ԹԱՆԵՐ ԱՔՉԱՄԻ "ԱՄՕԹԱԼԻ ԱՐԱՐՔ" ԳՐՔԻ

ՊԱՐՍԿԵՐԷՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԵԱՆ ՇՆՈՐՀԱՆԴԷՍ ՀԱՅ ԱԿՈՒՄԲՈՒՄ

 


Չորեքշաբթի Յունիսի 23-ի երեկոյեան Թեհրանի հայ ակումբի դահլիճում թուրք մտաւորական եւ բացէիբաց հայոց ցեղասպանութիւնը ընդունող եւ դատապարտող Թաներ Աքչամի "Ամօթալի արարք" (A shameful act) գրքի պարսկերէն թարգմանութեան շնորհանդէսն էր, իր` հեղինակի ներկայութեամբ: Թաներ Աքչամը Իրան էր ժամանել Հայոց Ցեղասպանութեան 95-ամեակը ոգեկոչող յանձնախմբի հրաւէրով:
Նախ ելոյթ ունեցաւ ԻԻՀ խորհրդարանում իրանահայութեան պատգամաւոր Ռոբերթ Բեգլարեանը, որը հանգամանօրէն բացատրեց իրանահայութեան կողմից պարսիկ մտաւորականութեանը եւ քաղաքական այրերին ցեղասպանութեան մասին տեղեկութիւններ փոխանցելու դժւարութիւնները, ինչպէս եւ ձեռքբերումները: Նա բարձր գնահատեց Աքչամի նման մտաւորականների աշխատանքը միջազգային հասարակական կարծիքի վրայ թողած իրենց մեծ ազդեցութեան առումով:
Յետոյ խօսեց Թաներ Աքչամը: Նա ասաց, որ սկզբում պատահաբար է ծանօթացել հայոց ցեղասպանութեանը, բայց աստիճանաբար այն եզրակացութեան է յանգել, որ ինչքան կարեւոր է, որ թուրք ժողովուրդը դէմ դիմաց կանգնի իր պատմութեանը եւ թուրք կառավարութիւնը պաշտօնապէս ընդունի, որ դարասկզբին ոճիր է կատարւել հայ ժողովրդի նկատմամբ: Նա կարեւորեց երկու երկրների բարեկամութիւնն ու երկխօսութիւնը: Ելոյթից յետոյ Աքչամը պատասխանեց ներկաների հարցերին: Իր այդ խօսքերի մէջ նա յատկապէս շեշտեց, թէ ինքը տարածքային հարցը երկու երկրների միջեւ փակւած է համարում, սակայն հաւատացած է, որ ամէն բան պիտի անել հայակական կեանքը Անատոլիայում վերակենդանացնելու ուղղութեամբ, օրինակ թրքական անցագիր տրամադրել սփիւռքի հայերին:
Վերջում ԹՀԹ թեմական խորհրդի ատենապետ Այիդա Յովհաննիսեանի միջոցով "Ամօթալի Արարք" գրքի պարսկերէն թարգմանութիւնը ներկայացւեց Աքչամին, եւ նա թէեւ արդէն բաւական յոգնած էր, դրա օրինակները ստորագրեց համարեա բոլոր ներկաների համար:

 

Յոյս թիւ 77

30 Յունիս 2010