական ու հատւածապաշտական մօտեցումներից եւ հրաժարւել քաղաքական թեքումների արծարծումից: Այսպիսով՝ պարզւում է, որ Թաղային խորհրդի բոլոր անդամները պէտք է օժտւած լինեն միաբանութեան բարձրագոյն չափով եւ պէտք է խուսափեն խմբային նեղ շահերը պաշտպանող մօտեցումներից, նոյնիսկ եթէ անդամներից ոմանք թւային առումով ունենան ինչ-որ առաւելութիւններ: Թէեւ Մաջիդիէ քաղաքամասի Թաղային խորհրդի 10 անդամներից 5-ը հէնց հարցազրոյցում նշւածի համաձայն ընտրւել են նոյն միութեան հովանաւորած ցանկից, ելնելով վերոյիշեալ կանոնադրութեան սկզբունքներից, դա բոլորովին չի նշանակում, որ Թաղային խորհրդի բոլոր ժողովներում եւ բոլոր որոշումներում միւս անդամները պիտի ենթարկւեն նրանց անհատական կամ խմբային շահերից բխած մօտեցումներին:
8- Հակառակ հարցազրոյցի վերջում ներկայացւած "միասնական ճակատով ներկայանալու գաղափարին", անցեալ մէկ տարւայ իր նախագահական ժամանակաշրջանում Ա. Օհանջանեանը այնպիսի ուղեգիծ որդեգրեց, որ հեռու էր միասնական աշխատանքի օրինաչափութիւններից: Ինչու խորհրդի միւս անդամները "Ալիք" օրաթերթում լուրը տպագրւելուց յետոյ միայն պիտի տեղեկանային խորհրդի նախագահի հանդիպումների մասին, որոնց թւում՝ Թեհրանի քաղաքապետ պրն. Ղալիբաֆի հետ երկու հանդիպումները եւ շրջանի քաղաքապետի այցելութիւնը ազգային առաջնորդարան: Ինչո՞ւ խորհրդի քարտուղարը, որը ըստ Թաղային խորհրդի կանոնակարգի յօդւած 5-ի՝ պէտք է տեղեակ լինի, ցանկագրի եւ պահպանի բոլոր ստացւած եւ առաքւած նամակները, ընդհանրապէս նախագահի կողմից տեղեակ չի պահւել:
9- ...
10- Հարցազրոյցի վերջին բաժնում "Ալիք" օրաթերթը շատ տեղին մատնանշում է "Ո՞ւր է մնացել մեր միասնականութեան ոգին, միասնական ճակատով ներկայանալու գաղափարը" եւ "Երբ գլխաւոր նպատակը համայնքին ծառայելն է, ապա կարեւոր չէ, թէ դու ինչ հանգամանք ես զբաղեցնում տւեալ կառոյցում": Մենք եւս շեշտակի կարեւորութեամբ հաստատելով նոյն մտքերը՝ խորհրդածութեան ենք հրաւիրում Թաղային խորհրդի բոլոր անդամներին՝ այս մտքերի շուրջ: Հաւատացած ենք, որ միայն արդարութեան ու ճշմարտութեան հէնքի վրայ եւ միասնականութեան ու համերաշխութեան գաղափարներով հնարաւոր կը լինի համագործակցաբար ծառայել ժողովրդի ընդհանրական շահերին:

Մաջիդիէ քաղաքամասի Թաղային խորհրդի անդամներ՝
Ալբերտ Քոչարեան
Ռոզիկ Տէր-Յովհաննիսեան
Վահէ Խաչատրեան
Վազրիկ Ղազարեան

 

Յոյս թիւ 82

15 Սեպտեմբեր 2010