ԱՅՍ ԳՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՉԷՔ ԿԱՐՈՂ ԿԱՐԴԱԼ "ԱԼԻՔ"-ՈՒՄ

 

 

"Յոյս"-ի անցեալ համարում հրատարակել էինք "Իրանահայեր" կայքի, "Արաքս" շաբաթաթերթի եւ "Լոյս" ամսագրի համատեղ յայտարարութիւնը, որի ստորագրողները "Ալիք"-ին մեղադրել էին նրանում, որ իր էջերում, "Ռոստոմ"դպրոցի ծնողների եւ ազգային մարմինների միջեւ կայացած համաձայնութեան վերաբերեալ ներկայացրել է մի ժողով, ուր ներկայ չեն եղել դպրոցի ծնողների մեծամասնութիւնը, եւ ուր որեւէ քւէարկութիւն այդ հարցի շուրջ տեղի չի ունեցել:
Ստորեւ ներկայացնում են "Ալիք"-ի պատասխանը այդ յայտարարութեան, ինչպէս նաեւ նրանց պատասխանը "Ալիք"-ին: "Ալիք"-ի այս գրութիւնը համայնքային կարեւոր փաստաթուղթ է, որը լաւագոյնս արտայայտում է յատկապէս նրա ընկալումը քննադատութեան վերաբերեալ: Սակայն այս մասին յետոյ: Այժմ ընթերցողի ուշադրութիւնը միայն հրաւիրում ենք հետեւեալ հարցերին.
1. Ինչո՞ւ "Ալիք"-ը չի տպագրում այս գրութիւնները, նոյնիսկ իր պատասխանը:
Արդեօք նա չի՞ վստահում իր ընթերցողներին: Ինչո՞ւ չի ուզում իր ընթերցողներն իմանան ինչ վէճ է գնում իր եւ իրեն քննադատողների միջեւ: Հետեւեալ երկու գրութիւնները կարելի է կարդալ "Իրանահայեր" կայքում եւ մի շարք հայաստանեան լրատւամիջոցներում, բայց ոչ՝ "Ալիք"-ում: Երեւի, համայնքի "80-ամեայ թերթը", մտահոգւած համայնքի "միատարրութեամբ", յարմար չի նկատում իր ընթերցողներին ծանօթացնել համայնքի անցուդարձին:
2. "Ալիք"-ը չի պատասխանել իր դէմ ուղղւած հիմնական մեղադրանքին.
"Ալիք"-ին ուղղւած հիմնական մեղադրանքն այն է, որ իր էջերում, "Ռոստոմ" դպրոցի ծնողների եւ ազգային մարմինների միջեւ կայացած համաձայնութեան վերաբերեալ ներկայացրել է մի ժողով, ուր ներկայ չեն եղել դպրոցի ծնողների մեծամասնութիւնը, եւ ուր որեւէ քւէարկութիւն այդ հարցի շուրջ տեղի չի ունեցել:
"Ալիք"-ը չի պատասխանել այս մեղադրանքին: Խօսել է ամէն բանի մասին, սկսած միջազգային ճգնաժամից մինչեւ ազգի հիմնահարցերը, սակայն ոչ կոնկրետ այն բանի մասին, որում իրեն մեղադրել են:
3. "Ալիք"-ն իրեն քննադատել համարձակւողներին եւ նրանց լրատւամիջոցներն ու գործունէութիւնը նման բառերով է որակաւորում՝.
պառակտիչներ, "Իրանահայեր" յորջորջում, վայ լրատւամիջոցներ, խեղաթիւրումներ, վարակ, մեքենայութիւններ, նկրտումներ, ճղճիմ ու ստայօդ ցեխարձակումներ...
4. Իսկ իրեն համարում է`
մեր համայնքի միակ խօսափողը, խոհեմ ու լուռ , ժողովրդականութիւն վայելող թերթ, մշտապէս ներել է ու հանդուրժել է, համայնքային ողջ անցուդարձերը անաչառօրէն եւ առարկայօրէն փաստացի տւեալների հիման վրայ լուսաբանող, իրեն սպասում են հազարաւոր ընթերցողներ, գրչի շիտակութիւն ու մտքի անկեղծութիւն...
Մի խօսքով` սեւ եւ սպիտակ. "Ալիք"-ը` հրեշտակ, նրան քննադատողները` սատանա: Ինքը միասնութեան պաշտպան, իր հակառակորդները` պառակտիչ: Բայց ինչպէս ասում են՝ աւելի լաւ է ուրիշները քեզ գովաբանեն քան ինքդ: Արդեօք կը գտնէ՞ք մէկին, որ "Ալիք"-ին հանդուրժող համարի: Եթէ հանդուրժող է, ինչո՞ւ չի հրատարակել քննադատական յայտարարութիւնը եւ անգամ իր իսկ այս պատասխան-գրութիւնը:
"Յոյս"-ը չի ստորագրել երեք լրատւամիջոցների յայտարարութիւնը, քանի որ տեղեակ չի եղել հարցի մանրամասնութիւններին, եւ ոչ էլ համաձայն է եղել այնտեղ արծարծւած բոլոր հարցադրումներին, սակայն երբ "Ալիք"-ն իրեն համարելով "Համայնքի միակ խօսափողը"՝ նմանատիպ յայտարարութեամբ է հանդէս գալիս, դա արդէն համայնքային լուրջ թեմա է, որի մասին պիտի դեռ աւելի խօսել:

 

"Ալիք"-ի պատասխանը "Իրանահայեր"-ին, "Արաքս"-ին եւ "Լույս"-ին

"Իրանահայեր"-ի, "Արաքս"-ի եւ "Լույս" պատասխանը "Ալիք"-ին

 

Յոյս թիւ 80

11 Օգոստոս 2010