"ԻՐԱՆԱՀԱՅԵՐ" ԿԱՅՔԻ ԵՒ "ԱՐԱՔՍ" ՈՒ "ԼՈՅՍ"

ԹԵՐԹԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ "ԱԼԻՔ"-ԻՆ

 

 

ՄԵՐ ԶԳԱՍՏՈՒԹԵԱՆ ՀՐԱՒԷՐԸ ԵՒ "ԱԼԻՔ"-Ի ԽՈՒԼ ԱԿԱՆՋՆԵՐԸ ...
կամ "ով որ դաշնակցական չէ, հայ չէ՞"

Սոյն թւի Յուլիսի 15-ին, իրանահայ մամուլի երեք ներկայացուցիչներս` "Արաքս" շաբաթաթերթ, "Լոյս" ամսագիր եւ "Իրանահայեր" լրա-տւական ցանցը, իրանահայ համայնքի հայկական դպրոցների եւ ազգային հաստատութիւնների իրարայաջորդ փակման վերաբերեալ ՀՅԴ պաշտօնաթերթ "Ալիք" օրաթերթի խեղաթիւրւած լրատւութեան կապակցութեամբ համատեղ մի կոչով մասնաւորաբար նշել էինք, որ "լաւապէս գիտակցում ենք, որ "Ալիք"-ը անկախ թերթ չէ, այլ կուսակցական պաշտօնաթերթ եւ, ինքնաբերաբար, արտացոլում է պատկան կուսակցութեան տեսակէտները եւ ոչ թէ հասարակական պահանջը, սակայն դա չի նշանակում, թէ որեւէ կուսակցութեան պաշտօնաթերթ իրաւունք ունի իր նախասիրութիւններից ելած աղաւաղել հարցերը, այլափոխել իրականութիւնները եւ սուտ լրատւութիւն կատարելով մոլորեցնել հասարակութիւնը":
Յայտարարութեամբ նոյնպէս, շեշտադրւած, նշել էինք, որ ""Ալիք"-ը ոչ միայն կրկնում է Թեմական խորհրդի կողմից "Ռոստոմ" դպրոցի փակման մասին հրապարակւած անհիմն յայտարարութիւնը, այլ նրանից էլ առաջ անցնելով, (եւ անտեսելով 300 բողոքարկող ծնողների եւ դպրոցի յարակից "Բահար" շրջանի քաղաքացիների ստորագրահաւաքը), 20-25 հոգուն ներկայացնում է որպէս այդ դպրոցի ողջ աշակերտութեան ծնողների, որ "տւեցին իրենց լիարժէք համաձայնութիւնը, որպէսզի Թեմական խորհուրդն սկսի գործադրել "Ռոստոմ" աղջ. դպրոցը "Արաքս" դպրոցին միաւորելու գործընթացը", այսինքն փակումը, որն ընդհանրապէս չի համապատասխանում իրականութեանը, որովհետեւ յիշեալ նիստում ո՛չ քւէարկութիւն եղաւ, ո՛չ էլ հաւաքական հաստատում, նոյնիսկ այդ սակաւաթիւ ներկաների կողմից":
Վերջապէս, համատեղ յայտարարութեան ա-ւարտին ահազանգել էինք, որ "Ալիք" օրաթերթի որդեգրած գործելաոճի հետեւանքով հարցականի տակ է դրւել հայ մամուլի ազնւութիւնը, ինչը կարող է բացասական հետեւանքներ ունենալ համայնքի համերաշխութեան եւ կենսունակութեան վրայ":

Եւ ահա, Յուլիսի 19-ին, "Ալիք" օրաթերթը փոխարէն սթափւելու եւ անսալու մեր կոչին, կամ ապացուցելու, որ "ինքը չի ստել", հրապարակել է "Համայնքի ու հասարակայնութեան մերօրեայ պառակտիչները" վերնագրով մի գրութիւն, որում այս մտահոգիչ եւ կենսական հարցի վերաբերեալ մեր եւ համայնքում առկայ հարցադրումներին պատասխանելու փոխարէն, պատասխանել է հետեւեալ ոճով եւ կերպով:
"Մերօրեայ պառակտիչները ... առանց դոյզն իսկ արժանապատւութիւն ունենալու` մեղադրում են մեզ` "Ալիք" օրաթերթին, ... սա արտացոլւում է մի կայքէջային լրատւամիջոցից` "Իրանահայեր" յորջորջումով, որի խօսքին էլ որպէս համախոհ` իրենց կնիքն են դնում լրատւամիջոցի յաւակնութիւն ունեցող "Արաքս"-ն ու "Լոյս"-ը:
" ... նշւած վայ լրատւամիջոցների կողմից բազմիցս են հասցէագրւել մեզ,
... որի համախոհ ընթերցողների "բանակը" չի անցնում գոնէ տասնեակը եւ ինչպէս ժողովրդական խօսքն է ասում` խեղդւողը փրփուրներից է կախւում, սրանք էլ ընթերցող հասարակայնութիւն են փնտրում հայաստանեան հասարակութիւնում իրենց շինծու լրատւութեամբ, դեռ մի հատ էլ "կոչ" ձեւակերպում:
Եթէ այդքան ազգասէր մարդիկ էք եւ օր ու գիշեր չէք քնում համայնքային "սխալ գործելաոճից եւ մամուլի ոչ-ճիշտ լուսաբանումներից" մտահոգ, ճիշտ կը լինէր հիմնելով թուրքալեզու հայամէտ կայքէջ ...
ի՞նչ ենք սպասում նման մարդկանցից ...
"լրագրողներ", ... անձնական շահերի եւ եսակենտրոն նկրտումներ ... որոնք նոյնիսկ իրենց քթի տակ...":
Մեզ` Իրանահայ մամուլի երեք ներկայացուցիչներիս, այս գրգռիչ եւ անպատասխանատու վերաբերումին ի պատասխան, միայն մնում է դիմել հրապարակայնութեան:
Մենք գնահատական չենք տւել եւ չենք տալու թէ ո՞վ է "արժանապատւութեան" տէր, ո՞վ է "վայ լրատւամիջոց", ո՞վ է "պառակտիչ", ո՞վ է "լրատւամիջոցի յաւակնութիւն ունեցողը, որի ընթերցողների բանակը չի անցնում տասը", թէ ո՞վ է "փրփուրներից կախւող, խեղդւողը", "ընթերցող փնտրողը": Այլոց "ազգասիրութեան եւ մարդկային արժէքների" մասին գնահատականներ տալու փոխարէն, իրենց 80-ամեայ, կամ 180-ամեայ "փորձառութեան" տէր համարողները թող լինեն համեստ եւ չստեն, չզրպարտեն իրենց սուտն ու սխալը բացայայտողին եւ կամայական գործունէութեան դիմելով չոտնահարեն համայնքի ցանկութիւնները:
Թերեւս "Ալիք"-ը մոռացել է կամ չի գիտակցում, որ այլ թւականներում է ապրում, որ փոխւել են ժամանակներն ու սերունդները, թէ տասնամեակներ է, որ աւարտւել է պաղ պատերազմը, որ չկան այլեւս իր ծայրայեղութիւններն ու այլամերժութիւնները քաջալերողներ եւ հովանաւորողներ, եւ այս իրենց, մեղմ ասած, անհամեստ գրականութեան համար, կարելի է իրենց դատի տալ, այլապէս դեռեւս չէր գրի վերոնշեալները եւ դեռեւս, ինքն իրեն ծիծաղելի վիճակի մատնելով, չէր գրի հետեւեալը.
"Ալիք"-ին` "մեծ ժողովրդականութիւն վայելող մեր թերթին, սպասում են հազարաւոր ընթերցողներ... համայնքի միակ խօսափողը...
"Ալիք", որը մշտապէս ներել է ու հանդուրժել է հէնց վերը նշւածների ոտնձգութիւններին... "Ալիք"-ը, որ միշտ խոհեմ ու լուռ է... իրեն վայել չհամարելով պատասխանել այսօրինակ ճղճիմ ու ստայօդ ցեխարձակումներին...
"Ալիք"-ն իր գոյութեամբ, իր 80-ամեայ երթի ընթացքում, երբեւէ չի ընկրկել իր դէմ սուր ճօճողների մեքենայութիւնների դիմաց, այլ դարձել է աւելի զօրեղ: ... այս խմորը շատ ջուր կը տանի, այսինքն` կայքէջային այս մեսիջները, որոնք ուղղւած են մեզ, վստահ ենք, կանցնեն պատմութեան գիրկը ու համայնքի պառակտմանն ուղղւած գործընթացի "գլխաւոր հերոսները" կը մնան որպէս ինքնակոչներ, որոնց հետագայում արհամարհւած լինելը չի որակւի եւ որպէս հարցադրում` չի հնչի` "եթէ դաշնակցական չես, հայ չե՞ս":
Եզրափակենք մեր խօսքը.
Մենք չենք ասել թէ ինչ պիտի անի ՀՅԴ-ը կամ "Ալիք" օրաթերթը, դա իրենց գիտելիքն է, ցանկացած կուսակցութիւն եւ օրգան արժեւորւելու եւ արժեւորւում է իր կեցւածքով եւ գործունէութեամբ: Համատեղ Կոչ-ով, ստորագրեալներս յայտարարեցինք, որ "Ալիք"-ը եւ ցանկացած լրատւամիջոց ինչ չպէտք է անի եւ իրաւունք չունի անելու:
Հրապարակեցինք յայտարարութիւն, որովհետեւ այստեղ խնդիրը լոկ "Ալիք" օրաթերթի սխալ կեցւածքը չէր, այլ այն անառողջ մօտեցումը, որով նա փորձում է ազգային իշխանութիւնների սխալը քօղարկել, որը պակաս բան չէ, քան ինքը՝ սխալը, եւ նոյնիսկ երբեմն աւելի քանդիչ` որի համար նախեւառաջ պատասխանատու է Դաշնակցութիւն կուսակցութիւնը, եւ ապա թերթի խմբագրական կազմը: Ուստի "Ալիք" օրաթերթին կրկին կոչ ենք անում հեռու մնալ այնպիսի քայլերից, որով կը խաթարւի համայնք-մամուլ փոխյարաբերութիւնը:


Թեհրան, 24 Յուլիսի 2010թ.
"Իրանահայեր" լրատու ցանց
"Արաքս" շաբաթաթերթ
"Լոյս" ամսագիր

 

Յոյս թիւ 80

11 Օգոստոս 2010