ԿԵԱՆՔԻՆ ՀՐԱԺԵՇՏ ՏՒԵՑ ԻՐԱՆԱՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆ
ԿԱՐՕ ԼՈՒԿԱՍԸ

 


Հինգշաբթի, Յուլիսի 8-ին, վախճանւեց իրանահայ անւանի գիտնական, "Թեհրան" համալսարանի տարիների դասախօս` Կարօ Լուկասը: Նա ծնւել էր 1949 թւականին, աւարտել էր "Թեհրան" համալսարանի էլեկտրական ճարտարագիտութեան ճիւղը, իսկ իր դոկտորական աստիճանն ստացել՝ ԱՄՆ-ի "Բերքլի" համալսարանում: Կարօ Լուկասը սերտ կապեր էր հաստատել Հայաստանի գիտական շրջանակների հետ եւ դասաւանդում էր Հայաստանի Ամերիկեան համալսարանում: Նա 1970-ականների վերջին տարիներին իր ակտիւ մասնակցութիւնը բերեց Իրանահայ համալսարանականների միութեան գիտական խմբին: Վերջին տարինրին նա արժանացաւ երկրի "Մնայուն Դէմք" (Չեհրէյէ Մանդեգար) տիտղոսին: "Յոյս"-ը իր համար 28-ում ընդարձակ հարցազրոյց էր ունեցել Կ. Լուկասի եւ նրա կնոջ` նոյնպէս "Թեհրան" համալսարանի դասախօս` Էմիլիա Ներսիսեանի հետ: Ստորեւ ներկայացնում ենք այդ հարցազրոյցի որոշ հատւածները (այն ամբողջութեամբ կարող էք կարդալ մեր կայքում`
Հարցազրոյց համալսարանի դասախօսներ՝ Կարօ Լուքասի եւ Էմիլիա Ներսիսեանի հետ ):
"Ծնւել եմ նոր Ջուղայում. իմ ընտանիքը հօրս եւ մօրս կողմից ջուղայեցի են, այսպէս ասած, օխտը պորտով ջուղայեցի եմ. մեր ընտանիքը Թեհրան են եղել, բայց ես ծնւել եմ իրենց արձակուրդներից մէկում, Ջուղայում. այնպէս որ ինձ, թէ՛ ջուղայեցի եմ իմանում, թէ՛ թեհրանցի. մի ասուլիսում ինձ հարցրեցին իմ ենթագիտակցութիւնը աւելի շատ որի՞ն է հակւած՝ ջուղայեցո՞ւ, թէ՞ թեհրանցու, օրինակ երկու քաղաքների թիմերի մրցութեան ժամանակ ո՞ր մէկը կուզես, որ տանի, եւ տեսայ իմ անգիտակիցը աւելի ջուղայեցի է.
Մանկապարտէզ, տարրական եւ միջնակարգս սովորել եմ "Քուշեշ" դպրոցում. Յետոյ ընդունւել եմ "Թեհրան" համալսարարանի էլեկտրական ճարտարագիտութեան ճիւղը եւ յետոյ էլ "Բերքլի" համալսարանը, ուր ստացել եմ իմ PHD-ն. մի կարճ ժամանակ Լոս Անջելեսում եմ դասաւանդել, յետոյ վերադարձել եմ Իրան եւ "Թեհրան" համալսարանում սկսել գործս որպէս դասախօս, ուր եւ ներկայիս էլ աշխատում եմ
Մասնագիտութիւնս սիստեմների քոնթրոլն է, կամ աւելի պարզ լեզւով՝ որոշում կայացնելու գիտութիւնը. 80-ական թւականներին այս գիտութեան մէջ մի նորութիւն առաջացաւ եւ դա բանական սիստեմների հետազօտութիւնն էր. մինչեւ 80-ական-ների վերջը դա արհեստական բանականութիւն(artificial inteligence) էր կոչւում:"
Այս դառնաղէտ կորստի կապակցութեամբ "Յոյս"-ը իր խորին ցաւակցութիւնն է յայտնում Իրանի գիտական համայնքին, սիրելի Էմիլիայնին, նրանց որդի Արմանին, հարազատներին ու ընկերներին: Թող միշտ վառ մնայ նրա յիշատակը բոլորիս սրտերում:

 

Յոյս թիւ 78

14 Յուլիս 2010