ՄԷԿ ՏԱՐԻ ԱՆՑԱՒ ԹԵՀՐԱՆ-ԵՐԵՒԱՆ ՏՈՒ-154
ԻՆՔՆԱԹ ԻՌԻ ԿՈՐԾԱՆՄԱՆ ԱՂԷՏԻՑ

 

Ռոբերթ Սաֆարեան
 

 

Մէկ տարի անցաւ ամառային այն տաք կէսօրից, երբ Ղազւինի երկնքում, ահաւոր պայթիւնի հետեւանքով փոշու եւ կրակի վերածւեց՝ 168 մարդ Թեհրանից Երեւան փոխադրող "Տոպոլով" ինքնաթիռը: Երկնքում պայթած ինքնաթիռը, ասես, փոշիացաւ իր ողջ ուղեւորներով ու անձնակազմով՝ իրենից մի խոր հետք թողնելով, մի խոր վիհ բացելով երկրի վրայ:
Ինքնաթիռը պատկանում էր իրանական "Կասպիան" աւիաընկերութեանը, եւ նրա ուղեւորներից 56-ը իրանահայեր էին: Մեր համայնքի մասշտաբով կորուստն անչափ մեծ էր. չկար մարդ, որ իր հարազատներից կամ ընկերներից գոնէ մէկը զոհերի մէջ չլինէր: Թերեւս տարիներ առաջ տեղի ունեցած Բուին-Զահրայի երկրաշարժից յետոյ, ուր զոհւեցին նաեւ մեծ թւով հայեր, սա իրանահայութեան պատմութեան մէջ արձանագրւած ամենաողբերգական էջերից էր: Երկրի իշխանութիւնը, սակայն, չգիտակցեց այդ փաստը: Նախ՝ Իրանում Հայաստանի պէս սգոյ օր չյայտարարւեց, երկրորդ՝ "Կասպիան" ընկերութիւնը ցաւակցութիւն չյայտնեց զոհւածների ընտանիքներին, եւ վերջապէս՝ մինչեւ օրս վերջնական ու պաշտօնապէս չի յայտարարւել օդանաւի կործանման պատճառները: Գտնւել են ինքնաթիռի սեւ արկղերից երկուսը, որոնք պետական պաշտօնական յայտարարութեան համաձայն ուղարկւել են Ռուսաստան, որպէսզի ռուս փորձագէտների միջոցով հետազօտւեն, եւ միայն նրանց զեկոյցն ստանալուց յետոյ է, որ պատասխանատու մարմինները խոստացել են յայտնել իրենց վերջնական կարծիքը: Սակայն այսքանը պարզ է, որ դէպքը մարդկային գործօնի անփութութեան ու վրիպումի հետեւանքը չի եղել:
Մինչ այդ, վթարից անմիջապէս յետոյ եղելութեան վերաբերեալ առաջ քաշւեցին զանազան վարկածներ. խօսւեց այն մասին, թէ օդանաւը կրում էր մեծ քանակութեամբ յաւելեալ վառելիք. մի երեւոյթ, որը կարծես սովորական է իրանական ինքնաթիռների համար, որոնք իրենց վերադարձի համար անհրաժեշտ վառելիքը գնելուց խուսափելու նպատակով, ստիպւած այն կրում են իրենց երկրից: Հաւանականութիւն էր տրւում թէ այդ վառելիքի յաւելեալ կշռի հետեւանքով էլ տեղի է ունեցել մահաբեր պատահարը:
Իսկ իտալական մի թերթի յօդւածագիրը յաւակնեց, թէ ինքնաթիռը զէնք ու պայթուցիկ նիւթեր է փոխադրելիս եղել Սիրիա, Հեզբոլլահի համար: Սակայն այդ յաւակնութիւնը որեւէ ուրիշ աղբիւրի կողմից չհաստատւեց:
Հէնց սկզբից շատերը բարձրացրին այն հարցը, թէ ինչո՞ւ Թեհրան-Երեւան չւերթում աշխատում են միայն "Կասպիան" ընկերութեան ինքանթիռները: Արդիւնքում պարզւեց, որ հայկական աւիաընկերութիւնները, նոյն գծում աշխատելու իրենց իրաւունքը, մի քանի տոմսի դիմաց, փոխանցել են "Կասպիան"ին: Ուստի դիմում ներկայացւեց Հայաստանի նախագահին, որպէսզի հայկական աւիաընկերութիւնները եւս թռիչքներ ունենան նոյն երթուղով: Ասւում էր, որ շուտով Հայաստանեան "Արմաւիա" ընկերութիւնը եւս ունենալու է Երեւան-Թեհրան-Երեւան թռիչքներ, սակայն մինչ այժմ այս խոստումները չեն իրականացւել: Այս հարցը կարեւոր է, քանի որ ցանկացած ասպարէզում, երբ մրցակիցներ չկան, մենաշնորհը վայելող ընկերութիւնը այնքան էլ շահագրգռւած չի լինում բաւարարելու իր յաճախորդների պահանջներն ու սպասելիքները, եւ այնքան էլ չի մտահոգւում նրանց կորուստով:
Վերջերս երթեւեկութեան նախարարը ներկայացաւ Խորհրդարան` պատգամաւորների հարցերին պատասխանելու համար: Նա յայտարարեց, որ ինքնաթիռի շարժիչի խափանումն է եղել կործանման պատճառը, սակայն կրկնեց, որ վերջնական բան ասելու համար, սպասում է ռուս փորձագէտների հետաքննութիւնների ար-դիւնքին: Խորհրդարանի ներկայացուցիչների համար համոզիչ չէին նախարարի բացատրութիւնները: Նախարարը շեշտում էր, որ շարժիչի խափանումը անկանխատեսելի է: Իրանահայութեան ներկայացուցիչ Գէորգ Վարդանը դիմելով նախարարին ասաց. "Ինքնաթիռների կեանքի տեւողութիւնը ճշտւած է, եւ դրա մասերի կեանքն ու դիմադրութիւնը եւս չի կարող անկանխատեսելի լինել: Պարոն նախարարի խօսքերը գիտական հիմք չունեն:"
Այնուհետեւ երբ նոր կառավարութեան կազմի խորհրդարան ներկայացման ժամանակ, կրկին Բեհբահանին առաջարկւեց որպէս երթեւեկութեան եւ ճանապարհների նախարար, շատերը բողոքեցին, նշելով, որ նրա պաշտօնավարութեան ժամանակ է տեղի ունեցել ոչ միայն Թեհրան-Երեւան չւերթի ինքնաթիռի կործանումը, այլ նաեւ մի շարք այլ աւիավթարներ, որոնք նոյնպէս ունեցել են մարդկային զոհեր, իհարկէ ոչ նոյն մասշտաբով:

Զոհւածների ընտանիքների հաւաքը "Կասպիան" ընկերութեան առջեւ
2009-ի Յուլիսի 22-ին մի խումբ սգակիրներ հաւաքւեցին "Կասպիան" աւիաընկերութեան գրասենեակի առջեւ բողոքելու՝ այդ ընկերութեան անպատասխանատու կեցւածքի դէմ եւ բարձրաձայնելու՝ իրենց պահանջները պատասխանատու պետական մարմիններից: Այդ պահանջների թւում էր նաեւ` կործանւած ինքնաթիռի վերջին շաբաթների թռիչքների գրաֆիկայի հրապարակումը, որի նպատակն էր՝ պարզել թէ արդեօ՞ք թռիչքների քանակը համապատասխանում էր տւեալ օդանաւի ստանդարդներին թէ ոչ: Իհարկէ նրանց սոյն պահանջը եւս մնաց անպատասխան ու ապարդիւն, այնուամենայնիւ այդ օրը հրապարակւած այդ բանաձեւը արձանագրւեց որպէս կարեւոր մի փաստափուղթ, ուր յստակ կերպով շարադրւած են աղէտի զոհերի հարազատների, եւ ինչու չէ նաեւ ողջ իրանահայ համայնքի պահանջներն ու ակնկալիքները:

 

 

"Տոպոլով"-ի վթարները Իրանում

 

թւական

վայր

վթար

8 Փետրւար 1993

Թեհրան

բախւել է Սուխո-2400-ին, սպանւել են 134 հոգի

12 Փետրւար 2002

Խոռամաբադ

բախւել է լեռան, սպանւել են 119 հոգի

11 Սեպտեմբեր 2006

Մեշհեդ

վայրէջքի ժամանակ պայթել է անիւը, սպանւել են 28 եւ վիրաւորւել 50 հոգի

15 Յուլիս 2009

Ղազւին

կործանւել է դաշտում, սպանւել են 169 հոգի

25 Յունւար 2010

Մեշհեդ

հրդեհւել է վայրէջքի ժամանակ, վիրաւորւել են 24 հոգի

 

Յոյս թիւ 78

14 Յուլիս 2010