"Իրանահայեր" լրատու ցանցի, "Արաքս" շաբաթաթերթի
եւ "Լոյս" ամսագրի համատեղ յայտարարութիւնը

ԲԱՐՁՐ ՊԱՀԵՆՔ ՄԱՄՈՒԼԻ ՎԱՐԿԸ


Կոչ "Ալիք" օրաթերթի պատասխանատուներին

 

 

Վերջին մէկ ամսւայ ընթացքում Սփիւռքի ամենահին հայկական կենսունակ համայնքում` Իրանում, որ իմիջիայլոց հայ մամուլի հիմնադրի պատւաւոր տիտղոսը պատկանում է նրա արժանաւոր որդի՝ Տ. Յարութիւն քհն. Շմաւոնեանին, ՀՅԴ պաշտօնաթերթ "Ալիք" օրաթերթի որդեգրած գործելաոճի հետեւանքով հարցականի տակ է դրւել հայ մամուլի ազնւութիւնը, ինչը կարող է բացասական հետեւանքներ ունենալ համայնքի համերաշխութեան եւ կենսունակութեան վրայ:
Արդարեւ, երկու տարի է, որ Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհուրդը ձեռնարկել է մի ընդհանուր ծրագիր, ըստ որի, "համայնքի նոսրացման պատճառով, վերադասաւորւում են բոլոր ազգային կառոյցները": Այդ ծրագրի շրջանակներում ազգային կալւածներից եւ կառոյցներից որոշները վաճառւել, փակւել եւ կամ միատեղւել են, ընդ որում համայնքի մէջ ակնառու տագնապ ստեղծեցին Իրանահայ արհեստաւորների միութեան կենտրոնատեղիի՝ "Արամ" ազգային սրահի վաճառքի, "Թունեան" ազգային դպրոցի չմտածւած հիմնաքանդ անելու եւ "Ռոստոմ" ազգային դպրոցի փակման խնդիրները: Տագնապաստեղծ յիշեալ հարցերը երեւի այնքան էլ դառը չհնչէին, եթէ "Ալիք" օրաթերթը չքօղարկէր դրանց իրական պատկերը, չարդարացնէր Թեմական խորհրդի չբացատրւելիք ու հակականոնագրային քայլերը եւ ամենագռեհիկ կերպով չայլափոխէր ժողովրդի պահանջը:
Անկախ նրանից թէ որքանով է իրեն արդարացնում Թեմական խորհրդի կողմից գործադրւող վերոյիշեալ ծրագիրը, մեզ մամուլի գործիչներիս նախեւառաջ պիտի հետաքրքրէր հարցի թափանցիկութիւնն ու ճշմարիտ տեղեկատւութիւնը եւ այդ սկզբունքով էլ պիտի աշխատէինք հասարակութեանը փոխանցել ծրագրերի եւ եղելութեանց մասին:

 


Բայց, դժբախտաբար, "Ալիք" օրաթերթի կողմից բազմաթիւ անգամ հարցերը այլ ընթացք ընդունեցին: Համայնքը ղեկավարող գործադիր մարմինը՝ Թեմական խորհուրդը, հաշւի չառնելով ժողովրդի կամքը՝ գործեց նրան հակառակ, իսկ "Ալիք" օրաթերթը մամուլի իր ամենահիմնական՝ հարցերը պարզաբանելու, առաքելութիւնը ստանձնելու փոխարէն աշխատեց քօղարկել եւ արդարացնել Թեմական խորհրդի նման գործելաեղանակը:
Իրանահայ արհեստաւորների միութեան կենտրոնատեղիի՝ "Արամ" ազգային սրահի վաճառքը Թեմական խորհրդի միջոցով, միութենականների կամքի հակառակ, եւ այդ հարցում "Ալիք" օրաթերթի միջնորդութիւնը երկու կողմերի միջեւ, նաեւ "Ռոստոմ" աղջկանց ազգային դպրոցի փակումը հակառակ նրա աշակերտութեան, ուսուցչական կազմի եւ ծնողների կամքի եւ դարձեալ "Ալիք" օրաթերթի միջնորդութիւնը կողմերին "իրարահասկացողութեան բերելու նպատակով", որից յետոյ մէջտեղից կորաւ մօտ 300 ստորագրութեամբ "Ռոստոմ" դպրոցի ծնողների եւ Բահար քաղաքամասի հայ բնակչութեան համախօսականի իսկական պատճէնը: Եւ այնուհետ այդ առնչութեամբ անճիշտ տեղեկատւութիւնը, որտեղ ծնողների պահանջը՝ դպրոցի չփակելու փոխարէն, ձեւացւեց մի տարօրինակ պահանջի, թէ՝ "ինչո՞ւ դպրոցի փակելու մասին մեզ աւելի շուտ չէք ասել" կամ թէ՝ "պարզէք մեր վիճակը, որ իմանանք թէ որտեղ պիտի արձանագրենք մեր երեխաներին", որն իրականում ապատեղեկացնող եւ ապակողմնորոշող մի տեսարան էր եւ ուրիշ ոչինչ:
"Ալիք" օրաթերթը ոչ միայն կրկնում է Թեմական խորհրդի կողմից "Ռոստոմ" դպրոցի փակման մասին հրապարակւած անհիմն յայտարարութիւնը, այլ նրանից էլ առաջ անցնելով 20-25 հոգուն ներկայացնում է որպէս այդ դպրոցի ողջ աշակերտութեան ծնողների, որը համազօր է բացարձակ ստի: Ու դեռ աւելացնում, որ Յուլիսի 6-ին Թեմական խորհրդի, Պատգամաւորական ժողովի դիւանի եւ Կրթական խորհրդի հետ համատեղ նիստի ընթացքում "ծնողները այսինքն այդ 20-25 հոգին տւեցին իրենց լիարժէք համաձայնութիւնը, որպէսզի Թեմական խորհուրդն անցնի գործնական փուլին եւ սկսի գործադրել "Ռոստոմ" աղջ. դպրոցը "Արաքս" դպրոցին միաւորելու գործընթացը", այսինքն փակումը, որն ընդհանրապէս չի համապատասխանում իրականութեանը, որովհետեւ յիշեալ նիստում ո՛չ քւէարկութիւն եղաւ, ո՛չ էլ հաւաքական հաստատում, նոյնիսկ այդ սակաւաթիւ ներկաների կողմից:
Իհարկէ մենք լաւապէս գիտակցում ենք, որ "Ալիք"-ը անկախ թերթ չէ, այլ կուսակցական պաշտօնաթերթ եւ, ինքնաբերաբար, արտացոլում է պատկան կուսակցութեան տեսակէտները եւ ոչ թէ հասարակական պահանջը, սակայն դա չի նշանակում, թէ որեւէ կուսակցութեան պաշտօնաթերթ իրաւունք ունի իր նախասիրութիւններից ելած՝ աղա-ւաղել հարցերը, այլափոխել իրականութիւնները եւ սուտ լրատւութիւն կատարելով, մոլորեցնել հասարակութեանը:
Այստեղ խնդիրը լոկ "Ալիք" օրաթերթի սխալ կեցւածքը չէ, այլ այն անառողջ մօտեցումը, որով նա փորձում է ազգային իշխանութիւնների սխալը քօղարկել, որը պակաս բան չէ քան ինքը սխալը, եւ նոյնիսկ երբեմն աւելի քանդիչ՝ որի համար նախեւառաջ պատասխանատու է Դաշնակցութիւն կուսակցութիւնը եւ ապա թերթի խմբագրական կազմը:
Կասկածից վեր է, որ համայնքի նիւթական, հոգեւոր եւ բարոյական շահի զոհելը յանուն հատւածական շահի, կարող է ունենալ անվերադարձ կորուստներ:
Ուստի "Ալիք" օրաթերթին կոչ ենք անում հեռու մնալ այնպիսի քայլերից, որով կը խաթարւի համայնք-մամուլ փոխյարաբերութիւնը:
Թեհրան, 15 Յուլիսի 2010թ.

 

Յոյս թիւ 79

28 Յուլիս 2010