Հայաստանում տրւող կրթութեան որակը
Իրանին չի գոհացնում
 

Տաթեւիկ Լազարեան

 


Իրանում հայկական դիպլոմների ճանաչման հետ կապւած խնդիրները վերջնականապէս հարթելու համար մէկ ամսւայ ընթացքում Հայաստան կայցելի Իրանի կրթութեան եւ գիտութեան նախարարութեան պատւիրակութիւնը:
Պատւիրակութիւնը հանդիպումներ կունենայ Հայաստանի երեք պետական բուհերի` Երեւանի պետական, բժշկական եւ ճարտարագիտական համալսարանների ներկայացուցիչների հետ:
Հայաստանի կրթութեան եւ գիտութեան նախարար Արմէն Աշոտեանի փոխանցմամբ` խօսքը միայն պետական բուհերի մասին է, մասնաւոր որոշ բուհերի դիպլոմները այնտեղ "սեւ ցուցակում" են` դրանց մասին անգամ լսել չեն ուզում:
Իրանի Իսլամական Հանրապետութիւնը նախ 2008 թւականին որոշում կայացրեց չճանաչել Երեւանի պետական բժշկական համալսարանի, ապա 2009 թւականին` նաեւ Երեւանի պետհամալսարանի եւ Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի դիպլոմները:
Արմէն Աշոտեանի խօսքով` իրանցիներին Հայաստանում տրւած կրթութեան որակը չի գոհացնում: "Հիմնաւորումները` իրենց ուսանողների ցածր կրթական ցենզն էր` առաջադիմութիւնը, ակադեմական եւ կարգապահական խնդիրներ", Ազատութիւն ռադիօկայանին ասաց Հայաստանի կրթութեան եւ գիտութեան նախարարը:
Իրանի կողմից Հայաստանեան երեք պետական բուհերի դիպլոմների չճանաչումը հանգեցրել է յիշեալ բուհերում օտարերկրեայ ուսանողների թւի կտրուկ անկման, քանի որ օտարերկրեայ ուսանողների մէկ երրորդը հէնց Իրանից էր Հայաստան ժամանում:
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայութիւնը դեռ չի տրամադրում 2009-2010 թւականների տւեալները, սակայն փաստում է, որ 2007-2008 թւականներին Հայաստանեան բուհերում 3 հազար 500 արտասահմանցի ուսանող էր սովորում, իսկ արդէն 2008-2009 թւականներին նրանց թիւը նւազել է 500-ով: Այս տարի էլ օտարերկրացի ուսանողների թիւը կըրճատւել է, փաստում են բուհերը:
Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր՝ Ոստանիկ Մարուխեանի վկայութեամբ` 2009-2010 ուսումնական տարում բուհը Իրանից ընդհանրապէս դիմորդ չի ունեցել, ինչը հանգեցրել է նաեւ ֆինանսական խնդիրների:
"Լուրջ ֆինանսական խնդիրներ ունէինք մենք օտարերկրեայ քաղաքացիների ուսուցման բաժանմունքի գծով: Ըստ էութեան, մենք նախապատրաստական բաժանմունք չունեցանք անցեալ տարի", ասաց Մարուխեանը:
Իրանի Իսլամական Հանրապետութեան կողմից նման որոշում ընդունելը, ռեկտորի խօսքով. "Անակընկալ էր իրենց համար": Իրանական կողմը 2009 թւականի իր որոշման մասին ոչ պաշտօնապէս տեղեակ է պահել բուհին, ոչ էլ հիմնաւորել է: Ոստանիկ Մարուխեանը չի բացառում, որ կարգապահութեան հետ կապւած խնդիրներ կան, իրենք էլ ամենաարդիական տեխնոլոգիաները չեն կիրառում կրթութեան մէջ, սակայն իրենց տւած կրթութիւնը որակեալ է համարում եւ կարծում է` ընդունւած որոշումը յանիրաւի է եղել:
Ճարտարագիտական համալսարանում Իրանի հետ այս խնդիրների առաջացումը կապում են մի քանի գործօնի հետ: Նախ, ռեկտորի խօսքով, մասնաւոր բուհերի տւած դիպլոմներն են նաեւ պետական համալսարանի վարկանիշը գցել: Բացի այդ, համալսարանում պատահական չեն համարում, որ խնդիրները ծագել են հէնց 2008-2009 թւականներին, երբ Հայաստանում Իրանի դեսպանատանը կրթութեան եւ մշակոյթի հարցերով նոր կցորդն է աշխատանքի անցել:
"Դեսպանատան կրթական պատասխանատուի փոփոխութեան հետ մենք խնդիրներ ունեցանք: Զարմանալիօրէն, միտում էր նկատւում` ուսանողների համար ստեղծել որոշակի արգելապատնեշներ", - ասաց Ոստանիկ Մարուխեանը:
Պաշտօնապէս Իրանի Իսլամական Հանրապետութիւնն իր բացատրութիւնները չի ներկայացրել նաեւ Երեւանի պետական բժշկական համալսարանին, չի տեղեկացրել նաեւ դիպլոմները չճանաչելու մասին, Ազատութիւն ռադիօկայանին փոխանցեց այս բուհի միջազգային կապերի գծով պրոռեկտոր Երւանդ Սահակեանը:
Նրա կարծիքով էլ` քննադատութիւնը յանիրաւի է, Երեւանի պետական բժշկական համալսարանի վարկանիշը բարձր է աշխարհում. "Մեր շրջանաւարտները բաւականին բարձր արդիւնքներ են ցուցաբերում քըննութիւնների ընթացքում: Երբ մեկնում են իրենց երկըրները եւ քննութիւններ են տալիս, առաջադիմութիւնը շատ բարձր է":

 

Յոյս թիւ 76

16 Յունիս 2010