ԱՆԴՐԱՆԻԿ ՍԻՄՈՆԵԱՆԻ ԵԼՈՅԹԸ

"ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵԻ ՄԻՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ"

ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎՈՒՄ (ՅՈՒՆԻՍ 17, ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ԴԱՀԼԻՃ )

ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՒ ՄԻՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ


Նկարագրի կերտումը կրթադաստիարակչական գործ է: Բայց ի՞նչ է կրթութիւնը եւ յատկապէս դաստիարակութիւնը:
Կրթութիւն նշանակում է գիտելիքների փո-խանցում: Դա գիտական գործ է այնքանով, որքանով տարիքային հնարաւորութիւնների հետ համաձայնեցւած գիտելիքի պաշար է առանձնացնում, այնպէս, որ կեանքի որոշակի շրջանի աւարտին ունենանք գիտելիքի որոշակի քանակ (+որակ):
Դաստիարակութիւն նշանակում է մարդկային հասարակութեան նւաճումների որոշակի հատւածը փոխանցել յաջորդ սերնդին, տեւականութեան ապահովման նպատակով: Այսօրւայ սերունդը պէտք է իւրացնի նախորդի կուտակածի մի զգալի մասը, իր երթը շարունակելու նպատակով: Ամբողջը փոխանցել հնարաւոր չէ, ուրեմն պէտք է կատարել ընտրութիւն: Այդ ընտրութեան արդիւնքում պէտք է ձեւաւորւի կրթական համակարգի ծրագրի նման ծրագրաւորւած մի ամբողջական փաթեթ: Պէտք է վերցնել ազգային նկարագիրը կազմող ամբողջ պաշարի որոշակի հատւածը, ասել է՝ պէտք է կատարել ընտրութիւն՝ լեզւի, գրականու-թեան, կրօնի, դաւանանքի, պատմութեան, ազգային սովորութիւնների, ազգային հաւատամքի, գեղագիտութեան, մարզանքի, հասարակական պահւածքի, նիւթական կամ բարոյական արժէքների, գիտական կամ տեխնիկական հմտութիւնների մէջ: Սրանցից եւ այլ գործօններից կազմւած մի ամբողջական ցանկի բովանդակութեան որոշակի հատւածը կարելի է համարել հայ մարդու՝ իր մասին ունեցած պատկերացումի՝ ազգային ինքնագիտակցման պաշարի նւազագոյնի սահմանը, յատակը: Սա կարող է ծառայել որպէս հիմք՝ առաջ շարժւելու կողմնացոյց:
Այս ծրագրի կատարման մի որոշակի հատւածը դրւած է դպրոցի ուսին: Բոլորս էլ գիտենք, որ դպրոցը չի կարող մինչեւ վերջ կատարել իրենից սպասւող՝ թէկուզ ամենաչնչին պարտականութիւնը, այսինքն՝ դաերաշխաւորւած չէ.
Մի այլ մաս կատարում է եկեղեցին: Ե՛ւ ուղղակի ազգաբնակչութեան հետ ունեցած շփումներում, ե՛ւ կրօնա-ծիսա-դաւանական արարողութիւնների տեսքով, կամ դրանց միջոցով, կամ էլ հրատարակչական, կիրակնօրեայ, արտածրագրային եւ այլ աշխատանքների միջոցով:
Միութիւնը կարող է որպէս այլընտրանքային հիմնասիւն կարտարել այս երկու ինստիտուտների տեսադաշտից վրիպած, ուշադրութիւնից կամ ընդգրկման ոլորտից դուրս մնացած աշխատանքները: Աւելին՝ միութիւնները կարող են, որպէս ազգային դաստիարկութեան հիմնարկներ, աւելի ակտիւ դեր ստանձնել;
Փաստօրէն դպրոցն ու եկեղեցին երկու շատ տարբեր հաստատութիւններ են.
Եկեղեցին ամբողջութեամբ անկախ, բայց լիովին նախանշւած ծրագրով աշխատող կառոյց է, եկեղեցում սահմանափակ տեղաշարժի հնարաւորութիւն կայ.....
Դպրոցը ամբողջութեամբ կախեալ գոյութիւն է՝ իր պետական եւ կրկին կանխորոշւած ծրագրով: Այստեղ պայքար պիտի գնայ լիարժէքութեան ապահովման ուղղութեամբ, որի դէպքում էլ միայն ուսուցման պրոցեսի մի մասն է ապահովւելու:
Միութիւնը աւելի ազգային բնոյթ ունի, աւելի հասարակական վայր է, որի մէջ միաւորւել կարող են ոչ միայն վերոյիշեալ երկու հիմնարկները՝ ինստիտուտները, այլեւ կարող է ընդլայնւելով ընդունել բազմազան ու բազմաբեղուն գործունէութեան պարտականութիւններ:
Դպրոցական ծրագրից դուրս մղւած առարկաները, օրինակ՝ պատմութիւն, գրականութիւն, գեղագիտութիւն, ազգային-հասարակական պահւածք եւ դաստիարակութիւն, տեխնիկական եւ գիտական հմտութիւններ կարող են գալ այստեղ:
Մեր վերաբերմունքը միութիւն ինստիտուտի նկատմամբ կանխորշւած է ու նախապաշարւած, այդ իսկ պատճառով մենք խեղաթիւրել ենք միութիւն կոչւած կառոյցը՝ միակողմանիօրէն նայելով նրան: Մարդն իր ընդհանուր մակարդակը դեռ չի ապահովել, մենք նրան կողմնորոշում ենք հաղորդում: Այս կամ այն միութեան մէջ կանխորոշւած գաղափարական ուղղութիւն ենք մատուցում, նախքան մարդը հասցնի լիարժէք մարդ դառնալ եւ ինքնուրոյն մտածողութիւն ունենալ: Անհրաժեշտ է կենտրոնացւած աշխատանք: Պէտք է նորովի դիտել "միութիւն" կոչւող ինստիտուտը, նրան տալ հնարաւորութիւն եւ ապա նրանից սպասել արդիւնք: Չեմ ասում գաղափարազերծ անենք միութիւնները, բայց ուղղակի խնդրում եմ եւ յորդորում՝ գաղափարախեղդ չանել այդ կառոյցը եւ թոյլ տալ, որ նա կարողանայ կատարել, սփիւռքի պայմանների համար անհրաժեշտ առաքելութիւնը:
Առաջարկւում է՝
- Կարելիութեան սահմաններում ստեղծել յատուկ յանձնախումբ նւազագոյն ծրագրի մշակման համար: Այդ յանձնախումբը կարող է բազմակողմանիօրէն քննարկել աշխատանքը, հնարաւոր ուղղութիւնները, համայնքում խթանելով բազմաճիւղ գործունէութեան ծրագիր:
- Այդ ծրագրի հիման վրայ տարբեր միութիւններում կազմակերպել համաձայնեցւած եւ համադրւած աշխատանք, բայց շատ աւելի ընդլայնւած քան այսօրւայ վիճակն է:
- Նիւթապէս հովանաւորել միութիւնների մէջ կատարւող աշխատանքները. ուսուցիչներ, մարզիչներ, պարուսոյցներ կամ այլ կազմակերպիչ-դաստիարակներ տրամադրել նրանց:
- Շինարարական ծրագրերով եւ կառուցապատման ֆինանսաւորմամբ օգնել, որ միութիւնները օժտւեն անհրաժեշտ շինարարական հնարաւորութիւններով, որպէս աշխատանքի ընդլայնման համար անհրաժեշտ նիւթական հիմք:
- Թեմական խորհուրդը միակ մարմինն է, որ կարող է դպրոց, եկեղեցի, միութիւն ինստիտուտների աշխատանքը կազմակերպել այնպէս, որ դրանցից իւրաքանչիւրի բացը լրացնի միւսը:
- Այդ ամբողջական ծրագրերում նոր դեր յատկացնել միութիւններին, նոր ոլորտներ առաջարկել նրանց գործունէութեան համար:
Շնորհակալութիւն լսելու համար:

 

Յոյս թիւ 77

30 Յունիս 2010